Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Սուրբ Պատարագ եւ Շնորհաբաշխութիւն Սուրբ Ղեւոնդեանց Քահանաների Տօնի Առիթով

Փետրուարի 22-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Ղեւոնդեանց քահանաների յիշատակը: Այս առիթով Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցում (ք․էջմիածին), հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ Պատարագ:

         Սրբազան արարողութեանը ներկայ էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբուած 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանութիւնը եւ բազմաթիւ հաւատաւոր հայորդիներ:

         Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստուածածին եկեղեցու հոգեւոր սպասաւոր Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Աշուղբաբեանը:

         Տէր Հայրն իր քարոզում անդրադարձաւ օրուայ խորհրդին եւ ընդգծելով Սրբոց Ղեւոնդեաց սխրանքը` ի մասնաւորի նշեց․ «Այսօր մեր հայեացքները կրկին ուղղուած են դէպի մեր քաջարի նախնիները, որոնց մտքում դաջուած էր Աւետարանի այն խօսքը, որն ասում է․ «ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հոր առաջէ (Մատթ․10․32), եւ այս խօսքերը ձուլուել էին նրանց սրտերում բաբախող մեծ ու աննկուն հաւատքի հետ: 

         Այսօր էլ մենք նոյն պայքարն ենք մղում մեր պետականութեան եւ հաւատքի համար, ինչպէս մեր հայրերը: Եւ ընդամէնը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցոյց տուեցին, որ նրանք արժանի յետնորդներն են Վարդանանց նահատակների, իսկ նրանց կողքին Սուրբ Ղեւոնդ երէցի օրինակով կանգնած էին մեր գնդերէց տղաներն ու հայ հոգեւորականները, ովքեր մի ձեռքին զէնք, միւսին խաչ պաշտպանում էին մեզ բոլորիս»:

         Սուրբ Պատարագի աւարտին Գէորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ քահանաների հաւաք եւ պարգեւաբաշխութիւն: Ողջոյնի խօսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ եւ քահանայից հաւաքի կազմակերպիչ յանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը:

         Այնուհետեւ տեղի ունեցաւ աւանդական շնորհաբաշխութիւնը: Ի գնահատութիւն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամեայ վաստակի, նուիրեալ եւ արդիւնաւոր հովուական ծառայութեան` մի շարք եկեղեցականների շնորհուեց աւագ քահանայութեան պատիւ, ծաղկեայ փիլօն եւ լանջախաչ կրելու իրաւունք:

         Աւագ քահանայութեան պատուի արժանացան Շիրակի թեմից Արժանապատիւ Տ․ Վարուժան քահանայ Տէրտէրեանը եւ Գուգարաց թեմից Արժանապատիւ Տ․ Վահան քահանայ Ազարեանը:

         Ծաղկեայ փիլօն կրելու իրաւունք շնորհուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներում սպասաւորող Արժանապատիւ Տ․ Հովել քահանայ Օհանեանին, Տ․ Սիփան քահանայ Գրիգորեանին, ՀՀ Զու Հոգեւոր առաջնորդութիւնից Արժանապատիւ Տ. Մանուկ քահանայ Զեյնալեանին, Արթիկի թեմից Տ․ Սողոմոն քահանայ Մինասեանին, Կոտայքի թեմից Տ․ Շահան քահանայ Միրզոյեանին եւ Տ․ Ժիրայր քահանայ Խաչատրեանին:

         Քահանայական լանջախաչ կրելու իրաւունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներում պաշտօնավարող Արժանապատիւ Տ․ Սահակ քահանայ Սահակեանը, Տ․ Հայասա քահանայ Ղարագեօզեանը եւ Տ․ Արմէն քահանայ Կիրակոսեանը, Գուգարաց թեմից Արժանապատիւ Տ․ Արարատ քահանայ Շահուերդեանը եւ Տ․ Մասիս քահանայ Առաքելեանը, Արցախի թեմից Տ․ Մխիթար քահանայ Հարոյեանը, Մասեացոտնի թեմից Տ․ Տիրան քահանայ Նահապետեանը, Սիւնեաց թեմից Տ․ Խաչատուր քահանայ Հայրապետեանը:

         Շնորհաբաշխութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին բերեց իր օրհնութիւնն ու հայրապետական պատգամը: 

         Անդրադառնալով Սրբոց Ղեւոնդեանց տօնի խորհրդին` Նորին Սրբութիւնը մասնաւորաբար նշեց․ «Ղեւոնդ Երէցը դարձաւ հաւատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր` մի հանգամանք, որը խորհուրդ եւ առաքելութիւն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովոյթում: Սրբոց Ղեւոնդեանց օրինակով կրթուել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հաւատի քաջութեան, առ հայրենին եւ Եկեղեցին նախանձախնդրութեան, ազգային եւ հոգեւոր ինքնութեան պահպանման ջատագովութեան եւ յանուն յաւիտենականի քրիստոնէական ճշմարիտ անձնազոհութեան:

         Այսօր Սուրբ Ղեւոնդ Երէցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանութեան հրամայականը չի վերացել: Փոխուել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրաւէրները: Մեր ժողովուրդը կանգնած է նոյնական մարտահրաւէրների առջեւ, առկայ է նաեւ ճակատը, ուր պայքար է մղւում յանուն մեր աւանդական սրբազան արժէքների յարատեւութեան, մեր ինքնութեան պահպանութեան եւ մեր ապագայի: Եկեղեցին մեծ առաքելութիւն, աւելին` պատասխանատուութիւն ունի այդ արժէքների պաշտպանութեան ու զօրացման գործում»:

         Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց նաեւ, որ այսօր էլ եկեղեցականութեան մէջ կան մերօրեայ Ղեւոնդ երէցներ, որոնք նոյն ոգին, յանձնառութիւնն ու գիտակցութիւնն են դրսեւորում հայ ժողովրդին մատուցած ամենօրեայ սպասաւորութեան ու խնամքի մէջ, ազգային-հայրենական անդաստանում յառնած լրջագոյն մարտահրաւէրների պայմաններում:

         «Իբրեւ Եկեղեցի` չենք կարող անտարբեր եւ անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կեանքում տեղ գտնող տարատեսակ երեւոյթների նկատմամբ, որովհետեւ մեր սրբազան առաքելութիւնն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկայ խնդիրների յաղթահարման աշխատանքների, այլեւ կրողը ծանր լուծի, ամոքողը ցաւի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած յուսահատութեան եւ տրտմութեան: Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ աւարտուած չէ: Այն շարունակւում է` ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում եւ տիրոյթներում: Չի դադարում հայատեացութեան եւ թշնամանքի սերմանման քարոզչութիւնը սահմանի միւս կողմից, յաղթահարուած չեն պատերազմի առաջ բերած մարտահրաւէրները, վտանգուած է մեր սրբազան ժառանգութիւնը Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում, շարունակւում է ներքաղաքական կեանքում լարուածութիւնը, բեւեռացուածութիւնը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդէպ ժողովրդի մէջ տիրող անորոշութիւնը»,- ընդգծեց Հայոց Հովուապետը` կարեւոր համարելով, որ նման բարդագոյն իրադրութեան մէջ առաջնային պէտք է շարունակի նկատուել հովուական խնամքը սոցիալական ծանր վիճակում յայտնուած արցախցիների, տեղահանուածների, զոհուածների, անյայտ կորածների, գերութեան մէջ գտնուողների եւ վիրաւորների ընտանիքների հետ:

         Նորին Սրբութիւնը խնամատար ծառայութեան մէջ մեծապէս կարեւորեց նաեւ քրիստոնէական դաստիարակութեան եւ կրթութեան ծրագրերի խթանումը` հայորդիների հոգիներում զօրացնելու հաւատքն առ Աստուած եւ սերն առ հայրենին ու մեր սրբազան արժէքները: Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրեց, որ բոլոր ծխերում պէտք է հնարաւորինս ձեւաւորուեն կիրակնօրեայ դպրոցներ, հովուութիւններից ներս մասնաւոր ուշադրութիւն պէտք է դարձուի երիտասարդութեանը, նրանց առաւել գործուն ներգրաւմանը եկեղեցական-ծխական կեանքում, ծխերից ու թեմերից ներս տարուող սոցիալական, կրթական աշխատանքներում:

         Վերջում Հայոց Հայրապետն աղօթք բարձրացրեց առ Աստուած հայրենի երկրի` Հայաստանի եւ Արցախի խաղաղութեան ու անվտանգութեան, աշխարհասփիւռ հայ ժողովրդի զաւակների բարեշէն կեանքի եւ Հայոց Եկեղեցու պայծառութեան համար:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ