Ուրբաթ, Նոյեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Ազնուասիրտ Տաղանդաւոր Երգչուհի Էլլադա Չախոյեան

(Նովել` Ծննդեան Տարեդարձի Առթիւ)

                                                         ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   1978 թուականի մայիսեան սքանչելի չորս օր Վենետիկի Ս. Ղազար կղզում, մեր ողջ ընտանիքով հիւրընկալուելուց յետոյ, յաջորդ երթուղին Միլանն էր: Հոգեւոր հայրերը դժկամութեամբ համաձայնուեցին մեր կողմից իրենց հետ  չնախաճաշելու առաջարկութեանը: Առաւօտ կանուխ դիւրին էր Սուրբ Մարկոսի հրապարակի ճաշարան­ներից որեւէ մէկում վեց հոգու համար ազատ սեղան գտնելը  նախաճաշի  համար:

   Փառահեղ նախաճաշից յետոյ ճեպընթաց գնացքը մեզ հասցրեց Միլան, ուր, տեղի Հայ Տուն Միութեան միջոցով յոյս ունէի հիւրանոց ապահովել, որովհետեւ, ինչպէս մեզ զգուշացրին Վենետիկի Սուրբ Հայրերը, Շաբաթ օրերին գրեթէ անհնար  էր Միլա­նում հիւրանոց գտնելը:

   Միլանի երկաթուղային կայարանի բազմաթիւ կրպակներից մէկի միջոցով հնա­րաւոր եղաւ գտնել Հայ Կենտրոնի հասցէն: Բայց ի՞նչպէս գնալ այնտեղ: Մի կրպակի առջեւ խմբուած, որոշում էինք մեր անելիքը, մեզ մօտեցաւ մի յաղթանդամ, կոկիկ հագնուած մի տղամարդ եւ իտալերէնով դիմեց հայրիկիս:

   – Որեւէ օգնութեան պէտք ունէ՞ք, կարող եմ օգնել:

    – Ասացէք խնդրեմ, ի՞նչպէս կարելի է գնալ Հայ Կենտրոն,- հարցրեց հայրիկս:

   – Դուք այստեղ սպասէք ինձ, տեղ չգնաք, ես հիմա կը վերադառնամ:

   Վայրկեաններ անց, անծանօթը  մօտեցաւ մեզ ու իւրաքանչիւրիս տուեց գետնուղու (մետրօ) մուտքի տոմսակ: Ես փորձեցի վճարել, սակայն անծանօթ բարերարը կտրականապէս մերժեց:

   – Երկու կանգառ յետոյ կ՚ իջնէք, որեւէ մի կրպակի աշխա­տող ձեզ կը բացատրի ինչպէս գնալ  Հայ Մշակոյթի Տուն:

   Մենք չհասցրինք շնորհակալութիւն յայտնել ակնյայտօրէն շտա­պող բարե­կամին:

   Կրպակի առջեւ նստած ծերուկը իմ անգլերէնով տրուած հարցին  պատասխանեց.

   – Օ~, Արմենիէն սե՞նթըր…, այ կան պռովայդ յու (ես ձեզ կարող եմ ուղեկցել):

   Հայրս ու անծանօթ իտալացին մեր առջեւն ընկած, իտալերէն զրուցելով, մեզ առաջնորդում են Հայ Տուն: Ճանապարհին, մի հրապարակով անցնելիս, հայրիկս ասաց.

   – Այս հրապարակում են 1945 թուականին ոտքերից կախել Մուսսոլինիին:

   Բախտաւորութիւն էր, որ մենք  Շաբաթ օրն էինք  յայտնուել Հայ  Տանը, որովհետեւ, ինչպէս ասացին, կենտրոնում շաբաթուայ մնացեալ օրերին մարդ չի լինում այնտեղ:

   Կենտրոնում, քսանի հասնող հայորդիներ, առանձին խմբեր կազմած ժամանակ են սպանում: Ոչ մի միջոցառում: Մեզ էլ, ինչպէս ասում են` «բանի տեղ» դնող չկայ: Մի քանի հոգի մօտենում են, հետաքրքրւում, թէ ով ենք, ինչ ենք, ինչ ենք անում Միլանում: Ես ասում, հասկացնում եմ, որ ոչ մէկը չունենք Միլանում, սակայն կ՚ ուզէինք մէկ-երկու օր ման գալ, Լա Սկալա գնալ,- ո՞ւմ ես ասում` ոչ մի արձագանգ:

    Արդէն երկու ժամի չափ մի կերպ տեղաւորուել ենք սրահի այս ու այնտեղ, բայց մեզ­­­նով զբաղ­ուող չկայ: Անսպասելի մօտենում է մի քառասունին մօտ տղամարդ..

   – Ինծի ըսին, որ դուք երաժիշտ էք, դաշնակ կը նուագէ՞ք,- եթէ այո, կրնա՞ք քանի մը կտորներ սորվեցնել ինծի «Անուշ» օպերայէն,- առանց իմ համաձայնութիւնն առնե­լու`դաշնամուրի նոտակալի  վրայ  դրեց  օպերայի նոտաները:

   – Բայց պարո~ն, ես ընտանիքիս հետ եմ, ժամանակնիս շատ սուղ է, եւ մենք չենք գիտեր թէ ուր, որ հիւրանոցը պիտի մնանք այս գիշեր, օրն ալ լմննալու վրայ է: Եթէ կը խոստանաք, որ մեզի կ՚ օգնէք գիշերելու տեղ գտնալ`սիրով, ինչո՞ւ չէ

   – Ադ բան մը չէ~ ճանըմ,- ասելն ու «Աղջի Անաստուած» բացելը մէկ եղաւ:

   Մինչ մենք փորձ էինք անում, յարակից սենեակից ելումուտ էին անում մի ձեռքին սանդուիչ, միւսին կոկա բռնած շքեղ հագուստներով ու ապարանջաններով պճնուած տիկիններն ու պարոնները, իսկ իմ խեղճերը, իմ հրամանին էին սպասում: Ոչ ոք, ոչ մէկը չնկատեց անգամ երկու փոքր տղաներիս ներկայութիւնը: «Սրա՞նք են Եւրոպայի հայերը»,- ասում եմ ինքս ինձ ու մեղադրում, որ ինքնակոչ «հիւրի» վիճակում յայտնուելով այդ կենտրոնում, ակամայ`ստորացրի նաեւ ծնողներիս:

   Գրեթէ երկու ժամ խլեց մեզնից այդ վայ-երգիչը: Մէկ էլ տեսանք, որ ամէն մարդ կամաց-կամաց լքում է կենտրոնը: Մնացել ենք մենք ու մի չորս-հինգ հոգի:

      – Դուք ո՞ւր պիտի երթաք, կեդրոնը պիտի գոցենք, արդէն ժամը եօթն է, ասում է կարմիրից էլ կարմիր շրթունքներով տիկինը:

   – Շիտակը` մենք ալ չենք գիտեր թէ ուր պիտի երթանք, որ հիւրանոցը,- ասում եմ ես,- քիչ առաջուան երգիչը, անունն ալ չենք գիտեր, խոստացաւ մեզի օգտակար ըլլալ…, ո՞ւր է,  մէջտեղ չի կայ:

   – Ի՞նչ երգիչ, ճանըմ, խենթին մէկն է…, գնաց, քիչ առաջ դուրս ելաւ:

   – Ի՞նչպէս թէ գնաց, ես երկու ժամ կորսնցուցի իրեն համար, մինչ ընտանիքս քանի ժամ է հոս անօթի-ծարաւ իմ որոշումիս կ՚ սպասէ:

   – Ի՞նչ կրնամ ըսել պարոն, գէշ բան է ըրածը, սակայն, պիտի գոցենք սրահը: Ինչ կը վերաբերի հիւրանոց գտնալուն`շաբաթ օրով Միլանի մէջ` անկարելի է, որ գտնաք, նախապէս պատուիրելու էիք, եւ, ինչպէս կը տեսնամ` բազմանդամ ընտանիք էք:

   – Կրնա՞նք այս գիշեր հոս, կեդրոնին մէջ մնալ:

    – Ո~չ, ի՞նչ կ՚ ըսէք պարոն, ատանկ բան անկարելի է, օրէնքի խախտում է:

   – Ինչո՞ւ է անկարելի, ո՞վ պիտի գիտնայ…, դուռը վրանիս գոցեցէք եւ գացէք, ասկէ դիւրին բա՞ն,- փորձում եմ գութի զգացում արթնացնել դիմացինիս հոգում:

   – Կը կրկնեմ պարոն, մենք չենք կրնար արտօնել, որ հոս մնաք:

   Քար լռութիւն: Ոչ մի արձագանգ: Նոյնիսկ կնոջ կողքին կանգնածներն էլ են լուռ:

   –  Եւ դուք պիտի թոյլ տաք, որ այս պզտիկներուն հետ փողո՞ցը մնանք,-սա էլ հայրս է, որ մինչ այդ լուռ հետեւում էր անցուդարձին ու մեր խօսակցութեանը:

   – Ձգէ պէ~, ձգէ Յակոբ,- արցունքն աչքերին խօսքի մէջ մտաւ մայրիկս,- ասանկ հայեր ալ կան եղէր:

   Դարձեալ ոչ մի պատասխան: Միլանահայերը կամաց-կամաց շարժուեցին դէպի ելքի դուռը, հայեացքներով հասկացնել տալով, որ իրենց հետեւենք: Դրսում, արդէն մայթի վրայ, տեսնելով մերոնց խեղճացած , անյուսալի վիճակը, մի տեսակ երկնային ուժ իջաւ ուսերիս,- Հենրի՜կ, ուշքի արի, ընտանիքիդ ոգին բարձրացրու,

      – Հը~, ի՞նչ էք սառած, սմքած տեսք ընդունել: Կեանքը պայքար է, չէ՞, ձեզ թափ տուէք: Գիտեմ, անօթի էք, ծարաւ, մի քիչ էլ դիմացէք: Ես արդէն ճշդել եմ: Լա Սկալան շատ մօտ է: Գնանք դիմացի մայթը: Կը հարցնենք թէ, ո՞ր տրամվայն է Լա Սկալա գնում: Ես գիտեմ, որ մեր ընկերուհի, տաղանդաւոր երգչուհի Էլլադա Չախոյեանը Լա Սկալայում է կատարելագործւում: Կը գտնենք նրան, վստահ եմ` նա մեզ կ՚ օգնի:

   Իսկապէս էլ, շատ մօտ էր օպերային թատրոնը: Կենտրոնական մուտքի աշխատողն ասաց, որ վերապատրաստման համար Սովետական Միութիւնից եկած արտիստ­ները ժամը ութին դուրս են գալիս վեցերորդ մուտքից,- գնացէք եւ սպասէք այնտեղ,- շատ յարգալից բացատրեց դռնապանը:

   Ամէն ինչ մոռացուեց: Յոյս էր ծագել…, ա~խ այդ ՅՈՅՍԸ,- ի՞նչ կարեւոր  զգացում է Աստուած իմ, ի՞նչպէս ես Դու մեզ օգնում ու ճիշդ ուղիով առաջնորդում:

   Իսկապէս էլ, ճիշդ ժամը ութին, վեցերորդ մուտքից դուրս ելաւ մեր հրաշք Էլլադա Չախոյեանը` չորս երիտասարդ երգիչների հետ: Մեզ տեսնելուն պէս`

   – Մարիետա~, Հենրի~կ…, էս ո՞րտեղից, ո՞նց յայտնուեցիք այստեղ…, աչքերիս չեմ հաւա­տում:

   Մարիետան եւ ես, իրար հերթ չտալով ամէնայն մանրամասնութեամբ պատմեցինք ամբողջ օրուայ անցած-դարձածի մասին:

   — Մի հարցում են նրանք ճիշդ եղել: Անհնար է հիւրանոցներում տեղ գտնելը, էն էլ` շաբաթ օրով, մնացածը` մոռացէք…, դաւա~յ, դաւա~յ պաշլի (ռուսերէն է`հայտէ, հայտէ~ գնացինք), հո ձեզ փողոցում չե՞մ թողնելու: Մի րոպէ սպասէք այստեղ, ես տղաների հետ մի երկու խօսք փոխանակեմ ու գամ,- ասաց Էլլադան ու գնաց նրանց մօտ:

   Չգիտեմ տղաների հետ ինչ խօսեց-չխօսեց, բայց բոլորս մէկտեղ շարժուեցինք դէպի տրամվայի կանգառ: Ընդամէնը` մէկ կանգառ` եւ մենք հիւրանոցի առջեւում ենք:

   — Մտէ՜ք, մտէ~ք, բոլորը մեզ գիտեն: Երկու ամիս է` այստեղ ենք ապ­րում: Տեղաւորուէք ինչպէս հարմար էք գտնում, Իսկ որեւէ բան կերե՞լ էք, ճաշե՞լ էք:

    Տեսնելով, որ ոչ մի պատասխան չկայ մեր կողմից, Էլլադան ամէն ինչ հասկացաւ:

   – Ես բարձրանամ վերեւ, իմ սենեակ, հագուստներս փոխեմ ու իջնեմ, իսկ մինչ այդ, կառավարիչը ձեզ կ՚ ասի հիւրանոցի վիճակի մասին:

   Երիտասարդը հայրիկիս ասել էր, որ հիւրանոցում միայն երկու ազատ սենեակ կայ, որոնք պահւում են անսպասելի բարձրաստիճան հիւրերի համար, եւ որ դրանք  մինչեւ ժամը տասներ­կուսը չեն կարող զբաղեցուել պատահական հիւրերով:

   – Եթէ մինչեւ այդ ժամը որեւէ մէկը չգայ, ձեզ կը տրամադրենք այդ սենեակները,- ասել էր երիտասարդը:

    Քիչ անց երեւաց Էլլադան`ուկրաինացի երգչի հետ: Երկուսն էլ բեռնաւորուած էին ուտելիքներով ու սառը խմիչքներով:

    – Մարիետա ջան, այս է ամէնը ինչ որ  կար  մեր  սենեակներում: Շաբաթ օրերին ոչ մի խանութ բաց չի լինում, գոհացէք այն ամէնով, ինչ որ կար մեր սենեակներում:

   Հենց հիւրանոցի նախասրահի սեղաններից մէկի վրայ «սեղան գցեցին» Էլլադան եւ Մարիետան: Մենք` սոված գայլերի պէս յարձակուեցինք ուտելիքների վրայ: Խեղճ երեխաներս չգիտէին ինչ վերցնել`հաց, պանիր, երշիկ, լոլիկ: Հացը քիչ եկաւ: Իտալացի գործավարը հեռուից, աչքերը յառած մեզ վրայ, ժպտուն երեսով հետեւում էր մեր հացկերոյթին եւ, նկատելով, որ հացը քչութիւն արեց, չգիտես որտեղից մի խոշոր հաց բերեց ու դրեց մեր սեղանին:

   – Էլլադա ջան, դու գնա՜ հանգստացիր, մեղք ես,- ասում եմ երգչուհուն:

   — Ի՞նչ ես ասում, Հենրիկ, ես ի՞նչպէս կարող եմ գնալ ու հանգիստ քնել, երբ դեռ յայտնի չէ, թէ ինչ է լինելու ձեր վիճակը: Երեխաներին մի կերպ տեղաւորիր բազմոցների վրայ, մեղք են, իսկ ես գնամ տեսնեմ` նորութիւն կա՞:

   Ակամայ յիշեցի, որ օրեր առաջ, երբ հեռաձայնել էի Պոլսի (Ստամբուլ) իմ բարեկամ Մարտիրոս Բալըքճեանին ու նրան յայտնել, որ մի շաբաթով պտոյտի ենք դուրս գալու Հռոմից: Նա ասել էր որ, եթէ Միլանում լինենք ու ինչ որ բանի կարիք ունենանք, կարող ենք դիմել Մանուկ անունով ընկերոջը: Եթէ դրամի էլ պէտք ունենաք` դարձեակ դիմեցէք  նրան:: Գրիր հեռաձայնի թիւը,-  ասել էր նա:

     Խնդրանքիս ընդառաջելով, Էլլադան հեռաձայնեց ու լսափողը փոխանցեց ինձ.

   – Հենրիկ, դո՞ւն ես, ո՞ւրտեղէն կը հեռաձայնես:

   – Այո՜, այո Մանուկ, ես եմ, դուն զիս կը ճանչնա՞ս:

   – Այո, այո~, շատ լաւ գիտեմ, քու բախտէդ Մարտիրոսին եղբայրը` Օննիկը հոս է : Երեկ եկաւ Պոլիսէն:

   – Ի~նչ բախտաւորութիւն, Աստուած իմ: Իմ լաւ բարեկամս է Օննիկը, փառաւոր օրեր անցուցած ենք  միասին Գընալը կղզիին մէջ: Հաճիս, հեռաձայնին թիւը զիս թողանցէ:

   – Սիրով,  եկած է նաւ գնելու` Գընալը կղզիին ջուրերուն մէջ պտոյտի ելլելու համար:

   Անմիջապէս կապում եմ Օննիկի հետ ու փոխանցում հիւրանոցի անունը` Բերնա:

   – Ո՞ր շրջանն է Հենրիկ, գիտե՞ս:

   – Ո՞ւրկէ պիտի գիտնամ եղբայր, մենք միայն կէսօրին հասանք Միլան: Այնքան գիտեմ, որ Լա Սկալային  մօտ է:

   – Լաւ, հասկցայ, մէկ ժամէն հոն կըլլամ:

   – Օննիկ ջան, դուն հոգ մի ընէր, արդէն ուշ է, վաղը առտու կը հանդիպինք:

   – Լաւ, կը նայինք,- ասաց Օննիկը եւ ընկալուչը կախեց:

   Շատ գնաց-եկաւ Էլլադան աշխատողի մօտ, որին կարողացաւ համոզել, որ 12-ը չ՚ եղած մեզ տրամադրեն սենեակները: Երեխաներս արդէն քնել էին բազմոցների վրայ:

   – Հենրի՜կ, եղաւ, համոզեցի: Միայն թէ դուք այդքան դրամ ունէ՞ք…

   – Այսինքն  ո՞րքան,- ամաչելով հարցրի ես:

   – Իւրաքանչիւր սենեակը երկու հարիւր դոլար է` մէկ գիշերուայ համար:

   Սարսուռը պատեց մարմինս, չորս հարի՞ւր` մեծ  գումար էր իմ ընտանիքի համար:

   – Իսկ թոյլ կը տա՞ն մէկ սենեակում տեղաւորուել,- ամաչելով հարցրի ես:

   – Սպասիր գնամ հարցնեմ,- ասաց շուարուն վիճակի մատնուած Էլլադան:

   Երկար մնաց Էլլադան երիտասարդի մօտ, բայց վերադարձաւ ժպտուն դէմքով:

   – Եղա~ւ, եղաւ Հենրիկ, մարդիկ հասկացան ձեր վիճակի լրջութիւնը: Երկու սենեակի համար կը վճարէք երկու հարիւր դոլար: Հը~, ինչպէ՞ս է:

   – Հիանալի~ Էլլադա ջան, մենք երբեք չենք մոռանայ քո նուիրումը մեր ընտանիքին:

   Երկու լիւքս սենեակներն էլ կողք-կողքի էին: Այնքա~ն յոգնած ու հոգով տառապած էինք որ, շքեղ լոգարանից օգտուելու պահանջն ու հաճոյքը թողինք գալիք առտուան:

   Երեխաներին տեղաւորելուց յետոյ, մեծերս նստեցինք  ընտանեկան «ժողովի»:

   — Ճիշդ են ասում չէ՞, երբ «Աստուած մի դուռ փակում է` միւսն է բաց անում»: Հիմա ճիշդ եւ ճիշդ մեր պարագան է: Հայ Մշակոյթի Տան մարդկանց անխիղճ, անհոգի վերաբերմունքին յաջորդեց Էլլադայի մարդկային ազնիւ վերաբերմունքը: Եւ յետոյ էլ յայտնուեց մեր ընտանիքին ուղնուծուծով նուիրուած Մարտիրոսի եղբայր Օննիկը:

   – Ի՞նչ ես կարծում հայրիկ, – շարունակում եմ ես,- դու աւելի փորձառու ես, ինչ-որ անտեսանելի ուժեր չե՞ն կառավարում մեզ:

   – Ճիշդ ես տղաս, կարծում եմ, նման երեւոյթները կարելի չէ վերագրել պատահակա­նութեանը, Նախախնամութիւնն է մեզ կառավարում, իսկ ՏԷՐՆ էլ վերեւից հսկում է մեր գործողութիւններին:

   – Լաւ, հիմա գանք վաղուայ մեր անելիքներին: Եկել, հասել ենք Միլան, աշխարհի բոլոր երաժիշտների, երգիչ-երգչուհիների, ի վերջոյ` արուեստասէրների քաղաքը, բա ես ու Մարիետան մի ներկայացում չդիտե՞նք: Ուրեմն այսպէս: Առաւօտեան Օննիկը կը գայ, կը խնդրենք նրան մեզ մի քանի ժամ ման տալ քաղաքում: Կը գնանք նշանաւոր Բազիլիկան, կը դիտենք Լեոնարդօ Դա Վինչիի նշանաւոր «Խորհրդաւոր ընթրիք» որմնանկարը, որը պատկերում է Քրիստոսի վերջին ընթրիքը տասներկու առաքեալների հետ: Երեկոյեան ես ու Մարիետան կը գնանք Լա Սկալա, որից յետոյ` կայարան` Հռոմ վերադառնալու համար: Հը~, պապա, ճիշդ չե՞մ ասում:

   – Ի՞նչ ասեմ տղաս, դու ամէն ինչ մտածուած ես անում: Ես երբեք չէի կարող երազել, որ այսքան հաճելի օրեր եմ ունենալու իմ պատանեկութեան երկրում: Ամէն քայլա­փոխի ես  վերապրում եմ իմ երիտասարդութիւնը:

   Մեր ընտանեկան «ժողովն» աւարտուելու վրայ էր` յայտնուեց Օննիկը:

   — Աս ինչո՞ւ պառկած չէք այս ժամուն, -ասաց նա` առանձինն փաթաթուելով իւրաքանչիւրիս հետ, — Հենրիկ, եկուր մեծերուն հանգիստ ձգենք եւ մենք իջնենք սրճարան:

   Առաւօտեան ժամը երեքին բաժանուեցինք միմեանցից` ժամը տասին հան­դի­պելու որո­շումով:

   Տասին քառորդ մնացած, ես արդէն ներքեւում էի, որպէսզի վճարումս անեմ:

   – Դուք պարտք չունէք պարոն, աւելին`այսօրուայ համար էլ է վճարուած,- երջանիկ ժպիտը դէմքին ,- ասաց  նախորդ օրուայ  ծանօթ երիտասարդը:

   – Ի՞նչպէս թէ վճարուած է, ո՞վ է վճարել, գուցէ  թիւրիմացութիւ՞ն է:

   – Ո՜չ, ո~չ պարոն, դուք հանգիստ եղէք, ձեր բարեկամն է վճարել.., նայէ՞ք, գալիս է, ձեռքով ցոյց տալով մուտքի կողմը,- ասաց նա:

   – Ո՞ւր են ձերինները,,- ջերմօրէն գրկելով ինձ,- ասում է Օննիկը:

   – Հիմա վար կ՚ իջնեն: Ես եկայ հաշիւներս մաքրելու` տեսայ որ չարութիւն ըրեր ես:

   – Է~, օր մը միասին չ՚ անցունե՞նք: Ես լաւ գիտեմ Միլանը: Գիշերն ալ, եթէ տոմսակ գտնանք` քեզի եւ տիկինիդ օպերա կը ղրկենք: Յաջորդ օրը` խնդրեմ, կրնաք  Հռոմ վերադառնալ: Հիմա ձեզի անանկ աղուոր նախաճաշի տեղ մը պիտի տանիմ, որ երբեք չմոռնաք:

    Այն է` պատրաստուում էինք հիւրանոցից դուս գալ` յայտնուեց Էլլադան:

   – Էս ո՞ւր ժողովուրդ: Գնում  էք առանց հրաժեշտ տալո՞ւ,- զարմացած հարցրեց նա:

   – Չէ, չէ~ Էլլադա ջան, մէկ գիշեր էլ ենք մնալու, մեր  բարեկամը այդպէս կամեցաւ, եւ, ասեմ,  բոլոր հարցերը լուծել է…, հիմա  եկ միասին  գնանք նախաճաշի,- ասաց Մա­րի­ե­տան,-այո~, այո~ օրիորդ,  միացէք մեզի,- միանգամայն լուրջ  աւելացրեց Օննիկը:

   – Սիրով կ՚ ուզէի միանալ ձեզ, բայց չեմ կարող, ժամը 11-ին պարապմունք ունենք: Դուք էլ`  երեւի ամբողջ օրը դրսերում էք լինելու, մանաւանդ, տեսնում եմ` ապահով ձեռքերում էք,- գրաւիչ մի ժպիտով շրջուելով դէպի Օննիկը,- ասաց Էլլադան:

   – Էլլադա ջան, բա ի՞նչ ենք անելու Լա Սկալայի հարցը,-Մարիետան է,-իմացանք որ այսօր «Չիո,  Չիո Սան»  ներկայացումն է,  պիտի կարողանա՞նք տոմսակ գտնել:

   – Մի բան կ՚ անենք Մարիետա ջան: Ուրեմն դուք այս գիշեր էլ էք մնալու…, վատ չէ~, վատ չէ, ես էլ կ՚ ուզենայի նման ընկեր-բարեկամ ունենալ…, էն էլ` օտար երկրում:

   – Ինծի համար ամէն հայ` բարեկամ է, սիրելի օրիորդ,- ասաց Օննիկը,-: Ես ձեր տրա­մադրութեան տակ եմ, ինչ բանի որ պէտք ունենաք` կրնաք դիմել  ինծի:

   — Ես կատակ արեցի պարոն, մենք այստեղ Սովետական հինգ արտիստներ ենք, եւ միասին ենք,- հասկացնել տալով, որ ինքը չի կարող առանձնանալ խմբից: Իսկ ինչ վերաբերուում է օպերայի տոմսակներին`անկարելի է տոմսակ գտնել, բայց ես կը փորձեմ երկու ուսանողական  տոմս հայթայթել, միայն ասեմ, որ ամէնավերին օթեակում կլինի, եւ այն էլ` կանգնած վիճակում ներկայացումը վայելելու համար: Ուրեմն,  ներկայացումից մի կէս ժամ առաջ կը մօտենաք տոմսարկղին, ձեր անունը կ՚ ասէք եւ տոմսերը ձեր ձեռքում կը լինեն: Երկուսիդ համար վճարելու էք, չ՚ զարմանաք` միայն չորս դոլար: Ուսանողների համար սա՜ է գինը:

   – Արդէն յստակ է,- շարունակում է Էլլադան,- մենք այլեւս չենք հանդիպելու: Գիշերն էլ ուշ էք վերադառնալու Մարիետա ջան: Եւ, երեւի առաւօտեան էլ կը մեկնէք Հռոմ:

   -Այո, սիրելիս, եթէ դու չլինէիր` մենք ի՞նչ էինք  անելու, անչափ երախտա­պարտ ենք քեզ, եւ երբեք չենք մոռանայ այն ամէնը` ինչ որ դու արեցիր մեզ համար:

   Ընդհանուր գրկախառնութիւն եւ հրաժեշտի արցունքներ:

   Էլլադային հրաժեշտ տալուց յետոյ ամբողջ օրը վայելեցինք Միլանի տեսարժան վայրերը, իսկ երեկոյեան Օննիկը ինձ ու Մարիետային տարաւ Լա Սկալա,,իսկ մերոնց` հիւրանոց:

   – Առտու կանուխ կու գամ  բարի ճանապարհ մաղթելու,- ասել էր Օննիկը մերոնց:

   Առաւօտեան երբ իջանք ներքեւ, Օննիկը սուրճ էր վայելում բազմոցին նստած:

   -Հայտէ~, հայտէ շարժեցէք, նախաճաշը մեզի կ՚ սպասէ,-ասաց Օննիկը:

   Կայարանում Օննիկը յիշեցրեց,- Հենրիկ, կարծեմ ըսի չէ՞, որ Մարտիրոսը գալ շաբաթ ձեզի հիւր պիտի գայ, քաղա­քէն չբացակայիք:  Իսկ հիմա` բարի ճանապարհ:

   – Սիրելի եղբայր, Օննիկ պատուական, ընդունէ մեր ընտանիքին կողմէ երախտիքի եւ գոհունակութեան զգացումները եւ գոհացիր մէկ բառով` Շնորհակա­լու­թիւն:

   Թրջուած աչքերով վակոն բարձրացանք, իսկ կառամատոյցում կանգնած Օննիկը ճերմակ թաշկինակն էր փորձում հեռացնել աչքերից:

   Ի՞նչ իմանայի, որ մէկ տարի յետոյ, 1979-ին, Լոս Անջե­լէ­սում մեր ընտանիքով պիտի վայելէինք տաղանդաւոր երգչուհի Էլլադա Չախոյեանի, առինքնող, չքնաղ համերգը, իսկ Օննիկին` պիտի հանդիպէի  քսան տարի անց ու նրա հետ շաբաթներ  շարունակ պիտի լուսացնէի Բոսֆորի գեղատեսիլ ափին եւ Միլանից գնած իր նաւի վրայ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ