Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Մայրութեան, Գեղեցկութեան Տօնը

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Ուզում եմ, որ գրականութիւնը օգնի մարդուն իր

կեանքը իբրեւ արեւ ապրելու

 Վարդգէս Պետրոսեան

            Գլենտել գոլէճում ուսանելու ատեն, Նինա Ռոզէն անունով ուսուցչուհին իր խմբին շրջագայութեան էր տարել Փասատինայի Հանտինգդոն բուսաբանական պարտէզ: Կարմիր կրակով թեժացած վարդի թփերի կողքից անցնելու ատեն, նրան խնդրել էի մի պահ կանգնել, նայել վարդերին, «Երկար նայիր», ասացի, «Կարո՞ղ էս յագենալ նրանց գեղեցկութեամբ», արդեօք պիտի կարողանա՞ր . . . : Նաեւ հարցրել էի, մայր բնութեան արարած ամենագեղեցիկն ի՞նչն է, մի պահ խորհեց, յետոյ, թէ այո, անշո՜ւշտ «Հազար Հազար Գոյնի արեւով Պճնուած Ծաղիկները»: Շարունակելով խօսքս հարցրել «Հապա ուրիշ ի՞նչը»: Նորէն խորհեց, չպատասխանեց, խնդրեց ես պատասխանէի: Մի պահ լռեցի, նայեցի նրա դէմքին հոսած հրաշավառ ժպիտին, պատասխանեցի՝ «Կինը», յետոյ՝ արեւը, լոյսը, կրակը, հողը: Մայր բնութիւնը նրան օժտել է ծիածանի հրաշագեղ գեղեցկութեամբ, դէմքին հոսել առեղծուածին ժպիտ, ակներին լոյսի շանթեր, քալուածքին նազանք, կեանքի յարատեւութեան խորհուրդ մեծ: Կինը Աստուծոյ ամենագեղեցիկ ստեղծագործութիւնն է:

ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ  ԿԸ  ՓՐԿԻ  ԱՇԽԱՐՀԸ

            Չեմ գիտեր ո՞վ էր առաջինը մէջբերել այդ ասոյթը, այն ճշմարիտ չէ, բարութիւնը ու սէրը կը փրկեն աշխարհը: Գեղեցկութիւնը, իրականութեան ու արուեստների մէջ գեղագիտական արժէք է: Որոշ իմաստասէրներ այն բնութագրում են վերացական ոգու սկզբունքով, ուրիշներ անհատ մարդու զգացական գիտակցութեամբ, իսկ այլք էլ այն բացատրում բնութեան օրինաչափութիւններով, համաչափութիւններով: Հինգերորդ դարի Հայ մտածողներ ընդգծել էին գեղեցիկի՝ բարու ու մարդկային հոգեւոր արժէքների հետ կապը: Գեղեցիկ համարուած մարդու ժպիտի խորքում բարութիւն արարելու խորհուրդ կայ, դիւահար մարդկանց դէմքերից չարութեան գալարումների յորձանք է պայթում: Գեղեցիկի ընկալումը անմիջական է, երեւում իրերի արտաքին տեսքի վրայ, անհատի կենսափորձով ու իրերի բովանդակութեան մասին դատելու կարողութեամբ: Չէ՜, գեղեցկութիւնը ոգի է, լոյս է, արեւի հազար գոյների ճախրանք է, այն տիրում է մարդու ոգեղէն աշխարհին՝  ծիրանափողերի սիրոյ անուշ երգերով, Արարատի լանջերի հազար- հազար գոյնի ձնծաղիկի սրտից ծնած Աստղիկ դիցուհու ժպիտի կրակից: 

            1857 թուականի Մարտի 8, Նիւ  Եորք, հիւսուածագործները երթով անցել էին քաղաքի փողոցներով, բողոքել  աշխատանքի վատ պայմաններից ու աշխատավարձերի չափերից: Այդ իրադարձութիւնն էր ընկել տարիներ անց կանանց տօնի հիմքում: Հին Հռովմում կանանց տօնը կոչուել էր «Ազատ Ծնուած Կանանց Տօն»: 1857 թուականի «Դատարկ Կաթսայի Երթ»-ին մասնակցած կանանց թոռները, 1908 թուականի նոյն օրը, պահանջել էին երեխաների աշխատանքի արգելք, աշխատանքի պայմանների բարելաւում եւ կանանց իրաւունքի շնորհում: Յաջորդ օրը Ամերիկայի Միացեալ Նահանգների սոցիալիստական կուսակցութիւնը Փետրուարի վերջին կիրակին յայտարարել էր «Կանանց Ազգային Օր»: 1910 թուականին, Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ, Կլարա Ցետկինն առաջարկել էր «Կանանց Միջազգային Օր»-ը նշել Մարդի 8ին՝ ի յիշատակ Նիւ Եորքեան իրադարձութեան: Ռուսաստանում այդ օրը նշուել է 1913 թուականից: Խորհրդային Միութիւնում Մարտի 8-ը, 1965 թուականից համարուել էր ոչ աշխատանքային օր:

            Մարտի 8, այն տօնախմբել էին նաեւ Հայաստանում, կանայք մասնակցում են երկրի կառավարման, օրէնսդիր մարմինների եւ գիտութեան ու մշակոյթի բնագաւառների աշխատանքներում: Կանայք, ժողովուրդի ու հայրենիքի համար անհատականութիւն են, գարնան գալուստի աւետումն են: «Արայի Գահ-Արագած»-ի լանջերի ձիւնից քաղած հազար գոյնի ձնծաղիկի փունջեր են մատուցում նրանց: Գարնան փառաբանութիւնով՝ բնութեան արարած կանանց ոգեղէն հրաշքի փառաւորումը նաեւ կայ: Կին, գարնան զարթօնքի, ծաղկած ծառերի գեղեցկութեան ու մայրութեան խորհուրդն է այն: 

            Բիւզանդիոն, Կոստանդնուպոլիս, այնտեղ նաեւ եղաւ Արմին-Հայ ցեղի արուեստների, մշակոյթի, բանաստեղծութեան արարում, եթէ Աստուած թուրք ստեղծած չլինէր, Պոլիս, Մեծ Հայք, Կիլիկիա կը լինէին աշխարհի գիտութեան ու մշակոյթի արարման կեդրոններ: Արեւմուտքում, կնոջ իրաւունքների պաշտպանութեան պայքարից շատ առաջ՝ Բիւզանդիոնում Հայ մտաւորականներ, մասնաւորապէս կին հանճարեղ ստեղծագործողներ՝ Սիրանոյշ, Զապէլ Ասատուր, Սիպիլ, Դիւսաբ, Զապէլ Եսայան, Շուշանիկ Կուրղինեան՝ իրենց երկերով, իրենց իրաւունքների համար պայքարի կոչել կանանց, նրանց հոգիներում վառել մեհեանների ազատութեան լոյս՝ Անահիտ, Աստղիկ, Նանէ, Նար Ծովինար երկիր կը վերադառնային: 

            Հայաստանի անկախութեան առաջին տարիների՝ Մարտ 8-ի տօնը համարուել էր «Սովետական», փորձ արուել այն չեղեալ համարել: Սակայն, Մարտի 8-ին կանանց ու մայրերի հանդէպ յարգանքի, սիրոյ, նուիրուածութեան, նրանց ծաղիկներ ու նուէրներ մատուցելու աւանդոյթի յիշողութիւնը ոգելոյս էր եղել նրանց, որոշել էին նորէն այն նշել: Հայաստանի խորհրդարանը 2001 թուականին «Վերակենդանացրել» է Մարտի 8-ի տօնակատարութեան խորհուրդը, այդ օրը նորէն ոչ աշխատանքային օր հռչակել: Թէեւ այն  տօնւում է մի շարք երկրներում, սակայն, համաշխարհային տօնի բնոյթ չունի:

            Հիմա, Հայաստանում մայրերին նուիրուած երկու տօնական օրեր կան՝ Մարտի 8 եւ Ապրիլի 7, որպէս «Աւետման Օր»: Ամերիկայի Միացեալ Նահանգներում մէկ ամիս շարունակ այն տօնւում է որպէս «Մայրութեան եւ Գեղեցկութեան Օր»: Մարտի 8-ը՝ նշանաւորւում է որպէս «Կանանց Միջազգային Օր», Ապրիլի 7-ը  փառաւորում՝ մայրութիւնը, մայրերին, գեղեցկութիւնը: Այդ օրը՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի»-ն պատարագում է որպէս «Մարիամ Մակտեղենացի Կոյս»-ի աւետման օր: Հայաստանում, «Մայրութեան ու Գեղեցկութեան Օր»-ը հանրային տօն չէ,  այն տօնախմբւում է յարգանք արտայայտելու կանանց ու մայրերի հանդէպ, ցուցաբերում սէր ու նուիրում նրանց նկատմամբ: Այդ օրը ընդունուած է նրանց ծաղիկներ, հայոց աշխարհում նոր բողբոջած նարկիզներ, «Արայի Գահ» լերան լանջերի ձիւնը պատռած ձնծաղիկի փունջեր նուիրել: Երեխաները, իրենց պատրաստած բացիկներ, յուշանուէրներ նուիրում մայրիկներին, շնորհաւորում նրանց տօնը:

             Ուժով, երկարամեայ կռիւներով պոկեցին Արմին-հայերի հոգիներից հայոց աշխարհի Մայր Անահիտի Ապրիլի 6-ի ծնունդը, այն կոչեցին՝ «Աւետման Օր», որ իրենց Գաբրիէլ հրեշտակը Իսրայէլի անմեղ մի կոյսին աւետել, որ ինն ամիս յետոյ, յաջորդ տարուայ Յունուարի 6-ին, լոյս աշխարհ պիտի բերէր իրենց երկրի Փրկիչին: Չէ՜, չեմ ուզում մեկնաբանութիւն անել, որ հազար-հազար Արմին-հայերի հոգիներին թախիծ չպատճառեմ: Չէ, ես ուզում եմ փառաբանել իմ հեռու-հեռու նախնիների Անահիտ դիցուհուն, նրանց բնութեան սքանչանքի հաւատքը, որոնք աստուածացրել էին բնութեան երեւոյթներ՝ կրակ, լոյս, մայրութիւն, գեղեցկութիւն, անձրեւ, բարութիւն, սէր, երկունք, կռիւ ու յաղթանակ: Մայր Անահիտ: Արմի-Հայ արի մարդ, քու ցեղի մայրը Անահիտն է, քու ազգի մայրը՝ Մայր Հայաստանն է,  քու մայր ոստանի բլուրի գագաթին յաղթ կանգնած, սուրը  պատեանից կիսատ հանած, պատրաստ գրոհի տանելու կանանց, ազգի քաջերին:

            Անահիտ, «Մայր Բոլոր Զգաստութեանց», «Ոսկեծին, Ոսկեմայր, Ոսկեհատ հայոց Աշխարհի Դիցուհի», այդպէս էին անուանել նրան՝ Երիզա աւանի մեհեանի ոսկեձոյլ արձանի ու նրա պատուին, միայն նրա պատուին էին  ոսկեձոյլ արձան կերտել: Կրակի աստուած՝ Արայի դուստրն էր հայոց ամենասիրելի ու պաշտելի «Մեծ Տիկին» Մայր Անահիտը: Նա պատկերուած էր երեխան գրկին, Հայ մայրերի յարդարանքով, մինչեւ ուսերը իջնող գլխաշորով: Անահիտի պաշտամունքը յափշտակած մարդիկ, իրենց աստուածածին Մարիամը պատկերել են նոյն յարդարանքով ու Մանուկ Յիսուսը գրկին սեղմած: Աշխարհ իմանայ», որ Աստուածամայր Մարիամի մայրութեան պաշտամունքը, հայոց աշխարհի Մայր Անահիտի պաշտամունքի նոյնացումն է: Մայր Անահիտ, բարի ու բարերար, Արմինա-Հայաստան արարչական երկրի խոհեմութիւնների խնամակալը, մայրութեան ու պտղաբերութեան մարմնացումը: Հայոց Արա աստուծոյ գլխաւորութեամբ, նրա դուստրեր՝ Անահիտը, իմաստութեան ու ողջախոհութեան, մանչերի հովանաւոր, տան օճախի ու մայրերի երկունքի պահապան Նանէ դիցուհին, արեւի ու լոյսի աստուած Միհրը, հայոց դիցարանի երրորդութիւնն են, ինչպէս «Հայր, Որդի, Սուրբ Հոգի» նմանակումը: Անահիտի մայրութեան պաշտամունքի ծագման ու ծնունդի վայրը «Հայկական Սրբազան Լեռնաշխարհ»-ի Այրարատ աշխարհի Մեծամօրում էր, «Մեծ Մայր» իմաստով: Անահիտի մասին տեղեկութիւններ են հաղորդուել պարսից Աւեստա մատեանում, նրա պաշտամունքը տարել հայոց աշխարհից, իրենց հաւատքում իգական աստուածութիւն չկար: Պատմահայր Խորենացին հաղորդել, որ նրանցից առաջ հայոց աշխարհում դիցաբանութիւն եղել: Մայր Անահիտ դիցուհու մայրութեան կերպարը, Արմին-Հայի հոգեկան ու մտաւոր զարգացման կատարելիութիւնն է:

            Մայր Անահիտին վերագրուել էր նաեւ բժշկական ունակութիւններ, Արտաշէս անուշ թագաւոր, Միջագետք գնացել յոյների ու պարսիկների միջեւ ծագած սահմանային վէճը որպէս իրաւարար լուծելու, հիւանդացել էր, նրան ուղեկցող իշխանը գնացել Անահիտի Երիզայի մեհեան բժշկութիւն հայցելու իր հիւանդ թագաւորի համար: «Մեծ Անահիտ տիկին, Փառք ազգից մերոյ եւ կեցուցիչ մայր բարերար ամէնայն մարդկանց բնութեան»: Նա բնութագրուել էր նաեւ որպէս ողջախոհութեան, առաքինութեան ու արդարադատութեան մարմնացում: Ըստ Արմին–հայերի իմաստութեան, մայրն է ընդունակ արդարամիտ լինելու ու արդար դատելու: Հայ աշխարհի մարդիկ, նորէն լցրէ’ք ձեր հոգիները ձեր նախնիների պաշտամունքի արդարամտութեան, արդարադատութեան իմաստութեամբ: Ուրիշ ցեղի արդարամիտ ու իմաստուն հռչակուած թագաւորը, մանուկի մայրիկին յայտնաբերելու համար, այդ նոյն մանուկի վրայ սուր բարձրացրել՝ ուզեցել երկու կէս անել, այն տալ երկու մայրերին, ահա այդպէս էր դատել նրանց թագաւորը եւ իմաստուն համարուել .  .  . :

            Անահիտ, հայոց աշխարհի հանդերին մայրական գորովի շունչ յորդել: Դաշտերում ցորեանի ալիքուած ծովեր, ծաղկած ցորեանի հասկերի անուշաբոյր բուրմունք, զեփիւռի հետ պար բռնած ոսկի հատիկներով լեցուն հասկեր: Այգիների ծառերի թեւերին ծիածան, նրանց ոստերին հազար-հազար գոյների ճարմանդներ կապել, որոնք հովիկների զարկերով անուշ մեղեդիներ հնչում: Գարնանը, հայրենի Մուսա  լերան գագաթի բացատների ձիւնը մատներովս փորելով ձնծաղիկի փունջեր կապել, գնացել մեր տան այգի կթոցով նարինջ ու նորաշխարհ քաղել: Հօրաքրոջս տան թամբած ձին հեծած, պեգասի նման թռել, հասել Երիզա աւան, մտել Անահիտի մեհեան, բուռ-բուռ նարինջ ու նորաշխարհ դրել նրա բագինի առաջ, սփռել ոսկէ իրանին: Հասել աստուածների քաղաք Աշտիշատ, Վահագնի ու Աստղիկի հարսանեաց հանդէս էր, Վահագնի թագի վրայ նարինջ լցրել, Աստղիկի թագին ու հարսանեաց ճերմակ հագուստին նորաշխարհ փռել, նրանց հատիկները ոսկեջուրի նման հոսել իրանից, ձնծաղիկներ նետել սպիտակ թագին ու հագուստին: Հարսանիքի փեսեղբայր՝ Միհրը, հարցրել, «Ո՞րտեղից եւ ո՞վ ես դու»: Աստուածների առաջ կանգնած պատասխանել՝ «Իմացել եմ, որ Արմին-հայեր, իրենց Վահագն աստուծոյ հետ, Հայոց Սրբազան Լեռնաշխարհից վռնտել էին դուշմանին, երկիր վերադարձել էի աստուածների օրհնութիւնը հայցելու, ճանապարհին հանդիպել երկիր վերադարձող մարդկանց բազում կարաւանների: 

  Արմին-Հայ արի մարդ, Ապրիլի եօթը տօնախմբի’ր որպէս Մայր Անահիտի ծնունդ, «Մայրութեան ու Գեղեցկութեան Տօն», գնա՜ կանգնի’ր «Մայր Հայաստան»-ի առաջ, ձնծաղիկ ցանիր նրա բագինին, երկրի քաջերի երգեր երգիր նրա համար, հրճուանքից կը լացի  .  .  . :  Մայրութիւնը, երկիր մոլորակում «Բնութիւն-Աստուած» ներկայութիւնն է:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ