Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Բացառիկ հարցազրոյց ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանի հետ

Յատուկ «Նոր Օր»ին


Էդմոն Մարուքեանը ծնուել է 1981թ.-ին Վանաձորում։ Միջազգային իրաւունքի մագիստրոս է։ Զբաղուել է գիտամանկավարժական ու փաստաբանական գործունէութեամբ։ 2012թ.-ին ընտրուել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր։ Ճանաչուել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ամենաակտիւ պատգամաւորը։ 2015թ.-ին հիմնել է  «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը։

 

– Պարոն Մարուքեան, բարի գալուստ Լոս Անճելըս։ Գիտենք, որ մեր համայնքը Ձեզ շատ հարազատ է, քանի որ սովորել էք Միացեալ Նահանգներում և տարբեր առիթներով գալիս էք մասնակցելու գիտաժողովների և համագումարների։ Ի՞նչ նպատակով էք եկել այս անգամ։

 

– Ժամանել ենք քաղաքական նպատակներով։ Ինչպէս գիտէք 2017թ.-ի Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ։ Նոր սահմանադրութեամբ այն առաջին համապետական ընտրութիւնն է լինելու: Հայաստանի տնտեսական ու քաղաքական ճգնաժամից ԵԼՔ  առաջարկելով՝ երեք ընդդիմադիր ուժեր՝ «Լուսաւոր Հայաստան», «Հանրապետութիւն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնները միասնաբար յուշագիր ստորագրեցին և հիմնադրեցին առաջին ընդդիմադիր դաշինքը։ Այն «ԵԼՔ» անունով կը մասնակցի սպասուող խորհրդարանական ընտրութիւններին։

Լոս Անճելըսում նախատեսում ենք մի շարք հանդիպումներ հայ համայնքի, Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց հետ քննարկելու ու ներկայացնելու մեր ծրագրերը և առաջարկուող իրավիճակից ԵԼՔ-ը։ Մեր նպատակն է նաև սփիւռքում ապրող հայութեան ձայնը լսելի դարձնել  ՀՀ Ազգային Ժողովում։

 

– Պարոն Մարուքեան, դուք միակ թեկնածուն էք, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովում, մեծամասնական ընտրակարգով յաղթելով իշխանական թեկնածուին դարձաք պատգամաւոր։ Այս ընթացքում ի՞նչ յաջողութիւններ էք արձանագրել, Ձեր նախընտրական խոստումներից ինչքա՞նն էք կարողացել իրականացնել։

 

– Ամէն տարի 5000 օրինակով պաշտօնապէս տպագրում և ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքների հաշուետուութիւնը։

Որպէսզի ասածս ինքնագովեստ չհնչի, մէջբերեմ www.parliamentmonitoring.am  կայքի վիճակագրական տուեալները, ըստ որի ճանաչուել եմ ՀՀ ԱԺ-ի 5-րդ գումարման աﬔնաակտիւ պատգամաւորը՝ 125 հարց, 95 ելոյթ։ Օրէնսդրական դաշտում հեղինակել եմ 36 նախագիծ, որից 24-ը՝ միայնակ, 12-ը՝ համահեղինակութեամբ։ Գործունէութեանս մասին կարող էք ծանօթանալ իմ պաշտօնական կայքում www.edmonmarukyan.com։

 

– Այսօր Հայաստանում գոյութիւն ունեն տասնեակ կուսակցութիւններ, ինչո՞ւ որոշեցիք հիմնել նորը։

 

– Հայաստանում կուսակցութիւններից շատ քչերն են, որոնք իրական ազդեցութիւն ունեն քաղաքական գործընթացների վրայ։ Երբ անհրաժեշտութիւն առաջացաւ քաղաքական թիմ ստեղծելու, ես ու համախոհներս ունէինք երկու ճանապարհ. կամ միանալ եղած ուժերից որևէ մէկին, կամ ստեղծել նորը։ Առաջնորդուեցինք նորն ստեղծելու ճանապարհով, քանի որ եղած ուժերից ոչ մէկը հնարաւորութիւն չէր ընձեռում իրականացնել մեր պատկերացումներն ու տեսլականը։

 

– Ի՞նչ նպատակներ և խնդիրներ է իր առջև դրել  «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը։ 

 

– Նպատակներն ու խնդիրները կան www.brightarmenia.am կայքում: Անցնող շրջանում փորձել ենք ընտրական գործընթացներում ներկայացնել նոր տիպի մշակոյթ։ Մեզ համար առանցքային է քաղաքական սերնդափոխութիւն իրականացնելը: Այսօր յանձին «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ունենք նոր սերդնի ընդդիմադիր քաղաքական ուժ։

 

– Վանաձորում և Լոռուայ մարզում Ձեր ընտանիքը յայտնի է իր եկեղեցասիրութեամբ և քրիստոնէական նկարագրով։ Ինչպէ՞ս էք համատեղում հոգևոր կեանքն ու քաղաքականութիւնը։

 

– Մեր ընտանիքը մշտապէս յատուկ վերաբերմունք է ունեցել դէպի Մայր եկեղեցին։ Անյիշելի ժամանակներից ողջ ընտանիքով մասնակցել ենք ամէնշաբաթեայ Ս. Պատարագներին և բարեպաշտական այլ արարողութիւնների՝ մեր անխօս ծառայութիւնը բերելով  նաև խոնարհուած եկեղեցիների մաքրման ու հնարաւոր վերականգման սրբազան գործին։ Որպէս քաղաքական գործիչ՝ ինձ համար յստակ է քաղաքականութեան և հոգևոր կեանքի սահմանագիծը։  Քաղաքականութեան մէջ յաճախ փորձում եմ առաջնորդուել քրիստոնէական եղբայրութեան, հանդուրժողականութեան, մերձաւորին սիրելու սկզբունքներով։ Հաւատքս և համեստ հոգևոր գիտելիքներս աւելի են զօրացնում ինձ քաղաքական գործունէութեան մէջ։

 

– Ինչպէ՞ս էք պատկերացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ապագան։

– Արցախեան հարցի լուծման և Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան գլխաւոր երաշխիքը Հայաստանի հզօր տնտեսութիւնն է, որի շնորհիւ Հայաստանը կարող է առաւել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդէս գալ դիւանագիտութեան ոլորտում, և հարկ եղած դէպքում՝ ռազմական հակամարտութեան վերսկսման պայմաններում: Արցախի  հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջաւոր, դիւերսիֆիկացուած, իրաւունքի գերակայութեան պայմաններում, զարգացող տնտեսութեան կառուցման միջոցով:  Ուստի, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականօրէն վնասում են արցախեան հարցի կարգաւորմանը, թուլացնում են Հայաստանի՝ ինչպէս դիւանագիտական, այնպէս էլ ռազմական հնարաւորութիւնները:

 

– Ի՞նչ է հնարաւոր անել, որպէսզի Հայաստանում և Արցախում հասարակութեան կեանքը լինի էլ աւելի դեմոկրատական։

 

– Անհրաժեշտ է զարգացնել քաղաքացիական հասարակութեան ինստիտուտները, երաշխաւորել օրէնքի գերակայութիւնը, մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները։

 

– Լոս Անճելըսում գտնուելու օրերին հանդիպումներ ունենալո՞ւ էք ժողովրիդի հետ։ 

 

– Այո։ Ուրբաթ, Յունուարի 27-ին՝ երեկոյեան 6։30-ին, նախատեսւում է մեծ հանդիպում Իրանահայ Միութիւնում  (հասցէն` 117 S. Louise St., Glendale, CA 91205): Հանդիպման խորագիրն է «Հայաստանի միակ Ելքը», որի ընթացքում ներկայացնելու ենք «ԵԼՔ» դաշինքի ծրագրերը։ Ցանկանում ենք լսել ու պատասխանել մասնակիցների հարցերին։ Հանդիպմանը ելոյթ է ունենալու նաև  «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսեանը։ Հրաւիրում ենք մեր հպարտ հայրենակիցներին, մտաւորականներին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որպէսզի առիթ ունենանք տեղեկանալու հայրենիքի հետ կապուած ձեր առաջարկութիւններին ու մտահոգութիւններին, որպէսզի միասնաբար, համատեղ ջանքներով մեր երկիրը դարձնենք աւելի լուսաւոր ու շէն։

 

– Պարոն Մարուքեան, շնորհակալութիւն հետաքրքիր զրոյցի համար, յաջողութիւն ենք մաղթում Ձեզ և ցանկանում նպատակների իրագործում։ Վերջում ի՞նչ կը մաղթէք «Նոր Օր»ի ընթերցողներին և մեզ՝ սփիւռքահայերիս։

 

– Օգտուելով առիթից ես էլ եմ ցանկանում շնորհակալութիւն յայտնել այս բացառիկ հնարաւորութեան համար։ Յատուկ շնորհակալութիւն «Նոր Օր»ի ողջ պաշտօնէութեանն ու խմբագրական կազմին։ Ձեր թերթն իր գրեթէ մէկդարեայ արդարախօս աւանդոյթներով եղել է սփիւռքում գործող առաջամարտիկներից մէկը։

Հայրենիքից հեռու բնակուող մեր սիրելի ժողովրդին մաղթում եմ, որ իւրաքանչիւր բացուող նոր օրը մեր հայրենիքին ու բոլորիս պարգևի խաղաղութիւն, առաջադիմութիւն, նորանոր յաղթանակներ ու ձեռքբերումներ։

 

Շնորհակալութիւն։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ