Կիրակի, Դեկտեմբեր 29, 2024

Շաբաթաթերթ

Թէքէեան Կենտրոն, Երեւան. Սերգէյ Գասպարեանի «Ստորջրեայ աշխարհի գաղտնիքները» լուսանկարչական ցուցահանդէսը

Թէքէեան Կենտրոնում բացուել է բացառիկ ցուցադրութիւն՝ մոսկուաբնակ հայ նէյրովիրաբոյժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգէյ Գասպարեանի հեղինակած «Ստորջրեայ աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդէսը, որն իրականութիւն է դարձել «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային աղբիւրի համագործակցութեամբ: Ցուցահանդէսում ներկայացուած վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարուեստական անուանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացութեան մասին:

Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր Վարդանեանը, Երեւանում Ռուսաստանի գիտութեան եւ մշակոյթի կենտրոնի՝ Մշակոյթի բաժնի վարիչ Իրինա Կասացկայեւան, արուեստագէտներ, արուեստասէրներ:

Ողջունելով ներկաներին, «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի տնօրէն Արմէն Ծուլիկեանը մասնաւորապէս նշեց. «Սերգէյ Գասպարեանն այն հեղինակներից է, ում աշխատանքները պատիւ կը բերեն աշխարհի ցանկացած ցուցասրահի: Հպարտ եմ, որ այս լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է եւ նաեւ հաւատացած եմ, որ շուտով նա Հայաստանում մասնակից կը դառնայ այլ հետաքրքիր ծրագրերի»:

Փոխնախարար Ներսէս Տէր Վարդանեանի խօսքով, նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումն ուշագրաւ է նաեւ այն առումով, որ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը մտադիր է Հայաստանում զարգացնել ջրին առնչուող մշակոյթի ներկայացման մեթոդները եւ առաջիկայում նախատեսում է Սեւանայ լճում ստորջրեայ թանգարան բացել, ինչը կը նպաստի ներքին զբօսաշրջութեան զարգացմանը: «Յոյսով եմ, որ առիթ կ՚ունենանք այդ կապակցութեամբ Սերգէյ Գասպարեանին Հայաստանում տեսնելու, եւ յաջորդ ցուցահանդէսներն արդէն հարստացած կը լինեն հայաստանեան պատկերներով»:

Իրինա Կասացկայեւան, շնորհաւորելով հեղինակին եւ ցուցահանդէսի կազմակերպիչներին, ցանկութիւն յայտնեց, որպէսզի այս իւրօրինակ ու տպաւորիչ ցուցադրութիւնը լինի շարունակական եւ ներկայացուի այլ քաղաքներում, ինչին հնարաւորինս կ՚օժանդակի Երեւանում Ռուսաստանի գիտութեան եւ մշակոյթի կենտրոնը:

Ցուցահանդէսի համադրող, Photo.Podium.com ինտերնետային աղբիւրի հայաստանեան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմէն Ենգոյեանը, ներկայացնելով հեղինակին, յաւելեց. «Նա սկսեց լուսանկարել իր կեանքի դժուար պահին եւ այլեւս չդադարեց. շատ է ճամբորդում, նկարում է ու ամէն նկարին լիրիկական մօտեցում է ցոյց տալիս: Յատկանշական են լուսանկարների անուանումները, որոնք խօսում են նրա երեւակայութեան, կատակասիրութեան, աշխարհի մարդ լինելու մասին»:

 

Սերգեյ Գասպարեանը ծնուել է 1953 թ. Մոսկուայում, բժիշկների ընտանիքում: Կրթութեամբ եւ մասնագիտութեամբ նէյրովիրաբոյժ է, բժշկական գիտութիւնների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անուան նէյրովիրաբուժութեան գիտահետազօտական ինստիտուտում՝ որպէս վիրահատութեան պլոկի բաժնի պետ:

Ամբողջ ազատ ժամանակը նուիրում է լուսանկարչութեանը. լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողանում է պատկերել ծովերի եւ ովկիանոսների ստորջրեայ հրաշալիքները: Ռուսաստանի փրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միութեան (լուսանկարչութեան բաժին) անդամ է, մոսկովեան ժամանակակից լուսանկարչական ոլորտի աշխոյժ մասնակից: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդէսների Երեւանում, Գիւմրիում, Թբիլիսիում, Մոսկուայում, Ս. Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ