Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Տեսաժողով «Արեւմտահայերէնի վտանգ¬ուածութիւնը և պետական լեզուաքաղաքական խնդիրները» թեմայով

Փետրուարի 24-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, Լիբանանում ՀՀ դեսպանութեան, Լիբանանի Հայկազեան համալսարանի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցութեամբ տեղի ունեցաւ «Արևմտահայերէնի վտանգ­ուածութիւնը և պետական լեզուաքաղաքական խնդիրները» թեմայով տեսաժողով` ուսուցիչների, լեզուաբանների, մտաւորականների մասնակցու­թեամբ (միացումը Պէյրութի Հայկազեան համալսարանից):

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը, սիրիահայ հայրենադարձ լեզուաբան Յակոբ Չոլաքեանը, ԵՊՄՀ Սփիւռք գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրէն Դանիէլեանը, Պէյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի ուսուցչուհի Նորա Թաշճեան-Սարաֆեանը, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի տնօրէն Յասմիկ Խալափեանը, Գէորգեան հոգևոր ճեմարանի ուսուցիչ Անի Ֆիշենկճեանը, ՀՀ ԳԱԱ լեզուի ինստիտուտի գիտաշխատողներ, լեզուաբաններ, ուսուցիչներ:

Լիբանանից հեռավար քննարկմանը մասնակցում էին Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Անդրանիկ Տագէսեանը, Անթիլիասի արևմտահայերէնի կենտրոնի պատասխանատու Ժիրայր Դանիէլեանը և Անթիլիասի դպրեվանքի ուսուցչուհի Գեղանի Էթիէմեզեանը, Հայ Աւետարանական քոլէճի փոխտնօրէն Արմէն Իւրնէշլեանը, Հայկազեան համալսարանի մանկավարժութեան ամբիոնի վարիչ Յակոբ Եագուպեանը, Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի տնօրէն Կրէկուար Գալուստը, ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչ Վլադիմիր Պօղոսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «Այսօր հաւաքուել ենք՝ նոր ձևաչափով ևս մէկ անգամ քննարկելու արևմտահայերէնի պահպանման խնդիրները և գտնելու լուծումներ: Մայրենի լեզուի պահպանումն ու տարածումը Սփիւռքի նախարարութեան գերակայ խնդիրներից է, և այս տեսաժողովը ևս կազմակերպուել է մեր նախաձեռնութեամբ իրականացուած Մայրենիի շաբաթուայ միջոցառումների շրջանակում: Քանի որ Լիբանանը Արևմտահայերէնի պահպանման միջնաբերդն է, նրա զարկերակն ու ոգին, մենք որոշեցինք հեռակապով մեր մտահոգութիւնները կիսել ձեզ հետ, գտնել առկայ խնդիրների իրատեսական լուծումներ:

Նախարարը կարևորեց արևմտահայերէնի դասաւանդումը նաև Հայաստանում, քանի որ ի դէմս սիրիահայերի` շուրջ 20 հազար արևմտահայերէնի կրողներ են հաստատուել Հայաստանում, որը հայոց լեզուի երկու ճիւղերի մերձեցման հնարաւորութիւն է ընձեռել:

«Այո, արևմտահայերէնը ԵՈՒՆԵՍՔՕ-ն ճանաչել է վտանգուած լեզու, կարծում եմ, պէտք է միասնական ուժերով ստեղծենք արևմտահայերէնի փրկութեան ծրագիր և հետևողականօրէն իրականացնենք այն` ունենալով պետութեան և համահայկական, հոգևոր կառոյցների աջակցութիւնը»:

Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում. Արևմտահայերէն է դասաւանդւում Հայաստանի մի շարք բուհերում, ԳԱԱ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտում գործում է արևմտահայերէնի բաժինը: Ակտիվ գործունէութիւն են ծաւալում ԵՊՄՀ Սփիւռք գիտակրթական կենտրոնը, ՀԲԸՄ վիրտուալ քոլէճը: Սփիւռք ամառային դպրոցում գործում է արևմտահայերէնի արագացուած ուսուցման դասընթացը, ստեղծուել են երեք փորձնական այբենարան և ընթերցարան, նախարարության «Հայերն այսօր» պարբերականը միակ պաշտօնական կայքն է, որ ունի արևմտահայերէն տարբերակ, նախարարութեան պատուէրով ստեղծուել և գործում է «Արևմտահայերէնից արևելահայերէն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը: Վերջերս մեր աջակցութեամբ ստեղծուեց արևմտահայերէն մանկապատանեկան «Հայկաշխարհ» կայքը: Կազմակերպուել է խնդրին նուիրուած երկու գիտաժողով, ստեղծուել է 3 աշխատանքային խումբ: Կառավարութեան առջև հարց ենք բարձրացրել` ստեղծել Հայերէնի բարձրագոյն խորհուրդ, որը կը զբաղուի ե՛ւ արևելահայերէնի, ե՛ւ արևմտահայերէնի խնդիրներով»:

Նախարարը առաջարկեց հայագիտական առարկաների` մասնաւորապէս հայոց պատմութեան նոր դասագրքերը, որոնք նպատակայարմար կը համարուեն սփիւռքեան դպրոցների համար՝ թարգմանել արևմտահայերէն և հրատարակել:

Քննարկուեցին Արևմտահայերէնի վտանգուածութեանը, դպրոցական դասագրքերի լեզուական վիճակին, դասաւանդման որակին, լեզուական ընդհանրականութեանը վերաբերող խնդիրներ:

Կարևորուեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերէնի ուսուցման, հեռահար ուսուցման հնարաւորութիւնները օգտագործելու անհրաժեշտութիւնը, նոր դասագրքերի ստեղծումը:

Արուեցին մի շարք առաջարկութիւններ: Որոշուեց յաջորդ տեսաժողովը կազմակերպել Մայիսին:

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ