Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Միութիւնը դարբնոց… Իրանահայ միութեան վարչութեան ընտրութեան առիթով

Հրատարակելով սրտաբուխ այս գրութիւնը, կ՚ուզենք ընդհանրացնել յօդուածագիրին բարձրաձայն մտորումները, տարածելով հայ համայնքին բոլոր կազմակերպութիւններուն վրայ, որովհետեւ, քիչ թէ շատ, բոլոր միութիւններն ալ մտահոգ են սերնդափոխութեամբ ու վերաշխուժացումով։

«Նոր Օր»

 

Շատ է գրուել ու խօսուել միութեան ուժի, միութեան ոգու և բարիքների մասին, մեր մտքի տիտաններն են մեզ պատգամել,  որչափով հաւատարիմ այդ ոգուն աշխատանք է տարւում, մեր արարքն է ապացուցում տարբեր բնագաւառներում… այդուհանդերձ կարելի է ասել, որ մեր ամերիկեան գաղթօջախում այդ գաղափարի ջատագով գոյութիւն ունեն հայկական միութիւններ, որոնք հասարակական, մշակութային և մարզական նպատակներով գործունէութեան են լծուած՝ քաջ գիտակցելով որ նրանց գոյութիւնը մեր սփիւռքեան իրականութեան մէջ խիստ կարևոր են հայ մանուկին և պատանուն դաստիարակելու որպէս գիտակից հայ, ազնիւ և գործունեայ քաղաքացի:

Անվարան պէտք է ասել, որ հայ դպրոցից յետոյ,  հայ միութիւնը մեծ առաքելութիւն ունի հայ երեխայի դաստիարակութեան տեսանկիւնից, նրա միտքն ու հոգին կոփելու հայկականութեամբ, ազգասիրութեամբ և հայրենասիրութեամբ, նաև զարգացնելու պատասխանատուութեան, միասնականութեան և նուիրուածութեան ոգին: Հայ միութիւնը նոյնպէս դարբնոց է, որը խարսխուած պիտի լինի հաւատքի, հայրենիքի և մշակոյթի անսասան սիւների վրայ: Յոյս առ Աստուծոյ մեր միութիւնները այդ ոգով են առաջնորդւում շատ-շատ աւելի մեր մատաղ սերնդին, պատանիներին և երիտասարդներին ներգրաւելով իրենց շարքերը:

Լոս Անճելըսեան հայ միութիւններից մէկը Իրանահայ միութիւնն է, որը շուրջ վաթսուն տարիների անցեալ ունի, նուիրեալ անձերի յաջորդական աշխատանքի արգասիքով ականատեսն ենք այսօրուայ հոյակապ կառոյցի, երեք յարկանի գեղեցիկ մի շէնք միութենական անհրաժեշտ նախադրեալներով: Միութիւնը որոշ չափով ձերբազատուել է բանկային մեծագումար պարտքից շնորհիւ Տէր և Տիկին Դոկտ. Յակոբ և Լուդովիկա Այնթապլեանների իշխանական նուիրատուութեամբ. թող Աստուած այսպիսի բարերար դէմքերին քաջառողջութիւն և արևշատութիւն պարգևի, որ իրենց ազգօգուտ նուիրատուութիւններով մեծ ծառայութիւն են մատուցում հայապահպանման գործին:

Միութեան կողմից գրաւոր հրաւէր էի ստացել Կիրակի, Մարտ 19, 2017-ի կայանալիք վարչութեան ընտրութեան համար, որի հիման վրայ ես ևս ներկայ էի գտնուել: Սա երկրորդ անգամն էր, դարձեալ միութեան ընդհանուր անդամների թուի համապատասխան շատ սակաւ ներկայութիւն, նոյնիսկ մէկ չորրորդ թիւը չլրացնող. ո՞ւր էին միութենականները, ինչո՞ւ չէին ներկայացել, կարելի է քանի տեսակ պատճառներ թուարկել, թերևս նկատի ունենալ անհետաքրքրութիւնը և անտարբերութիւնը, որը ոչ կառուցողական վերաբերմունք է: Իմ կարծիքով գրաւոր հրաւէր նամակի մէջ թող նշուի՝ ներկայացողը կամ չներկայացողը գրաւոր կամ հեռախօսով տեղեկացնի՝ չգալու պատճառն էլ նշելով: Այդուհանդերձ միութեան խնամակալ մարմնի կողմից՝ Թոմիկ Ալեքսանեանը առաջարկեց ընտրութիւն անել՝ կանոնադրութեան  բացատրութեամբ հակաօրինական չգտնելով: Այս ընտրութեան հաւաքին նաև ներկայ էր խնամակալ մարմնի փոխ նախագահ՝ Դոկտ. Յակոբ Այնթապլեանը իր ազնուափայլ Լուտովիկա տիկնոջ հետ: Ընտրութիւնը կատարելու նպատակով նախագահ և քարտուղար ընտրուեց: Վարչութիւնը ներկայացրեց իր գործունէութեան բարոյական և նիւթական զեկոյցները, բեղուն գործունէութիւն, որն արժանացաւ ծափահարութեան: Ներկաների բարձր գնահատականով արժևորուեցին գործող կենտրոնական վարչութեան անդամները նախագահութեամբ՝ երիտասարդ և կարող ուժ Յովիկ Գաբիկեանի: Երեք նոր անձեր ընտրուեցին փոխարինելով իրենց շրջանը աւարտած երեք վարչականների, նաև ընտրուեցին հաշուեքննիչ յանձնախումբ և անձնափոխանորդներ ներկայացած անդամների համաձայնութեամբ:

Ներկաների կողմից հարցեր հնչեցին, պահանջ ներկայացուեց գրադարանը վերաշխատեցնել, Հայաստանում և Սփիւռքում հրատարակուող նոր գրքերով օժտել և ճոխացնել, թատերական խումբ կեանքի կոչել։ Ախր Իրանահայ միութեան պէս հսկայ միութիւնը կարելի է՞ որ արուեստի և որոշ մարզական բաժանմուքներ չունենա՞յ, սկզբնական շրջանում թերևս չընդառաջուի, սակայն հետաքրքրուողների թիւը հետզհետէ կ՚աճի: Միութեան ղեկավարները գանգատւում են թէ՝ երիտասարդներ չեն գալիս, չեն հետաքրքրւում: Մեծարգոյ ղեկավարնե՛ր, դուք երիտասարդների համար զբաղուելու, զարգանալու, ինքնադրսևորուելու և իրար հետ ծանօթանալու միջոցներ գոյացրէք և քաջալերէք առանց բեռնաւորելով նիւթական վճարումներով, այդ աշխատանքների համար հիմնադրամ ստեղծելով ծախսերը հոգալու համար, յետոյ կը տեսնէք, թէ ինչ աշխուժութիւն և եռուզեռ կը ստեղծուի, և բնական ճանապարհներով սերնդափոխութիւն տեղի կ՚ունենայ, երիտասարդներ և երիտասարդուհիներ իրար հետ կը ծանօթանան և հայկական ամուսնական կապեր կը ստեղծուեն: Խնդրեմ՝ գործէք ու ապրէք այս մտքերով, այն ատեն կը տեսնէք ձեր աշխատանքի քաղցր պտուղները գոհ և ուրախ հոգեկան բաւարարութեամբ:

 

Ռ. ԿՈՐԻՒՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ