«Ես էմոցիոնալ առումով սպառուած եմ: Վերջին տարիներին այսքան կլանուած ոչ մի ֆիլմ չէի դիտել», – այսպես արձագանգեց քոնկրէսական Ճէքի Սփիըրը «Ամերիկայի Ձայն»-ին՝ Միացեալ Նահանգների Քափիտոլիումում The Promise` «Խոստումը» Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած ֆիլմը դիտելուց յետոյ: Քոնկրէսական Տէյվ Թրոթի խօսքով, նման բարձր որակի ֆիլմերի միջոցով պատմութիւնն աւելի լաւ է հասնում մարդկանց։
«Ֆիլմը մարդկանց համար տեղի ունեցածն աւելի նշանակալից է դարձնում»:
«Խոստումը», որը մեծ էկրաններ կը բարձրանայ Ապրիլի 21-ին, գեղեցիկ սիրոյ պատմութիւն է, որը զարգանում է Հայոց Ցեղասպանութեան ընթացքում: Սարսափելի իրականութիւնը կոտրում է մարդկային ճակատագրեր, սակայն անզօր է կոտրել ազգի ոգին:
«Մենք անզօր ենք փոխել անցեալը, սակայն արուեստն օգնում է մեզ յիշել այն: Դա յատկապէս կարեւոր է, երբ Հայոց Ցեղասպանութիւնը նոյնիսկ հարցականի տակ է դրւում», – ասում է քոնկրէսական Ճոտի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժէքը հսկայական է: Նախագահ Տանըլտ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարութիւն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիկեանի մօտ «Խոստումը» ֆիլմը անցեալի յիշողութիւններ է արթնացրել։
Կապիտոլիումում «Խոստումը» դիտելուց յետոյ ֆիլմի անուանի ռեժիսոր Թերի Ճորին եւ փրոտիւսէր Էրիկ Իսրայէլյանն հանդիսատեսը յոտնկայս ծափահարութիւնների արժանացրեց:
«Այս ֆիլմը նկարահանելու հնարաւորութիւնն ինձ համար իրական նուէր էր», – նշեց ֆիլմի ռեժիսորը:
Ֆիլմն ամբողջութեամբ մի նուէր է՝ հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի վերջին նուէրը հայ ժողովրդին եւ մարդկութեանը:
Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ միջոցառմանը ներկայ ԱՄՆ-ի օրէնսդիրները կրկին անգամ ընդգծեցին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ընդամէնը ժամանակի հարց է։
«Հասարակութիւնը, լրատուամիջոցները եւ պատմաբանները շատ աւելի առաջ են անցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում, քան Քոնկրէսը», – նշեց վերջում քոնկրէսական Ֆրանք Փալոնը: