Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Գրախօսական. Գէորգ Բորնազեանի «Ազնուութեան մարզանք» նորատիպը

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

 

 Երեւանում ապրում էինք կողք-կողքի, Զէյթունի մեր առանձնատներում: Գիտէինք իրար մեր ծնողների միջոցով, սակայն ծանօթ  չէինք միմեանց:

 Հայրը՝ Սարգիս Բոյրազեանը պատմաբան-գիտնական էր, իսկ մայրը՝ Սիրուհի Սրապեանը ջութակահարուհի էր եւ շատ գեղեցիկ ձեռագրով ընդօրինակում էր մեր նոտաները, չկային դեռ պատճէնահանման գործիքները:

 Եւ ահա տարիներ անց, Գլենդելում, Գէորգը եւ ես ծանօթացանք իր գրքի տպագրութեան առիթով,  փոխանակեցինք մի քանի նախադասութիւն, միայն այդքան:

Ստացայ նորատիպը. կարդացի բանաստեղծութիւնների ժողովածուն եւ իրապէս ծանօթացայ իմ տարեկից, «մոնումենտցի», նոյն Յակոբ Պարոնեանի անուան դպրոց յաճախած, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանից բնագիտութեան ոլորտում գիտական աստիճան ստացած Գէորգ Բորնազեանին (Պոյրազեան): Կիսահաղորդիչների եւ մեկուսիչների ճարտարագէտ գիտնականը Ամերիկայում եւս աշխատում է իր մասնագիտութեամբ՝ նախ բժշկական, ապա՝ ռազմական արդիւնաբերութեան  ոլորտներում: Իւրաքանչիւր ներգաղթող, մանաւանդ Հայաստանից, գիտի, թէ ի՛նչ է նշանակում շարունակել մասնագիտական աշխատանքն այստեղ: Իսկ Գէորգը նաեւ  հասցրել է վերլուծել անցուդարձը. մարաշցի, Սիրիայից հայրենադարձ ընտանիքի զաւակը ապրելով հայրենիքում եւ Սփիւռքում, տեսել ու վերլուծել է իր շրջապատը, մղել է «պայքար անտեսանելի պատերի դէմ (a battle against the wall unseen), որ կարող էր միայն բանաստեղծը կատարել», ու ստացուել է բանաստեղծութիւնների մի ժողովածու՝ «Ազնուութեան մարզանք» խորագրով, տպագրուած 2017-ին, Լոս Անջելեսում:

 Ինչպիսի՞ թեմաներ է արծարծում Գէորգը՝ այն ամէնը, ինչով մարդ էակը դրսեւորում է ինքնիրեն, իսկ հիմնականում՝ ազնիւ եւ արդար ապրելու պահանջը, եւ  ըստ հեղինակի՝

 …Յիշի՛ր, աշխարհում բաներ կան անեղծ՝

 Կայ սէր, նպատակ, նուիրուածութիւն,

 Պայքարում ծնուած համախմբութիւն ,-

 Տեսնելու համար սրանք քո կեանքում

 Հարկ չէ որ լինես դու մեծ բանաստեղծ,

 Եղի՛ր դու ազնիւ, ճշմարիտ, անկեղծ,

 Եւ դու կը տեսնես հրաշքն այն մեծ

 Որ կոչւում է երկիր մոլորակ…

 Չարիքի դէմ պայքարելու համար Գէորգը ուզում է «աննկուն կամք, արդար դատող ձեռք» եւ յարգում է՝ «երբ անկեղծ են»: Հեղինակը գրում է. «Առաջ մարդիկ զարմանում էին կեղծաւորութիւնից, իսկ այսօր՝ անկեղծութիւնից»:

 Գէորգ Բորնազեանին ամէն անգամ զարմանք են պատճառում խաբեբայ մարդիկ՝

 Ամէն անգամ երբ տեսնում եմ

 Իմ նմանին՝ ադամորդուն, մարդու որդուն

 Շատ ցաւալի այս վիճակում,

 Ես խղճում եմ, տանջւում եմ՝ դաժանանում …

 «Մաքրութիւնս վաճառքի չէ» բանաստեղծութեան մէջ հեղինակը գրում է.

 …Ու փոխարէն քեզնից կ՚առնի

 Շատ աննշան, չնչին մի բան՝

 Մաքրութիւնդ քեզնից կ՚առնի,

 Որ պահպանի իր ստեղծած

 Մաքրութիւնը կեղտաջրի:

 Ճշմարիտ եւ սրտացաւ մօտեցմամբ հեղինակը դիմում է իր ազգին.

 Բա՛ւ է, դո՛ւք հայեր

 Իրար մեղադրէք,

 Դո՛ւք էք այս նաւի

 Տէ՛րն ու դիւա՛նը:

 Իսկ արտագաղթողներին, ներառեալ իրեն, ասում է.

 Փախանք ու եկանք,

 Ստիպուած եկանք,

 Թողեցինք եկանք.

 Չէինք գիտակցում՝

 Մի ողջ Հայաստան

 Շալակած եկանք:

 Բանաստեղծութիւններ գրելը Գէորգի համար մի տեսակ ինքնագրութիւն է, որ նա բացատրում է հետեւեալ կերպ.

 Ինձ ասում են՝ ի՞նչ ես գրում,

 Ես ասում եմ՝ «ինձ» եմ գրում:

 Ու ինքնագրութեան մէջ հանդիպում ենք ներբողներ մեծ հօրը՝ Յակոբ Սրապեանին, մեծ մօրը՝ Ճեմիլէին եւ նրա եղբօրը՝ Ուրֆայի ճակատամարտի հերոսամարտիկ Յարութիւն Սիմեանին, մարաշցի մեծ մօրը՝ Ովսաննա Մոմջեանին եւ մեծ հօրը՝ Վարդավառ Պոյրազեանին.

 Ջարդից փախած մի որբուկ,

 Արմատներով Անեցի՝

 Պապս կուռքն է մեր ցեղի,

 Ճարտարախօս, ճարտարուեստ

 Հազար ու մէկ շնորհքներով՝

 Համն ու հոտը ծաղկունքի՝

 Եկեղեցին մեր տոհմի:

 Բանաստեղծութիւններ է նուիրել հօրը՝ Սարգիս Բորնազեանին, մօրը՝ Սիրուհի Սրապեանին, «աշխարհով մէկ տարացրիւ «մոնումենտցի» ընկերներին», վաղաժամ կեանքից հեռացած եղբօրը՝ Յակոբին, որդիներին՝ Սարգիսին, Գրիգորին եւ Խաժակին, կեանքի ընկերուհուն՝ սիրելի Իւղիկին.

 Տուեցինք երդումը մեր սուրբ միութեան՝

 Լինել անաչառ, ազնիւ ու արդար,

 Սերունդ պարգեւել արժանի ազգին…

 Սէրն ու խիղճն էին մեր միակ վկան,

 Իսկ հայոց լեզուն՝ մեր քահանան…

 Վաղամեռիկ Խաժակ Շիթիլեանին նուիրուած բանաստեղծութեան մէջ Գէորգը գրում է.

 Օտար հողում երբ մի հայ է շիրիմ իջնում՝

 Սիրտս է ցաւում,

 Երանի եմ տալիս նրան,

 Ով զոհւում է Ղարաբաղում՝

 Անմահանում իր մայր հողում …

 Ու այսպէս, որեւէ թեմա Գէորգի մօտ պարուրուած է մարդկայնութեամբ եւ հայկականութեամբ, իր «գունաւոր կեանքի» գոյներն են դրանք, կեանք, որ բանաստեղծը իմաստաւորում է՝ հետեւեալով.

 Ինչ որ ցանես, դա պիտ հնձես,

 Անշո’ւշտ, եթէ սերմնացան ես…

***

 Ժողովածուի վերջին բանաստեղծութիւնն է «Վերջակէտ»ը, սակայն մեզ սպասում է անակնկալը. Գէորգը յօրինել է երաժշտութիւն 13 բանաստեղծութիւնների համար ու ներկայացրել է գրքի վերջին մասում:

 Գրքին կցուած ունենք նաեւ երկու խտասալիկներ: Առաջինը՝ բանաստեղծութիւնների ասմունքն է երկու մասից՝ երաժշտական համադրմամբ (ասմունքող՝ Թագուհի Գրբոյեան-Արզումանեան, երաժշտութիւն՝ Գէորգ Բորնազեանի եւ այլ երգահանների, կատարմամբ՝ Արմէն Ահարոնեանի եւ այլոց): Երկրորդ խտասալիկում՝ «Ես ու դու» խորագրով,  հնչում է Գէորգի յօրինած երգերի երաժշտութիւնը դաշնակահար Արմէն Ահարոնեանի կատարմամբ, ներփակ կը գտնենք նաեւ 13 երգերի խօսքերը պարունակող գրքոյկը:

 Հետաքրքիր մօտեցում է ունեցել մեր ընկերուհին՝ ասմունքող Թագուհի Արզումանեանը: Բաւականին պատասխանատու աշխատանք է կերպարանաւորել չլսուած բանաստեղծութիւններ եւ որպէս աւարտուն պատկերներ ներկայացնել հանրութեանը:

 Գէորգ Բորնազեանի կատարած գործը՝ իրեն աջակցողների մասնակցութեամբ, թարմ շունչ բերող երեւոյթ է, որ կարող է ոգեւորել նաեւ ուրիշներին:

 «Ազնուութեան Մարզանք» գիրքը եւ դրան կցուած խտասալիկները կարելի է ձեռք բերել «Ապրիլ»,  «Պերճ», «Սարդարապատ» հայկական գրատներից, ինչպես նաեւ www.sardarabad.org կայքէջից։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ