Ապրիլ 10-ին Սփիւռքի նախարարութենէն ներս, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը և ՀՀ Կրթութեան և Գիտութեան նախարար Լևոն Մկրտչեանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփիւռքի կրթական խնդիրներու լուծումին աջակցելու մասին: Նախատեսուած միջոցառումներու կատարումը համակարգելու նպատակով պիտի գործէ համակարգող յանձնաժողով մը:
Հրանուշ Յակոբեան նշած է. «Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի յանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփիւռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցութեան համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող յանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ հրամանը, որը մեզ հնարաւորութիւն կը տայ առաւել արդիւնաւէտ համատեղ ծրագրեր իրականացնել»:
Սփիւռքի նախարարը շնորհակալութիւն յայտնած է Կրթութեան և Գիտութեան նախարարին՝ համագործակցելու պատրաստակամութեան համար և աւելցուցած, որ 2017թ. Սեպտեմբերին տեղի պիտի ունենայ Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը, ուր պիտի քննարկուին նաև Սփիւռքի մէջ մայրենիի պահպանութեանը վերաբերող խնդիրներ: «Այստեղ ևս Սփիւռքի և Կրթութեան և Գիտութեան նախարարութիւնները կարող են աջակցել միմիանց՝ լաւագոյն մասնագէտներին հրաւիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիւ այլ հարցերում», նշած է Սփիւռքի նախարարը: