Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

“The Hill” Հայոց Ցեղասպանութիւն. Թրամփը պէտք է կարողանայ սկսել այնտեղից, որտեղ աւարտել է Ռեկընը

Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ Անտոնի Պարսամեանը և ամերիկահայ յայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուպար Աֆէեանը “The Hill” պարբերականում հրապարակել են «Հայոց Ցեղասպանութիւն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեկընն աւարտեց» վերտառութեամբ յօդուած: Յօդուածագիրներն անդրադարձել են Հայոց

Ցեղասպանութեան ճանաչմանը, ներկայացրել տարբեր փաստեր և յոյս յայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Տանըլտ Թրամփը կը շարունակի Ռանըլտ Ռեկընի քաղաքականութիւնն ու կը ճանաչի 1915-ի թուականին տեղի ունեցածը:  

«36 տարի առաջ նախագահ Ռեկընն արեց այն, որը չի համարձակուել անել որևէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանութիւն» տերմինը` անդրադառնալով 1915-1923 թուականներին տեղի ունեցած դաժան դէպքերին. հայ ժողովրդի համակարգուած ոչնչացում թուրք-օսմանների կողմից: Այդ դաժան իրադարձութիւնը ոչնչացրեց շուրջ 1.5 մլն. և տեղահանեց 500 հազար հայի, որը մինչև Ցեղասպանութիւնը եղած հայերի մէկ երրորդն էր: Այսօր աշխարհում սփռուած հայերը 10 միլիոն են, որից 1.5 մլն.-ը բնակւում է ԱՄՆ-ում: Եւ ոչ ոք չի արել աւելին, քան ԱՄՆ-ը: 1918 թուականին Մերձաւոր Արևելքում հիմնադրամի ձևաւորում տեղի է ունեցել դեսպան Հենրի Մորկընթաուի պնդմամբ, որպէսզի վերջ տրուի հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը: Մինչև 1930 թուականը հիմնադրամը ցուցաբերել է 117 մլն. տոլարի օգնութիւն, որն այսօրուայ պայմաններում հաւասարազօր է 1.25 մլրդ. տոլարի: Իրականացուած ծրագրերի արդիւնքում փրկուել են բազմաթիւ հայեր, յոյներ և սիրիացի փախստականներ, այդ թւում 132 հազար որբ` Թբիլիսիից մինչև Կոստանդնուպոլիս»,- «Արմենփրէս»-ի հաղորդմամբ՝ գրել են յօդուածագիրները:

Նրանք յիշեցրել են, որ հայերը 20-րդ դարում եղել են ամենամեծաթիւ փախստականները, և ցաւով յաւելել, պատմութիւնն այսօր կրկնւում է. Սիրիայից մինչև Սուտան. շուրջ 65 մլն. մարդ փախչում է` ելնելով իր անվտանգութիւնից:       

«Ճշմարտութիւնն ընդունելու անկարողութիւնը վտանգաւոր սխեմա է, բայց այն մոռանալն աւելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ատոլֆ Հիթլերը, ով ցեղասպանութեան մասին ակնարկել է 1939-ին` Լեհաստանում: Նա հրամաններ էր արձակում իր՝ այսպէս կոչուած «մահուան ստորաբաժանումներին», որպէսզի նրանք լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին սպաննեն առանց խղճահարութեան` նշելով, որ միայն այդ դէպքում իրենք կը ստանան կեանքի անհրաժեշտ տարածութիւն: «Այսօր ո՞վ է խօսում հայերի բնաջնջման մասին»,- ասում էր Հիթլերը: Բայց Հիթլերը սխալւում էր իր գնահատականներում, և շատերն էին յիշում հայերի մասին: Ռաֆայէլ Լեմքինը 1941 թուականին ստեղծեց «ցեղասպանութիւն» տերմինը` անդրադառնալով հայերին: 1951 թուականին Միացեալ Նահանգները Միջազգային դատարանում յիշատակեց բռնի գործողութիւնները ցեղասպանութեան զոհերի դէմ` ընդգծելով. «Ցեղասպանութիւն տեղի է ունեցել մարդկային պատմութեան ողջ ընթացքում. քրիստոնեաների հետապնդումները Հռոմէական կայսրութիւնում, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնաւոր հրեաների ու լեհերի ոչնչացումը  նացիստների կողմից հանդիսանում են ցեղասպանութեան վառ օրինակներ»:

Նախագահ Ռեկընը գիտակցեց անցեալը յիշելու կարևորութիւնը, որքան էլ այն քաղաքականապէս դժուար լինէր: Նա այդ մասին յիշատակեց 1981 թուականին` յայտարարելով. «Հայերի ցեղասպանութեանը յաջորդել են կամպոտացիների ցեղասպանութիւնը, մի շարք այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումները, Հոլոքոստի դասերը երբևէ չպէտք է մոռանալ»»,- նշուած է յօդուածում: Անտոնի Բարսամեանի և Նուպար Աֆէեանի կարծիքով՝ Ռեկընը հասկացել էր այդ հարցը պահպանելու կարևորութիւնն այն պարագայում, երբ միւսները որոշել էին այն հասցնել նուազագոյնի կամ այն օգտագործել սեփական օրակարգն առաջ մղելու համար:

«Սկսած նախագահ Ռեկընից, երկու կուսակցութիւնների (հանրապետականներ ու դեմոկրատներ) նախագահների թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց Ցեղասպանութեանը և խոստացել, որ ընտրուելու դէպքում կը ճանաչեն այն: Բայց ցաւօք, քաղաքական զգայունութիւնը դարձել է գերակայութիւն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են այդ պաշտօնը: Որոշ նախագահներ դա անուանել են «կոտորած», «ահաւոր ողբերգութիւն» և «զանգուածային ողբերգութիւն», բայց ոչ ոք չկարողացաւ այն կոչել իր անունով` ցեղասպանութիւն: Համեմատելով բազմաթիւ խնդիրներ, որոնք ծառացած են ընտրուած նախագահների առջև, հայ ժողովրդի դէմ իրականացուած ոճրագործութիւնը կարող է թուալ շատ փոքր, բայց պատմութիւնը պահանջում է ճիշդ հաշուարկ: Որոշները նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեկընի հետ, յատկապէս այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը, եկէք յոյս յայտնենք, որ Թրամփը կը կարողանայ սկսել այնտեղից, որտեղ աւարտել է Ռեկընը 36 տարի առաջ»,- նշուած է յօդուածում: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ