Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Լեփսիուսի հանդիպումը Էնվէր Փաշայի հետ

«Եթէ մի երեք այդպիսի Մուսա Լեռ լոյս ընկնէր, գործը այլ ընթացք կը ստանար»

 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ 

 

            Լեփսիուսը, թրքական պետութեան «Ներքին գործերի նախարարութիւնում»  էր, Թալէաթի ամրոցը, թէ՞ շնագայլ մարդու որջն էր: Քայլում էր ուռուցիկ վարագոյրներով ծածկուած առանց դռների սենեակների միջանցքով: Նրան առաջնորդում էին Էնվէրի պաշտօնատեղիի ընդունարան-առանձնասենեակ: Նրա պատին, երեք  տարբեր անձանց լուսանկարներով համադրուած խոշոր նկար էր: Նրա աջ կողմում Նապոլէոնի, ձախ կողմում Ֆրիտրիխ Մեծի խոշոր չափերով դիմանկարներն էին, իսկ կենտրոնում… նոյն ինքը՝ Էնվէրի դիմանկարը: Սպասեակը սուրճ էր մատուցել: Լեփսիուսը, նեարդները զգաստացնելու համար անյագ խմել էր անուշ  բոյրով, գաւաթներից մեղմ գալարներով շոգի արձակող համեղ սուրճը:                          Լեփսիուսին նկարագրել էին Էնվէրի արտաքինը: Զարմացել էր տեսնելով այդ թուրք Մարսը՝ աշխարհի կենաց ու մահու ութ թէ ինը անօրէններից մէկը: Ինչքա՜ն փոքրամարմին ու անբարետես էր: Հասկացել էր պատին ամրացուած նկարի իմաստը,  1 մեթր 60 սանտիմեթր հասակով հանճարեղ հերոսներ էին, հակառակ իրենց մարմնական արատների, մեծ յաջողութիւնների էին հասել: Բարձրահասակ տղամարդու տեսք ձգելու համար՝ մարշալական  հանդերձները ամուր  ու զուսպ գրկել էին նրա իրանը: Կրծքավանդակի հագուստից կախուած փայլփլուն շքանշանները թեթեւամիտ պատանու ու պճնամոլի տպաւորութիւն էին թողնում, իսկական «Գնչու պարոն»: Շփոթուած ու ամօթխած պատանու դէմք ունէր, աչքերը թարթում աղջկայ նման, կախ ընկած ուսերը, նեղ կոնքերը անճոռնի տեսք էին հաղորդում մարմնին:

Լեփսիուսը Էնվէրի հետ զրոյցը սկսել էր գերմանացի մի երկրպագուի ողջոյնը նրան հաղորդելով: Էնվէրը գոհունակ ժպիտով պատասխանել, որ մեծ յարգանք է տածում Գերմանիայի հանդէպ, նրանք աշխարհի ամենազարգացած ժողովուրդն են, այս պատերազմում հրաշալի յաղթանակներ դարբնում: Հակառակ Գերմանիայի հանդէպ արտայայտած համակրանքի, «Կոմիտէ»-ում նա ներկայացնում էր ֆրանսական ուղղութեան կողմնակիցներին: Լեփսիուսը  նրան յայտնել էր որ Գերմանիայում հիացողներ ունի եւ իրենից աշխարհասասան արարումներ են սպասում:

 Պատերազմը դժուար է, պատասխանել էր, սակայն թուրք ժողովուրդը պատրաստ է կատարելու իր առաքելութիւնը:  «Երկրի ներսո՞ւմ էլ», հարցրել էր Լեփսիուսը: Էնվէրը չհասկանալու էր տուել հարցումը, հաւաստել էր, որ կովկասեան ռազմաճակատում դրութիւնը բարելաււում է: Լեփսիուսը կրկնել էր, երկրի ներսում ասելով նկատի չէր ունեցել ռազմաճակատը, այլ՝ երկրի խաղաղ վիլայէթները: Էնվէրը անմտօրէն աւելացրել էր՝ «Եթէ երկիրը պատերազմում է, ապա ինչ որ չափով այն ամբողջութեամբ ռազմական գօտու մէջ է գտնւում»:

Լեփսիուսը, իր այցելութեան նպատակն էր յայտնել, որ «Ինքը ոչ թէ սեփական քմահաճոյքի համար էր նախարարից տեսակցութիւն խնդրել, սակայն,  իբրեւ՝ «Գերմանական Արեւելեան Միաբանութեան»  նախագահը  պարտաւորութիւն ունի իր միաբանութեանը ճշգրիտ տեղեկութիւններ հաղորդել այն, ինչ որ կատարուել ու կատարւում է նրանց երկրում: Իր երկրի հանդէպ ունեցած պարտքն է նաեւ «Արտաքին Գործոց Նախարարութեան»-ը յայտնելու իր այցելութեան մանրամասները, նոյնիսկ Ռայխկանցլէրն է հետաքրքրւում  դրանով: Եւ իր երկիր վերադարձին, «Հայկական Հարցի» մասին զեկուցելու է Ռայխսդակի պատգամաւորներին ու լրագրողներին, շարունակելով խօսքը աւելացրել, որ  նրա աստիճանի մի զօրավար, մի հերոս անձնաւորութիւն չէր անի այն, ինչ որ պատմութեան մէջ կարող էր ստուեր գցել նրա անձի վրայ»:

Էնվէրը յարել էր, որ ինք իմացել էր նրա տեսակցութիւն խնդրելու նպատակը «Յայտնի Գործի» վերաբերեալ, պատրաստ էր ցանկացած տեղեկութիւն տրամադրել  իրեն, եւ որ երկիրը կառավարողները միշտ էլ ցանկացել էին օժանդակել հայ ազգին, նրա հանդէպ եղել էին արդարամիտ: «Հայերը խանդաղատանօք ընդունել էին երկրում իրականացուած յեղափոխութիւնը, երդուել էին հաւատարիմ լինել, սակայն դրժել էին իրենց խոստումը, անգիտացել էինք այն՝ քանի դեռ Օսմանեան ազգը վտանգուած չէր, պատերազմը սկսելուց յետոյ շատացել էին նրանց ուխտադրժութեան ու դասալքութեան դէպքերը, այն ապստամբութեան հասելով ստիպուած էինք դիմել փոխադարձ միջոցառումների, այլապէս չէինք կարող պատերազմ մղել»: Լեփսիուսը հարցրել էր ինչո՞վ էին ապացուցուել դաւաճանութեան եւ ուխտադրժութեան դէպքերը: Էնվէրը յայտարարել էր՝ նրանց ունեցած կապերը Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիոյ հետ, խարդաւանքներ, լրտեսութիւն եւ ամէն ինչ որ կարող էր անցնել մարդու մտքով: Երկիրը մասնահատելու ու այնտեղ անկախ պետութիւն հռչակելու համար ՝ Ռազմական դատարանը  տասնըհինգ հոգի մահուան էր  դատապարտել (խօսքը Հնչակեան քսան կախաղանների մասին էր):

Այդ անարգ, ոճրագործ մարդիկ, երկիրը պատերազմի տանելու, իրենց իսկ քաղաքացի հազար-հազար մարդկանց տարագրութեան ճամբաներ տանելու, հեռու անապատներում տանջալից ոչնչացման համար հեռակայ կարգով  իրենք մահուան պիտի դատապարտուէին: Ահից փախել էին երկրից, վրիժառու արորդիներ գտել նրանց թաքուն որջերը, իրենք էին իրագործել Թուրքիայի կայսերական դատարանի մահուան վճիռները: 

           «Նրանք պատերազմից առաջ էին ձերբակալուած եղել, ասել էր Լեփսիուսը, իսկ Իսթամպուլում ձերբակալուած մտաւորականների դաւաճանութիւնը ապացուցուա՞ծ էր»: Էնվէրը պատասխանել էր, որ «Դաշնակից պետութիւնների դէմ մղուած Տարտանել-Կալիպոլիի ռազմաճակատի պայմաններում չէին կարող հանդուրժել հաւանական դաւաճաններին»: Տխմար, անօրէն, ապիկար հարիւրապետի աստիճանի ճիւաղ մարդը, գիտէ՞ր արդեօք  բանաստեղծութիւնն ի՞նչ է, մտաւորականի արարումը  ի՜նչ է: Լեփսիուսը պատասխանել էր, որ իրենց յայտնի էին եղել գերմանական հիւպատոսների զեկուցագրերը, միսիոներների գրառումները, որոնցից շատեր ականատես էին եղել այդ զարհուրելի եղեռնագործութիւններին: Ինքը իմացել էր նաեւ Թուրքիայում ամերիկեան դեսպան՝ Մորգընթաուի զեկուցագրերում նկարագրուած երկրում տեղի ունեցած դէպքերի մասին:                                                                                   «Մորգընթաուն հրեայ է, կանչել էր Էնվէրը, նրանք միշտ պաշտպանել են փոքրամասնութիւններին»: «Կարեւորը Մորգընթաուն չէ, այլ իրողութիւնը, որը չէք կարող այն ժխտել, որ հարիւր-հարիւր հազարաւոր մարդիկ տարագրութեան ճամբաներին են, դուք այն գաղթ էք համարում, այն բառի աղաւաղում է: Ինչպէ՜ս կարելի է հողագործների, արհեստաւորների, շէների ու քաղաքաբնակ մարդկանցից ու մտաւոր աշխատանքով զբաղուողներից բաղկացած մի ամբողջ ժողովուրդի տարագրել Միջագետքի անապատներ, ամայի վայրեր, որտեղից նոյնիսկ Բեդուին ցեղերն են խուսափում: Իշխանութիւնները այնպէս են այն իրագործում, որ այդ թշուառները ութ օրերի ընթացքում ծարաւից, հիւանդութիւններից մեռնում են, կամ խելագարւում: Զինուորականները, քրտերը ու աւազակները սպաննում են պաշտպանունակ տղամարդկանց, իսկ աղջիկներին ու կանանց բռնաբարում, առեւանգում են»: «Ցաւալի է», պատասխանել էր Էնվէրը, «Սակայն, պետութիւնը պարտաւոր է ապահովել երկրի ռազմաճակատային գօտու ապահովութիւնը»:                           «Ռազմաճակատային գօտի՜», կանչել էր Լեփսիուսը: «Այդ նոր նրբերանգ է, մնացած բոլորն էլ՝ Զէյթունը, պետական դաւաճանութիւնը, դաւադրութիւնները, լրտեսութիւնը ասուած բաներ են: Սուլթան Ապտիւլ Համիտը վարպետօրէն էր այն գործադրել: Երբ խորհում եմ տարագրութեան մասին, անճարակի մէկն էր նա: Ձեր կուսակցութիւնը իշխանութեան է տիրացել այն բանի համար, որ ցանկացել էր նրա արիւնալի ժամանակաշրջանը փոխել արդարութեամբ, միաբանութեամբ, առաջդիմութեամբ,  որով կոչուած է Ձեր կոմիտէի անունը»:

 Էնվէրը հակադարձելով նրան ասել՝ «Եթէ Գերմանիան, թէկուզ այլ պայմաններում լինէր եւ տուեալ դէպքի նման ունենար շատ թշնամիներ, պատերազմող ձեր երկիրը չէ՞ր գործադրի ամէն միջոց ներքին թշնամուց ազատուելու համար: Այն ժամանա՞կ էլ զարհուրելի կը համարէիք այն եւ բնակչութեան վտանգաւոր մի մասն էլ անմարդաբնակ վայրեր չէի՞ք տարագրի»: Լեփսիուսը բարձրաձայն կանչել էր՝ «Տարբեր համոզումներ ունեցող հայրենակիցներիս հանդէպ եթէ ձեր նման վարուէին, իսկոյն կը  հրաժարուէի Գերմանիայից ու կը հեռանայի Ամերիկա»: Էնվեր թէ՝ «Իր նման մտածող ժողովուրդը զուրկ է ազգային կամքը առաջ տանող ուժականութիւնից»:                                              

Էնվէրի հետ վարած զրոյցի հոգեկան խռովքի տառապանքից մտամոլոր էր դարձել Պատուելին, գրպանից   թաշկինակը հանել, այն վեր պահել, կարծես հանդէս էր գալու որպէս բանագնաց՝ «Ձեր կատարածը ներքին թշնամուց պաշտպանուածութիւնը չէ, այլ՝ ուրիշ ազգի մարդկանց բնաջնջումն է, համարձակւում եմ Նորին Վսեմութեան ուշադրութիւնը հրաւիրել որոշ անբարենպաստ հանգամանքների վրայ: Թրքական կայսրութիւնը առանց հայ ժողովուրդի կորած է` տնտեսապէս, մշակութապէս, հետեւաբար նաեւ ռազմական տեսակէտով: Խօսքը նաեւ առեւտրի մասին է, որի իննսուն առ հարիւրը գտնւում է քրիստոնեաների ձեռքին, ապրանքների ներմուծումը կատարւում է հայկական առեւտրական ընկերութիւնների միջոցով, երկիրը հումքով ապահովելու գործը նաեւ նրանք են իրականացնում: Նրանցից յիշատակութեան արժանի է Աւետիս Բագրատեանի յետնորդների աշխարհահռչակ առեւտրական տունը Եւրոպայի բազում քաղաքներում մասնաճիւղեր ունի: Ինքս, երկրի ներսում կատարած շրջագայութեան ժամանակ նկատել եմ, որ Անատոլիայի գիւղատնտեսութիւնը վարող հայերի եւ թուրք ազգի սակաւաթիւ գիւղացիների միջեւ հսկայական տարբերութիւն կայ: Թուրքերը, ոչ միայն տասնեակ հազարների ատանացիներին ջարդեցին, այլեւ ոչնչացրեցին նրանց կալսիչ մեքենաները ու շոգեգութանները: Հայ ժողովուրդը, Օսմանեան բնակչութեան ամենակիրթ ու ամենագործունեան է, նրա գործադրած հարիւրամեակների ջանքերը երկիրը դուրս են բերել բռնատնտեսական վիճակից, նրան տարել են ժամանակակից հողագործութեան ու արդիւնաբերութեան դէպի նոր ժամանակներ: Այդ օրհնեալ աշխատանքի համար նա ոչնչացւում է, դառնում տէրերի վրիժառութեան զոհը։ Հնարաւոր է, որ երկրի ներսի հայ արհեստաւորներին, ջուլհակներին, արդիւնաբերողներին փոխարինել թուրքերով: Սակայն, ո՞վ կը փոխարինէր Եւրոպա ուսում առած բազմաթիւ հայ բժիշկներին, որոնք հոգատարութեամբ բուժել են նաեւ օսմանցիներին: Ո՞վ կը փոխարինէր բազմաթիւ ճարտարապետներին, փաստաբաններին, ուսուցիչներին, որոնց աշխատանքի շնորհիւ է երկիրն առաջադիմում: Կարող էք պնդե՛լ, որ կարո՛ղ էք գոյատեւել առանց մտաւոր մարդկանց ջանքերի, սակայն, մարդ չի կարող ապրել առանց ստամոքսի, կտրատում էք երկրի ստամոքսը, ակնկալելով, որ վիրահատութիւնը յաջող կ՚անցնէր»:

Էնվէրը յարգանքով էր լսել Լեփսիուսի խօսքը, սակայն նրա դէմքի արտայայտութիւնում ոչ մի խորհուրդի ծալքի ստուեր էր իջել, ինչպէս նրա նաեւ մարմինը պինդ գրկած համազգեստի վրայ: Կերպարանափոխուել էր Միսիոնար Պատուելին, իր խօսքի արթնած հոգեկան յուզմունքից, բիւրեղիկների ջինջ հատիկների նման քրտինքն էր իջել դէմքին, առուակների նման հոսել էին դէմքի նուրբ կնճիռներից, անձկութիւնից փողկապը մի կողմ հրել, բաճկոնի թեւքերը վեր քաշել:       «Ի՜նչ արած, յարել էր Էնվէրը, Թուրքիան պատերազմից յետոյ տկար ստամոքս կ՚ունենայ: Թուրքիայում քառասուն միլիոն թուրք ժողովուրդ կայ, արդեօք քաղաքական մեծ ծրագիր չէ՞ր լինի այդ քառասուն միլիոնը համախմբել, ազգային պետութիւն հիմնել, որը Ասիայում նոյն դերը կը կատարէր ինչ որ Գերմանիան Եւրոպայում: Հայերի մէջ սոսկալի շատ մտաւորականներ կան, եթէ դուք կողմնակից էք այդ կարգի մատաւորականներին, ես ոչ: Թուրքերը նման մտաւորականներ քիչ ունեն, սակայն դրա փոխարէն հին ու հերոսական ցեղ են, որը կոչուած է մեծ կայսրութիւն հիմնել, որի համար խոչընդոտներ յաղթահարելով պէտք է բարձրանանք»:         

Ոչ մի բառ էր արտասանել Լեփսիուսը, նրա խօսքից ջղաձգուել, ձեռքերը սեղմել էին: Այդ փոքրիկ գլուխը այնպիսի թուեր է ասել, որից իրազեկ որեւէ մարդ պիտի ապշէր: Նա գիտէր, որ Անատոլիայում հազիւ թէ զտարիւն թուրք լինէր: Եթէ հիւսիսային Պարսկաստանի, Կովկասի, Թուրքեստանի բոլոր վրանաբնակ ժողովուրդները եւ Եւրոպայի կէսի չափը տափաստաններին թափառող ձիագողերը միասին հաշուէին, հազիւ քսան միլիոն կը լինէին: Նրա այդ երազանքը՝ ազգամոլութեան թմրադեղի արդիւնք էր: Զգալով իրադրութեան ծանրութիւնը, շարունակել էր, «Կայսրութի՞ւն էք ուզում հիմնել, սակայն, նրա պատերի տակ մնալու է  հայ ժողովուրդի դիակը: Արդեօք այժմ հնարաւոր չէ՞ խաղաղ ճանապարհ  որոնել»: Էնվէրը, իրենց կոմիտէի ճշմարտութիւնը բացայայտելով, դադարել էր ամօթխածութեամբ ժպտալ, մանր աչքերը հեռուն սեւեռել, պաղ ստուեր էր  իջել աչքերի ցանցաթաղանթներին, զայրոյթով կանչել«Մարդու եւ ժանտախտի ժահրերը բարեկամներ չեն կարող լինել»: Լեփսիուսը ընդհատել էր նրա ահաւոր դժնդակ խօսքը, անմիջապէս յարել՝ «Ինք  խոստովանում է իրենց մտադրութիւնը՝ պատերազմի վիճակը օգտագործելով բնաջնջելու ամբողջ հայ ժողովուրդը»: Էնվէրը, զգալով, որ իր խօսքը հեռուներ էր տարել իրեն, փոխել է խօսակցութեան եղանակը, սկսել է նորէն կեղծ բարեացակամութեամբ հանդէս գալ, յայտարարել, «Իր անձնական այդ կարծիքը ու մտադրութիւնը արտացոլուած են նաեւ կառավարութեան հրապարակած պետական պաշտօնական հաղորդագրութիւնում: Պատերազմը, ինքնապաշտպանութեան անհրաժեշտութիւնը հարկադրում են կառավարութեանը օրէնքի ամբողջ խստութեամբ պատժել այն քաղաքացիներին,  որոնք ձգտում են կործանել պետութիւն»ը:

Լեփսիուսը ձեռքերը սեղմել էր իր լայն, գեղեցիկ ու խոհուն վսեմ ճակատին, շարունակել խօսքը՝ «Առանձին մարդկանց ու պարզապէս քաղաքականութեան պատճառով չի կարելի դատապարտել մի ամբողջ ժողովուրդի, նրանց կանանց ու երեխաներին, մանուկներին, ամենագազանային մահուան ենթարկել, մի քաղաքականութիւն, որից նրանք ոչինչ են հասկանում: Ձեր ուշադրութիւնն եմ հրաւիրում ձեր իսկ ժողովուրդի ու նրա ապագայի վրայ: Պատերազմը կ՚աւարտուի, Թուրքիան հաշտութիւն կնքելու անհրաժեշտութիւն կ՚ունենայ: Եթէ այն ձախորդ լինէր, այն ատեն  ի՜նչ կը լինէր: Իր ժողովուրդի հանդէպ պատասխանատուութիւն կրող առաջնորդը պէտք է հոգայ իր անելիքի մասին: Բանակցութիւնների ատեն ի՞նչ վիճակի մէջ կը լինէր հաշտութեան Օսմանեան յանձնաժողովը, եթէ նրան հարցնեն՝ «Ո՞ւր է քու եղբայր Աբելը»: Յաղթանակած տէրութիւնները, թշնամու կատարած յանցանքի համար կը բաժանէին յաղթանակի աւարը: Այն ժամ, պատասխանատուութիւնը իր վրայ վերցրած ժողովուրդի մեծագոյն մարդը, ամենազօր մարդ Էնվէր Փաշան ի՜նչպէս էր արդարանալու իր ժողովուրդի առաջ»։   «Ով որ քաղաքականութեան ասպարէզ է մտնում, երկու առանձնայատկութիւն պիտի ունենայ՝ արհամարհանք մահուան նկատմամբ, անսասան հաւատք սեփական որոշումների», ասել էր էնվէրը: Լեփսիուսը, ձեռքերը կուրծքին խաչած, ոտքի կանգնել: Հայ ժողովուրդի Աստուածառաք պահապան հրեշտակը, այլայլուել էր զրոյցի խռովքից, գրպանից կախուել էր թաշկինակը, անդրավարտիքը ծնկերին իջել, փողկապը լրիւ ծռուել վերնաշապիկի մի կողմի վրայ, ակնոցի ապակիներն էին պղտորուել ակներից ծորած արցունքի անտես հատիկներից: Խռովայոյզ  Պատուելին խոնարհուել էր թուրք Էնվէր Փաշայի առաջ, աղաչել՝  բաւականանալ մինչեւ հիմա կատարուածով, չշարունակել պատժել գոյութիւն չունեցող մի թշնամու: Արեւելքի ճամբաներին մեռնում են հարիւր հազարաւոր մարդիկ: Հրամայեցէք, որ տարագրութեան նոր կարգադրութիւններ  չկատարուեն: Բոլոր գաւառները, վիլայէթները դեռ դատարկուած չեն: Ասացէ՛ք  բաւական է, երբ Գերմանիա վերադառնամ կը փառաւորեմ Ձեր անունը»: «Դուք գերագնահատում էք իմ իրաւասութիւնների աստիճանը Պարոն Լեփսիուս, ասել էր Էնվէրը, կառավարութեան նման որոշումների կիրառումը տնօրինում է ներքին գործերի նախարարութիւնը: «Որոշումները կիրառում են ոչ նախարարը, ոչ Մյութեսարըֆը, այլ՝ անսիրտ, բիրտ ստորադասները, կրտսեր ենթասպաները»,  պատասխանել էր Լեփսիուսը. մի՞թէ Ձեր եւ նախարարի կամքն է, որ ճամբաներին փռուած կանայք մտրակներով առաջ քշուեն, երկիրն ապականուի նեխած դիակներից, Եփրատը մեռելներով լցուի, նրա ջրերը բարձրանան»:

«Գնահատում եմ Ձեր գիտելիքները երկրի ներքին գործերի մասին, յարել է Էնվէրը, բաւականութեամբ կ՚ընդունեմ այս գործի կարգաւորմանը նպաստող Ձեր գրաւոր առարկութիւնները, կը ստուգեմ այն»: Լեփսիուսը, ենթագիտակցութեան արթնած մղումով առաջ էր պարզել թեւերը, ուրախ կանչել էր՝ «Իրե՛ն ուղարկէին այդ գործը ստուգելու եւ որ իր արած նման խնդրանք՝ նոյնիսկ սուլթանը մերժած չէր եղել»: Շարունակել էր, որ իրեն լիազօրէին կազմակերպելու տարագիրների կարաւանները: Աստուած իրեն ուժ կը շնորհէր, ոչ մի ղրուշ չէր պահանջի կառավարութիւնից, դրամական բոլոր միջոցները ինք կը հայթաթէր, գերմանական ու ամերիկեան ընկերութիւնները այն իրեն կը տրամադրէին: Նախկինում նման աշխատանք ինք կատարած էր եղել, հիմնել որբանոցներ, հիւանդանոցներ: Հակառակ պատերազմական վիճակի, կարող էր ինք   իրականացնել այն եւ որ անձամբ ինքը իրենից շնորհակալ կը լինէր: Էնվէրը, լարուածութեամբ էր ունկնդրել պատուելիին: Փոխուել էր նրա պատանեկան անմիտ դէմքի արտայայտութիւնը, յարգալից պատասխանել՝ Լեփսիուսի դիտաւորութիւնները հետաքրքրել են իրեն, սակայն մերժում է: Նրա ցանկութիւնը ցոյց է տալիս, որ  մինչեւ այժմ սխալ էին միմեանց հասկացել: Եթէ ինքը մի օտարականի արտօնէր, որ հայերին օգնութիւն ցոյց տար, ապա այն կարծիքը կը ստեղծուէր, որ ընդունում է այլազգի անձանց, հետեւաբար նաեւ արտասահմանեան պետութիւնների միջամտութիւնը: Այդ դէպքում, կը խալխլէին իրենց քաղաքականութեան հիմքերը, քաղաքականութիւն, որ հայ ժողովուրդին կը սովորեցնէր ինչի էր յանգում օտար միջամտութեան կարօտը: Եւ որ ինքը պատժում էր պետական դաւաճանութեան վրայ հիմնուած նրանց երազանքը, յոյսերը, եւ եթէ ինք նրանց մօտ ուղարկէր իրենց ազդեցիկ բարեկամներին, կրկին կեանքի կը կոչուէին նրանց երազանքները: Ո՛չ, Պարոն Լեփսիուս, աւելացրել էր Էնվէրը, այդ անհնարին է, չենք կարող թոյլ տալ ոչ մի օտարերկրացի նրանց բարեգործութիւն անէր, հայերը մե՛զ պէտք է տեսնէին որպէս իրենց  բարեգործների:

Լեփսիուսը ամէն ինչ կորած էր համարել, յուսահատ փլուել էր աթոռին, խօսելն արդէն աւելորդ էր համարել: Յուսակտուր նայել մանկամիտ նայուածքով այդ անողորմ ժողովրդասպան մարդուն: Պատուելին խորասուզուել էր խորը մտածմունքների մէջ, անմիջապէս չէր ըմբռնել Էնվէրի ամբողջ լկտիութեամբ  արած  առաջարկը: Էվէրը ասել էր, որ ինքն էլ մի առաջարկ ունէր՝ դրամ հաւաքէք, որքան կարող էք շա՛տ դրամ հաւաքեցէք  Ձեր նշած ընկերութիւնների միջոցով, այն բերէ՛ք ինձ մօտ, այն կ’օգտագործէի  համաձայն Պարոն Լեփսիուսի գաղափարների ու ցանկութիւնների, սակայն, երբեք չէի հանդուրժի ոչ մի օտարերկրացու միջամտութիւնը: Լեփսիուսին զաւեշտական էր թուացել Էնվէրի առաջարկը, որ իր հաւաքած դրամը Թուրքիա պիտի մտնէր: Պատուելին լռել էր, ջախջախուած էր, թէեւ զրոյցից առաջ էլ մեծ յոյսեր չէր կապել հետ հանդիպումից`                                   ՀԱՍԿԱՑԵԼ  ԷՐՈՐ ԱՇԽԱՐՀԸ  ՓՈՒԼ  Է  ԵԿԵԼ .  .  .

 

Կլենտէյլ, Մարտ 2017                                                                                                                   

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ