Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

«Թէքէեան Կենտրոն» հիմնադրամ Այցելութիւն թանգարաններ եւ տեսարժան վայրեր

Հերթական անգամ «Թէքէեան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելութիւն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի Վ. Թէքէեանի անուան դպրոցների թուով 75 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ հնարաւորութիւն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ` Երեւան քաղաքի պատմութեան թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարան, Զօրաց քարեր (Քարահունջ) եւ Շաքիի ջրվէժ:

Ծրագրով նախատեսուած առաջին այցելութիւնը եղաւ Երեւան քաղաքի պատմութեան թանգարան, որտեղ Երեւանի, Գիւմրիի, Ստեփանաւանի եւ Կարբիի թէքէեանցի աշակերտներն էքսկուրսավարների ուղեկցութեամբ շրջեցին թանգարանի ցուցասրահներում, դիտեցին հին Երեւանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Այնուհետեւ նրանց համար կազմակերպուեց «Ճանաչիր Երեւանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան, որը երեխաներին քաղաքի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկութիւններ հաղորդեց եւ օգնեց տեղում՝ թանգարանում, սովորել եւ ամրապնդել  ձեռք բերուած գիտելիքները: Թանգարանի սրահներից մէկում երեխաները կատարեցին նաեւ Երեւանի անպաշտօն օրհներգ հանդիսացող «Էրեբունի-Երեւան» երգը, անտարբեր չթողնելով թանգարանի այլ այցելուներին:

Ճաշելուց յետոյ դպրոցականները եղան Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ շրջեցին Յովհաննէս Այվազովսկու եւ Մարտիրոս Սարեանի սրահներում, ծանօթացան մեծն վարպետների կեանքին, ստեղծագործական ուղուն եւ աշխատանքներին, իսկ յետոյ մասնակից դարձան կրթական ինտերակտիւ երկու ծրագրի՝ «Ճանաչենք մեր մեծերին» եւ «Տապանակիր լեռը»:

Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանն էլ աշակերտների համար կազմակերպել էր «Բացայայտում» խաղ-էքսկուրսիան:

Արցախի՝ Բերձորի Վ. Թէքէեանի անուան միջնակարգ դպրոցի սաների համար կազմակերպուեց էքսկուրսիա՝ ճանաչելու հայրենի հողը եւ ականատես լինելու Հայոց աշխարհի հրաշալիքներին: Երեխաներն այցելեցին Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքի մօտ գտնուող աշխարհի հնագոյն աստղադիտարան հանդիսացող Զօրաց քարեր: Շրջելով պատմամշակութային արգելոցի տարածքում, նրանք ծանօթացան հնավայրի պատմութեանը, ճարտարապետական առանձնայատկութիւններին։

Յաջորդիւ եղաւ այցելութիւն Շաքիի ջրվէժ, որը երեխաներին գերեց իր աննկարագրելի գեղեցկութեամբ:

«Թէքէեան Կենտրոն» հիմնադրամի «Այցելութիւն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագրի շնորհիւ աշակերտները փոխանակեցին իրենց գիտելիքները, շփուեցին միմեանց հետ, կարեւորեցին էքսկուրսիայի ուսուցողական դերը: Էքսկուրսիաներից տպաւորուած՝ երեխաները նշեցին, որ վերադառնում են իրենց մարզեր, ձեռք բերելով նոր ընկերներ եւ իրենց հետ տանելով հաճելի յիշողութիւններ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ