Աքսոր. խօսքս 1915 թուականների աքսորի մասին չէ, իրենց արժանի պատիժն ստացած անարգ, անօրէն թուրք ցեղի մարդիկ, դէպի թուրան իրենց ճանապարհի արգելքը վերացնելու, իրենց բռնազաւթած արի մարդկանց լեռնաշխարհը թրքացնելու, Արմին-Հայերի կողոպտուած հարստութիւնով երկրում տնտեսութիւն ստեղծելու, աքսորում, սպաննում էին հազար-հազար հազարամեակների արորդի-արեւորդի Արմին մարդկանց: Այդ աքսորի մասին չէ որ գրելու եմ, դեռ Արմին-Հայ ու ուրիշ ազգերի արդարամիտ մարդիկ շատ են գրելու, մինչեւ որ ազգերի արդարադատութեան ատեանի վճռով աքսորի ճանապարհներին յանգած մեծերի ու փոքրերի ցաւի դատ է լինելու, դատ է լինելու իրենց բռնազաւթուած Աստուածամարդ Հայկ Նահապետի յետնորդների ժառանգած հողի վերադարձը, դատ է լինելու հատուցման: Արմին-հայերի մի ուրիշ աքսորի մասին եմ գրելու՝ 1949 թուականի Յունիս ամսուայ 29ի աքսորի մասին է խօսքս:
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի աւարտ, դաշնակից պետութիւնների ղեկավարներ խորհուրդի էին նստել վճռելու պատերազմը տանուլ տուած Գերմանիայի հիտլերական վարչակարգի ետ պատերազմական կարգաւորման հարցը: Եոսիֆ Ստալին խորհրդաժողովում հարց էր յարուցանել Հայաստանին վերամիաւորել 1920 թուականին Թուրք պետութեան կողմից զաւթուած Կարսի ու Արտահանի նահանգները, այնտեղ բնակեցնելու համար խնդրագիր ներկայացրած արտերկրի հայերին: Մերժել էին: Սահմանային դիրքերում խորհրդային զօրաբաժինները յարձակման ազդանշանի էին սպասում… դաշնակիցները նրան ազդարարել էին Թուրքիայի հետ պատերազմի դէպքում կը միջամտէին… Չէ՜… նորէն չեղաւ:
Էջմիածին Մայր Աթոռի գահակալի տեղապահ Արքեպիսկոպոս Գէորգ Չէօրէքճեանը դիմում էր ներկայացրել Խորհրդային Միութեան կառավարութեանը, թոյլատրել արտերկրներում բնակող հայերի հայրենիք վերադառնալու ներգաղթ կազմակերպել: Թոյլատրել էին: Հայրենազրկուած Հայ, առանց դատելու Հայաստան երկրի ետ պատերազմական տնտեսական վիճակը, տիրող հասարակարգի կացութաձեւը, հարուստ ու աղքատ, հակառակ կուսակցութեան մարդիկ արձանագրւում էին երկիր վերադառնալ: 1945 թուականին «Հայաստանի Գրողների Միութեան» վեհաժողովից վերադարձած գրողներ, հայրենի երկրի տնտեսական ու հասարակարգի մասին գովաբանական խօսքից բացի այնտեղ տիրող իրական վիճակի մասին ճշմարիտ խօսք չասացին: Հայրենիքի կարօտի լոյսը իրենց սրտերում՝ հայերի կարաւանները երգով ու խինդով գնում էին երկիր: Փոխանակ տուեալ ժամանակի ատեն միայն Լիբանանի ու Սուրիայի թիթեղապատ կացարանների ու հայրենազրկուած ընչազուրկ ընտանիքների մարդկանց հայրենիք ներգաղթել քաջալերէին, չընդդիմացան բարւոք կեանքի պայմաններ ունեցող ընտանիքներին իրենց արտադրութեան միջոցներով, մարդատար ու ապրանքատար մեքենաներով երկիր գնային, որոնք յետոյ պիտի ունեզրկուէին եւ դեռ աւելին: Հայրենիքը կարօտած հէքիաթի ասք էր, երկրում տիրող կարգերին հակառակ դաշնակցութիւն կուսակցութեան հայեր, երկիր գնալու համար Յովհաննէս Աղպաշեանի «Ժողովուրդի Ձայն» օրաթերթում իրենց դաւանած կուսակցութիւնից հրաժարականի դիմում էին ներկայացնում, ի՜նչ իմանային, որ ընտանիքներով ցուրտ երկիր պիտի աքսորէին իրենց՝ մեղք եղան…:
1946 ու 1947 թուականներին դէպի հայրենիք քայլող կարաւաններ եղան նաեւ մուսալեռցիների նոր հանգրուան՝ Լիբանանի Այնճար բնակավայրից: Մուսա Լերան ու Կիլիկիայի ազատագրութեան կռիւներին մասնակցած Հայկական Լեգէոնի Կապորալ Արմենակ հայրս պատմում էր պատերազմի արհաւիրքներից, առարկում ներգաղթել մի երկիր, որը աշխարհի ամենաահարկու կռուի մասնակիցն էր, կործանուել էին քաղաքներ ու շէներ, բազմամիլիոն մարդկանց մահ էր եղել: Արմենակ հայրս, հաշուի առնելով նոր բնակավայրի ապագայի անստոյգ պայմանները, օտար երկրում զաւակների անորոշ ապագան, ներգաղթել էր հայրենի երկիր՝ Հայաստան, բնակութիւն հաստատել Զանգեզուր աշխարհի, Գորիսի շրջանի Շուռնուխի գիւղի Միութենական ենթակայութեան Կապանի Փայտամշակման Գործարանի բանաւան:
Առաւօտ, արեգակը իր վարսերով Զանգեզուրի անտառների ծառերն էր գգւում, ջերմ աւիւն հոսում նրանց կանաչ սաղարթներին, մշուշն էր անէանում, պայծառանում էր Շուռնուխին: Արմենակ հայրս կացարանի դրան փոքրիկ պատշգամ էր ելել: Կողքի բնակելի տաղաւարի դիմաց մարդիկ էին խմբուել… շշուկաձայն իրար հաղորդում, որ Բաբայեանների ամբողջ ընտանիքին՝ մանչերին, ծնողներին այդ անտառային մութ գիշերին լցրել էին բեռնատար ինքնաշարժի թափքին, տարել դէպի Կապան: Պատմում էին, որ հայր Բաբայեան ցարական իշխանութեան ատեն պարզապէս ոստիկանութեան ծառայող էր հանդիսացել: Արմենակ հայրս զարմանքից նայել չորս դին, ի՞նչ… հայուն Հայաստան աշխարհից աքսո՞ր էին տանում, Արարայի յաղթական ճակատամարտից դէպի Կիլիկիա արշաւանքի ճանապարհին, թուրքի կազմած գաղթի կարաւանների փշրանքներ տեսել էր, սակայն հայրենի երկրում ինչո՞ւ հայու բռնագաղթ, աքսոր: Յետոյ պիտի իմանայինք, որ Հայոց աշխարհի շէների, բռնի հանրայնացուած հողի ռանչպարներին, հայրենիքի սիրոյ հէքիաթի պատարագը իրենց հոգիների տաճարներում դեռ չաւարտուած՝ հայրենի երկիր ներգաղթած «Դաշնակցական» ու այլ անհիմն ամբաստանութիւններով հայրենիքի կարօտով արբեցած բազում ընտանիքների եւ երկրի քաղաքների ու աւանների բազմաթիւ ընտանիքների, նրանց անկողնային հիւանդներին, ծերունի ծնողներին, գրկի մանչերին, դուստրերին ու ուսդրերին առանց դատի ու դատաստանի այդ սեւ ու մութ գիշերին տարել էին երկաթուղային կայարաններ, լցրել ապրանքային փոխադրակառքեր, տարել դէպի ցուրտ երկիր:
Մեռաւ, թէ գործած մեղքերից մարեց առաջնորդի դաժան սիրտը, հաստատ որ գեհէնի բաժին դարձաւ: Իմաստուն մի մարդ իշխանութիւն եկաւ, ասեց երկրում անհատի պաշտամունք չկայ, իրենց քաղաքներ ու շէներ թող վերադառնան առանց դատի ու դատաստանի բռնագաղթուած աքսորեալները, անպարտ ճանաչուեն նրանք: Վերադարձան, իրենց ճակատներին ակօսուած կնճիռները աքսորականի տառապանքի անցած ուղիներն էին, վարսերին ցուրտ երկրի ձիւնն էին բերել, հայրենիքի բեկանուած կարօտի հէքիաթի լոյսն էր կաթում իրենց ակներից: Մեր բարեկամ ընտանիքի տիրուհին տասնչորս տարեկան աքսորական աղջնակ էր եղել, պատմում էր աքսորի տառապանքի ցաւը, յիշում իրենց նշանակուած բնակավայր ժամանելուն ռուս զինուորի խօսքը, որ այդ էր լինելու իրենց բնակութեան վայրը, այն լինելու էր իրենց վախճանը: Երկրից դառնացած տուայտանքի ցաւից, ցրտից, աշխատանքի պայմաններից, արկածներից, սրտերում մարած կարօտից, հայրենի սիրոյ փլած հէքիաթի տուայտանքից ինչքա՜ն տների ճրագներ յանգան, ինչքա՜ն որբացած մանչեր վերադարձան իրենց շէներ, քաղաքներ: Այդ աղջնակի գերդաստանից մի յանդուգն մարդ, դառնակսկիծ բարձրակոչ կանչել էր, «Արագածի գագաթին պայթած շանթերը բեկանեմ, այն տանեմ նետեմ երկրի տիրակալների սրտերը այրելու»:
1949 թուականի Յունիսի 29ին, գործարանի հաշուապահութիւնից Կապան քաղաք էին գործուղղել ինձ: Բարձր լեռնային ճանապարհով բեռնատար մեքենաներ հեւալով գնում էին, կարծես չէին ուզում բաժանուել իրենց տանիքներին հպած ծառերի ոստերից, որոնք լերան զեփիւռի քնքշանքից մեղմիկ խշխշում էին: Մեր վարած մեքենան լուռ անցնում էր ճանապարհին հանդիպած այդ բեռնատարների կողքով… նրանց վրայ նստած էին աքսորականները: Մանչերն էին փարել հայրերին, որոնց նայուածքներից օգնութիւն հայցելու պաղատանք էր հոսում: Փոքր մանչերը հպել էին մայրերին, որոնցից մէկի՝ «Մամի տուն եմ ուզում» կանչը փլել էր հոգիս: Մայրերի գրկերին փոքրիկները ողբաձայն ճչում էին, ջահէլ սիրտս նրանց ցաւից ահագնացած… թփռտում էր: Ձեռքերը ճակատներին հպած հերարձակ կանայք, եղեռնամայրերի նման ողբում էին: Այլայլուած, մշուշոտ դէմքերով տղամարդիկ, հայեացքները դէպի ետ պահած, իրենց շէների ստուերներն էին փնտռում:
Կապանում ինձ յանձնարարուած աշխատանքը աւարտելուց յետոյ, երկաթուղային կայարան էի գնացել: Մինչեւ հիմա այպանում եմ ինձ, ինչո՞ւ էի այնտեղ, ինչո՞ւ էի դիտել այդ դժխեմ տեսարանը, ինչո՞ւ ականատեսը եղել այդ մարդկային ողբերգութեանը: Հիմա էլ որպէս ահաւոր թախծութիւն պատկերուած է երեւակայութեանս տեսիլքում: Նրա յիշողութիւնից փշրւում է սիրտս, փշրւում է հոգիս աքսորականների դէմքերից հոսած մրմունջների ցաւից: Կայարանի բացատում խուռներամ մարդիկ էին, երկաթուղային բեռնատար կառքերի դռներին աքսորականներ, լացի ու հառաչանքի ողբ, բաժանման ցաւի կսկիծի խշշոյն: Ամպեր էին կախուել, կարծես երկինքն էր փլուելու, որտեղից շանթեր պիտի պայթէին խարոյկելու չարութիւնը: Գլխիկոր վերադարձել էի, ինձ հետ տարել Հայոց աշխարհի աքսորականների ցաւը, մանչերի լացի կանչերը… վա՜յ, չարի երկիր:
Հանգստեան կոչուած աւագ դատաւոր Վարդուշ Մանասէրեանին իմ պաշտօնավարած հիմնարկութիւնում կադրերի բաժնի պետ էին նշանակել: Մանասէրեանը պաշտօնավարել էր նաեւ հանրապետական դատախազութեան քննչական բաժանմունքում: Մի առիթով, որպէս ականատես, խօսել էր 1949 թուականի աքսորի մասին: Պատմել էր, որ Յունիսի 29ի աշխատանքի օրուայ աւարտին, հանրապետական դատախազութեան տարբեր բաժիններում մարդկանց եռուզեռ էր, կարգադրել էին մնալ աշխատատեղերում: Աշխատողների ընդհանուր ժողով էր, հանրապետութեան դատախազի ելոյթն էր, յայտարարել, որ ընտանիքներով հանդերձ Երեւանից աքսորուելու են ոչ բաղձալի անցեալ ունեցող անձինք: Առանձին աշխատողներին կարգադրել էր մասնակցել աքսորի ենթակայ ընտանիքների տեղահանմանը մինչեւ երկաթուղային կայարան: Իրեն յանձնարարուած էր եղել կազմակերպել մէկ օր առաջ ծննդաբերած մօր ու մանկան ծննդատնից տեղահանումը: Մերժել էր կատարել հրամանը, դատախազը զայրացել էր նրա յանդգնութիւնից, կարգադրել գնալ իր աշխատասենեակ: Անձկանօք սպասել էր, սակայն մի քանի ժամ յետոյ թոյլատրել էին գնալ տուն: Ամուսինը պարսաւել էր նրան, նոյն գիշերը կարող էին ձերբակալել իրեն: Բազմոցին պառկած, խորհել էր, որ մայր էր նա, զաւակ էր պարգեւել ազգին, նման արարքը անիրաւ էր, չարդարացուած, մտահոգուել արդեօք ուրիշներ նրան տեղահան արե՞լ էին:
Առաւօտեան գնացել աշխատանքի, բոլորը ակնապիշ նայել էին իրեն, նոյնը կրկնուել էր մի քանի օրեր շարունակ: Մի խրոխտ տղամարդ էլ չէր կատարել անկողնային մի հիւանդ մարդու տեղահանումը, պահանջել էր ստուգել նրա առողջական վիճակը, նրա բուռն հակադարձութիւնից յետոյ նրան չէին տեղահանել: Տիկին Վարդուշը պատմել էր, որ մի քանի ամիս յետոյ դատախազութիւնում դարձեալ աշխատողների ընդհանուր ժողով էր հրաւիրուել: Հանրապետութեան դատախազ Յովհաննիսեանը՝ այսպէս էր ելոյթ ունեցել. «Ես ակամայ կատարեցի միութեան դատախազութեան հրամանը, այն սահմանադրական ու օրէնսդրական իրաւական հիմք չունէր, որի համար այսօր իմ պաշտօնից հրաժարուելու դիմումնագիր եմ ներկայացրել, դատախազութեան աշխատողներից միայն Մանասէրեան Վարդուշն էր համարձակուել չկատարելու իմ հրամանը, ճիշդ էր նա»:
Այդ խրոխտ Արմին-Հայ մարդուն յետագային նորէն պատասխանատու պաշտօնի էին նշանակել, անշուշտ հաւանաբար Խորհրդային Միութեան մեծագոյն քաղաքական ու համաշխարհային պատիւ ու ճանաչում վայելած Մեծն Խրուշչեւի տարիներին:
Հայոց Խորհրդարանը, Ազգային Ժողովը, ամէն տարուայ Յունիս ամսուայ 14-ը յայտարարել է՝ «Բռնագաղթուածների Յիշատակման Օր»: Քաղաքակրթութեան բեմից հեռացած այդ վարչակարգի բռնարարքների յիշատակման արժանի դեռ ինչքան օրեր պիտի սահմանուին:
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Կլենտէյլ, Յունիս 2017