Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Մեկնաբանութիւն. ԱՄՆ կը պարզի՝ Հայաստանին ստիպե՞լ են ԵՏՄ մտնել

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

 

Խորհրրդարանի աշնանային նստաշրջանին «Ելք» խմբակցութեան պատգամաւորները սպառնում են Եւրասիական Տնտեսական Միութիւնից դուրս գալու գործընթաց սկսել: Ճիշդ է, այս հարցում համաձայնութիւն չկայ անգամ խմբակցութեան ներսում, սակայն խմբակցութեան երեք առաջնորդներից երկուսի՝ Էդմոն Մարուքեանի եւ Արամ Սարգսեանի յայտարարութիւնների շնորհիւ թեմայի վրայից հանուեց տաբուն, եւ որոշակի քննարկում սկսուեց:

Կարելի է նկատել, որ իշխող ՀՀԿի ներկայացուցիչները հաճոյքով մտնում են այդ քննարկման մէջ, եւ չնայած հիմնական փաստարկը մնում է ԵԱՏՄ «անայլընտրանքայնութիւնը», այդուհանդերձ ՀՀԿն կարծես թէ ցուցադրաբար այլ փաստարկներ չի բերում՝ ցոյց տալով դրանց բացակայութիւնը:

ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը նոյնպէս յայտարարել է, որ «Հայաստանը ԵՏՄ-ից բացի այլընտրանք չունէր»: Նա, սակայն, այնպէս է ասել, կարծես թէ Հայաստանն ընտրում էր ոչ թէ Եւրոպական Միութեան եւ ԵՏՄ միջեւ, այլ ԵՏՄ մտնելու կամ չմտնելու միջեւ: Իրականում Հայաստանն այլընտրանք ունէր: Մենք կարող էինք ԵՏՄ չմտնել եւ պահպանել արտադաշինքային կարգավիճակը, ինչպէս օրինակ Ադրբեջանն արեց: Սակայն 2013 թուականի Սեպտեմբերի 3ին գիշերն ըստ երեւոյթին Սերժ Սարգսեանին ասել են, որ այլընտրանք չունի: Իսկ դա ոչ թէ միջամտութիւն է, այլ հարկադրանք:

Այսպէս թէ այնպէս, Հայաստանի խորհրդարանում աշնանը կարող է քննարկում սկսուել այս հարցով, եւ այն անխուսափելիօրէն կը բերի մէկ արդիւնքի՝ Հայաստանը ստիպուած էր ԵՏՄ մտնել՝ չնայած ի սկզբանէ յայտնի էր, որ դա տնտեսական դրական արդիւնքներ չի տայ:

Ինչպէս նշում են Հայաստանի իշխանութիւնները, եթէ Հայաստանը հրաժարուէր անդամակցելուց, «աւելի վատ կը լինէր»: Ընդ որում, թէ Ռուսաստանը, թէ Հայաստանը պնդում են, որ Հայաստանը կամաւոր է անդամակցել ԵՏՄին եւ հարկադրանք չի եղել:

Ռուսաստանի դէմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրէնքում կէտ կայ, որը վերաբերում է Ռուսաստանի միջամտութեանը երկրների ներքին գործերին՝ նրանց ընտրութեան, քաղաքականութեան եւ ինտեգրացիոն ուղու վրայ ազդելու նպատակով: ԱՄՆում անգամ 250 միլիոն դոլար ծաւալով հիմնադրամ է ստեղծել, որն ուղղուելու է Ռուսաստանի միջամտութեանն ու հարկադրանքին դիմագրաւելուն: Գումարը հիմնականում ուղղուելու է Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային, որոնք պնդում են, որ Ռուսաստանը միջամտում է իրենց քաղաքականութեանը:

Հայաստանում մօտ ժամանակներս դժուար թէ խօսեն Ռուսաստանի միջամտութեանը հակազդելու մասին, այդ թւում՝ «անայլընտրանք» Եւրասիական Միութիւն մտնելու ժամանակ: Միգուցէ աշնանը քննարկում սկսուի, որի ժամանակ փաստարկներ կը ներկայացուեն, որոնք կը հաստատեն միջամտութիւնը:

 

Lragir.am

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ