ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայկական Սփիւռքի առաջ տասնեակ տարիներ ծառացել է այս հարցը: Ինչպէ՞ս պահպանել հայութեան ինքնութիւնը այն երկրներում, որտեղ նրանք յայտնուել են ոչ թէ ցանկութեամբ, այլ բռնի տեղահանման, ջարդերի, բռնութիւնների հետեւանքով: Նրանք յայտնուեցին առաջին հերթին արաբական երկրներում` Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, յետոյ` եւրոպական երկրներում` Ֆրանսիա, Յունաստան, Կիպրոս եւ աւելի հեռու` Ամերիկա մայրցամաք` ԱՄՆ,Կանադա, Ուրուգուայ, Արգենտինա… Բոլոր երկրներում էլ լեզուական խնդիր կար, բայց հայի իմացութիւնը, ճարպկութիւնը, արագ յարմարուելու ունակութիւնը եւ բնական տաղանդը շատ շուտով իր արդիւնքները ի ցոյց դրեց տուեալ երկրներում: Պատահական չէ, որ բոլոր երկրներում էլ` մանաւանդ` ԱՄՆ-ում (որովհետեւ այս տուեալները առաւել յայտնի են մարդկանց), հայ մասնագէտներն իրենց ունակութիւնները ցոյց են տուել` վաստակելով բազմաթիւ արտօնագրեր գիտութեան տարբեր ոլորտներում կատարած յայտնագործութիւնների համար:
Սփիւռքում գտնուելու արդէն 10 տարիների ընթացքում ականատես եմ եղել հայկական դպրոցների առօրեային, աշակերտների իմացութեանը, ձգտումներին: Տորոնտոյում աւարտական դասարանների (8-րդ, 10-րդ, 12-րդ) շրջանաւարտների մրցանակաբախշութեան ժամանակ նկատեցի, որ մրցանակների 80%-ը բաժին հասաւ Հայաստանի Հանրապետութիւնից (ՀՀ) ժամանած աշակերտներին կամ այնտեղ ծնուած ՀՀ նախկին քաղաքացիների երեխաներին: Պատկերացնում էք, երկրորդ, չորրորդ դասարանի երեխաները, ժամանելով Կանադա, կարճ ժամանակահատուածում տիրապետում են անգլերէն լեզուին եւ գերազանց առաջադիմութիւն ցուցաբերում միւս առարկաներից: Եւ դա ցայտուն է երեւում նաեւ ԱՄՆ-ում, ուր սովորում են իմ ընկերների երեխաները կամ թոռները: Սակայն, ցաւոտ հարց է․ աշակերտներն ընդմիջումների ժամանակ առաւելապէս շփւում են անգլերէն լեզուով:
Ֆիլադելֆիա այցիս ժամանակ, Կիրակի օրերին յաճախեցի տեղի հայկական եկեղեցիները` անթիլիասական, էջմիածնական եւ աւետարանչական: Ծննդեան տօներն էին եւ Նոր տարուայ նախաշեմը: Բոլոր եկեղեցիներում ամէն տարիքի աշակերտներն իրենց ուսուցիչների հետ հանդէս էին կազմակերպել եւ ուրախ ու ճոխ մթնոլորտում ցուցադրում էին իրենց կարողութիւնները․․․ անգլերէն լեզուով:
Ծնողների հետ իմ զրոյցների ընթացքում պարզուեց, որ նրանք իմ հայերէն խօսքն էլ լաւ չեն հասկանում: Եւ իմ յանպատրաստի ելոյթը անգլերէն թարգմանեց եկեղեցու հոգեւորականը: Ես ցնցուած էի, բայց հասկացայ, որ այս մարդիկ հայ գաղթականների 3-րդ, 4-րդ սերնդի ժառանգորդներն են: Նոյնիսկ պատարագն էր մատուցւում անգլերէն լեզուով: Ընդմիջումների ժամանակ էլ ծնողները երեխաների հետ շփւում էին անգլերէն լեզուով:
Հիմա սա անուանենք հայապահպանութի՞ւն…
Եթէ հայ են, հայկական դպրոցներում են սովորում` թէկուզ կիրակնօրեայ, ապա կարելի է, չէ՞ հանդէսն անցկացնել հայերէն լեզուով: Գոնէ այդ օրերին` տարին մէկ անգամ: Ես ինձ ճնշուած զգացի․ հայկական եկեղեցիում պատարագ է մատուցւում անգլերէն լեզուով, հայ աշակերտները ուսուցիչների հետ հանդէս են կազմակերպում անգլերէն լեզուով եւ, դեռ աւելին, միմեանց հետ շփւում են անգլերէն լեզուով:
Սա՞ է հայապահպանութիւն… Սա համայնքապահպանութիւն է, որտեղ հայը կորցնում է իր ինքնութիւնը, դառնում սոսկ եկեղեցու յաճախորդ, չի մտածում իր երեխաներին հայեցի մեծացնելու մասին, որը նաեւ ինքն է կորցրել ժամանակին…
Լեզու իմանալը շատ լաւ է, գովելի: Ժողովրդական ասացուածքն ասում է․ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես», բայց չպէտք է մոռանալ Սիլվա Կապուտիկեանի պատգամը`
Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թէ մօ՛րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա’ս:
Այս բանաստեղծութեան պատգամը նա գրել է հէնց Սփիւռքում բնակուող հայի համար, Սփիւռքում հայի ինքնութիւնը պահպանելու համար, հայ մնալու համար:
Տարիներ առաջ, երբ Սիրիայում սկսուեցին կռիւները, մի յօդուած գրեցի, որ սիրիահայերին նպատակայարմար է տեղափոխել ՀՀ եւ բնակեցնել Արցախում, ազատագրուած տարածքներում: Ցաւօք, մեր նախկին կառավարութիւնում այս փաստին չանդրադարձան համակողմանիօրէն: Չկարողացան կամ չուզեցին պահը օգտագործել: Այդ նոյն ժամանակահատուածում Թուրքիան Սիրիայի գաղթականներին իր երկրում ապաստան տալու նպատակով, Եւրոմիութիւնից միլիարդաւոր դոլարներ պահանջեց եւ ստացաւ: Նոյնը կարող էր պահանջել նաեւ ՀՀ-ի կառավարութիւնը, բայց… նորից բայցեր…
Կարող ենք սակայն արձանագրել, որ հետագայում մօտ 10,000 սիրիահայեր եկան ՀՀ եւ բնակւում են ՀՀ-ում եւ Արցախում, զբաղւում գործարարութեամբ: Բայց քանիսը զոհուեցին, քանի ընտանիքներում սուգ ու ողբերգութիւն եղաւ:
Հայապահպանութեան խնդիրը բոլորիս խնդիրն է եւ, դա առաջնահերթ ընտանիքի խնդիրն է, որտեղ մեծանում է երեխան, որտեղ պէտք է խօսեն հայերէն:
***
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից 296-րդ բանաձեւի ընդունումից յետոյ նոր հեռանկարներ են բացւում հայապահպանութեան համար: Հիմա արդէն ապրիլքսանչորսեան հաւաքներն ու քայլարշաւները նպատակայարմար է կազմակերպել պահանջատիրութեան կարգախօսներով` Վուդրօ Վիլսոնի կողմից 1920 թուականի Նոյեմբերի 22-ին կայացրած «Իրաւարար վճիռ»-ի իրականացման նշանաբանով: Այդ անբեկանելի, անժամանցելի վճիռը կլուծի հայապահպանման բոլոր խնդիրները: Հայ ազգը կը բնակուի իր պապենական ոչ լրիւ տարածքների վրայ, կը ստեղծի տնտեսութիւն, կը զարգացնի գիտութեան ճիւղերը, տէր կը կանգնի իր պատմամշակութային յուշարձաններին, միասնական ուղղագրութիւն կ՚ունենանք, բնական աճ եւ զարգացում կ՚ապահովենք: Էլ անհրաժեշտութիւն չի լինի ստեղծել համահայկական զանազան կ’առոյցներ` հայապահպանութեան համար: Հայը պէտք է ապրի իր բնօրրանում, որը նաեւ մարդկութեան բնօրրանն է:
Մենք 296-րդ բանաձեւով ստացել ենք մի գործիք, որը պէտք է կարողանանք ճիշդ, նպատակային եւ հմտօրէն օգտագործենք: Այնպէս չստացուի որ մուրճով փոս փորենք. փոս փորելու համար բահ են օգտագործում: Ցաւօք, սփիւռքեան կառոյցները, կուսակցութիւնները չեն արձագանգում, թէ յետոյ ինչ պէտք է արուի: Նորից ցեղասպանութեան ճանաչման հարցը պէտք է հետապնդե՞նք, ԱՄՆ նախագահի ելոյթին պէտք է սպասե՞նք, որ ցեղասպանութիւն բառն արտաբերի՞: Պահանջատիրութեամբ է հարկաւոր զբաղուել, որ մեր մասին յիշեցնենք, արդարութիւնը վերականգնենք, բնակուենք մեր երկրում…
Ուրեմն, մեր բոլոր աշխատանքները պէտք է ուղղուած լինեն Վուդրօ Վիլսոնի «Իրաւարար վճիռ»-ի իրականացմանը, իսկ թէ ինչ աշխատանքներ պէտք է կատարել, յարգելի ընթերցողը կարող է ծանօթանալ յօդուածագրիս առաջարկած եւ հրատարակուած չորս գրքերում` «60 յօդուած 60 ամեակին», «Վերանայել, վաւերացնել, վերակերտել», «Ինչ ենք անելու», «Հայրենատիրութեան ճանապարհին», որոնցում նշուած են կատարուած եւ կատարուելիք աշխատանքները:
Մեր սերնդին պարտադրուած է յաղթել այս պայքարում…
«Իրաւարար վճիռ»-ի իրականացումով միանգամից որոշւում են նաեւ Արցախի, Նախիջեւանի եւ Ջաւախքի խնդիրները: Հարկաւոր է աշխատանք տանել ԱՄՆ-ի կառավարութեան հետ, մանաւանդ ներկայ պայմաններում` ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների սրման, պատժամիջոցների սահմանման պայմաններում:
Թուրքիայի մասնատումը օրակարգային հարց է ձեւակերպուել: Մեծ Հայաստանը Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին պատնէշի դեր կը ստանձնի եւ Մեծ ու Հզօր Հայաստանը շրջապատի երկրների մէջ հաւասարակշռող ուժ կը դառնայ:
Լրագրողներու միջազգային միութեան անդամ`
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ