Երեքշաբթի, Նոյեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Անուանի մարզիկ եւ մարզիչ Աբրահամ Համամջեանը 90 տարեկան է

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ինչպէս Հայաստանի բոլոր բնագաւառներին, այնպէս էլ սպորտին մեծ թափ հաղորդեց յետպատերազմեան հայրենադարձութիւնը։

 

Այսպէս Հայաստանի պասքեթպոլի՝ ՀԽՍՀ հաւաքականի եւ Ֆիզկուլտ ինստիտուտի (ՖԻՄԱ) թիմի խաղացողների կէսից աւելին հայրենադարձներ էին, որոնք ներգաղթել էին Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից (Արմենակ Ալաջաջեան, Աբրահամ Համամջեան, Ժիրայր Մինասեան, Ժան Մակարեան, Թոմ Մուրադեան, Յարութիւն եւ Դաւիթ Դաւթեան եղբայրներ եւ ուրիշներ)։

 

1952 թ. ՖԻՄԱ-ն ԽՍՀՄ առաջնութիւնում գրաւել էր 8-րդ տեղը։ Հետաքրքիր է նշել, որ այդ տարի մեր պասքեթպոլիստները յաղթել էին Թբիլիսիի ուժեղ թիմին, որից յետոյ այդ թիմը ցրեցին. ինչպէ՞ս կարելի էր հայերից պարտուել։

 

Նոյնը կարելի է ասել մի շարք այլ մարզաձեւերի՝ յատկապէս ֆութպոլի եւ սեղանի թենիսի, այն Հայաստանում հիմնադրել են հայրենադարձները, բռնցքամարտի եւ այլն։

 

Այդ առումով պասքեթպոլի բնագաւառում մեծ է դերը, օրերս իր 90-ամեակը նշող Աբրահամ Համամջեանը, որի մշտական երկրպագուն եմ եղել։

 

Աբրահամը ծնուել է Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում 1929 թ. Նոյեմբերի 24-ին։

1947-ին աւարտել է ֆրանսիական լիսէյը։

 

1946 թ. լիսէյի կազմում մասնակցել է Սուէյզի ջրանցքի գօտու առաջնութեանը եւ դարձել ախոյեան, մասնակցել է Եգիպտոսի առաջնութեան եզրափակիչ խաղերին։

 

1946-47 թթ. եղել է «Ռամսիս» ակումբի մեծահասակների անդամ, որը դարձել է Պորտ-Սայիդի ախոյեան։

 

1947 թ. նրանց բազմանդամ ընտանիքը ներգաղթել է Հայաստան։

 

1949-ից հանդէս է եկել ՖԻՄԱ, «Իսկրա» եւ Հայաստանի հաւաքականի կազմերում, եղել է թիմերի աւագը։

 

1952 թ. Երեւանում անցկացուած ԽՍՀՄ առաջնութիւնում թիմը գրաւել է 8-րդ տեղը (լաւագոյն արդիւնքը ԽՍՀՄ առաջնութիւններում)։

 

1953 թ. աւարտել է ԵՖԿԻ-ն (Ֆիզկուլտ ինստիտուտը)։

 

1952-55 թթ. «Իսկրա» կենտրոնական առաջնութեան 2-րդ մրցանակակիր։

 

1949-50 թթ. միութենական բարձրագոյն խմբի մի շարք թիմեր նրան հրաւիրել են, սակայն նա հրաժարուել է, որովհետեւ եղել է ընտանիքի աւագ զաւակը եւ չի լքել Հայաստանը։

 

Եղել է Երեւանի «Աշխատանք»՝ տղամարդկանց եւ «Բուրեվեստնիկ»՝ կանանց, ՀԽՍՀ՝ կանանց հաւաքականի մարզիչը ԽՍՀՄ ժողովուրդների 2-րդ Սպարտակիադայում, ՀԽՍՀ-ի վաստակաւոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար։

 

Նրա սաներից շատերը դարձել են յայտնի մարզիկներ եւ մարզիչներ։

 

Որպէս մարզիչ աշխատել է նաեւ Երեւանի Պոլիտեխնիկական, Գիւղատնտեսական եւ Մանկավարժական ինստիտուտներում։

 

1965 թ. նրա ղեկավարութեամբ ՀԽՍՀ տղամարդկանց հաւաքականը առաջին անգամ միջազգային ընկերական հանդիպումների էր մեկնել Սիրիա եւ Լիբանան եւ անցկացրած 11 հանդիպումներն էլ աւարտել էր յաղթանակով։

 

Տիրապետում է ֆրանսերէն, անգլերէն, արաբերէն եւ ռուսերէն լեզուներին։

 

1980-ին ընտանեօք տեղափոխուել են Լոս Անճելըս։

 

Աշխատել է Ալեք Փիլիպոս եւ Արշակ Տիգրանեան վարժարաններում։

 

1980-90 թթ. վարել է միջազգային խաղեր, 1985-ից միջազգային կարգի մրցավար։

 

Ունի մարզական ընտանիք եւ մարզական թոռնիկներ։

 

Մի շարք մեթոդական ցուցմունքների եւ պասքեթպոլին նուիրուած յօդուածների հեղինակ է։

 

Իմ ընկերների եւ իմ անունից սրտանց շնորհաւորում ենք մեր աւագ ընկերոջ եւ նրան ցանկանում քաջառողջութիւն։

 

ԱՒԵՏԻՍ ԲԱՅՐԱՄԵԱՆ


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ