Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Միայն Պահանջ, Պահանջատիրութիւն

Պաշտօնական հաղորդագրութեամբ յայտնի դարձաւ, որ համաշխարհային Պանդե­միայի (Համաճարակ) պատճառով կասեցւում են Ապրիլ 24-ի` Ցեղասպանութեանը նուիրուած համաժողովրդական ցոյցերը, հաւաքները եւ մեծաթիւ մասնակիցներով որեւէ միջոցառում: Մեր Հայրենիքում, Երեւանում էլ կասեցուած է մեր ժողովրդի սգոյ երթն ու թափորը դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Աշխարհն իր ճիրանների մէջ առած այս թոյն-ժահրը օրէ-օր նոր հորիզոնականներ է իր բռի մէջ պահում:

    Այդ ամէնը տեսնելով, արդէն յստակ էր, որ պիտի կախակայուէին Ցեղասպանու­թեան հետ կապուած բոլոր միջոցառումները: Որովհետեւ քորոնա ժահրի  ծայրը չի երեւում: Սակայն ասել չէ, թէ մենք պիտի չյիշենք 20-րդ դարի մեծագոյն ոճիրը: Պիտի յիշենք եւ նորանոր միջոցներ փնտռենք մեր արդար դատի լուծման համար: 

    Հրաշալի գրող, հրապարակագիր, Փարիզի ԲԱԳԻՆ պարբերականի երկար տարի­ների հոգեզաւակ Յակոբ Պալեանը միանգամայն իրաւացիօրէն գտնում է, որ Ցեղա­սպանութեան պատճառով  տեղի ունեցաւ նաեւ ԼԵԶՈՒԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:

   Իսկապէս: Եղեռնի արդիւնքից աշխարհով մէկ ցրուած փրկուած հայերը ոչ միայն որդեգրեցին տուեալ երկրի, տարածքի, ժողովրդի նիստուկացը, բարքերն ու  սովորու­թիւն­ները, պետական, քաղաքային եւ գաւառական լեզուն, այլեւ մայրենի լեզուի մէջ ներմուծեցին մեր լեզուին խորթ օտար բառեր: Հենց միայն այս չարաբաստիկ երկու ամսուայ ընթացքին Հայոց Լեզուն «հարստացաւ» ՊԱՆԴԵՄԻԱ (Համաճարակ), ՊԱՆԻԿԱ (Խուճապ), ՊԱՍԻՒ (Կրաւորական), ՊԱՑԻԵՆՏ (Հիւանդ), ՎԻՐՈՒՍ (Ժահր), ՊԱՐԿ (Զբօսայգի) եւ այլ բազմաթիւ, բազմատեսակ, բազմիմաստ բառերով ու բառա­կա­պակցութիւններով: Հազիւ էինք ազատուել ՄԻԱԺԱՄԱՆԱԿ եւ ԷԼԻՏԱՐ բառերից, հիմա էլ` սրանք: Ամօթ է, ՊԱՑԻԵՆՏ-ը ո՞րն է` տնաշէն հայեր, կամ էլ` ՊԱՆԻԿԱ:

   Մեծայարգ գրագէտ Յակոբ Պալեանի միանգամայն ուսանելի յօդուածը ( «Զարթօնք», Ապրիլ 8, 2020) յորդոր է, պահանջ, խնդրանք` ուղղուած բոլոր նրանց, ովքեր պարտա­ւոր են հոգ տանել մեր մայրենի լեզուի մաքրութեան, անաղարտութեան եւ հարստաց­ման համար. ասել կ՛ուզի, մտաւորականը թելադրում է Ցեղասպանութիւն բառի հետ օգտագործել  նաեւ Լեզուասպանութիւն եզրոյթը:

   – Իւրաքանչիւրի քմայքով օտար բառերու վայրագ գործածութեամբ հայերէնը չի հարստանար,- ասում է Յակոբ Պալեանը:

   Խիստ ու տեղին է ասուած:

   Ուրեմն պիտի ընդունել. որ իրօք, Ցեղասպանութեան պատճառով տեղի է ունեցել նաեւ Լեզուասպանութիւն, որը վարակի նման, տարուէ-տարի տարածւում, ուռճա­նում է ոչ միայն Մայր Հայրենիքում, այլեւ Սփիւռքի ողջ տարածքին: Ճիշդ է, Լեզուա­սպանութիւնը  մարդուն չի  սպանում մարմնապէս, բայց սպանում է հոգեպէս`տարի­­ների ընթացքում նրան զրկելով ազգային մտածողութիւնից:

    Նորութիւն ասած չեմ լինի, եթէ ասեմ, որ լեզուն, այն էլ` մայրենի լեզուն, սովորում են փոքր տարիքից: Սփիւռքում, ի մասնաւորի Գալիֆորնիայում հայկական վարժա­րան­ները քիչ են, եղածներն էլ ոչ բոլոր ընտանիքներին են հասու` երեխայի ուսման բաւական սուղ ամսավճարի պատճառով:

   Սփիւռքի մէջ բնակուող հայի համար պարտաւորիչ է իմանալ մէկ լեզուի երկու ճիւղաւորումները` արեւմտահայերէն եւ արեւելահայերէն:

   Այժմ եկէք տեսնենք թէ հայերէնի իմացութեան ի՞նչ մակարդակի տէր են Գլենդէլի եւ նրա յարակից շրջանների ամերիկեան դպրոցների մէջ պաշտօնավարող հայ մանկա­վարժ­ները, որոնց պարտքն է ոչ միայն մաքուր, անթերի հայերէն իմանալ եւ գրել, այլեւ նոյնը փոխանցել մեր մատաղ սերնդին:

   Եւ, որպէսզի մերկապարանոց (բացայայտ) լինի մեր ասելիքը` խօսենք փաստերով:

   Անմիջապէս ասեմ, որ ոչ մէկ միջնորդութիւն պիտի չանեմ, պիտի վերարտադրեմ մի ծանուցումից հատուածներ, այնպէս ինչպէս որ կայ: Վստահ եմ, ընթերցողներից ոմանք կարող են մոլորուն վիճակի մատնուել, եւ նոյնիսկ սրտխառնուք ունենալ…

    Դպրոցում երեխայիդ ձեռքն են տալիս մի թռուցիկ, որի մէկ երեսը անգլերէն է, իսկ միւսը` անճոռնի ձեռագրով եւ գրեթէ անընթեռնելի «հայերէնով» մի ծանուցում: Ահա այդ գլուխ-գործոցներից մէկը.

    «Մենք քալիֆորնիայում արեւ սիրում ենք, բայց շատ արեւը վատ է. Արեւը իրանից ուլթրամանուշակ ճառագայթ է դուրս տալիս եւ եթէ մենք մեր երեխերքին չը պահպանենք երբ որ նրանք արեւի մէջ խաղում են, այդ լոյսը կարող է մարմնի կաշին այրի, աչքերին վնասի եւ կաշվի քաղցկեղ (cancer)  պատճառ լինի: Մեր թաղամասում պատահած օրերը նոյնիսկ հինգ ռոպէ բաւական է:

   Դուք կարող էք ձեր երեխային երկարաթեվ թիշըրթ եւ երկար տաբատ (բայց թեթեվ)  հագցնէք եւ դրանք օթօմաթիկ կը պահպանի երեխային եթէ իրարու կպած լինեն»:

   Ահա մի քանի պարբերութիւն մէկ այլ թռուցիկից.

   « … Կոստոյմները որոնք չը լինեն կատաղի կամ վախենալի:

    … Կոստոյմները   չը պէտք է կապակցութիւն ունենան մահուան եւ արեան

         Զգեստները չը պէտք է մերկ լինի կամ ցոյց տալ ուսերը»:

   Անգրագիտութեամբ, թող  ներուի, տգիտութեամբ առլի այս թռուցիկները հարիւրաւոր օրինակներով մտել են հայ ընտանիքներից ներս, եւ մարդիկ, ծնողներ,  ձայն չեն բարձրացրել այսքան եղկելի երեւոյթի համար, ակամայ դառնալով մասնակիցը նման իրականութեան:

   – Ի՞նչ է Ձեր կարծիքը, Պրն. Պալեան, հայերէնի  ուսուցումի  առաջին  քայլը գալ տարունէ սկսեալ Սփիւռ­քի   ուսուցիչներէն  չսկսի՞նք…,- կարծեմ  թէ` «Այո՜» պիտի ըսէք…, թէեւ իրաւ է, որ, Ձեր խօսքով` «Ոչ ոք իրաւունք ունի հայ տղուն հայկական վարժարանի մէջ ուսանելու իրաւունքէն զրկելու»:  Իրականութեան մէջ ոչ ոք զրկած է հայ տղուն հայկական վարժարանին մէջ ուսանելու: Պարզապէս մատչելի  ամավճա­րով հայկական դպրոց չկայ: Հսկայ Հոլիուտի մէջ մէկ դպրոց կայ միայն: Նախկին` Արշակ Տիգրանեան հրաշալի դպրոց-համալիրը քանի մը տարի առաջ ծախու հան­ուե­ցաւ` առանց հիմնաւոր բացատրութեան` շփոթումի եւ վրդովմունքի հսկայ ալիք ստեղծելով հայութեան մէջ

   Ըստ իս, յետ այսու պիտի որդեգրել «Լեզուասպանութիւն» տերմինը (Եզր, եզրոյթ` արեւմտ.,- ՀԵՆ. Ա.) Ցեղասպանութեան հետ, թէեւ, ինչպէս կեանքը ցոյց է տալիս, որ խաղաղ պայմաններում էլ, թէ հայրենիքում եւ թէ սփիւռքում քիչ չեն մեր մայրենի լեզուն  մորթոտող բազում գրչակներ…

    Գրեթէ չորս  ամիս առաջ, Նոր Տարուան նուիրուած գրածս յօդուածում յստակօրէն արտայայտել էի իմ, եւ վստահ եմ` շատ-շատերի այն համոզումը, թէ աւելորդ է այլեւս Ցեղասպանութեանը նուիրուած  նիւթով քայլարշաւներ կազմակերպելը, որով­հետեւ, ինչպէս ցոյց տուեց կեանքը, հինգ ամիս առաջ, Միացեալ Նահանգների Վեհա­ժողովը (Կոնգրես) քուէարկութեան դրեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը` զարմանքի եւ հրճուանքի հզօր ալիք բարձրացնելով ողջ հայութեան հոգիներում:

   Վեհաժողովի գրեթէ չորս հարիւր անդամներ միաձայնութեամբ որոշեցին ընդունել բանաձեւը, սակայն երկու ծերակուտականներ, Սպիտակ Տան թելադրանքով մերժե­ցին իրենց ստորագրութիւնը դնել բանաձեւի տակ` պատճառաբանելով թէ այս օրե­րին, ԱՄՆ-Թուրքիա լարուած յարաբերութիւնների պայմաններում բնաւ հարմար չէ նման բանաձեւի տակ ստորագրելը:

   Բարեկամներս, մի անհանգստացէք, միեւնոյնն է, գալու է այդ բաղձալի օրը, երբ աշխարհը կը  ճանաչի 20-րդ դարի մեծագոյն ոճիրը: Սա­կայն, ի՞նչ է տալիս դա մեզ` միայն բարոյական յաղթանա՞կ, բա մեր զաւթուած հողե՞րը, մեր ինչքն ու հարստու­թի՞ւնը, բա մեր ձիւնափառ Արարա՞տը: Լաւ է ասում շնորհառատ քաղաքագէտ Արա Պապեանը` «Ցեղասպանութեան ճանաչումը Պահանջատիրութիւն չէ»: Այսօր մենք

Պահանջատիրութեան խնդիր ունենք աւելի` քան Ցեղասպանութեան ճանաչումը:

      Ժամանակին Խորհրդային իշխանութիւնը թքած ունենալով  ԱՄՆի նախագահ Ուիլսընի կողմից Սեւրի միջազգային համաժողովում հաստատուած` Հայաստանի նոր քարտէզի վրայ, թուրքերի հետ  «ալիշ-վերիշ» անելով իրար մէջ արեցին Հայաս­տանին պատկանող 100 հազար ք.կմ. տարածութիւն` իր մէջ առնելով Լեռնային Ղարաբաղը:

   30 տարուայ լռութիւնից յետոյ, չէ՞ք կարծում, որ եկել է ժամանակը, որպէսզի գէթ Սեւրի Դաշնագրի 100-ամեակի կապակցութեամբ, Անկախ Հայաստանի Հանրապե­տու­թի­ւնը իր եղբայր Սփիւռքի հետ միակամ, ամէն ինչ մէկ կողմ թողած, Ամերիկեան կառավա­րու­թիւնից սկսի պա­հանջել Սեւրի դաշնագրի իրականացման գործնթացը` իրենց նախագահ Ուտրօ Ուիլսընի կողմից վաւերացուած միջազ­­գային ատեանի անժամ­կետ որոշումի իրականացման համար: Իսկ ողջ  Հայ ժողովուրդն էլ այս անգամ կը սկսի  Պահանջատիրութեան ցոյցի ելնել «Մեր հողերը», «Մեր եկեղեցիները», «Մեր ազգային վարժարանները», «Հատուցէք մեր արեան գինը» եւ նման այլ` Պահան­ջա­­տիրութեան իմաստն արտայայտող պաստառ­նե­րով:

   Այսպիսով, միայն երեք ամիս է մնացել նշելու համար Սեւրի պայմանագրի 100-ամեակը: Նշելն ի՞նչ,-  պարապ խօսք, անիմաստ հաւաքներ, ժամանակի անիմաստ կորուստ` էն էլ հարց է, այդ մասին խօսք կը լինի՞ Հայաստանի պատկան մարմին­ներում: Էս անտէր քորոնա վարակը ամէն ինչ տակնուվրայ արեց աշխարհում եւ հազիւ թէ մօտակայ մի քանի տարում հնարաւոր լինի վերականգնել նախկին վիճակը:

   Միջազգային իրաւունքի տեսակէտից Հայաստանը 70 տարի չի եղել ինքնուրոյն պետութիւն, ասել է թէ նա չէր կարող որեւէ փաստաթղթի տակ ստորագրել: Դա կա­րող էր անել վերջին 30 տարուայ ընթացքին, եթէ, իհարկէ ռուսը թոյլ տար մեզ միջազգային ատեաններում ապացուցել Կարսի պայմանագրի (11 Սեպտ.1922) անօրէն լինելը:

    Նախկին երեք նախագահները ծպտուն անգամ չեն հանել: Նիկոլ Փաշինեանն էլ է լուռ: Ընդդիմադիր դաշտում երբեմն-երբեմն ակնարկներ լինում են Սեւրի պայմա­նագրի մասին, բայց դրանք անցողիկ քամիների տպաւորութիւն են թողնում:

   Այնուհանդերձ, արժէ կարծում եմ փոքր-ինչ մտորումների բովում որոշ երեւոյթներ լուսաբանել մեր Պահանջատիրութիւնը լուսաւոր ուղիով առաջ տանելու համար:

      Հայաստանի պատկան մարմիններին եւ ժողովրդին դաս տալու հաւակնութիւն չու­նենք բնաւ, քաւ լիցի, միայն լուրջ մտահոգութեան եւ մտածումների արդիւնքում է ծնուել այս յօդուածը:

   Թուարկենք ուրեմն այն միջոցներն ու հնարաւորութիւնները, որոնց շնորհիւ աւելի կամ նուազ չափով մօտեցած կլինենք վերջնական նպատակին: Խնդրեմ սոյն յօդուածը ընդունել որպէս անձնական կարծիք:

   Եթէ ուզում ենք, որ մեր հայրենի ժողովուրդը լաւագոյնս  ներգրաւուի պահանջատիրութեան համար մղուող պայքարի մէջ` նրա ապրուստը, օրուայ հացը ապա­հովելն է: Ամէն տեսակ դժբախտութիւն, դաւաճանութիւն, անհանդուրժողականութիւն մարդու մօտ առաջանում է հացի պակասից: Դէ արի ու այսօր հացի կարօտ մեր հայրենի ժողովրդի մեծ մասի համար դաս կարդայ պահանջատիրութեան մասին:

 Ասա որ  Թուրքիայի Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Պիթլիսի նահանգների 90 հազար

ք. կմ.  տարածութիւնը  քոնն է  եւ դու  պարտաւոր ես  ներգրաւուել Պահանջատիրու­

թեան պայքարի մէջ: Չի լինի, չի կարող լինել: Ասել է թէ` պահանջատիրութեան պայքարի առիւծի բաժինը, թող ներուի, դարձեալ ընկած է սփիւռքահայի ուսերին:

   Պահանջատիրութեան պայքարի ճիշդ ժամանակն է (թէեւ ուշացած), ուստի անհրա­ժեշտ է զօրաշարժի ենթարկել Հայաստանից դուրս, Հայաստանին պատկանող բոլոր պետա­կան կառոյցները, ի մասնաւորի Դեսպանատներն ու տասնեակներով Հիւպա­տո­սա­կան եւ այլ գործարքային հաստատութիւնները:

   Հայրենալքութեան եւ արտագաղթի արդիւնքում երկու միլիոն, գուցէ եւ աւելի հայու­թիւն է բոլորուել հսկայածաւալ Ռուսաստանում եւ Եւրոպայում: Այդտեղ ապրող հայերը լաւագոյնս գիտեն Հայոց Եղեռնի պատմութիւնը, եւ գիտեն նաեւ, որ մենք զաւթուած Հայաստան ունենք,  եւ որ այն պէտք է վերադարձնել: Ուստի չեմ կարծում որ տեղի դեսպանատների, հայկական հաստատութիւնների, եկեղեցիների, Բարեգոր­ծա­կան Միութեան եւ Հայ Դատի պարտականութիւնը պիտի լինի հոգատար մօտե­ցումով նրանց ներգրաւել Պահանջատիրութեան պայքարին մէջ:

   Լրջագոյն պայման է այդ պայքարին մասնակից դարձնելը մեր մատաղ սերնդին եւ երիտասարդութեանը:

    Արտագաղթած հայերը պէտք ունեն դպրոցների, եկեղեցիների, կրթականմշակութային, մարզական, սկաուտական կենտրոնների, որոնց մէջ մեր մատաղ եւ երիտա­սարդ սերունդը կը կարենայ դասախօսների, մանկավարժների եւ դաստիարակների կողմից իրենց տրուած դասերի շնորհիւ հոգւոյն մէջ զգալ, հասկանալ Պահանջա­տի­րութեան էութիւնը:

     Պահանջատիրութեան պայքարը յաջողութեամբ պսակելու լաւագոյն ձեւը Մեծ Եղեռնի արդիւնքում որբացած, օրհնու­ած մայրիկիս հետեւեալ խօսքերն են.

   «Կ՛ուզե՞ս յաղթել թշնամիիդ, ուրեմն գործածէ նոյն զէնքը»: Մենք ոչ միայն նոյն զէնքը չենք օգտագործել, այլեւ` ոչ մէկ տեսակ զէնք ենք գործածել պատասխան հարուած տալու թէ ազերիին եւ թէ թուրքին: Ահա քանի տարի է անցել հայ սպայ Գուրգէնի Հունգարիոյ մէջ ազերի Սաֆարովի կողմից գազանային սպանութիւնից յետոյ, բայց առ այսօր դրա պատասխանը չենք տուել: Նոյնը` Հրանտ Տինքի պարա­գայ­ին: Ահա քանի տարի է Թուրքիոյ դատարանը դեռ յանցագործներ «կը փնտռէ»: Սրանից աւելի նուաստացուցիչ պարագայ չի եղել հայ ժողովրդի պատմութեան մէջ: Ի՞նչ եղաւ մեզ, ո՞վ խլեց մեզնից վրեժխնդութեան ոգին: Ի՞նչպէս պատահեց, որ այսքան տկար եւ ստորնաքարշ եղան մեր երկրի տէրերը: Ո՞ւր են Եանիկեաններն ու ԱՍԱԼԱ-ի տղաքը, Յարութ Սասունեանը, Մոնթէն Ֆրէզնոյէն  ու Լիզպոնի տղաքը, որոնց աւելացան Պօղոս  Պօղոսեանն ու Հաց Արթուրը:

   Հաւանաբար ճիշդ էր ասում  օրհնուած մայրիկս`  

    – Թշնամիիդ հետ պիտի կռուիս նոյն զէնքով, թէ իրական կռուի պահուն, թէ կեանքի, եւ թէ կենցաղի մէջ:

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ