Շաբաթ, Դեկտեմբեր 28, 2024

Շաբաթաթերթ

Ի՞նչպէս Կարելի Է Չսիրել Հոլիուտը. Ես Սիրում Եմ Հոլիուտը

… Առաւօտեան ժամը 6-ն է: Երկու ժամ է ոտքի վրայ եմ: Փորձում եմ կրկին անկողին մտնել` լրացնելու հա­մար պարտադիր քնի այն վեց ժամը, որ բժիշկը մշտապէս յիշեց­նում է ինձ:

   – Քուն եւ քայլել.- սա է այսօր առողջութեան բանա­լին,- ասում է նա,- իսկ առողջ քուն բերողը քայլելն է:

   Այս ասողը UCLA հիւանդանոցի  փրոֆեսոր Դիւ­րա­­­զոն է, որ մշտապէս, 12 տարի անընդմէջ, իր հսկո­ղու­թեան տակ է պա­հում իմ առողջական վիճակը:

  – Դէ լա~ւ Հենրիկ,- ասում եմ ինքս ինձ,- շարժուիր, գնա, քայլիր, միեւնոյնն է` քունդ չի տանում: Լոյսը դեռ չի բացուել: Այսօր արեւ չի լինելու,- ասել են լու­րե­րում:

   Լուսաբացն արդէն իր թեւերն է փռում հորիզոնի վրայ: Երկինքն ամպոտ է, թւում է, թէ ուր որ է այն կը պատռուի ու անձրեւ կը տեղայ:

   Մեր տնից մինչեւ Սանթա Մոնիքա, ոտքով քայլե­լու պարագային, կարելի է տասը րոպէում հասնել: Սանթա Մոնիքա չհասած` մի Մաքտոնալտ կայ: Հեռ­ուից տեսնում եմ երկու կանանց,- հայեր են,- մտա­ծում եմ ես,- բայց ի՞նչ են անում այստեղ, այս ժամին: Որքան մօտենում եմ նրանց`աւելի եմ համոզւում, որ հայեր են: Ինձ տեսնելիս, նրանք փոքր-ինչ շփոթւում են, սակայն ես  փորձում եմ դուրս հանել նրանց այդ նեղ վիճակից.

   – Աղջիկնե~ր…, բարի լո~յս… էս ո՞ւր, այս ժամին,ո՞ւր էք գնում:

   – Էս ժամին ո՞ւր կը գնան պարոն, աշխատանքի…

   – Բայց ինչո՞ւ այդպէս կոպիտ աղջիկս…

   – Դէ~, զահլա չունեմ հա~…,- ասաց ու ուղիղ նայեց աչքերիս մէջ, եւ, հաւանաբար, տեղը բերելով թէ ով է իր առջեւ կանգնած`մէկ վայրկեան քարացաւ կար­ծես ու բառերն իրար խառնելով կմկմաց.

   – Վա~յ…, քոռանամ ես, էդ դուք է՞ք մայսթրօ, պա­րոն Անասեան…, հազար ներողութիւն, էս ինչ ան­հար­մար բան ստացուեց: Մենք շատ սիրում ենք ձեզ. լսում, կարդում ենք ձեր գործերը, դիտում ենք ձեր ելոյթները հեռատեսիլով: Խնդրում եմ չնեղանաք, որով­հետեւ, յաճախ են օտարները այս ժամին միայ­նակ կանանց տեսնելով անհանգստացնում մեզ:  Դո՞ւք  ինչ էք անում էս ժամին, էն էլ փողոցում:

   – Ես քայլում եմ, բժշկի թելադրութեամբ, եւ սիրում եմ քայլել ոչ բանուկ ժամերին: Դու ասացիր, որ աշխատանքի էք գնում, այս ժամի՞ն:

   – Այո, մենք աշխատում ենք Տաունթաունում, ոս­կեր­չական ընկերութիւնում եւ սպասում ենք, որ մեր պոսը գայ ու մեզ տանի: Շտապ պատուէր ունի, դրա համար էլ վաղ ենք գնում, օրը 14 ժամ աշխատում ենք, չենք դժգոհում, երանի միշտ այսքան գործ ունե­նայ:

   Քիչ անց, քոսմիքական արագութեամբ փողոցն ի վար սուրում է մի կոտրած-թափած մեքենայ ու կանգնում մեր կանանց կողքին: Քաղաքավարու­թիւ­նից դրդուած, օդում ձեռքով հրաժեշտ տալով  հեռա­նում եմ: Մի քանի քայլ անելուց յետոյ, շրջւում եմ` տեսնելու համար, թէ ինչ է կատարւում: Զգացւում է, որ երկխօսութիւն է տեղի ունենում կանանց եւ վա­րոր­դի միջեւ: Ինչպէս երեւաց, երկխօսութիւնը արդ­իւնք չտուեց: Մեքենան հեռացաւ…

   Արդէն Սանթա Մոնիքա պողոտայի վրայ եմ:

   Մօտենում եմ, ականջը խօսի, Յարութիւն Երէցեա­նի նախկինում` Ապրիլ գրատանը, որն այժմ վարսա­հար­դարի սրահ է: Միտքս թռչում է դէպի յետ, աւելի քան երեսուն տարի, երբ այդ գրատուն-տպարանում շարւում էր հայրիկիս` մեծանուն պատմաբան, մա­տե­նագէտ Յակոբ Անասեանի ստուարածաւալ, հաս­տափոր «Մանր երկեր» անուա­նումով գիտական նիւթերի 1200 էջանոց, երեք քիլոկրամանոց գիրքը:

   – Հենրիկ ջան, մայսթրօ, հաճի~ս,, հայրիկիդ ըսէ, որ արագացնէ սրբագրութիւն­ները…, ծօ~ խենթենամ պիտի, քանի՞ անգամ սրբագրել կ՚ըլլայ: Աս չորրորդ սրբագրու­թիւնն է, որ հայրիկդ կ՚ընէ,- նեղսրտած ասում էր Յարութիւնը:

   – Ճիշդ կ՚ըսէ կոր Հենրիկ, մեր գործերը կը կաղան հօրդ գիրքին պատճառաւ,- աւելացնում է իր կեանքի վերջալոյսին սպասող Յարութիւնի եղբայր Նուպարը:

   Այս ամէնը լսելուց յետոյ խօսքը իմն էր.

   – Տղա~ք, գիտեմ, հայրիկս քանի մը անգամ կը սրբագրէ, շատ բծախնդիր է եւ մէկու մը չի վստահիր: Սըր-բա-գրել,- հայրիկիս պարագային կը նշանակէ տա­ռեր եւ կէտադրական նշաններ շտկել, այդպէ՞ս է,- այո՜,- ասացին եղբայրները միաբերան, -ուրեմն,- շարունակեցի ես,- իսկ բառ, միտք կամ նախադա­սութիւն երբեւէ փոխա՞ծ է հայրիկս:

   – Ո՜չ, բնաւ…

   – Էհ, ուրեմն`տառասխալնեը եւ կէտադրական նշան­ներն է, որ կը շտկէ, իսկ այդ սխալներն ալ, պա­րոն Նուպար, նիւթը շարողին մեղքն է:

   Մինչեւ վերջերս, Ապրիլ գրատան հարեւանու­թեամբ մի փոքրիկ թատրոն կար: Հիմա շարժում չկայ այդ մայթին, բայց…, բայց` այս ի՞նչ է…, երեք, գրե­­թէ ամբողջովին մերկ ջահել աղջիկներ ինձ նշան են անում, որ իրենց մօտենամ: Ուղղութիւնս փոխելն ու գրեթէ վազելը մէկ եղաւ: Ի՞նչ իմանաս, այդ ամայի տեղում, շէնքի ետնամասում ինչե~ր չեն կարող լի­նել, դէ~, ես էլ…մենակ եւ, եւ` երեք աղջիկ, պատ­կե­րացնո՞ւմ էք…

   Ես 42 տարի է, որ ապրում եմ Հոլիուտում, բայց նման տեսարանի չեմ հանդիպել:

   Ինչեւէ. շարունակում եմ քայլել Սանթա Մոնիքա պողոտայով դէպի Արեւելք: Այս շրջանը, աւելի ճիշդ Ուեստերնից սկսեալ դէպի Արեւելք`Հոլիուտի երկ­րորդ կարգի թաղամասն է, ուր, հիմնականում ապ­րում են հայերն ու մեքսիկացիները, առաւել` Հարա­ւային Ամերիկայի սպանախօս երկրներից արտա­գաղ­թածները, որոնք ոչնչով չեն տարբերւում մեքսի­կացիներից, որի պատճառով էլ` հայի համար բոլորն էլ դիտւում են որպէս մեքսիկացիներ:

    Վերջին տարիներին մեր կողմերում են հաստատ­ուել Դեղին ցեղի օրէ-օր աճող մեծահարուստ ներկայ­ացուցիչները, հիմնակա­նում`չինացիներ, կորեացի­ներ, վիետնամ­ցի­­ներ, որոնք, Լոս Անջելեսի Հարաւից սկսեալ, կանխիկ դրա­մով «գրաւում» են ամէն ինչ` շէնքեր, տներ, պիզնես­ներ, առեւ­տրային խոշոր ընկե­րու­թիւններ: Այժմ արդէն հասել են Սանթա Մոնիքա պողոտայ:  

   Ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թէ առաւօտ­եան այդ կանուխ ժամին ովքեր են քայլում մայթերով եւ ո՞վ` ուր է շտապում:

   Ահա հասել եմ Նորմանտի փողոցի անկիւնը, մար­դա­շատ, հայաշատ, հայկական խանութներով, բժշ­կա­կան   եւ  այլ   կարգի  հաստատութիւններով   հա­րուստ  մի վայր:

    Հանրակառքի (Bus) կանգառն է: Մեծաթիւ սպա­սող­­ներ, բոլորն էլ անխտիր` սպանախօս ազգերից: Բոլորն էլ հանդարտ, խաղաղ, շատերն էլ զրոյցի բռնու­ած: Ճարպիկ մի կին, մարքէթի սայլակը վեր է ածել շարժական «սրճարանի» եւ այդ ցուրտ եղա­նակին տաք սուրճ եւ խմորեղէն է վաճառում:

   Եւ, որովհետեւ այդ ժամին փողոցի վրայ եղող սրճարանները փակ են, շարժուն «սրճարանի» առեւ­տուրը եռում է: Հանրակառքն արդէն եկել է, բայց ոչ ոք չի շտապում վեր բարձրանալ: Սեւամորթ վարոր­դըն էլ պահանջուած վայրկեաններից աւելի երկար է սպասում, որպէսզի մարդիկ կարողանան սուրճ գնել ու նոր բարձրանալ հանրակառք, թէեւ, ինչպէս բոլորը, նա էլ գիտի, որ սուրճ եւ ուտելիք չի կարելի վայելել հանրակառքի մէջ:

   Երկար եմ կանգնած մնում` դիտելու համար չա­փա­զանց գրաւիչ, մարդկային բնականոն յարաբե­րու­թիւնների բովում երեւացող բարի, դիմացինի հանդէպ բարի կամեցող, օգնող ու հասնող մարդուն: Ապշում ու զարմանում եմ, թէ այստեղ որքա~ն բա­րեացակամ են մարդիկ, մէկը միւսին յարգող, մէկը միւսին զիջող: Դժուար չէր կռահել, որ ամէն օր է նոյն պատկերն այստեղ եւ որ շատերը գիտեն միմեանց ու նոյն ժամին են գնում աշխատանքի:

   Այս ամէնը դեռ ոչի~նչ…, քիչ անց հանրակառքի ետին է կանգնում ոստիկանի մեքենան,- Աստուած իմ,- վախուորած մտածում եմ ես, յանկարծ ոստի­կանը չքանդի՞ մարդկային անկեղծ ու ջերմ միաձոյլ շաղախով կառուցուած այս հրաշալի կառոյցը: Բայց ո~չ…, այդ միայն թւում էր, որ ոստիկանը կը գայ ու կ՚արգելի «սրճարանի» տիրուհուն առեւտուր անել մայթին:

   Ոստիկանը դուրս էլ չի գալիս մեքենայից ու մի քանի րոպէ անց, տեսնելով, որ ամէն ինչ խաղաղ է` արագօրէն հեռանում է:

   Յստակ է,- օրէնքի պահապանը շրջանցեց օրէնքը, եւ ոչ միայն նա, այլեւ գործողութեան բոլոր հերոսնե­րն են խախտել օրէնքը: Ամենամեծ «մեղաւորը» ոս­տի­կանն է, որին դու հերոսացնում ես, հերոսաց­նում` նրա  մարդկային մաքուր նկարագրի համար: Նախ ՄԱՐԴ, յետոյ` օրէնք: Ոստիկանը հասկանում է  հասարակ մարդկանց, գործաւորի վիճակը, որոնք հանապազօրեայ հացի սիրոյն, պարտա­ւորուած են առաւօտ կանուխ մեկնել իրենց գործատեղիները:

   Երբ օրն ամբողջովին կը բացուի, սրճատէրն իր սայլակն ու փասա-փուսէն հաւաքած կը հեռանայ` յաջորդ օրը դարձեալ նոյն տեղում սպասարկելու համար հանրակառքի սպասող աշխատաւոր ուղե­ւոր­ներին:

   Շարունակում եմ քայլել, անցել եմ արդէն մի քանի հայկական խանութների կողքով: Բոլորն էլ փակ են, միայն French bakery-ն է բաց, որ վերջերս է բացուել: Անունն է ֆրանսիական, բայց ոչ մի ֆրանսիական խմորեղէն չկայ, պակէթն էլ (ֆրանսիական չափա­զանց յայտնի հացատեսակ) Աստուած պակէթ հա­մա­րի:

   Նոյն մայթի վրայ, Էջմոնտ պողոտայ չհասած, մի Կաթողիկէ եկեղեցի կայ:

   – Հենրիկ,- ասում եմ ինքս ինձ,- մտիր եկեղեցի, եթէ այն բաց է, աղօթքդ արա, առողջութիւն մաղթիր ինքդ քեզ, հարազատներիդ, Աստուած քո ձայնը կը լսի, մի մոմ էլ վառիր Հայաստանի բարօրութեան եւ անվտանգութեան սիրոյն: Եկեղեցին` եկեղեցի է, բաւ է, որ քրիստոնէական լինի:

   Ժամը եօթն է, մէկ ժամ է անցել տնից դուրս գալուց յետոյ: Մտնում եմ եկեղեցի, խաչակնքում ու միանում այդ ժամին այնտեղ գտնուող 40-50 հաւատա­ցեալ­ներին: Սկսւում է առաւօտեան աղօթքն ու ժամեր­գու­թիւնը: Շուրջիններիս նայելով, ես էլ եմ մի քանի անգամ խաչակնքում

   Անշուշտ, քարոզչի խօսքերից ոչինչ չեմ հասկա­նում, բայց միջավայրն ու հաւատա­ցեալների լրջու­թիւնը խորը ակնածանք են  առաջացնում իմ հոգում: Մի տաս րոպէ նստելուց յետոյ, դուրս եմ գալիս եկեղեցուց ու մուտքին, իմ էլեկտրական մոմն եմ վառում մի կոճակի սեղմումով ու խաղաղ հոգով շարունակում ճանապարհս` այս անգամ հետընթաց ուղղութեամբ` դիմացի մայթից:

   Փողոցն արդէն աշխուժացել է: Կամաց-կամաց մար­­­դիկ շատանում են մայթերին: Հեծանուորդները` նոյնպէս:

    Հանկարծ տեսնում եմ մի տղամարդու, որը միանգամայն անթոյլատրելի տեղից, դիմացի մայթից վազելով գալիս է դէպի ինձ: Ծանօթ դէմք է, բայց տեղը չեմ բերում:

   – Հենրի~կ, եղբայր…, ես եմ Վահագը, չես յիշո՞ւմ,- ասում է նա:

   – Իսկապէս չեմ յիշում, դա դեռ ոչի~նչ…, ինչո՞ւ ես կարգ խանգարում` դիմացի մայթից այս մայթը գալու համար, չէ՞ որ վտանգաւոր է:

   – Ախր քառասուն տարի է քեզ չեմ տեսել եւ երբեք առիթ չի եղել շնորհակալութիւն յայտնել քեզ` քո մարդկային վերաբերմունքի համար:

   – Կարիք կա՞ր դրա համար վտանգի ենթարկել քեզ, ինչի՞ համար է քո շնորհա­կալութիւնը, ես ոչինչ չեմ յիշում:

   – Խօսքս քառասուն տարուայ պատմութեան մասին է: Մենք նոր էինք  եկել Պարսկաստանից ու փաստա­թըղթեր էինք լրացնելու Գրին քարտ ստանալու համար: Իմ ընկերոջ` Անդրանիկի միջնորդութեամբ դու լրացրիր մեր բազմանդամ ընտանիքի թղթերը եւ ոչ մի վարձատրութիւն չուզեցիր քո աշխատանքի համար:

   – Հա~…, այո~, Անդրանիկի անունը, որ տուիր` յիշեցի: Այն տարիներին ծանօթներին օգնում էի նման հարցերում, թէեւ շատ քիչ անգլերէն գիտէի…, Էս ո՞ւր ես շտապում էս ժամին:

   – Աւտոպուսին եմ ուզում հասնել: Ես եմ բացում խանութը: Հենրիկ ջան, ի՞նչ կը լինի, հեռախօսիդ համարը տուր: Օրերը ցրտում են, մի օր խաշի եմ հրաւիրելու ձեզ:

   – Կը տամ համարը, մինչ այդ ասա խնդրեմ, դու` պարսկահայ, ի՞նչպէս ես մաքուր հայերէնով խօսում.

   – Ասեմ, պարոն Անասեան, նախ, կինս` Հայաս­տան­ի ծնունդ է ու մասնագիտու­թեամբ էլ` լրագրող, եւ յետոյ, իմ բոլոր գործաւորները հայաստանցի են: Նրանցից էլ  սովորեցի իրենց պէս խօսել:  Քառասուն տարի է  անցել,  քիչ չէ,- փիլիսոփայում է բա-

րե­կամս:

     Թելադրում  եմ  հեռախօսիս  համարը,  ու  մինչեւ օրս «սպասում»  Վահա­գի  հեռա­ձայ­նին…:

   Վահագն ինձ յիշեցնել տուեց 40 տարուայ վաղե­մու­թիւն ունեցող կառավարական հինարկների հետ կապուած մի քանի ուսանելի հետաքրքիր մանրա­մաս­ներ: Ահա դրանցից մէկը:

  Ամերիկա ոտք դնելու առաջին շաբաթում իսկ, մեր ընտանիքը հրա­ժարուեց կառա­վարական նպաստ ստանալ եր­կու փոքրահասակ երեխաների համար:  Ես եւ Մարիե­տան բաւական ցածր աշխատաժամով անմիջապէս աշխատանքի տեղաւոր­ուե­ցինք:

      Հինգ-վեց ամիս անց, Լոս Անճելըսի Գաղթա­կա­նական Գրասենեակից (Immigration Office) մի փար­թամ պահարան ստացանք, որից յայտնի դարձաւ, որ օրինապահ ապ­­րե­լակեր­պի եւ կառավարական ն­պաստ ստացած չլինելու համար, մեր ընտա­նի­քի բոլոր անդամներին թոյլատրուած է  լրացնել  համա­պա­տասխան թղթերը եւ դիմել գրասենեակ` Կանաչ քարտ ստանալու համար:

   Դժուարանում եմ նկարագրել այն ուրախութիւնն ու խանդավառութիւնը, որ տիրեց մեր` մէկ սենեա­կանոց բնակարանում, որի մէջ կար տափակ, ճեր­մակ գոյնի դաշնամուր, որ գնել էինք իմ կազմա­կերպած առաջին համերգի եկամուտով (Հոկտ. 5, 1978, Breakfast Club, Riversid Dr., L.A.): Այդ համերգը կայացաւ, որքան էլ տարօրինակ հնչի, մեր` Լոս Անջելէս հաստատուելուց երկուսեւկէս ամիս անց: Համերգի մենակատարներն էին քանոնահար Արա Սեւանեանը, Յարութ Բամբուկչեանը եւ Մարիեթա Անասեանը:

    … Նայում եմ իւրաքանչիւր անձի համար մի քանի թերթից բաղկացած հարցարանը.- ինչպէս բոլորը, ես էլ պիտի դիմեմ փաստաբանական գրասենեակ: Ես դեռ այդ ուժը չունեմ…: – Հենրիկ, ախպերս, փորձիր դու լրացնել,- մտորում եմ ես,- կ՚անցնի` կ՚անցնի, չէ` այդ դէպքում կը դիմենք փաստաբանի:

   Ինչեւէ, մեծ դժուարութեամբ ինձ յաջողուեց լրաց­նել Գրին քարտի հարցարանները: Յաջորդ առաւօ­տեան, ժամը 6-ին  իջայ Տաունթաուն: Գաղ­թա­կա­նա­­կան գրասենեա­կում երկար սպասեցի: Վեր­­ջա­պէս բարձրախօսը յայտարարեց իմ թիւն ու պատու­հանի համարը:

   «Բարի լոյս» եմ ասում ապակու ետեւում նստած բարետես կնոջը, վերջինս բարի ժպիտով պատաս­խա­նում է իմ ողջոյնին եւ հարցնում.

   – Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել պարոն:

   – Ես…, ես բերել եմ իմ ընտանիքի անդամների հարցաթերթիկները` քրին քարտ ստանալու համար:

   – Դուք մենա՞կ էք, ո՞ւր է ձեր փաստաբանը:

   – Ես փաստաբան չունեմ, ինքս եմ լրացրել հարցա­թերթիկները, հնարաւոր է, որ սխալներ լինեն, կը ներէք դրա համար:

   – Ե՞րբ էք ժամանել Միացեալ Նահանգներ:

   – Վեց ամիս առաջ:

   – Դուք նամակ ստացե՞լ էք…

   – Այո՜, տիկին:

   – Խնդրեմ ցոյց տուէք այդ նամակը:

   Տիկինը ուշադրութեամբ ընթերցեց նամակը եւ`

   – Ես մի քանի րոպէից կը վերադառնամ,- ասաց նա,- սպասէք սրա­հում, ես ձեզ կը կանչեմ:

   Սպասումի տանջալից վայրկեաններ:

   – Մի 15-20 րոպէ անց` Պարոն Անասեան, խնդրում եմ մօտենալ 18-րդ պատուհանին, -ծանօթ, հաճելի ձայնն է.

   – Դուք հիմնականում ամէն ինչ ճիշդ էք լրացրել, միայն մէկ-երկու տեղ այսպէս պիտի գրէք,- ասաց նա ու ցոյց տուեց ճիշդ ձեւը:

   – Յաջորդ անգամին  այդպէս կ՚անեմ, կը ներէք, թէեւ դրա կա­րի­քը չի լինի:

   – Ո~չ, ինչո՞ւ…, դուք կ՚օգնէք ուրիշների, մտերիմ­ներին, բարեկամներին,  ինչո՞ւ պիտի ահագին դրամ վճարէք փաստաբաններին, երբ ինքներդ կարող էք ձեր հարցերը լուծել: Իսկ հիմա ազատ էք, կարող էք գնալ: Մէկ-երկու ամսուայ ընթացքին կ՚ստանաք ձեր քարտերը:

    Իսկապէս, մէկ ամիս յետոյ եկան մեր Կանաչ քար­տերը, այժմ հերթն եկաւ քաղաքացիութիւն ստանա­լու:

  … Նախկինում շատ աւելի հայ ընտանիքներ էին ապրում Հոլիուտում: Տարիների ընթացքում, ում ձեռ­քը «գրպանին հասաւ»` թողեց Հոլիուտը եւ հաս­տատուեց Գլենդէլում, Պըրպանքում եւ այլ` իբր հան­գստաւէտ վայրերում:

   – Չէ՜, ո՜չ, ես չգնացի, թէեւ կարող էի գնալ: Ես սիրում եմ Հոլիուտը: Սիրում եմ աղմկոտ, շարժուն քաղաք: Մենք Հոլիուտցիներս շատ չենք սիրում Գլենդէլ գնալ, եւ, եթէ գնում էլ`միայն մշակութային ձեռնարկներին ներկայ լինելու եւ մէկ էլ բարեկամ­ներին, ընկերներին այցելելու համար:

   … Արդէն յոգնել եմ քայլելուց: Բայց հոգիս խաղաղ է: Բազմաթիւ մանր-մունր երեւոյթների բովում կր­կին համոզուեցի, թէ որքա~ն քիչ բան է պէտք, որ­պէսզի մարդ ուրախ եւ երջանիկ զգայ իրեն:

 

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ