Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Ճանաչել Մարդուն… (Հեքիաթ Իրական Հողի Վրայ, «Նա Եւ Նէ» Շարքից)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 

… Երկու շաբաթ  է ինչ սկսուել է Ղարաբաղեան պատերազմը: Առաջացած տարի­քում գտնուող ամուսինները ամբողջ օրն անցկացնում են հեռուստացոյցի առջեւ ու կապոյտ պաստառին գամուած, ոգեւորութեան պահեր են ապրում Արծրուն Յովհան­նի­սեանի «Յաղթելու ենք», «Յաղթում ենք» պաշտօնական յայտարարութիւնները լսելով: Միեւնոյն ժամանակ պատերազմական գործողութիւնների ցաքուցրիւ տեսա­րաններն ու հարիւր անգամ դիտուած հայկական հին ֆիլմեր դիտելն է:

    Այսպէս կամ այնպէս գնացող-եկող չկայ, բացի դեղատնից դեղ առաքող անհաճոյ, երկարահասակ պարոնից, որը մշտապէս զլանում է գէթ առ ի յարգանք մեծահասակ­ներին «պարգեւել» Աստծոյ կողմից փոխանցուած, սովորական դարձած «բարեւ»-ն ու «բարի օր»-ը: Էդ անտէր համա­վա­րակի պատճառով էլ, տղաներն ու թոռները, պապ ու տատի ապահովու­թեան նկատառումով խու­սա­փում են այցելել իրենց:

   ՆԱ,- Հուրի~կ, արի այսօր մեզ մի քիչ քամուն տանք, հերիք է տանը մնանք, դիմակներս դնենք ու դուրս գանք, թարմանանք, եղանակն էլ` տեսնում ես, կարծես թէ ամառ լինի…, հը~, ի՞նչ ես ասում, մի բացօդեայ ճաշարանում էլ կը ճաշենք:

   ՆԷ,- Էդ ո՞նց եղաւ մարդ ջան, որ միտքդ ընկաւ տնից դուրս գալ…, բա ո՞նց էս թողնելու տելեվիզորի էկրանը: Հազար եմ ասել` շարժուիր, դուրս արի, քայլիր, թէ չէ` հա` ըստեղս ա ցաւում, ընտեղս ա ցաւում…

   ՆԱ,- Հուր ջա~ն…, կ՚ անեմ, ինչ որ ուզես կ՚ անեմ: Մերոնք յաղթում են է~, գնանք մի բացօդեայ ռեստորան ու փառաւորապէս նշենք մերոնց յաղթանակը:

   ՆԷ,- Հազար եմ  ասել, իմ անունը Հուրիկ է, Հու-րիկ: Հուրն ի՞նչ է:

   ՆԱ,- Ախր ո՞նց ասեմ Հուրիկ, «Հուրիկ»-ը մի տեսակ փոքրացնում է ենթակայի արժէքը, դու հասակն առած կին, քեզ  վայել է ՀՈՒՐ ասելը, որովհետեւ դու հուր ես,  կրա~կ, վառում` թողում, վառում` թողում…:

   ՆԷ,- Հա~, լաւ, հասկացայ, մի շփանայ, «վառում-թողում», չէ մի~…: Հիմա ասա ո՞ւր գնանք…, սպասիր, սպասի~ր, մի բան յիշեցի: Անցեալ շաբաթ սանիկդ կնոջ հետ արեւելեան տիպի ռեստորանում են եղել ու շատ գոհ են մնացել թէ աղանդերներից եւ թէ սպասարկումից: Հիմա Հրանուշին զանգեմ իմանամ հասցէն:

   ՆԱ,- (մեկուսի). Օհօ~, կրակն ընկանք, գնա~ց մի տաս րոպէ: Հրուշը մինչեւ հոլի­վուdեան հայ կեանքի վերջին նորութիւննyրը չփոխանցի հեռալարի միւս ծայրին գտնուող անձին` չի հանգստանայ: Նա մեր շրջանի ռատիոն է:

   ՆԷ,- Յոգնեցի լսելով Հրանուշին,- մեղաւոր ժպիտով ասաց Հուրիկը:

   ՆԱ,- Գիտեմ,  ուզում ես փոխանցել նրա ասածները, բայց դրա ժամանակը չէ, մեքե­նայում կը պատմես,- զայրացած ասաց ամուսինը:

   ՆԷ,- Լաւ սիրելիս,- քնքուշ դոնով պատասխանեց Հուրիկը, զգալով, որ շատախօսու-­

թեան չափն անցել է,- քշիր սիրելիս դէպի Պեվըրլի Հիլզ, ինչպէս կ՚ ուզես գնայ: Ռեստո-

րանի անունը «Վանա ծով» է, մի տեղ կանգնիր եւ բջջայինով ճշդիր հասցէն:

   Որպէս օրինապահ վարորդ, ամուսինը այդպէս էլ վարուեց: Ճշդեց հասցէն, գնալու ուղղութիւնը, սեղմեց կոճակը ու մեքենան մտաւ ընթացքի մէջ: Երկար էր ճանա­պարհը, պէտք էր զրոյցի բռնուել եւ կամ էլ` երկարանուագ սալիկը գործի դնել: Հուրիկը որոշեց երկրորդ միջոցին դիմել: Ամուսնու սիրած ֆրանսիացի երգիչ Ժո Դասանի չափազանց յայտնի երգը հազիւ սկսած. 

    ՆԱ,- Այ կնիկ, հիմա Ժո Դասան լսելու ժամանակն է՞…, հազիւ առիթ է մեր գործերի մասին խօսելու համար, մենք մի կէս ժամ ունենք մինչեւ տեղ հասնելը: Պատմիր, դու եւ Արտաշն էք զբաղւում  գրքերն առաքելու գործով, ի՞նչպէս է վիճակը:

   ՆԷ,- Ասեմ որ այնքան էլ վատ չէ, եթէ հաշուի չ՚առնենք քո գրչակից եօթ ընկերներին, որոնք յամառօրէն լռում են…

  ՆԱ, – Տարօրինակ է, լրջօրէն խորհելու առիթ է սա, իսկ  ես մեծ յոյսեր էի կապել նրանց հետ, չէ՞ որ նուիրատուութիւնը ինձ համար չէ, այլ`«Հայաստան Հիմնադրամ»ի, պատե­րազմում զոհ գնացած, բեղն ու մօրուքը հազիւ ծլած 18-19 ամեայ անփորձ, զէնք չտեսած, պատերազմում զոհուած պատանիների ընտանիքներին օգնելու համար:

   ՆԷ,- Մոռացիր Յակոբ, գուցէ նրանք այլ ճանապարհներով մեծ չափի նուիրատուներ են…, «ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ չիմանաս»,- ասում է ժողովուրդը: Պարզապէս  փորձիր լաւ ճանաչել մարդկանց: Էս տարիքում էլի նոյն միամիտն ես…: Մի իրողու­թիւն կայ, որ ուզում էի քեզնից գաղտնի պահել, բայց ինչպէս տեսնում եմ` հնարաւոր չէ, մանաւանդ որ ես էլ կամ դրա մէջ, եւ յետոյ, միեւնոյնն է, հետագայում դու այդ մասին կ՚իմանայիր:

   ՆԱ,- Գաղտնի՞ք, ի՞նչ գաղտնիք կարող է լինել այս հայրենանուէր գործում:

   ՆԷ,- Խնդրում եմ մօտենաս մայթին ու մէկ-երկու վայրկեան հանգստանաս` քանի փորձան­քի չենք եկել: Հիմա լսիր: Յիշո՞ւմ ես, մէկ շաբաթ առաջ գնացինք քո 30 տարուայ ընկերոջ` Ժորեսի շքեղ առանձնատունը` երկու գիրք վերցնելով մեզ հետ:

   ՆԱ,- Է~, տարանք, յետո՞յ ինչ, ի՞նչ է եղել որ, մէկը մնաց իր մօտ, իսկ միւսը չվերցրեց` ասելով որ, որեւէ մէկը չունի որպէսզի կարողանայ համոզել: Այդտեղ արդէն ես հասկացայ, որ նրա վրայ յոյս դնել չի լինի:

   ՆԷ,- Մի ընդհատիր, խնդրում եմ: Դու հանգամանօրէն բացատրեցիր այդ շքեղ, միանգա­մայն հաճելի ընթերցուող, Երեւանում հրատարակուած գիրքը տարածելու նպատակի մասին, բայց դիմացինդ ամբողջովին անհաղորդ ու անտարբեր, լսում էր քեզ առանց որեւէ հարցու­փորձի, առանց հասկանալու, ըմբռնելու երեւոյթի լրջու­թիւնը: Յստակ էր, որ մարդուն  չէր հետաքրքրում այդ ամէնը, ի~նչ Հայաստան, ի~նչ Ղարաբաղ: Դու սփրթնել (դէմքի գունաթափութիւն) էիր, գոյն չկար երեսիդ: Քեզ համար մի անբացատրելի երեւոյթ էր յայտնաբերուել երկարամեայ »բարեկամիդ» պահուածքի մէջ, դու հազիւ էիր քեզ զսպում, որ չբղաւես: Ես նկատեցի, որ դու ուզում ես սեղանի վրայի միւս գիրքն էլ վերցնել, բայց նկատելով իմ սաստող հայեացքը` մտափոխ եղար: Ու մենք անմիջապէս վեր ելանք սեղանից: Եթէ յիշում ես, տանտի­կինը մեզ ճանապարհելիս բարձրաձայնեց,- չգիտեմ թէ ինչ եմ անելու այդ գիրքը, ո՞ւմ եմ տալու…: Մեքենայի շարժիչն արդէն աշխատում էր: Քեզ կորցրած, ցանկացար իջնել մեքենայից ու գնալ ետ վերցնել գիրքը: Այս անգամ ցաւ պատճառելու չափ սեղմեցի ձեռքդ: Հլու, հնազանդ ենթարկուեցիր:

   ՆԱ,- Հուրիկ ջան, այն ամէնը ինչ որ ասացիր` ես այդ պատմութեան գլխաւոր հերոսներից  եմ, ես ապրել եմ այդ ամէնը, անցել դրա միջով: Ո՞րն է նորութիւնը, որին

ես տեղեակ չեմ: Հակա­­ռակ պարագային պատմածդ հեքիաթի կը նմանուի քիչ առաջուայ նկարագրութիւնը: Ուրեմն մի բան կայ, մի գաղտնիք, որին ես տեղեակ չեմ: Հիմա կարո՞ղ ենք շարժուել: Ես գայլի պէս անօթի եմ:

   ՆԷ,- Ո՜չ, չենք կարող, լսիր այդ պատմութեան շարունակութիւնը:: Ես գաղտնիք եմ պահել այս քանի օրերի ընթացքում, որպէսզի այն ասելու դէպքում չխաթարուի մեր երկարամեայ բարեկամութիւնը ընկերոջդ ընտանիքի հետ: Ախր, ես էլ եմ մինչեւ հոգուս խորքը վիրաւորուած նրանց տմարդի վերաբերմունքի համար: Հիմա լսիր թէ ինչ եղաւ:

   ՆԱ,- Ի՞նչ պիտի եղած լինի որ Հուրո ջան, եղածը` եղած է: Սրանց էլ պաս տանք` վերջանայ գնայ: Այսքան երկար տարիների ընթացքում որքա~ն ենք իբր ընկեր գտել, յետոյ` կորցրել: Այն մարդիկ, որոնց միտքը, ուղեղը, տրամաբանութիւնը (եթէ կայ իհարկէ), անցնում են ստամոքսի միջով` միայն ուտել-խմելու ժամանակ ժամանցի ընկեր եղիր նմանների հետ: Հիմա ասա տեսնեմ ինչ է եղել:

   ՆԷ,- Ուրեմն այսպէս: Ժորեսենց տուն գնալու յաջորդ օրը, առաւօտ կանուխ, երբ դու գնացել էիր բժշկի, հեռաձայնում է ընկերոջդ կինը` Վարդուհին եւ առանց բարեւ-բարի լոյսի, բառացի շարում է հետեւեալ նախադասութիւնը.

    – Հուրիկ ջան, ճիշդն ասած, չգիտեմ ինչ անեմ էս գիրքը, իմ շրջապատում ոչ ոք գիրք չի կարդում, մենք էլ երբեք չենք կարդում:

     Հազիւ եմ կարողանում զսպել զայրոյթս, որպէսզի չվիրաւորեմ ու որոշ ժամանակ լռում եմ:

   – Հը~.., ի՞նչ եղաւ Հուրիկ, չես լսո՞ւմ, ի՞նչ անեմ էս գիրքը:

   Վերջապէս, մի կերպ ինձ հաւաքելով, յանուն նպատակի կոշտ ու կոպիտ ասացի.

   – Նուիրատուութիւն արա «Հայաստան» հիմնադրամին, բաց արա գիրքը, առաջին էջից առաջ բացատրութիւն կայ, հայաստանեան ուղղագրութեամբ է ամբողջ գիրքը: Քեզ համար հեշտ կը լինի կարդալը:

   – Մէկ ա, ես բան չեմ հասկանում, մի քսան դոլար տամ կը լինի՞…

   – Ո՜չ, չի լինի…, մարդուդ հետ հենց հիմա գիրքը ետ ուղարկիր,- համարեայ բղաւոցով ասացի ես ու կախեցի ընկալուչը:

    ՆԱ,- Քսան դոլար հա~…, վա~յ անամօթ: Աւելին չ՚ասեմ, որպէսզի մարդիկ չ՚ասեն թէ որքան միամիտ մարդ եմ ես, որ նման գծուծ մարդկանց հետ եմ ընկերութիւն արել: Յետո՞յ, Հուր ջան, ի՞նչ եղաւ, եկա՞ւ Ժորեսը, գիրքը բերե՞ց:

   ՆԷ,- Այո՜, եկաւ   եւ դռան պռնկին առանց մէկ բառ իսկ արտասանելու տուեց գիրքը եւ հեռուից աշխատեցնելով Մերսետէսի շարժիչը` արագօրէն հեռացաւ:

   ՆԱ,- Տխուր է Հուրիկ, շատ տխուր: Բոլորովին տրամադրու­թիւն չունեմ որեւէ տեղ գնալու, արի ետ դառնանք, թէեւ հենա-հենա հասել ենք: Խոստանում եմ յաջորդ շաբաթ քեզ տանել այդ նորաբաց «Վանա Ծով» ռեստորանը:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ