Հինգշաբթի, 6 Մայիսի, 2021

Շաբաթաթերթ

Կատարուեց Աղօթք Գերիների Եւ Անյայտ Կորածների Համար

«Յետպատերազմեան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ,

ամուր մնանք հաւատի ու յոյսի մէջ» Գարեգին Բ Կաթողիկոս

 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ յունուարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց մասնաւոր աղօթք՝ արցախեան պատերազմի ընթացքում գերեվարուածների ու անյայտ կորածների եւ նրանց տունդարձի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում։ Պատարագի վերջում, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի,  կատարուեց մասնաւոր աղօթքը, որից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց ներկայ հաւատաւոր ժողովրդին։

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խօսքը

Գերեվարուածների Եւ Անյայտ Կորածների Համար Աղօթքի

Արարողութեան Ընթացքին

 

«Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ

Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում

Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ»։

        (Հռոմ․ Է 5)

 

 

Սիրելի հաւատաւոր հայորդիներ,

Այսօր համախմբուել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղօթք բարձրացնելու առ Աստուած արցախեան պատերազմի ընթացքում գերեվարուած եւ անյայտ կորած մեր քաջորդիների համար։ 

Մեր զինուորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զաւակների տուն վերադարձի յոյսը։ Մեր յոյսը պարզ մի զգացում, ցանկութիւն կամ լաւատեսութիւն չէ, այլ Աստծոյ հաւատարիմ սիրոյ վրայ հիմնուած վստահութիւն։ Այն երբեք չի ամաչեցնում, ինչպէս ասում է առաքեալը, քանզի Աստուած Սուրբ Հոգու միջոցով Իր սէրը սփռել է մեր սրտերում։ Այդ յոյսն է, որ մեզ զօրացնում է ջերմեռանդ աղօթելու եւ անվհատ հետամուտ լինելու գերեալ մեր զաւակների շուտափոյթ ազատութեանը, անյայտ կորածների յայտնաբերմանը։

Արցախեան հակամարտութիւնը, ցաւալիօրէն, հնարաւոր չեղաւ կարգաւորել բանակցային խաղաղ գործընթացով։ Ադրբեջանական իշխանութիւնները ռազմատենչ ոգով հակուած էին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը եւ տեղի ունեցաւ։ Պատերազմը խաթարեց տարածաշրջանի խաղաղութիւնն ու անվտանգութիւնը՝ պատճառելով մեր ժողովրդին մարդկային եւ տարածքային ծանր կորուստներ եւ անհուն վիշտ ու ցաւ։ Նոյն վարքագիծը ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են նաեւ այսօր՝ տարածքային նկրտումների հետ մէկտեղ շահարկելով ռազմագերիների վերադարձման, անյայտ կորածների որոնման եւ զոհուածների մարմինների արտայանձնման խնդիրը։ Գերութեան մէջ յայտնուած մեր զաւակները անմարդկային վերաբերմունքի են ենթարկւում, ոտնահարւում են գերեալներին վերաբերող միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը։ Անտեսւում են նաեւ մարդկային կեանքը, արժանապատուութիւնը եւ իրաւունքները արժեւորող երկրների եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների դիմումներն ու յորդորները։ Մեր կոչն ու ակնկալութիւնն է, որ արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանն ի նպաստ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի եւ Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ շէյխ ուլ իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի հետ Մեր եռակողմ հանդիպումների ոգուն համաձայն՝ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը անհրաժեշտ նպաստ բերի գերիների ազատութեան եւ զոհուած ու կորուսեալ զինուորներին առնչուած մարդասիրական գործողութիւններին։

Պատերազմի դադարեցման, խաղաղարար ու մարդասիրական գործունէութեան մէջ ներդրած անձնական ջանքերի համար Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Ռուսաստանի Դաշնութեան նախագահ տիար Վլատիմիր Փութինին։ Շնորհակալ զգացումներով եղբայրական Մեր սէրն ենք յղում Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին այս դժուարին օրերին մեր ժողովրդին եւ Եկեղեցուն ցուցաբերած զօրակցութեան համար։ Մեր գնահատանքն ենք ցանկանում արտայայտել նաեւ Արցախում տեղակայուած խաղաղապահ ուժերին եւ բոլոր կազմակերպութիւններին ու անձանց, ովքեր շարունակական միջոցներ են ձեռնարկում իրավիճակի եւ առկայ խնդիրների արդար հանգուցալուծման համար։ Միայն արդարութեան հիմքի վրայ է խաղաղութիւնը հաստատուն մնում, ինչպէս եւ վկայում է Սուրբ Գիրքը. «Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն» (Սաղմ. ՁԴ 11):

Սիրելի հաւատաւոր զաւակներ, յետպատերազմեան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հաւատի ու յոյսի մէջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհաւիրքները յաղթահարելու, դժուարութիւններին դիմակայելու եւ հայրենիքի լուսաւոր օրը կերտելու համար։ Մեր յորդորն է նաեւ մեր Սուրբ Եկեղեցու սպասաւորներին նոյն տեսլականով եւ եռանդով շարունակելու հովուական խնամք եւ կարելի աջակցութիւն ցուցաբերել պատերազմից տուժածներին եւ Աստծոյ խօսքով, Աւետարանի յոյսի ու հաւատի պատգամներով մխիթարելու գերութեան մէջ գտնուողների ու անյայտ կորածների ընտանիքներին։

Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղօթքը մեր շուրթերին, Երկնաւոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդութեան օրհնութիւնն ու օգնականութիւնը մեր հայրենիքի եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդի կեանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սէրն ու խաղաղութիւնը լինեն մեզ եւ ամէնքի հետ։ Հաւատաւոր Մեր զաւակներիդ աղօթակցութեամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասէր Փրկիչ Տէրը գերեալների, անյայտ կորածների, վիրաւորների եւ նրանց ընտանիքների համար։

Ամենագութ եւ ամենողորմ Աստուած, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկեալներին բժշկելու եւ գերիներին ազատութիւն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստուածային Քո գթառատութեամբ ողորմիր մեր գերիներին, որպէսզի ապահով եւ անվտանգ տուն վերադառնան։

Քո խաղաղութեան հրեշտակին ուղարկիր՝ զօրացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարուած կամ անյայտ կորած զինուորների վերադարձին, եւ նրանց պարգեւիր ուրախութիւնը տեսնելու իրենց սիրելիներին։

 Զօրացրու, Տէր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անյայտ կորածներին գտնելու եւ զոհուած մեր նահատակների անթաղ մամինները յայտնաբերելու եւ ընտանիքներին յանձնելու համար։

Արդ, Բարերար եւ բազումողորմ Աստուած, ունկնդիր եղիր Քեզ յուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղօթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապաւէն եղիր նրանց եւ պարգեւիր քաջութիւն ու ոգու արիութիւն դժուարութիւնների ու նեղութիւնների մէջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսաւոր օրուայ յոյսով ու հաւատով։

Ի խորոց սրտից աղօթում ենք եւ հաւատում, Ամենակալ Տէր Աստուած, որ ազատութիւն պիտի պարգեւես մեր գերեալ զաւակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպէսզի միասին՝ նրանց հետ գոհութեամբ փառաւորենք Ամենասուրբ Երրորդութեանդ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ