Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Նշուեց Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի Տօնը

Յունիսի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնը:

  Բերկրառատ օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանութիւնը, Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

  Հայր Շահէն, անդրադառնալով տօնի խորհրդին, իր քարոզում մասնաւորաբար ասաց. «Սիրելի հաւատացեալներ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տօնակարգի համաձայն յիշատակում ենք Կաթողիկէ Սուրբ  էջմիածնի օրը: Կարեւոր, յիշարժան ու նուիրական օր է եւ Եկեղեցին հաւատացեալներին ուղղակիօրէն յիշեցնում է, որ այստեղ` Արարատեան դաշտի այս փոքրիկ,  բայց նուիրական կտորում, տէր Յիսուս իջաւ, ցոյց տուեց Մայր Տաճարի` Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը, եւ դրանով իսկ նուիրագործեց ու հաստատեց այն մեծ գաղափարը, որ մենք այսօր` տասնեօթ դար յետոյ, սովոր ենք անուանել «էջմիածին»»:

Անդրադարձ կատարելով օրուայ աւետարանական ընթերցուածքին` Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց, որ ինչպէս հրեաները տաճարի նաւակատիքի տօնին կարծում էին, որ տաճարը իրենց ռազմավարական մտքի արդիւնքն է` անտեսելով նրա Աստծու կողմից իր ժողովրդին պարգեւ լինելու փաստը, այնպէս էլ մեր պատմութեան մէջ շատ մեծ եւ փոքր մարդիկ Կաթողիկէ Սուրբ Էջմիածինը համարել են  զուտ ճարտարապետութեան հրաշք, անձեռակերտ հոգեւոր-մշակութային կոթող: Սակայն Կաթողիկէ Սուրբ Էջմիածինը հայ ազգի յաւիտենական կեանքի խտացումն ու բիւրեղացումն է: Այն ոչ միայն քար է, ոչ միայն գեղեցիկ մտածուած ճարտարապետական կոթող է, ոչ միայն տարածք է եւ հոգեւորականաց դասը, այլ  նախ եւ առաջ մեր հոգեւոր հայրենիքի խտացումն է:

««Ես տալիս եմ նրանց յաւիտենական կեանք» (հմմտ․ Յովհ․10․28):  

Այսօր էլ Քրիստոսի այս խօսքերը Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնին հնչում են մեր ականջներում: Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգեւոր հայրենիքն է, ադամանդեայ խտացումն այն բոլոր նուիրական արժէքների, որ մենք ունենք: Հոգեւորականները` եպիսկոպոսից մինչեւ սարկաւագ, Կաթողիկոսից մինչեւ դպիր, ուխտում են ծառայել Սուրբ Էջմիածնի վեհ գաղափարին: Հաւատացեալները` Սփիւռքից եւ թէ Հայաստանից իրենց կեանքի վեհ նպատակն են համարում գալ եւ աղօթել Սուրբ Էջմիածնի պատերի տակ: Այս բոլորն այսօր մեզ յանձնուած յաւիտենական կեանքն է»- հաստատեց Հայր Շահէն` խօսելով նաեւ Սուրբ Էջմիածնի` հայ ժողովրդի կեանքում ունեցած դերակատարութեան մասին:

Վերջում Հայր Սուրբը յորդորեց հաւատացեալներին միանալ Սուրբ Էջմիածնի պայծառութեան, նրա գահակալի եւ հոգեւորականաց դասի անսասանութեան համար վերառաքուող աղօթքին` հայցելով Տիրոջից, որ անշարժ պահի հայոց յաւիտենականութեան խորհրդանիշ Մայր Աթոռը:

 Սուրբ Պատարագի աւարտին, Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի հանդիսապետութեամբ, կատարուեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:

  Ներկայ հաւատացեալ ժողովուրդը եւ եկեղեցականներն աղօթք բարձրացրեցին առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շէնացման, անսասանութեան եւ հայոց կեանքում իր սրբազան առաքելութեան յարատեւութեան համար:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ