Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Պորտաբոյծ Հայը

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

(Պատմուածք)

… Հայկական տարբեր վայրերում (խանութ, հաւաքատեղի, եւ այլն) յաճախ եմ հանդիպում անծանօթ մարդկանց, որոնք ճանաչում են ինձ ու փորձում մտերմանալ: Պատահում է, որ ոմանք (ոչ թէ` ՈՐՈՇՆԵՐ,- ՀԵՆ. Ա.) հետագայում դառնում են մտերիմ ընկերներ:

   Սակայն լինում են նաեւ ծանօթութեան դէպքեր, որոնք ծանր հետք են թողնում իմ մտապատկերում: Նման «ծանօթներին» աշխատում եմ ջնջել իմ յիշողութիւնից, բայց այս ծանօթութեան դէպքը հազիւ թէ կարողանամ մոռանալ:

   Հոլիվուդի մարզասրահից դուրս գալիս, դիմացս ելաւ անծանօթ մի տղամարդ, որն ակնյայտօրէն շտապում էր մարզասրահ մտնել, ու ակամայից, դռների արանքում, առանց զգալու` կոպտօրէն հրեց ինձ: Չէի հասցրել դիտողութիւն անել, երբ վերջինս շրջռւելով դէպի ինձ` ասաց.

– Ներողութիւն պարոն…, օ~…, պարոն Անասեա՞ն, մայեստրօ, այդ դո՞ւք էք, ներե-ցէք…, ես սրբիչս մոռացել եմ ներսում, ես…, նորից կը ներէք…, ես երկու րոպէից կը վերադառնամ, մի քիչ կը զրուցենք, լա՞ւ…, ի հարկէ, եթէ ժամանակ ունէք:

   Իսկապէս էլ, մի քանի րոպէ անց երեւաց մեր հայրենակիցը:

   – Ես ամէն օր եմ գալիս այստեղ, բայց ձեզ երբեք չեմ տեսել,- ասաց նա:

   – Իսկ ես` ոչ միշտ: Ընդհանրապէս` շաբաթը երկու-երեք անգամ, պարզապէս, երբ ժամանակ ունենամ:

   – Ես միշտ կարդում եմ ձեր գրութիւնները, տելեվիզորով էլ էք յաճախ երեւում: Չափազանց ուրախ եմ ձեզ մօտիկից ծանօթանալու համար:

   Մի քիչ դէսից-դէնից խօսելուց յետոյ, ներքին մի ձայն ինձ յուշեց, որ այս հայրենա-կիցը մեքենայ  չունի, եւ, երեւի օգնութեան կարիք ունի, ուստի անմիջապէս հարցրի.

   – Դուք մեքենայ ունէ՞ք:

   – Իհա՜րկէ ունեմ, էն էլ` երկուսը, մէկը` «Մերսեդէս», իսկ միւսը` «Իմպալա», բայց միշտ նախընտրում եմ ավտոբուսով գնալ-գալ,  այդպէս շատ էժան է նստում…

   – Սպասիր բարեկամ, Հոլիվուդում չե՞ս ապրում, հեռուս ո՞րն է: Ավտոբուսն էլ էժան չէ,- փորձում եմ հակադրուել խօսակցիս:

– Չէ~, ի՞նչ էք ասում,  մեզ ոչինչ գնով ավտոբուսի տարեկան տոմս է հասնում, դեռ հետն էլ որոշ գումար` տակսիից օգտուելու համար: Ես եւ կինս թոշակառու ենք, արտօնեալ պայմաններ ունենք: Բժշկի մօտ էլ գնում ենք իրենց ուղարկած մեքենայով: Մեր մեքենան օգտագործում ենք միայն հեռու տեղեր գնալիս, կամ`Ամերիկայի տարբեր շրջաններ ու քաղաքներ ճամբորդելիս: Այստեղի գործերի համար էլ` պատահում է տակսի ենք պատուիրում, դրա համար էլ է կառավարութիւնը վճարում: «Հոգին սիրեմ Ամերիկայի»,- այսպէս են ասում չէ՞ Ախպարները…

   – Դէ~~.., դէ~…, այդպէս չ՚եղաւ բարեկամ, եթէ նման ձեւով ենք շարունակելու մեր խօսակցութիւնը` ուրեմն արի այս վայրկեանին իսկ հրաժեշտ տանք միմեանց,- հազիւ զսպելով արգահատանքի զգացումս,- ասացի ես:

   – Ե~ս…ես…, ես ներողութիւն եմ խնդրում պարոն Անասեան, ես պարզապէս կա-տակի համար ասացի:

   – Խնդրում եմ նման կատակ այլեւս չանել ինձ մօտ: Մենք շատ ենք տուժել այդ բառի համար, եւ, դժբախտաբար, մինչեւ օրս էլ այդ արտայայտութիւնը նստած է բազմաթիւ հայաստանցիների հոգեբանութեան մէջ:

   Ամօթահար, չիմանալով ինչպէս արդարանալ իր արտասանած բառի համար, պարոնը սպասում էր իմ խօսքին: Բաւական հետաքրքրեց ինձ այդ մարդը` իր ընդգծուած հաշուենկատութեամբ, ուստի` որոշեցի առաջ գնալ ու փորձել է՜լ աւելի բացայայտել նրա` որպէս մարդու, ՀԱՅ մարդու կերպարը:

   – Հիմա ի~նչ, ավտոբուսո՞վ էք գնալու տուն,- իբր մոռացած տհաճ խօսակցութիւնը,- հարցրի:

   – Այո…, ինչպէս միշտ,- հազիւ լսելի, նեղացկոտ ձայնով ասաց նա:

   – Դէ լա~ւ, լա~ւ, քիթդ մի կախիր, այդպէս չի կարելի: Մոռացէք ամէն ինչ: Ես մեքենայով եմ, ի՞նչպէս կարող եմ ինձ թոյլ տալ, որ դուք ավտոբուսով գնաք, եկէք, եկէք միասին գնանք, ես իմ մեքենայով ձեզ տուն կը հասցնեմ: Առիթ էլ կ՚ունենանք երկար զրուցելու:

   Մի քիչ չեմ ու չում անելուց յետոյ պարոնը համաձայնուեց:

   – Ամրակապիչը կապէք,- մեքենան շարժուելուց յետոյ ասացի պարոնին, տեսնելով, որ նա միտք չունի այն ամրացնել: Մեքենայի մէջ բացուեց իր «հետաքրքիր» եւ «ուսանելի» պատմութեան կծիկը: Պարոնը (անունը հարմար չեմ գտնում հրա­պարակել, նրա նմանները քիչ չեն մեզանում) իր պատմութիւնը սկսեց Երեւանից.

  – Այնտեղ ես լաւ գործի տէր էի` որպէս խանութի վարիչ, քսան տարուայ ընթացքին հսկայական գումար էի կուտակել: Ինչի՞ս էր պէտք այդ գումարը, եթէ այն չէի կարող գործողութեան մէջ դնել: Մի խօսքով` մեռած կապիտալ…Որոշեցի իմ ամբողջ կարողութիւնը վերածել ոսկու եւ շատ թանկագին խալիներ (գորգեր) գնելուն: Եթէ յիշում էք, անցեալ դարի 60-ականներին բացռւեց Պէյրութի ճամփան: Սա մի լաւ առիթ էր դրամս գործողութեան մէջ դնելու համար: Մի լիբանանահայ մեծահարուստի միջոցով եւ Երևանի մաքսատան հետ համագործակցելով` կարողացայ իմ ողջ հարստութիւնը եղածի պէս տեղափոխել Պէյրութ, ուր ապրեցինք գրեթէ երկու տարի:

   – Իսկ յետոյ ի՞նչ եղաւ, կարողացա՞ք հարստութիւնը տեղափոխել Ամերիկա,- ընդ-հատելով զրուցակցիս խօսքը,- հարցրի ես:

   – Այո՜, բարեբախտաբար մի մեծ գումար կաշառք տալով, բարեկամներիս օգնութեամբ, 1976 թուականին մի գեներալ ամէնը հասցրեց Լոս Անջելես:

  – Եւ, ի հարկէ, ամբողջ ունեցուածքը դրեցիք գործի մէջ,- համոզուած ասացի ես:

– Ո՜չ, այդպէս չէ: Անմիջապէս երկու տուն գնեցի նոյն հողամասի վրայ, քիչ յետոյ կը տեսնէք, մէկը` տղաներիս համար, իսկ միւսը` իմ եւ կնոջս: Այն տարիներին շատ էժան էին տները:

   – Յետոյ, յետոյ~, ի՞նչպէս դասաւորուեց ձեր կեանքը:

   – Ես, ճիշդ է, շատ փող ու ոսկեղէն ունէի, բայց որոշեցի իմ կարողութիւնը ծառայեց­նել իմ զաւակների բարձրագոյն ուսմանն ու մեր` իմ եւ կնոջս հանգստին: Ես բիզնէսի գլուխ չունեմ:

   – Այդ ինչպէ՞ս, չէ՞ որ, ձեր ասած կարողութեամբ կարելի էր յաջող բիզնէսի դէպքում կրկնապատկել, գուցէ եւ  տասնապատկել եղածը, ինչո՞ւ չմտածեցիք այդ մասին:

  – Չէ~, ախպեր ջան, բիզնեսն իմ բանը չի: Ես գոհ եմ իմ որոշման համար: Իմ մտածած ձեւով ես հասել եմ իմ նպատակին: Տղաներս բարձրագոյն կրթութիւն են ստացել, դոկտորական են պաշտպանել,  ունեն իրենց սեփական գործը: Երկուսն էլ ամուսնա-ցած են: Ունեմ թոռներ, էլ ի՞նչ է պէտք մարդուն:

   – Այդ ամենը լաւ է, իհարկէ: Կա դրամ, տուն-տեղ, թոռներ: Հաւանաբար ձեր զբաղ-մունքն էլ ձեր թոռներն են, այո՞…

   – Չէ~~, ի՞նչ էք ասում, հազարից մէկ ենք տեսնում մեր թոռներին, էն էլ` տօնից տօն:

   – Ի՞նչպէս թէ տօնից տօն, ինչ է, նրանք Լոս Անջելեսում չե՞ն ապրում, զարմացած հարցրի ես:

   – Տղաներս իրենց տներն ունեն Բըրբանկի եւ Գլենդէլի սարերում: Մեծ տղաս հեռա-նալիս ասաց. «Հայրիկ, հերիք է տանջուէք մեզ համար: Հանգստացէք եւ ապրէք միայն ձեզ համար»: Իմ տանը կից միւս տունն էլ վարձով եմ տուել:

   Խօսակցիս վերջին պարբերութիւնից յետոյ, որոշ ժամանակ երկուսս էլ լուռ էինք: Իւրաքանչիւրս իր մտքերի հետ: Լռութիւնը խախտեց բարեկամս.

   – Հեն ա. հեն ա, հասնում ենք պարոն Անասեան, ահագին նեղութիւն տուի ձեզ:

   – Ո~չ, ի՞նչ էք ասում, ինձ համար հաճելի էր ձեզ հետ զրուցելը…, այնուհանդերձ, կարելի՞ է մի հարց տալ, ինչպէ՞ս էք անցկացնում ձեր ժամանակը, կարդում եք` հասկացանք, իսկ հայկական երեկոների, համերգների, թատրոն, բա~ն… գնո՞ւմ էք:

   – Ճիշդը որ ասեմ, պարոն Անասեան, ոչ մի հայկական ձեռնարկի չենք եղել, սակայն ասել չի, որ տանն ենք նստում: Գրեթէ քառասուն տարի, ես ու կինս մշտապէս շրջա-գայութեան մէջ ենք: Շրջել ենք գրեթէ ողջ աշխարհը: Համարեայ երկիր չի մնացել, որ եղած չլինենք: Էլ` ծովով, օդանաւով, երկաթուղով: Միայն Մեքսիկոյում տասներկու անգամ ենք հանգստացել:

   – Իսկ Հայաստան երբեւէ գնացե՞լ էք, չէ՞ որ քառասուն տարի է անցել ձեր հրաժեշտի օրուանից, դուք ձեր հայրենիքի անունը չտուիք…:

   Այստեղ մի պահ լրջացաւ մեր պարոնը` մինչ այդ հռետորական բարձունքից իմ առջեւ փռելով աշխարհի քարտէզը:

   – Ոչ…, չեմ գնացել,- մեղաւոր ժպիտով ասաց նա ու աւելացրեց,- մենք ոչ ոք չունենք այնտեղ, գնամ ի՞նչ անեմ…

   Սա արդէն չափից դուրս էր: Հազիւ զսպելով ինձ, որպէսզի չբղաւեմ` ասացի.

   – Բա հայրենիքը, Երեւանը, քո ծննդավայրը, քո հողը…, բա դրանք ոչինչ չ՚արժե՞ն…, չէ՞ որ դրանց շնորհիւ, այնտեղ ապրող մարդկանց, այդ թւում նաեւ` ԱԽՊԱՐՆԵՐԻՑ շորթած դրամներով ես միլիոններ դիզել, ու նրանց բարեկամների օգնութեամբ էլ դրանք հասել են Ամերիկա:

   Ոչ մի խօսք, ոչ մի պատասխան: Արդէն տեղ ենք հասել: Պարոնը ձեռքը գցել է բռնակին ու առանց հրաժեշտ տալու, փորձում է իջնել մեքենայից, իսկ ես, հեռացնում եմ նրա ձեռքը բռնակից ու ինքս եմ բաց անում դուռը և համարեայ բղաւելով, աչքերս մեխելով նրա աչքերի մեջ` հարցնում եմ.

   – Իսկ Լիբանանի եւ Սուրիայի քո սովեալ հայրենակիցներին, քո իսկ բառապա­շարով` Ախպարներին դրամ ուղարկո՞ւմ ես…

   Մարդուկը լուռ, առանց մի բառ ասելու, իջնում է մեքենայից ու քայլերն ուղղում դէպի իր` ապարանք յիշեցնող բնակատեղին:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ