Չորեքշաբթի, Նոյեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Մշակութային Արձագանգ. Յաղթանակած Հայուհին. Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեան

Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը հանդիսանում է բազմաթիւ հանրապետական, միջազգային ու համաշխարհային մրցոյթների յաղթող:

Պատուով է ներկայացնում Հայաստանն ու հայ մշակոյթը ու միշտ փայլում իր բարձր կատարողական արուեստով:

2020թ.-ին կայացած համաշխարհային World Folk Vision Global Cultural Initiative մրցոյթ փառատօնում գրանցել էպատուաւոր յաղթանակ`արժանանալով Գլխաւոր մրցանակի «Գրան պրի», աշխարհի ժողովուրդների երաժշտութիւն  անուանակարգում: Այս մրցոյթը իր մասշտաբներով  զիջում է միայն օլիմպիական խաղերին,  մասնակցել  են  115  երկրի  3950  մասնակից,  եղել է ռեկորդային քուէարկութիւն: 

Յաղթանակը որոշուել է ժյուրիի եւ  քուէարկութեան 50/50 արդիւնքով:  Սա շատ կարեւոր ձեռքբերում է,  քանի որ առաջին անգամ պատմութեան մէջ  հայկական քանոն նուագարանը ՍայաթՆովայի «Էշխեմեդ»ով` Մարիաննայի  հոգեզմայլ  կատարմամբ յաղթանակ գրանցեց:

Մարիաննան իր մասնակցութիւնն է ունեցել մի փառատօնի, որը նուիրուած է  եղել տաբլայի վարպետ  Սթալվարդ  Փանդիտ Չատուրի 95-ամեակին  Հնդկաստանում`24 ժամ հնդկական հեռուստաընկերութեամբ հնչել  է երաժշտութիւն  տարբեր  երկրների արտիստների կողմից,  նուիրուած իրենց վարպետին, որից մէկժամը յատկացուած է եղել մեր հայուհուն: 

Հնդկական մէկ այլ հեռուստաընկերութեան ծրագրի տնօրէնը նկատելով`  Մարիաննային երաժշտութեան համաշխարհային օրը, ներկայանալու հրաւէր է  ուղարկում: Այնուհետեւ քանոնահարուհուն առաջարկում են մասնակցել  միջազգային մրցոյթի:

Օրեր առաջ Հնդկաստանում կայացա միջազգային մրցոյթում Մարիաննա  Գէորգեանը արժանացել է Առաջին  մրցանակի եւ յատուկ մրցանակի  Երաժշտութեան դեսպան: Մրցոյթը միջազգայինէ եղել, մասնակցել են 200ից աւելերաժիշտ բազմաթիւ երկրներից:  Մեր հայրենակցուհին միակ մասնակիցն է  եղել, ում յատուկ մրցանակ են շնորհել:

Ապրելով ու ապրեցնելով հայ մշակոյթը,  նա ջանասիրաբար փորձում է  ինքնուրոյն քայլեր ձեռնարկել օտար  ազգին ներկայացնելու ազգայինը, մեր  անգին գոհարները: Մարիաննան ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին  հայ երաժշտութիւնն ու մշակոյթը, այլ նաեւ այլ ազգի երաժիշտներին է  սովորեցնում ու իրենց հետ ներկայացնում:  Քանոնահարուհին համաճարակի ընթացքում իրականացրել է մինախագիծ, որի բուն նպատակն է եղել, որ աշխարհը նուագի ու երգի հայերէն:

Երաժիշտը նախագծի շուրջ համախմբել է աշխարհի 30 տարբեր երկրներից  մասնակիցներ, որոնք նուագել ու երգել են բացառապէս հայկական երգ-երաժշտութիւն, իրենց ազգային ու բացառիկ նուագարաններով (կորա, էրհու,  սիթառ, պիպա, զոնգրուան, տաբլա, մակոտո, բերանի հարփ եւ այլն):  Օտարերկրացիներին հետաքրքրել է ոչ միայն երաժշտութիւնը, այլեւ  Հայաստանը:

Մարիաննա Գէորգեանը նուագել է հնդիկ,  չինացի, ֆրանսիացի, նիգերիացի,  ճապոնացի, անգլիացի, ամերիկացի, աւստրալիացի, մեքսիկացի, եգիպտացի,  իտալացի, պարսիկ, գերմանացի, շուէդ, չեխ երգիչ-երաժիշտների հետ միայն հայկական երաժշտութիւն: Սա ի դէպ բացառիկ  երաժշտական տաղանդ է եւ մեծ  հայրենանուէր առաքելութիւն:

Մարիաննա Գէորգեանը իր քանոնով տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով  աշխարհին հասանելի է դարձրել հայկական ժողովրդական երգ-երաժշտութիւնը: Եւ սոյն ռեկորդը գրանցուել է ՀՀ «Դիւցազնագրքում»  2020թ.:

Մի կարեւոր նախագիծ եւս իրականացրել է քանոնահարուհին`«Սարի աղջիկ»:  Գլխաւոր նպատակը, որ այս երգը օտար ազգը ընկալի այլեւս հայկական, քանի  որ փաստացի նոտաները Կոմիտասի ձեռագրով են գրառուած 1913 թ.ին  Էրիվանի նահանգի Սուրմալու գաւառում: Ըստ Մարիաննա Գէորգեանի մեծ  ոգեւորութեամբ են համաձայնել իր երգիչ, երաժիշտ ընկերները իրականացնել  այն: Միացել են Անգլիայից, Մեքսիքայից, Թունիսից, Վաշինգթոնից, Իրաքից,  Հնդկաստանից, Մարոքից, Ճապոնիայից, գանատայից, Աւստրալիայից,  Պանգլադեշից, ԱՄՆ-ից:

Ազգային մշակոյթը պահպանելու եւ զարգացման գործում նպաստելու համար  նրան են շնորհել ՀՀ ՊՆ ֆիդայինների կողմից «Սայաթ-Նովա» մեդալ:  Ոստիկանութեան միջազգային ասոցիացիայի կողմից մեդալ: 

«Ալմաստ» մշակութային կենտորնի կողմից «Նաղաշ Յովնաթան» մեդալ:  Բազմաթիւ հասարակական կազմակերպութիւնների կողմից ստացել է շնորհակալագրեր ու պատուագրեր, բոլոր միջոցառումներին քանոնով իր շքեղաշքուք  կատարումները նուիրելու համար:

Համամարդկային երաժշտի բարձր արուեստից ոգեշնչուած նրան են ձօնուել  բազում բանաստեղծական շարքեր`մեր մեծանուն արուեստագէտների կողմից,  որոնք զետեղուած են գրքերում: Կտաւներ են նուիրել թէ՛ հայ եւ թէ՛  օտարերկրեայ յայտնի գեղանկարիչներ`իր եւ նուագարանի պատկերով, անգամքանդակել են քանոնահարուհուն`իր նուագարանով:

Արեւշատ Աւագեանի ձօն բանաստեղծութիւնը.                                

ՔԱՆՈՆԱՀԱՐԸ

Մեղեդիները հնչում են ելեւէջում ու սփռւում են

Լռութեան մաքրամաքուր միջավայրը լցնելով

Ուրախութեան ու բերկրանքի ոգեշնող նրբերանգներով…

Մեղեդիացած խօսքը, գունագեղ զգացմունքը,

Ապրումը կենսաբեր ու ապրեցնող հաճոյքի նման,

Լցւում են մեր էութեան մէջ…

Նուրբ ու զգայուն հայուհու մատների տակ

Կեանք են առնում ականջալուր դարձող լուսաշար ձայները…

Գեղեցկադէմ հայուհու փորձառու մատների տակ

Հայախօս առոգանութեամբ հնչում են քնարի զգայուն լարերը…

Մարիաննա Գէորգեանի քանոնը չի լռել անգամ պատերազմի օրերին, երբ  կեանքի ու մահուան կռիւ էր գնում, այն հնչել է, որպէս աղօթք, որպէս կեանքի փարոս:

Մարիաննա Գէորգեանը սովորել ու աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան  երաժշտանոցը` բակալաւրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա գերազանցութեամբ: Տաղանդաշատ երաժիշտը ներկայումս Կոմիտասի անուան կամերային երաշտութեան տան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի (գեղ. ղեկ. Ս. Երկանեան) մենակատար քանոնահարուհին է:

 ԼիլիՅան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ