Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Իւրայատուկ Պատմական Գիրք

            ՖԵԼԻՔՍ ՄՈՎՍԻՍԵԱՆ (*)

Սիրիայի Հալէպ քաղաքում ծնուած, Մայր Հայաստանում բարձրագոյն կրթութիւն ստացած, Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետի  շրջանաւարտ Յովսէփ Նալպանտեանը շուրջ 32 տարի հայոց լեզու, գրականութիւն և պատմութիւն  է դասաւանդում Սփիւռքում: 1993թ. հոկտեմբերից նա բնակութիւն է հաստատել Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Գալիֆորնիայի Սթուդիօ Սիթի քաղաքում: Ներկայումս դասաւանդում է Մաշտոց Գոլեճում և  Պեվըրլի Հիլզի լեզուաբանական միջազգային Գոլեճում: Սփիւռքի հայցորդների կրթութեան և դաստիարակութեան գործի նուիրյալ պարոն Յովսէփ Նալպանտեանը հետաքրքրութիւնների լայն շրջանակ ունի, որը սերտօրէն առնչւում է յատկապէս հայոց լեզուին, գրականութեանը և պատմութեանը: Մասնագիտական  հմտութիւններն ու կարողութիւնները նա յաջողութեամբ համատեղում է գրականագիտական ուսումնասիրութիւնների, թարգմանչութեան,  հրատարակչութեան և հասարակական գործունէության հետ: 2000 թուականից ի վեր նա հեղինակել, խմբագրել, կազմել ու հրատարակել է 25 գիրք՝ ավելի քան 26 հազար տպաքանակով: 2005թ. նա իր տիկնոջ հետ հիմնել է «Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան» մատենաշար և մինչ օրս հրատարակել 53 անուն գիրք: Յ. Նալպանտեանը խմբագրական և հրատարակչական գործունէութիւնից զատ անչափ շնորհակալ ու դրուատանքի արժանի մէկ այլ գործ է անում: Վերջին տարիների ընթացքում նա Սփիւռքի և Հայաստանի դպրոցներին, ինչպէս նաև բարձրագոյն ուսումնական հաստատութիւններին և բազմաթիւ գրքասէր մարդկանց նուիրել է աւելի քան 14 հազար գիրք: Լոս Անճելըսի մեր հայրենակիցները Յովսեփ Նալպանտեանին գիտեն նաև որպես «Ամերիկահայ գրքի պատմութիւն», «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» ուսումնասիրությունների և եռահատոր «Հայկական պատմըւածքներ» ու «Սփյուռքահայ  պատմուածքներ», «Սիրոյ մատեան», «Մեսրոպ Մաշտոց. մեծասքանչը» գրքերի հեղինակ:

Գրող, հրատարակիչ, թարգմանիչ և խմբագիր Յովսէփ Նալպանտեանի աշխատասիրութեամբ 2018թ. հրատարակուել է «Միջազգային պատմութիւն. Ժամանակագրություն (1789-2015)» անուանումով ինքնատիպ գիրքը՝ հանդէս գալով նաեւ որպէս պատմաբան: Այն իսկապէս գնահատելի աշխատանք է, որի մասին ստորեւ ներկայացնում ենք մեր դիտարկումները:

Ժամանակագրութիւնը (լատիներէն՝ chronologia, հին հունարէն՝ chromos-ժամանակ և  logia-գիտութիւն) անցեալի իրադարձութիւնների հերթականութեան փաստացի սահմանումն է: Այն պատմական գիտութեան ժանր է, որը ներառում է երկրի պատմութիւնը և իրենից ներկայացնում է պատմական անցքերի շարադրանքն ըստ տարիների: Հաւատարիմ մնալով այս սկզբունքին` Յ. Նալպանտեանը կազմել է համաշխարհային պատմութեան ժամանակագրութիւն: Հեղինակը գրքի «Երկու խօսքում» նշում է, որ իր կազմած միջազգային պատմութիւնը ժամանակագրական առումով ընդգրկում է 1789-2015 թվականները: Նրա կարծիքով միջազգային ժամանակակից պատմությունը սկսվում է XVIII դարի Ֆրանսիական յեղափոխութիւնից: Սա  նոր պատմութեան սկզբնաւորման մասին տարածուած տեսակէտ է արդի արեւմտեան պատմական գիտութիւնում, թէև միակը չէ: Նոր պատմութիւն, կամ աւելի ճիշդ նոր ժամանակ հասկացութիւնը եւրոպական պատմական մտքում երեւան եկաւ XVI դարում, երբ Ֆրանսացի մտածող Ժան Բոդենը «Պատմութեան ուսումնասիրութեան հեշտ մեթոդ» աշխատութիւնում իր ապրած ժամանակն անուանեց նոր ժամանակ, կամ նոր պատմութեան սկիզբ: XIX դարի սկզբում գերմանացի նշանաւոր փիլիսոփայ Գ. Հեգելը համաշխարհային պատմութիւնը ներկայացնում էր որպէս ինքնազարգացող սկզբնական համաշխարհային ոգի, որ նոր ժամանակի (Die neue Zeit) սկիզբը համարում էր Ռեֆորմացիան (բարեփոխութիւն): Այս մօտեցումը պաշտպանում էր ռուս լիբերալ պատմաբան Ն. Ի. Կարեևը՝ նոր ժամանակի տեւողութիւնը հասցնելով մինչեւ 1914թ.՝ Առաջին աշխարհամարտի սկիզբը:

XIX դարում նոր պատմութեան սկիզբը ամերիկեան պատմագրութիւնում համարում էին աշխարհագրական մեծ յայտնագործութիւնները՝ յատկապէս Ամերիկեան մայրցամաքի յայտնաբերումը Քրիստաֆոր Գոլոմպոսի կողմից:

Ֆրանսիացի պատմաբան Ռոլան Մունյեն «XVI-XVII դարեր: Եւրոպական քաղաքակրթութեան առաջընթացը և Արեւելքի անկում (1492-1715)»  ուսումնասիրութիւնում նոր ժամանակի (նոր պատմութեան) սկիզբը նոյնպէս համարում է ամերիկյան մայրցամաքի յայտնագործումը: Ժամանակակից պատմական գիտութիւնում նոր պատմութեան սկզբնաւորման մասին միասնական մօտեցում չկայ: Ֆրանսիական պատմագրութիւնում ամրագրուած է այն կարծիքը, որ XVIII դարի Ֆրանսիական յեղափոխութեանը յաջորդած ժամանակաշրջանը պէտք է համարել ժամանակակից պատմութիւն: Անգլիական պատմական գիտութիւնում մեր օրերում նոր ժամանակների պատմութեան վերաբերեալ գործածւում են հետեւեալ եզրոյթները՝ Modern history (նոր պատմութիւն), Contemporary history (ժամանակակից պատմութիւն) եւ Recent history (օրերս տեղի ունեցած պատմութիւն): Գերմանական պատմագրութիւնում դա անուանում են պատմական ժամանակ  (zeit geshichte): Ինչ վերաբերում է հայոց պատմութեան նոր ժամանակի սկզբնաւորմանը, ապա մեր կարծիքով այն պէտք է համապատասխանեցնել համաշխարհային պատմութեան տուեալ ժամանակաշրջանի իրենց նշանակութեամբ դարակազմիկ դէպքերին: Հայոց պատմութեան համար առաւել նշանակալից անցքերից մէկը պետք է համարել 1465թ. հայոց թագավորութեան վերականգման փորձը, երբ Սմբատ Արծրունի Սեֆեդինեանը Ախթամարում օծուեց թագաւոր: Միւս կարեւորագոյն իրադարձութիւնը հարկաւոր է դիտարկել 1547թ. Էջմիածնի ժողովը, որտեղ ձեւաւորուեց Հայաստանի ազատագրման գաղափարը: Դրան յաջորդած ժամանակաշրջանում Եւրոպական մի քանի միապետերի հայոց կաթողիկոսների յղած հինգ «Աղերսագրերն» ու նրանց բանակ-ցութիւնները հիմք են տալիս պնդելու, որ հայոց պատմութեան նոր ժամանակների սկիզբը պէտք է համարել հայ ազատագրական պայքարի գաղափարի ձեւաւորումը և այդ ուղղութեամբ առաջին քայլերը:

Այս մօտեցմամբ դիտարկելով Յ. Նալպանտեանի գիրքը՝ կարող ենք արձանագրել, որ հեղինակը շնորհակալ գործ է արել հայոց պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները համաշխարհային պատմութեան համատեքստում ներկայացնելու ուղղութեամբ: Գիրքը բաւական ծաւալուն է (բաղկացած 719 մեծադիր էջից), իր տեսակի մէջ եզակի, քանի որ շարադրուած է արևմտահայերէն և դասական ուղղագրութեամբ։ Հանրագիտարանի տպաւորութիւն  թողնող այս ինքնատիպ գրքում տեղ են գտել XVIII-XXI դարերի համաշխարհային պատմութեան գրեթէ բոլոր կարեւորագոյն իրադարձութիւնները: Հեղինակն իր աշխատասիրած գրքի ժամանակագրութիւնը սկսում է XVIII դարի մեծագոյն իրադարձութիւնից՝ 1789թ. Յուլիսի 14-ին Փարիզում Բաստիլի ամրոցի գրաւումից, որով ոչ միայն Ֆրանսիայի, այլև համաշխարհային պատմութեան մէջ բոլորովին նոր էջ գրուեց: «Ազատություն, հաւասարութիւն, եղբայրութիւն» կարգախօսով ընթացած Ֆրանսիական հեղափոխութիւնը էական ազդեցութիւն թողեց համաշխարհային քաղաքականութեան յետագայ ողջ ընթացքի վրայ, փոխեց Եւրոպայի  քաղաքական պատկերը: Կարեւորելով Ֆրանսիական յեղափոխութեան խաղացած դերը եւրոպական քաղաքական գործընթացների վրայ՝ Յ. Նալպանտեանը աշխարհում տեղի ունեցած իրադարձութիւնները ըստ ժամանակագրութեան, սկսում է եւրոպական պատմական անցքերից: Եւրոպային յաջորդում են Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, արաբական աշխարհում եւ անգամ հեռաւոր Աւստրիալիայում տեղի ունեցած յոյժ կարեւոր իրադարձութիւնները: Կարեւորելով դրանք ընթերցողներին ներկայացնելը Յ. Նալպանտեանը գրքում մեծ տեղ է յատկացնում տուեալ տարում Հայոց աշխարհում կատարուած իրադարձութիւններին: Դրանք բազմաբնոյթ են եւ վերաբերում են ոչ միայն պատմութեանը, այլեւ հայ գրին, լեզուին, գրականութեանը, գիտութեանը, արուեստին, երաժշտութեանը, եկեղեցուն, ինչպէս նաեւ հայոց մեծերին, նշանաւոր ու անուանի դէմքերին: Այդ ամէնը Յ. Նալպանտեանի գիրքը դարձնում է իւրատեսակ խճանկար՝ իր բազմագունեղութեամբ, որն ընթերցւում է հետաքրքրութեամբ, մտքով մարդկանց տանելով պատմութեան քառուղիներ և  հեռաւոր անցեալ:

Յ. Նալպանտեանի աշխատասիրած «Միջազգային պատմութիւնը» գնահատելի է նաեւ նրանով, որ հեղինակը հաւաստի տեղեկութիւններ է տալիս 200 տարուց աւելի մի ժամանակաշրջանում տեղի ունեցած հազարաւոր պատմական դէպքերի ու իրադարձութիւնների մասին, առանց որոնց հնարաւոր չէ պատկերացնել XVIII-XXI դարերի համաշխարհային պատմութեանը: Ընդսմին, հեղինակը չի մոռանում դրանցից զատ յիշատակել հարիւրաւոր անուանի մարդկանց, այդ թւում՝ պատմութիւն կերտած բազմաթիւ անհատների, միապետերի, կառավարիչների, ականաւոր պետական ու քաղաքական դէմքերի: Գրքում Յ. Նալպանտեանը կարեւորում է նաև իր ուսումնասիրած ժամանակաշրջանի գիտնականների, արուեստի, գրականութեան, երաժշտութեան եւ այլ ոլորտների նշանաւոր մարդկանց կեանքին ու գործունէութեան առաւել յիշարժան դրուագները ներկայացնելը: Այս ամէնը  գրքում հաւելւում է նշանաւոր մարդկանց ասոյթներով, որոնք վերաբերում են պատմութեանը, որպէս գիտութեան, ինչպէս նաև պետութեանը, հասարակութեանը, կառավարմանը, բարոյականութեանը եւ շատ այլ հարցերի: Այդ անուանի մարդկանց ու նրանց ասոյթների, մեր կարծիքով բծախնդրութեամբ կատարուած ընտրութիւնը վկայում է Յ. Նալպանտեանի կողմից պատմութեան ընկալման եւ արժեւորման մասին: Մէջբերելով անուանի շատ մարդկանց պատմութեանը տուած գնահատականները Յ. Նալպանտեանը դրսեւորում է պատմութեան նշանակութեան իր տեսլականը, ըստ որի, պատմութեան ուսումնասիրութիւնը հարկաւոր է ոչ միայն պատկերացում ունենալու այն մասին, թե ի՞նչ է կատարուել անցեալում, այլեւ որպէսզի հասկանալի լինի ի՞նչ է կատարւում այսօր և ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում: Այս իմաստով կարելի է  հաւատալ, որ Յ. Նալպանտեանն իր գիրքն աշխատասիրելիս առաջնորդուել է անգ-լիացի  փիլիսոփայ եւ պատմաբան Ռոբին Քոլլինգվուդի հետեւեալ պատգամով՝ «Պատմաբանի առաջնահերթ պարտականութիւնն է ցանկացած գնով բացայայտել, թէ ինչ է կատարուել իրականում»:

Կարծում ենք հեղինակն այդպէս էլ վարուել է՝ օգտագործելով իր տրամադրութեան տակ եղած աղբիւրներն ու գրականութեանը: Նա գրքում զետեղել է դոկտ. Աբել Մանուկեանի «Bearing Witeness to Humanity. Switzerlands humanitarian contribution during the Armenian genocede in the Ottoman empire 1894-1923» գրքից երկու փաստափուղթ, մէկը՝գերմաներէն, միւսը՝ ֆրանսերէն։  Դրանք պատմում են այն մասին, որ 1896թ. Սեպտեմբերից մինչեւ 1897թ. Մարտը Շուէյցարիայում տեղի «Հայ օգնութեան կոմիտէն» ստորագրահաւաք է անցկացրել ընդդէմ Օսմանեան կայսրութիւնում իրականացրած հայութեան ցեղասպանութեան։ Այդ փաստաթղթերը վկայում են, որ 453 հազար մարդ դատապարտել է թուրքական իշխանութիւնների կողմից հայութեան  դէմ գործած մեծագոյն ոճրագործութիւնը։ Նշեալ փաստաթղթերը հայերէն գրքում տպագրւում են առաջին անգամ:

Գրքի վերջում Յ. Նալպանտեանը ներկայացրել է անձնանունների ստուարածաւալ ցանկ (էջ 645-713), որը զգալիօրէն հեշտացնում է ընթերցողների գործը իրեն հետաքրքրող մարդկանց մասին տեղեկութիւն ստանալու հարցում: Ի պատիւ հեղինակի հարկ ենք համարում փաստել, որ նա իր աշխատասիրած գիրքը իրաւացիօրէն չի համարում ամբողջական և աւարտուն գործ՝ գտնելով, որ նմանատիպ աշխատանքը կարող է լինել բազմահատոր: Բայց այս հանգամանքը չի ստուերում նրա կատարած պրպտուն ու քրտնաջան աշխատանքը: Թէև այն պատմագիտական ինքնուրոյն ուսումնասիրություն չէ և ժամանակագրութիւն է, բայց եւ այնպէս կարեւոր է: Մասնաւորապէս գիրքը կարող է շատ օգտակար լինել Սփիւռքի եւ Հայաստանի Հանրապետութեան դպրոցների, գոլէճների սովորողների, բուհերի ուսանողների և առհասարակ պատմութիւնով հետաքրքրուող բոլոր մարդկանց համար: Ցաւօք, գիրքը լոյս է տեսել սահմանափակ տպաքանակով, որն այդ հնարաւորութիւնը չի տալիս ընթերցողների լայն շրջանին:Պարոն Յովսէփ Նալպանտեանին մաղթում ենք բեղմնաւոր աշխատանք իր հայրենանուէր ու հայանպաստ գործունէութիւնում:

(*) Վանաձորի (Հայաստանի Հանրապետութիւն) Յովհ. Թումանեանի անուան պետական համալսարանի պատմութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆէսոր
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ