Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Նոր Կեանքի Սկիզբ Եւ Շուկայի «Պերաշկին»

(Պատմուածք)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   … 1945-ի աշնանը յայտնի դարձաւ, որ պատերազմում գերի ընկած  հայրիկիս, ինչպէս նաեւ նոյն վիճակում յայտնուած բոլոր մտաւորականներին աշխատանքի իրաւունք չեն տալու: Ակադեմիայի Պատմութեան հաստատութեան (ինստիտուտ) տնօրէնութիւնը ի վիճակի չ՚ եղաւ նրան վերականգնել փոքրաթիւ գիտնականների խմբում: Հրամանը` հրաման էր` պատժել բոլոր նրանց, ովքեր գերի էին ընկել գերմա­նացիների մօտ: Ակամայ գերի ընկած զինուորների պատիժն աւելի «մեղմ» էր: Նրանք զրկւում  էին  իրենց աշխատանքից, հասարակութեան մէջ ունեցած դիրքից ու վարկից: Իսկ ինքնակամ գերի ընկածները յայտնւում էին Սիբիրում:

   Հայրս վստահ էր, որ իրեն կը վերականգնեն իր նախկին աշխատանքում, որովհետեւ ինքը փախել էր գերութիւնից ու յանձնուել  Բուխարեստ մտած սովետական զօրքերին: Այդ վստահութեան արդիւնքից ելնելով, նա մայրիկիս ազատել տուեց աշխատանքից, ասելով թէ`«դու մնայ տանը եւ հոգ տար երեխաների դաստիարա­կու­թեանը, ես կ՚ աշխատեմ:

Համալսարանի դասախօսական կազմը, Ակադեմիայի ղեկավարութիւնը եւ հայրիկիս գիտական պաշարին  հաւատացող մի քանի յայտնի գիտնականներ հիանալի  բնութագիր  ներկայացրին պատկան մարմիններին` նրան   աշ­խատան­քով ապահովելու համար: Սակայն ոչ մի միջնորդութիւն, երաշխաւորագիր իր նպատակին չծառայեց:

Եւ այսպէս, միջին  տարիքի  աւիւնով լի ծնողներս մնացին առանց աշխատան­քի: Ընտանիքին կերակրելու բեռն ամբողջովին ընկաւ մօրս ուսերին:  Գիտական աշխատանքից  զատ, հայրիկս ունակ չէր  որեւէ այլ աշխատանք կատարել: Մեր տան մի սենեակը գրադարան էր յիշեցնում: Հայրիկիս ձեռքի տակ եղած գրականութիւնը բաւարար էր իր գիտական աշխատանքները շարունակելու համար:

«Ախպարները» նոր-նոր էին Հայաստան գալիս: Կառավարութեան տուած վարկով եւ իրենց ապրանքը դրամի վերածած գումարով, շատեր տներ էին կառուցում Երեւան քաղաքի տարբեր մասերում:

 Լաւ է ասում ժողովուրդը` «Երբ Աստուած մի դուռ փակում է, մի ուրիշ դուռ է բացում»: Այդպէս եղաւ մեր ընտանիքի պարագային:

Երեւանի Բարեկամութեան փողոցի վրայ, Կամոյի անուան դպրոցի դիմաց, երկու  երկյարկանի շէնք էր կառուցւում ռումինահայ ընտանիքների համար: Մօտալուտ սովից փրկուելու մի աներեւակայելի միտք էր ծագել մօրս մտքում.

– Յակոբ,- մի երեկոյ դիմեց մայրս հայրիկիս,- դու պիտի որ ծանօթներ ունենաս ռումինահայերի շրջանում, գնայ, գտիր, իմացիր թէ ովքե՞ր են կառուցում նրանց զոյգ շէնքերը: Ծանօթ գտիր եւ միջնորդիր, որպէսզի ինձ աշխատանքի վերցնեն:

– Այդ ի՞նչ ես ասում Վէրժին…, ռումինահայերը շէնք են կառուցո՞ւմ, ո՞րտեղից իմացար:

– Այո՜, այո՜ Յակոբ, սիրելիս, դու այնքան ես տարուած քո գործերով, որ չես էլ նայում թէ ինչ է կատարւում շուրջդ: Դու միշտ վերջինն ես իմանում այն կարեւորը, որ մեզ է պէտք, եւ կամ էլ բնաւ չես իմանում:

      – Լա՜, լաւ Վէրժին, լեզուագարութիւն (շատախօսել, դա հօրս ամենածանր խօսքն էր) մի արա, խելօք բան ես ասում տիկին, բայց դու ի՞նչ պիտի անես այնտեղ, ի՞նչ կապ ունի քո մասնագիտութիւնը շինարարութեան հետ:

    – Ունի՜, ինչո՞ւ չունի: Բանուորները ճաշ չե՞ն ուտում: Չի բացառւում, որ ինձ հնարաւորութիւն տան կէսօրուայ ճաշ պատրաստել բանուորների համար…:

   – Դու պայծառ երեւակայութիւն ունես տիկին ջան, վատ միտք չէ, ես վաղն իսկ կը գնամ ռումի­նահայերի մօտ:

   – Պարոն Անասեա~ն…, դուք հո՞ս, ի՞նչ  կ՚ ընէք, ինչո՞ւ եկած էք սա հողի եւ քարերու մէջ,- ասում է ակնապիշ հայեացքով հօրս ոտքից-գլուխ չափելով շինարարութեան աշղեկը:

    – Գործով եկած եմ պարոն Ժիրայր, գործով…

   –  Ի՞նչ գործ, դուք ի՞նչ գործ կրնաք ունենալ մեզի հետ: Մենք լաւ կը ճանչնանք ձեզի, ձեր գործունէութիւնը Պուքրէշի մէջ մենք շատ բարձր գնահատած ենք: Վստահ եմ, հոս դարձեալ գիտութեամբ կը զբաղիք: Պէտք է, որ հայրենի կառավարութիւնը շատ արժանւոյն գործ մը ապահոված ըլլայ ձեզի համար: Լաւ, հիմա ըսէք նայիմ, ի՞նչ կայ, ի՞նչպէս կրնամ օգտակար ըլլալ ձեզի:

   – Շնորհակալ եմ պարոն Ժիրայր ձեր տուած գնահատականներուն եւ բարի կամեցողութեան համար, սակայն իրականութիւնը այնպէս չէ, ինչ որ դուք կ՚ են­թադրէք: Ներկայիս ես աշխատանք չունիմ:

   – Ի՞նչ  կ՚ ըսէք պարոն Անասեան, դո՞ւք` եւ աշխատանք չունի՞ք…

   – Այսինքն, ես` ինծի համար աշխատանք միշտ ունիմ, ըսելիքս ան է, որ դրամ վաստկելիք եւ ընտանիք պահելու գործ չունիմ:

   – Հա~, հիմա հասկցայ…, նեղացուցեր են ձեզի…, մենք որոշ բաներ լսած ենք, գիտենք, ոչ անշուշտ ձեզի հետ կապուած, բայց գիտենք թէ ինչ կ՚ անցնի կը դառնայ Հայրենիքին մէջ…

   – Է~հ, ի՞նչ ըսեմ պարոն Ժիրայր, արդէն գիտէք թէ ինչպէս կը նային մեզի`գերի ինկածներուս, անվստահութիւն է ամէնուն հանդէպ, բացառութիւն չի կայ:

   – Բայց ինչո՞ւ ձեր պարագան նոյնը պիտի ըլլայ ինչ որ ուրիշներունն է, չէ՞ որ դուք գերութենէն փախաք եւ սովետական իշխանութիւններու կողմէ ալ գործի անցաք Ռումանիոյ մէջ:

   – Այդ ամէնը մոռնանք պարոն Ժիրայր, հիմա գանք ներկայ հարցերուն: Դուք կրնա՞ք օգնել մեզի: Կինս մասնագէտ խոհարար է: Ինք կը մտածէ, որ կրնայ ձեր գործաւորներուն համար կէսօրուան կերակուր պատրաստել:

   – Յարգելի պարոն Անասեան, հոս Ռոմանիա չէ, հոս պայմանները ուրիշ են: Մենք բանուորներուն կերակուր չենք տար: Իրենք կը բերեն իրենց ուտելիքը, ով որ կարողութիւնը  ունի  անշուշտ: Ամէնքն  ալ օրավարձով  կ՚  աշխատին եւ ամէն օր, գործէն ետք կը վարձատրուին:

   – Հասկցայ պարոն Ժիրայր, ամէն պարագայի, ոեւէ գործ կարելի չէ՞ գտնալ մեր տիկինին համար:

   – Մեր քովը ամէն ինչ կապ ունի քարի, չիմենթոյի աւազի հետ: Երկրորդ յարկ ելլել-իջնել կայ,  ծանր աշխատանք է:  Շիտակը, որ ըսեմ` կնկայ գործ չէ եւ կին բանուոր ալ չունինք:

   – Ես  հասկցայ պարոն  Ժիրայր, կնկայ գործ չէ, բայց ճար չունինք, հաճեցէք խօսիլ ձեր ընկերներուն հետ, յուսամ անոնք դէմ չեն կենար, որպէսզի մեր տիկինին գործի առնէք:

   – Շատ աղէկ, ես կը խօսիմ ընկերներուս հետ:       


 Մինչ հայրիկս գնացել էր մայրիկիս համար աշխատանք գտնելու, ես ու մայրս գնացել էինք շուկայ` հաց եւ կարտոֆիլ գնելու: Շուկայի մուտքին չհասած, մի անուշաբոյր հոտ ինձ խելքահան արեց: Մսէ բլիթի (ռուսերէն` Պերաշկի) հոտը աշխարհ էր բռնել: Յստակ էր` մօտակայքում խորտկարան կար:

   – Մա~մ, մամա~, ինձ համար պերաշկի կ՚ առնե՞ս, սոված եմ,- դիմում եմ մօրս:

   – Չեմ կարող տղաս, չեմ կարող բալիկս, մենք փող չունենք: Հազիւ կարողանանք մի երկու քիլօ կարտոֆիլ եւ չորս հատ էլ հաց գնել:

«Հաց» կոչուածն էլ մեր այսօրուայ արաբական փոքր pita bread  հացն է, այն էլ`  գարուց պատրաստուած: Մօրս բռնած բերքը աջ ու ձախ թափահարելով, շարունակում եմ խնդրել.

   – Մա~մ, շատ եմ խնդրում մա~մ, ես սոված եմ, ես երբեք պերաշկի չեմ կերել:

Խեղճ մայրս չդիմանալով իմ խնդրանք-աղաչանքին, մէկ հատ ճլորած պերաշկի գնեց:

   – Դէ~, նստիր էս քարի վրայ ու կեր, իսկ ես մտնեմ շուկայ եւ գնումներս անեմ, տեղ չգնաս, հենց այստեղ էլ կը մնաս:

   Հազիւ էի պերաշկու առաջին պատառը բերնիս մօտեցրել, մէկ էլ կողքիցս մի 10-12 տարեկան տղայ, խլեց ձեռքիս պերաշկին ու արագօրէն փախաւ:

   – Մամա~, մամա~,- արցունքների միջից սկսեցի բղաւել: Մայրս, որ դեռ չէր հասցրել շուկայ մտնել, լսեց իմ  բղաւոցը ու անմիջապէս ետ դարձաւ:

   – Հը~, տղաս, ի՞նչ եղաւ, ինչո՞ւ ես բղաւում, ինչո՞ւ ես լալիս:

   – Մի տղայ ձեռքիցս խլեց պերաշկին ու փախաւ:

Ա~խ մայր իմ չքնաղ ու բարի: Այդ վայրկեանին խեղճացաւ, փոքրացաւ ու մի բուռ դարած  ոչինչ չկարողացաւ ասել: Նստեց այն քարին, որի վրայ ես էի նստել, ինձ առաւ իր ծնկներին ու սկսեց աղիողորմ լաց լինել:

75 տարի է անցել այդ  օրից, բայց այսօրուայ  նման աչքիս առջեւն է մայրս, մի տեսակ սմքած ու անօգնական, հարազատ կորցրածի պէս` նրա նուաղուն, մշուշոտ ու խղճալի հայեացքը:

Մի կերպ  իրեն  հաւաքելով, մայրս  հանեց դրամապանակի մէջ եղած ողջ գումարը եւ ինքնիրեն  ինչ որ հաշւումներ անելուց յետոյ ասաց.

   – Ոչինչ տղաս, ոչինչ  բալիկս,  մարդիկ ուտելու  բան  չունեն, անօթի են, այդ երեխան էլ քեզ պէս սոված է եղել…, ես հիմա մի ուրիշ պերաշկի կ՚ առնեմ: Վնաս չունի, այսօր մէկ հաց պակաս կ՚ առնենք:

   – Չեմ ուզում մամա, չեմ ուզում, մի առնի:

Որքան էլ խնդրեց մայրս մէկ ուրիշ պերաշկի գնել` ես անդրդուելի մնացի, որի պատճառով էլ, էլ աւելի լուզուեց մայրիկս, ու այս անգամ լացը դարձաւ բարձրաձայն: 

Երեկոյեան «ընթրիքի» ընթացքին մայրս ամէնայն մանրամասնութեամբ հօրս պատմեց «պերաշկու պատմութիւնը»: Այդ ընթացքին հայրս ոչ մի միջամտութիւն չ՚ արեց: Ձախ ձեռքը դրած ծոծրակին, գլխաթէք դիրքով աչքերն յառած անհունին, ի՞նչ էր մտածում արդեօք հայրիկս, գուցէ Վենետի՞կն էր յիշում, կամ էլ Փարիզի Նուպարեան Մատենադարա՞նը, թէրեւս Պոբեդա նա՞ւը, որն իրեն Հայաստան բերեց…, ի՞նչ իմանաս…

Մէկ վայրկեանում իրեն հաւաքելով, մայրիկիս հոգեցունց պատմութիւնը շեղելու համար ասաց.

   –  Անշուշտ քեզ համար հարմար աշխատանք չէ պատգարակով շաղախ, տուֆ քար կամ ցեմենտ կրելը, էն էլ երկրորդ յարկ, բայց…

   – Էլ բայց-մայց չկայ Յակոբ, ինչո՞ւ հարմար չէ…, ես համաձայն եմ ամէն դժուար աշխատանք կատարել միայն թէ զաւակներիս անօթի չտեսնեմ: Գնա՜, նորից գնա՜ Ժիրայրի մօտ եւ ասա համաձայն ես, որ ես սեւագործ բանուոր աշխատեմ:

Որեւէ  տրամաբանական  պատասխան  չգտնելով, հայրս լռեց ու երկու ձեռքերը վեր պարզելով այն տպաւորութիւնն ստեղծեց, որ դիմացինին կարող էր թուալ, թէ Աստծուց է պատասխանի սպասում:

   – Վե՜րջ, վերջ, վաղը կը գնաս պարոն Ժիրայրի մօտ,- առարկութիւն չվերցնող տոնով աւարտեց իր խօսքը մայրս:

Լաւ, լա՜ւ, համաձայն եմ…, գնա՜, փորձիր աշխատել…, միայն թէ ես չեմ գնայ Ժիրայրի մօտ…, չեմ կարող  հասկանո՞ւմ ես Վերժին: Անասեանի կինը բանուորուհի՞, էն էլ սեւագործ…, նրանք, այդ ռումինահայերը մեծ կարծիքի են իմ մասին, լաւ գիտեն իմ  յարաբերութիւնները ռումինահայ  յայտնի մտաւորական Յակոբ Սիրունու, Մարի Աթմաճեանի, ֆրանսահայեր Շաւարշ Նարդունու, Արշակ Չօպանեանի հետ, որոնք ինձ գիտական գրքեր էին ուղարկում իմ գիտական աշխատանքների համար, եւ մշտական կապի մէջ էին ինձ հետ, թէեւ ես գերմանական ճամբարում էի…, չէ~, Վերժին,  ես չեմ գնայ  Ժիրայրի մօտ, կարծում  եմ հասկացար: Դու գնայ, ներկայացիր, ինքը պէտք եղած կարգադրութիւնները կ՚ անի:

   …Յաջորդ օրը ռումինահայերի կիսակառոյց շէնքի գրասենեակում.

   –  Դո՞ւք,  տիկին, դուք պարոն Անասեանին կի՞նն էք, Վերժի՞ն է ձեր անունը, կարծեմ այդպէս ըսիք: Կը լսեմ ձեզ:

   Այո՜, պարոն Ժիրայր Վերժին է անունս: Յանուն ամուսնուս եւ զաւակներուս, պատրաստ եմ ամէն գործ ընել:

   – Դո՞ւք, այդ վտիտ մարմինո՞վ…, դուք պիտի կարենա՞ք նասիլկան, այդպէս կ ըսեն հոս պատգարակին, մէկ ուրիշի մը հետ լեցուն պատգարակը երկրորդ յարկ բարձրացնել:

   – Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չեմ կրնար պարոն Ժիրայր, դուք իմ` ձեր ըսածին պէս` վտիտ մարմինիս մի նայիք, ես շա~ տ ծանր գործեր ըրած եմ:

   – Շիտակը…, շատ չեմ հաւատար: Գիտէ՞ք որ, որպէս կին գործաւոր, մինակ դուք պիտի ըլլաք այդքան շատ տղամարդոց մէջ:

   – Ինծի համար կարեւոր չէ պարոն Ժիրայր, ծանր, թեթեւ` միեւնոյնն է, ինծի գործ պէտք է,  ընտանիքիս  պիտի կերակրեմ: Ամուսինս` Յակոբը, գիտէք, այսպիսի գոր­ծե­րու ունակ չէ, իրեն միայն գիրք, թուղթ եւ գրիչ տուր:

   – Գիտե~մ, գիտեմ տիկին: Յակոբը  գիտութեան  մարդ է, ան միայն հայագիտու­թեամբ  կրնայ զբաղիլ:: Մեղք, որ չեն հասկցած անոր արժէքը: Մենք` ռումանահայերս` լա~ւ գիտենք իրեն…Այսպէս ուրեմն, ալ  ըսելիք չմնաց:  Վաղը առտուան ժամը եօթին ձեզի կը ծանօթացնեմ միւս բանուորներուն հետ: Գործը կ՚ աւարտի ժամը հինգին: Վճարումը ամէն օր, գործէն ետք: Հարց մը ունի՞ք տիկին Վերժին:

   – Ոչ պարոն Ժիրայր, մեծապէս երախտապարտ եմ:

   – Պիտի խոստովանիմ, որ բացառութիւն  մըն է մեր ըրածը: Ես դեռ պիտի համոզեմ ընկերներուս: Վստահ եմ, անոնք համաձայն կ՚ ըլլան, մանաւանդ որ իրենք լաւ կը ճանչնան Յակոբ Անասեանը: Երախտապարտ ըլլալու ալ պէտք չի կայ: Դուք դեռ չէք գիտէր թէ ի~նչ դժուար գործի մը մէջ է, որ կը նետուիք:

   Խնդիր չէ պարոն Ժիրայր, հաւատացէք, ես ձեզի ամօթով չեմ ձգեր:

   – Քիչ մը խնդիր է աղջիկս, դիւրին չէ օրը ութ ժամ, քանի մը տասնեակ անգամ 50-60 քիլօ շաղախ կամ տուֆ քար երկրորդ յարկ հանել պատգարակով: Ճիշդ է` երկու հոգիով, բայց միեւնոյնն է` դիւրին չէ: Ես կը կարգադրեմ, որ դուք մշտապէս պատգարակին առջեւը ըլլաք, ատանկ աւելի դիւրին է երկրորդ յարկ ելլալը:

    – Դարձեալ շնորհակալ եմ պարոն Ժիրայր: Գիտեմ, որ ամէն ինչի պատրաստ էք Յակոբիս օգնելու համար:

   – Բնաւ հոգ մի ընէր աղջիկս, մենք լաւ գիտենք թէ մարդիկ ինչ դժուարաւ իրենց հացը կը հայթայթեն եւ մեր պարտքն է գէթ բարեկամներուն օգտակար ըլլալ:

   … Խեղճ մայրս ամէն օր, գրեթէ լոյսը չբացուած, ինձ ու եղբօրս թողնելով հօրս խնամքին, վեր էր կենում անկողնուց ու կէս ժամ քայլելուց յետոյ հասնում էր աշխատանքի վայրը: Ի՞նչ խնամք, մեր ամէնօրեայ «նախաճաշը» սահմանափակւում էր տաք թէյի բաժակի մէջ բրդած սեւ հացով, շատ յաճախ էլ` առանց շաքարի:

   Կէսօրին, դասերից յետոյ գնում էի մայրիկիս աշխատանքի վայրը եւ սպասում այնքան մինչեւ աշխատանքն աւարտուէր, որպէսզի մայրիկիս հետ գնայի շուկայ` օրուայ «ընթրիքի» հարցը լուծելու համար: Օրուայ աշխատավարձով գնուած սննդամթերքը նոյն երեկոյին հազիւ էր բաւականացնում:

   Պարոն Ժիրայրը մի ազնուագոյն անձնաւորութիւն էր: Իր ընկերներից գաղտնի, ոչ շատ յաճախ, պահանջուածից աւելի գումար էր վճարում մայրիկիս, որի շնորհիւ էլ մայրս չէր մերժում ինձ համար գնել ընկոյզի քաղցր սուճուխ (շարոց), իսկ չարա­բաստիկ պերաշկու անունը վերջնականապէս ջնջուել էր մեր բառապաշարից:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ