Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռը Խորապէս Մտահոգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստութեամբ է հետեւում Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծուած մարտական գործողութիւններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի: Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պայմանները, նոր յաւակնութիւններ է դրսեւորում այս անգամ Հայաստան պետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ: 

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրութեանը, միջեկեղեցական ու միջկրօնական կառոյցներին եւ Քոյր Եկեղեցիների առաջնորդներին` հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգութիւնները` յանուն մարդկային կեանքերի փրկութեան եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեան, յանուն նոր ողբերգութեան կանխման:

Հայոց Եկեղեցին յորդորում է աշխարհասփիւռ իր զաւակներին` զօրաւիգ լինելու հայրենիքին եւ կարելին ի գործ դնելու` իրենց պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ուշադրութեանը յանձնելու յիշեալ դատապարտելի գործողութիւնները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը  տարածաշրջանում եւ խաթարում թանկ գնով հաստատուած փխրուն խաղաղութիւնը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հոգեւոր դասը աղօթող են հայոց պետականութեան անսասանութեան, ազգի միասնականութեան ու ամուր կամքի եւ հայրենեաց պաշտպանների արիասիրտ ոգու համար` յաղթահարելու այս մարտահրաւէրները եւ վերականգնելու խաղաղ, ապահով եւ արժանապատիւ կեանքը մեր ժողովրդի: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ