Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Ամանոր

(Կաղանդ, Նոր տարի)

Համադրեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Տօն, որ նշւում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունուած օրացոյցում ընթացիկ տարուայ վերջին օրուայ եւ յաջորդ տարուայ առաջին օրուայ գիշերը։ Նոր տարին նշելու սովորոյթը գոյութիւն ունէր դեռեւս Ք․ծ․ա. 3-րդ հազարամեակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարուայ սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնութիւնից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիւ պտոյտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտոյտը հաւասար է 934 միլիոն քիլոմեթրի, որն անցնում է մեծ արագութեամբ։

Յունուարի 1-ը՝ որպէս տարուայ սկիզբ, սահմանուել է Հռոմի կայսր Յուլիոս Կեսարի կողմից Ք․ծ.ա. 46 թուականին։ Հին Հռոմում այդ օրը նուիրուած էր Եանուսին՝ ընտրութեան, դռների եւ բոլոր սկիզբների աստծուն։ Յունուար ամիսն իր անուանումը ստացել է հենց Եանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մէկը նայում էր առաջ, իսկ միւսը՝ ետ։

Հին Հայաստանում

Հայերի՝ թերեւս ամենաաւանդական նոր տարին նշւում էր Մարտի 21-ին։ Այս տօնը նաեւ Ծաղկամուտ է կոչուել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխաւոր տօնն է համարուել։ Օրուայ խորհուրդը կրակն էր։

Ամանորը (հին հայերէնում՝ «նոր տարի»), հայերը նշում էին տարուայ առաջին ամսին՝ Օգոստոսի 11-ին եւ կոչւում էր Ամանոր եւ Նաւասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնաւորող, «նոր պտուղների ամենաբեր» համարուող աստուածն էր։ Բառի ծագումնաբանութիւնը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնաւորում էր Նոր տարին, Երկրի եւ մոլորակների պտոյտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերութեան, բերքը պահպանող աստուածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հիւրընկալութեան աստուածն էր, եւ նոր տարին նուիրուած էր Ամանորին ու Վանատուրին։

Հայերի մէջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացոյցներով ու ժամանակամիջոցում է նշուել, բայց դրանից տօնի էութիւնը չի փոխուել։

Ամանորի եղեւնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մօտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականութեան մէջ առանձնայատուկ է եղել սօսենու, ուռենու, բարդու եւ կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երեւոյթ է եղել եւ մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եւրոպայում ծառ եւ եղեւնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղեւնու փոխարէն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարուած Կենաց ծառը եղել է տօնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով եւ տների երդիկից կախում էին գօտիներից ամրացուած իրենց գուլպաները, որպէսզի տնեցիք կաղանդչէքով լցնէին դրանք։ Ենթադրաբար մերօրեայ ամանորեայ զարդարանքների մէջ կրակարանի մօտ կախուած գուլպաները հայկական հին ամանորեայ սովորութիւն են։ Հայերն ունեցել են նաեւ իրենց «Ձմեռ պապը»` յանձին Մեծ Պապուկի։ Ամանորեայ սեղաններին պէտք է լիներ առնուազն եօթ կերակրատեսակ։ Այդ թւում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

Իրան

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահաւասարից յետոյ՝ Մարտի 21-ին կամ Մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացոյցի, ընկնում է Էսֆանդի 30-ից Ֆարվարդինի 1-ը)։ Տօնը կոչւում էր «վարդի» օր։ Յետագայում այն ընդունուեց մուսուլմանական աշխարհի կողմից եւ ստացաւ Նոռուզ («Նոր օր») անուանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի եւ այլ իսլամադաւան ժողովուրդների կողմից։

Չինաստան

Աւանդական չինական Նոր տարին նշւում է ձմեռային գիշերահաւասարից յետոյ լուսնի լրիւ ցիկլի աւարտին յաջորդող նորալուսնի օրը (այսինքն, Դեկտեմբերի 21-ից յետոյ երկրորդ նորալուսնի օրը)։

Չինաստանի հիւսիսում Նոր տարուայ օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճիւղերը կամ, որպէս ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրայ կախուած են նարնջագոյն պտուղներ։ Չինաստանի հարաւում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճիւղերով։ Նրանք սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր եւ քաղցր միջուկը յաջողութիւն է խորհրդանշում գալիք տարում։

Երեկոյեան, նախքան Նոր տարուայ սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրութիւն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առաւել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարոյկներ են վառում։

Ռուսաստան

Ռուսները նոր տարին նշում էին Սեպտեմբերի 1-ին, Հարեւան ժողովուրդներից ռուսներն ամանորը Յունուարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Բայց նախկին խորհրդային ժողովուրդների մէջ մնացել է նաեւ «Հին նոր տարին» նշելու սովորութիւնը։ Ռուսաստանում Նոր տարուայ գլխաւոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձիւնանուշիկի հետ բարի եւ առատաձեռն պապիկ է։

Ճապոնիա

Ճապոնիայում Ամանորը դիմաւորում են զանգերի 108 հարուածներից յետոյ։ Ըստ աւանդոյթի այդ հարուածներից իւրաքանչիւրը ոչնչացնում է մարդկային թերութիւններից մէկը։ Նոր տարուայ առաջին րոպէներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց յաջող տարուայ գրաւական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը յաւերժութեան եւ հաւատարմութեան խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպէսզի դիմաւորեն լուսաբացը։ Նոր տարուայ արեգակի առաջին շողերի ներքոյ նրանք շնորհաւորում են միմեանց եւ նուէրներ տալիս։ Ճապոնացիները նոր տարին դիմաւորոմ են նոր շորերով։

Վիեթնամ, Քամբոջա, Գորէա, Մոնղոլիա

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարուած փոցխը։ Ամենայն հաւանականութեամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկութիւնը»։ Ի դէպ, Արեւելքում տարածուած են նաեւ ծննդեան տօնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կօշիկ, սնունդ եւ այլն, այլեւ երազանքներ, յոյսեր եւ երջանկութիւն։ Այդ տօնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտեայ կամ փափուկ մի խաղալիք, որը պուտտայական պանթէոնից է։ Կարելի է ձեռք բերել նաեւ «համայումի»՝ բութ ծայրով եւ սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչուած են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաեւ «տակառա-բունէ»՝ բրնձով լի նաւակներ, որտեղ նստած են եօթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք եւ յաջողութիւն։

Հնդկաստան

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագոյն, կարմիր, մանուշակագոյն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրաւենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նուէրները դնում են առանձին սկուտեղի վրայ, իսկ առաւօտեան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մօտեցնեն սկուտեղի մօտ՝ նուէրը ստանալու համար։

Իտալիա

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրութիւն են դարձնում, թէ ում առաջինը կը հանդիպեն Նոր տարում։ Հոգեւորական կամ երեխայ տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարւում է յաջողութեան նշան։

Իսպանիա

Նոր տարին իսպանացիների համար հանրային տօն է եւ հենց այդ տօնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տօնածառի մօտ Ամանորը դիմաւորելու եւ խաղող ուտելու համար։ Ժամացոյցի ղօղանջների ընթացքում հրապարակում հաւաքուածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Իւրաքանչիւր գիլան խորհրդանշում է տարուայ ամիսը, իսկ եթէ հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթէ «երաշխաւորւում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դէպ, այս աւանդոյթը տարածւում է նաեւ նրանց վրայ, ովքեր Նոր Տարին դիմաւորում են տանը։ Խաղողի գիլաներ դրւում են բոլոր ամանների մէջ։

Դանիա

Դանիացիները կէսգիշերին սեղանին են դնում բրնձէ քաղցր շիլա։ Այն եւս անակնկալով է։ Շիլայի առանձնայատկութիւնն այն է, որ այնտեղ թաքնուած է ընկոյզ կամ նուշ։ Այս աւանդոյթը յատկապէս դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթէ նրանցից որեւէ մէկին բաժին հասնի ընկոյզ, ապա Նոր տարում ամուսնութիւնից խուսափել այլեւս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապէս յաջող տարի։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում նուէրները պատուիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդեան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թուարկելով եւ բացատրելով, թէ ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մէջ։ Ծխնելոյզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կը հասցնի ուղարկուած նամակը։ Ի դէպ, բրիտանացիների նուէրները գրեթէ նոյն արժողութեան են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանւում են վիճակահանութեան միջոցով։

Անգլիա

Անգլիայում ամանորեայ գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրայ։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսէներ նուէրների համար, իսկ կօշիկների մէջ՝ Սանթա Քլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորեայ զանգերի ներքոյ սիրահարները համբուրւում են, որպէսզի ողջ տարին լինեն միասին։

Շոտլանդիա

Շոտլանդիայում ամանորեայ գիշերը, զանգերից անմիջապէս յետոյ բացում են տան դուռը, որպէսզի հին տարին գնայ եւ գայ նորը։ Շոտլանդացիները կարծում են, թէ ամբողջ տարուայ երջանկութիւնն ու յաջողութիւնը կախուած է այն մարդուց, ով առաջինը կը մտնի տուն եւ կը շնորհաւորի Ամանորը։ «Յաջողակ հիւրեր» են համարւում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նուէրներ են բերում տուն։ Հիւրերը պարտադիր իրենց հետ տուն պէտք է բերեն ածուխի կտոր, որպէսզի գցեն բուխարիի մէջ։

Յունաստան

Յունաստանում մարդիկ միմեանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում եւ գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետեւեալ բառերը. «Թող տանտիրոջ հարստութիւնը լինի այս քարի պէս ծանր»։ Եթէ ճանապարհին ծանր քար չի լինում, հիւրերը շատ փոքր քար են վերցնում եւ դռան մօտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժուարութիւնները այս քարի նման փոքր լինեն»։

Գերմանիա

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տօն է։ Բոլորը պէտք է հաւաքուեն տօնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նուէրների փոխանակման արարողութիւնը կոչւում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերոյթի ամենակարեւոր մասը կոչւում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալիւրից, շաքարից եւ չամիչից պատրաստուած այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մէկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թէ չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ յաճախ իրար նուիրում են ապակեայ կամ ճենապակեայ խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

Պուլկարիա

Պուլկարիայում մտերիմները, ընկերները, հարազատները հաւաքւում են ամանորեայ սեղանի մօտ եւ բոլոր տներում երեք րոպէով անջատւում են լոյսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հաւաքուածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թէ ում է համբուրել։ Այդ ամանորեայ համբոյրները պահպանւում է ամանորեայ մթութեան կողմից։

Ֆինլանտիա

Ֆինլանտիայում տօնական ճաշկերոյթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան։ Իսկ Ծննդեան տօնի գլխաւոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպէս են կոչում Ձմեռ պապին։ Նախկինում նա բացի նուէրներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւեալ խօսքերով. «Կա՞ն, արդեօք, այս տանը խելօք երեխաներ»։ Այսօր դաստիարակութեան գործօնը գրեթէ վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նուէրներ։

Շուէտիա

Շուէտներն աւանդաբար միմեանց նուիրում են մոմեր։ Այդ նուէրը պայմանաւորուած է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լոյսը ընկերութեան, բարեացակամութեան եւ ուրախութեան խորհրդանիշն է։ Շուէտական տներում Ամանորի տօնակատարութիւնը սկսւում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապի կերպարանքով։ Երբ ժամացոյցը սկսում է ազդարարել կէսգիշերը, բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շուիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նուէրներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շուէտիա։

Շուէտիայում, Ամանորից առաջ, երեխաներն ընտրում են լոյսի թագուհուն՝ Լիւցիային։ Նա սպիտակ շոր է հագնում եւ գլխին վառուող մոմերով թագ է դնում։ Լիւցիան նուէրներ է բերում երեխաներին։

Ֆրանսիա

Ձմեռ պապը՝ Փեր Նոյէլը, նոր տարուայ գիշերը հիւր է գալիս երեխաներին եւ նուէրներ է թողնում նրանց կօշիկներում։ Ամանորեայ թխուածքի մէջ ընդունուած է տեղադրել լոպու հատիկ։ Նա, ով իր թխուածքի մէջ գտնում է այդ լոպու հատիկը, ստանում է «լոպու արքայ» անուանումը։ Ամանորի գիշերը բոլորը պէտք է կատարեն նրա հրամանները։

Ֆրանսիայում մարդիկ կարող են նուիրել միմեանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նուիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նուէրը համարւում է «կանոններից դուրս»։

Հունգարիա

Հունգարիայում ընդունուած է ամանորեայ գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թէ մատների օգնութեամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունուած է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին եւ դէպի տուն ուղեկցում յաջողութիւնն ու երջանկութիւնը։

Գոլոմպիա

Նոր տարուայ նախօրէին Գոլոմպիայի մայրաքաղաք Պոգոտայում անց է կացւում տիկնիկների շքերթ։ Հազարաւոր տիկնիկներ, կախարդներ եւ այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացուած անցնում են Պոգոտայի փողոցներով։ Իսկ ահա ամանորեայ խրախճանքի գլխաւոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրայ շրջում է սրահում եւ երեխաներին զուարճալի պատմութիւններ պատմում։ Պապա Պասկուալը (Գոլոմպիական Ձմեռ պապը) հրավառութիւններ է կազմակերպում։

Էքուատոր

Էքուատորում անցած տարուայ դժբախտութիւնները հեռանալու համար ամանորեայ զանգերից յետոյ լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթէ էքուատորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորեայ զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պէտք է վազի տան շուրջը։ Եթէ ցանկանում է հարստանալ, ամանորեայ զանգերի խփելուն պէս պէտք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթէ ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ։

Գուպա

Ամանորից առաջ բոլոր դոյլերն ու անօթները ջրով են լցնում եւ կէսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպէս նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացոյցի 12 զանգերի հետ պէտք է ուտել 12 խաղողահատիկ, որպէսզի բարութիւնը, համաձայնութիւնն ու խաղաղութիւնը ամբողջ նոր տարուն ուղեկցէն մարդուն։

Մեքսիկա

Մեքսիկացիները Ամանորը դիմաւորում են տօնական հրավառութիւնով։ Գիշերը երեխաներին նուիրում են շոքոլադէ տիկնիկներ։

Հրավառութիւններ

Ամանորը պայթուցիկ նիւթերով ու հրավառութեամբ դիմաւորելու աւանդոյթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից։ Աւելի ուշ այս աւանդոյթը տարածուեց ամբողջ աշխարհում։

 Հրավառութիւնը ծագել է սնահաւատութիւնից։ Օրինակ, Չինաստանում հրավառութեան եւ պայթիւնի ձայները ամբողջ ամանորեայ գիշերուայ ընթացքում չեն դադարում։ Չնայած վառօդը եւ հրավառութեան համար անհրաժեշտ նիւթերը ոչ այնքան վաղուց են յայտնագործուել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմաւորելու աւանդոյթը գոյութիւն է ունեցել դեռեւս հազարամեակներ առաջ։ Ամեն ինչ սկսուել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրեակին չար ոգիները, որոնց վռնտել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար յարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը եւ տանտէրերին տարբեր անյաջողութիւններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմաւորելիս պէտք է մեծ աղմուկ հանել, որպէսզի չար ոգիները վախենան եւ հեռանան։

Աղբիւր՝ Ուիքիփետիա
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ