Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Կաթից Այրուողը Մածունը Փչելով Պիտի Ուտի

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 …Մէկ տարի էլ անցաւ երկրագունդ մոլորակի պտոյտից, որը հայ ժողովրդի պատմութեան մէջ կը նշուի որպէս վերջին 30 տարուայ ամենավատ տարի: Թէ ինչպիսին կը լինի 2022 թուականը մեր երկրի, մեր Հայրենիքի համար` կախում ունի մեր Հայաս­տանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնից եւ ընդդիմադիր դաշտի` տիրող վարչակարգի հետ ունեցած փոխյարաբերութիւններից:

Ասեմ միանգամից`աներկբայ. միմեանց նկատմամբ շարունակուող, ձնագնդի նման օրէօր գլորուող թշնամանքը, անհանդուրժողականութիւնն ու արգահատանքը իշխանական ուժի եւ  ընդդիմութեան միջեւ, լուսաւոր ապագայի  հեռանկարը  տանում են չ՚ երեւացող հորիզոնից այն կողմ:

Չեմ ուզում խօսել մեզ համար ստորացուցիչ, հայ ազգի արժանապատուութիւնը գետնին հաւասարեցնող պատերազմի մասին: Շատ է խօսուել այդ թեմայի շուրջ: Միայն թէ ինձ ապշեցնում է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յոխորտանքը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ: Առանց Հայաստանի հազիւ մի մարզադաշտ լցնող քո բնակչութեամբ կարո՞ղ ես որպէս երկիր երեւալ աշխարհի քարտէզի վրայ պարոն նախագահ:

Էդ ո՞ւմ վրայ ես յոյսդ դրել,  Ազերիների՞, թէ` Ռուսների: Դու, ղարաբաղցի լինելով, չգիտե՞ս, որ Արցախը, Ղարաբաղը եղել են Հայաստան դեռ հազարամեակներ առաջ: Գիրք կարդացէք պարոն նախագահ: Բաւարար չափի գրականու­թիւն կայ այդ փաստը վկայող: Ստալինի մէկ գրչի հարուածով Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու փաս­տը աշխարհը գիտի: Քիչ անց ես կը մանրամասնեմ, թէ ինչպիսին է եղել Ղարաբաղը Սովետի օրօք:

    Մինչ այդ`ամէնակարեւորը:

Երբեք ու երբեք չի կարելի բարի-դրացիական յարաբերութիւններ ստեղծել թուրքերի եւ ազերիների հետ`քանի դեռ չեն լուծուել մեր ժողովրդի համար կենսական նշանակութիւն ունեցող երեք կարեւորագոյն հարցեր:

Դրանք են. Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուած ուժերի շուտափոյթ վտարումը մեր սահմաններից, Սահմանագծման, Սահմանազատման իրականացու­մը հնարաւորինս արագ, եւ բացառումը` Սիւ­նի­քի կամ Մեղրու միջանցք ստեղծելու հնարաւորութիւնը:

Պարապ խօսք է, երբ ասւում է թէ հայ-թրքական յարաբերութիւնները ընթանալու են առանց նախապայմանների:

Սուտը, կեղծիքը, իրականութիւնը շուռ տալու անգերազանցելի վարպետներ են այս երկու բորենիները: թուրքն ու ազերին օրէնք-մորենք, թուղթ-մուղթ, պայմանաւոր­ուածութիւն չգիտեն, չեն ճանաչում: Նրանց մօտ բացակայում է քաղաքակրթութիւնը:

Իրենց մօտ շատ յաջող է ստացւում ուժի դիրքերից գործելը: Հենց այդ ուժն է, որ մենք դժբախտաբար չունենք:

Օրերս Ալիեւը աշխարհի առջեւ բարձրաձայնում էր ասելով, թէ «մեր եւ հայերի միջեւ երկխօսութիւնը կը կայանայ, եթէ հայերը ձերբազատուեն ապաքաղաքական դրսեւորումներից»,- լաւ է չէ՞, էստեղ են ասել «Սէլը ճռռալուն, սելուորն է ճռռում»:

Երբեք մի խաբուէք թուրքի եւ ազերիի սուտ ու դատարկ խոստումներին: Երկրորդ օրն իսկ նրանք կը դրժեն ամէն մի պայմանաւորուածութիւն: Հաշտեցման ու բարի-դրացիական այսպէս կոչուած խոստումները` մի նոր բարոյական սպանդի, մի նոր եղեռնի նախադուռ են խաղաղ պայմաններում:

Առջեւում, չորս ամիս յետոյ, Ապրիլի 24-ն է: Սպասենք, տեսնենք թէ ինչ չափով է «յարգելու» Էրտողանը իր խոստումը եւ թէ ինչպէս է նայելու ամբողջ Սփիւռքով մէկ իրականաց­ուող մեր պահանջատիրական ցոյցերին: Բնաւ շտապել պէտք չէ: Խաբուել ենք միշտ: Գոնէ այս անգամ զգօն լինենք: Յիշէք թէ ինչ է ասում ժողովուրդը. «Կաթից այրուողը, մածունն էլ է փչելով ուտում»:

Վաղը միւս օր թուրքերն ու ազերիները բարեկամութեան քողի տակ կը լցուեն Հայաստան ու ճագարի նման բազմանալուց ու քաղաքացիութիւն ստանալուց յետոյ էլ կը մտնեն Ազգային Ժողով: Ուստի, եթէ գան նման «լաւ» օրեր, անհրաժեշտ է օրէնք մշակել, որը կ՚ արգելի որեւէ օտար քաղաքացու Հայաստանի քաղաքացիութիւն շնոր­հել, նոյնիսկ Հայաստանում ծնուած օտարներին չի կարելի քաղաքացիութիւն շնոր­հել: Թող գան, գնան, առեւտուր անեն եւ ապրեն միայն վարձակալական հիմուն­ք­ներով: Պիզնէսի պարագային էլ կառավարութեան հետ պայմանագիր կնքեն 49-51 տոկոս յարաբերութեամբ:

Այժմ փաստերով, թէ ինչպիսին է եղել Ղարաբաղը Խորհրդային իշխանութեան օրօք:


  1975 թուականին,, Հայաս­տանի Ռա­դիո­յի ժողգործիքների համոյթի փոքր կազմը երեք մենակատարների հետ միասին, իմ ղեկա­­վարու­թեամբ, երկու համերգի համար մեկնեց Ադրբեջան: Առաջին համերգը կայա­նալու էր Շուշիում, երկրոր­դը` Բա­քւում: Կէսգիշեր էր, երբ 12 ժամ յոգնած ու տառապալից վիճակով հասանք 19-րդ դարի երկրորդ կէսի եւ 20-րդ դարի առաջին տասնամեա­կին լաւագոյնս ճանաչուած, Հայ Մշակոյթի կենտրոն համարուող, փոքր Փարիզ անունով յայտնի Շուշի:

    1920 թուականին Ադրբեջանի կողմից իրականացած 300 հազար հայերի կոտո­րածի ու քաղաքի լիակատար աւերումի արդիւնքում այն արդէն ամբողջովին խաւարի մէջ կորած գիւղաւան յիշեցնող անմարդաբնակ տա­րածքի էր նման: «Կուլտուրայի տուն» կոչուածն էլ`կառուցման օրից չ՚ վերանորոգուած անհրա­պոյր մի կառոյց էր: Սրահում էլ` 30-40 կոտրած-թափած աթոռների մի բլուր:

   – Այստեղ ե՞նք համերգ տալու բարեկամ,- հարցնում եմ միակ տղամարդուն:

   – Մի անհանգստանաք տղերք ջան, առաւօտեան կը շարենք աթոռները:

   – Էս ո՞ւր են մեզ դիմաւորողները, շրջանի ղեկավարներից մէկն ու մէկը, ի վերջոյ էս քոռ ու փուճ եղած կուլտուրայի տան վարիչը,- զայրացած հարցրի

   Մի քանի վայրկեան լուռ մնալուց յետոյ.

    – Խեղճը էրես ունի՞, որ էրեւայ…, կենտրոնից փողը չեն ղրկէ, որ ձեզ մարդավարի, հայավարի ընդունենք ճամբու դնենք: Էսպէս է մեր վիճակը: Ես էս շէնքի պահակն եմ: Թէ խի են ձեզ ըստեղ ղրկէ` չեմ հասկնայ: Վաղը հազիւ թէ կարենանք մի 20-30 մարդ բերել համերգի: Հիմա ես ձեզ տաք չայ կը տամ, յետոյ կը տանեմ հիւրանոց, էս շէնքի քովն է: Ընտեղ էլ մարդ չկայ, համայ բալնիքը քովս է:

   Ռուսական խոշոր ինքնաեռի պարունակութիւնը մի կերպ բաւարարեց մեր խմբի անդամներին թէյ մատակարարելու համար:

    – Էս ուտելու բան-ման չկա՞յ,- համարձակուեց հարցնել դուդուկահարներից մէկը:

   –  Չէ տղերք ջան…, ներող կ՚ եղնիք, համա առաւօտ վայ թէ հաց էլ էղնի…, դուք պտի ձեր գլխի ճարը տեսնիք: Կ՚ երթաք բազար, ընտեղ վայ թէ մի բան կ՚ եղնի, կամ էլ` պտի ընկնիք գիւղի տները ու ձեր փողով կարենաք ուտելու բան ճարել: Համա դուզը որ ըսեմ, գիւղացիք էլ աղքատ են, բան-գործ չունին, ջահել- մահել չի մնացէ. Սաղ փախել են Պաքու, Ռուսաստան, կամ էլ` Հայաստան:

   Չ՚ երկարացնեմ: Առաւօտեան թէյին աւելացաւ հացանման մի թխուածք: Ինչ­պէս ասել էր պահակ Ենոքը, գնացինք շուկայ:, ուր միայն ու միայն չորս պառաւ կանայք էին «առեւտուր» անում` առանց որեւէ յաճախորդի: Ծախածներն էլ` միայն 3-4 տեսակ կանաչի:, ուրիշ ոչինչ: Ի Վերջոյ խումբ-խմբի բաժանուելով քաղաք-գիւղի տները շրջե­լով, ամէն մարդ մի կերպ կարողացաւ սովամահ չլինել:

   Համերգն անցկացրինք օրը ցերեկով, հազիւ 30 պառաւ կանանց ու զառամեալ ծերու­նի­­ների  ներկայութեան: Հովիկի (Յովհաննէս  Բադալեան)  «Զարթիր Լաօ»-ն էլ չ՚ օգ­նեց, որպէսզի աշխարհից անտեղեակ, իրենց դարդով տապակուած մեր տատերն ու պապերը գէթ կէս ժամով կտրուէին իրականութիւնից ու չննջէին համերգի ժամանակ:

   Ահա այսպիսին էր Ղարաբաղը ոչ այնքան հեռու անցեալում, այն էլ` Ադրբեջանի նման հզօր ու հարուստ երկրի տիրապետութեան տակ: Ղարաբաղը հայաթափելու անմարդկային, սադայելական ծրագիրը իրականացւում էր ՄԵԾ վարպետու­թեամբ: Իսկ ահա Պաքւում բոլորովին այլ էր պատկերը

Պաքուի Արմէնիքենդ շրջանի հայութիւնը սրտաբաց, տօնական տրամադրութեամբ ընդունեց Հայաստանի երաժիշտներին: Խանդավառութիւն էր ողջ շրջանում: Նոր-նոր յաջողոթիւն եւ ճանաչում վայելող, հետագայում մեծ ժողովրդականութեան արժանացած երգիչ Բոկան (Բորիս Դաւիդեան) երկու օր շարունակ իր երաժշտախմբով աներեւակայելի հարուստ խնջոյքի պահեր պարգեւեց մեզ:

   Այսպիսին էր Ղարաբաղի եւ Բաքուի հայերի ապրելակերպի տարբերութիւնը 40-45 տարի առաջ:


Ներքոյ շարադրուող նիւթի հեղինակը նշանաւոր պատմաբան, գրող Բագրատ Ուլուբաբեանն է: Ճշմարիտ հայրենասէր ղարաբաղցի գիտնականն իր ամբողջ կեանքում պայքարել է Ղարաբաղի ազատագրութեան համար:

Ղարաբաղից փախուստ տուած Բագրատ Ոլուբաբեանը երկար տարիներ աշխատել էր Ղարաբաղում, եղել տեղի Գրողների Միութեան նախագահ եւ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, մօտիկից գիտէր թէ ինչպէս էր հարստահարուում տեղի հայ բնակչութիւնը: Իրեն ապահով զգալով Հայաստանում, Ուլուբաբեանը փորձում է համախոհներ գտնել պատմաբանների շրջանում` պայքար ծաւալելու Ղարաբաղը իր օրինական տիրոջը` Հայաստանին վերադարձնելու համար: Տեսնելով որ Ղարաբաղի հարցը անհնարին է քննարկման առարկայ դարձնել Հայաստանում, Ուլուբաբեանը որոշում է դիմել Սփիւռքի օգնութեանը: Այդ նպատակի համար, նա Ղարաբաղի հայու­­թեան վիճակը նկարագրող ցնցող փաստերով լի մի յօդուած է պատրաստում եւ հայրիկիս` մատենագէտ-պատմաբան Յակոբ Անասեանի օգնութեամբ փորձում այն տարա­ծել Սփիւռքում:

Հայրիկիս անձնական գրութիւններն ուսումնասիրելիսմ ձեռքս անցաւ Բագրատ Ոլուբաբեանի այդ յօդուածի կրկնօրինակը: Ժամանակին յօդուածի Բնօրինակը հայրիկիս միջոցով հասել է Ամերիկա եւ տպագրուել 1972 թուականի աշնանը` ԱՐՄԵ­ՆԻԱ եւ ՀԱՅՐԵՆԻՔ պարբերականներում:

Այժմ ընթերցողին ենք ներկայացնում Բագրատ Ուլուբաբեանի «Ղարաբաղի իրա­կան պատկերը» յօդուածը նոյնութեամբ` մասնակի կրճատումներով:


Արցախ, Փոքր Սիւնիք, Լեռնային Ղարաբաղ: Հին ու հնաւանդ անուններ, հայ հող, Հայաստան: Բայց եղաւ այնպէս, որ այդ հողը պոկեցին, կտրեցին Մայր Հայաստանից:

Այսույանդերձ, յոյս կար, որ հայ Ղարաբաղը երբեւէ կը միանայ իր Մայր Հայաստանին: Յոյս կար եւ յուսալով սպասում էր ղարաբաղցին:

   Շատ դաժանութիւններ եղան` ղարաբաղցի հայից այդ յոյսը խլելու համար:

Երբ Ադրբեջանական հանրապետութեան ղեկն ու իրաւունքը դժնայիշատակ Բաղիրովի ձեռքին էր, ղարաբաղցին նոյնիսկ չէր կարող ասել, որ ինքը հայ է, Հայաստան աշխարհի որդի: Այդպիսի ամէն մի հայ դատապարտուում էր հրապարակով: Նրա ճակատին խարանում էին ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏ (Ազգայնամոլ) բառը եւ տանում այնտեղ, որտեղից վերադարձը հրաշք կարող էր լինել:

Երկար սպասումից յետոյ եկան աւելի բարուոք օրեր: Մթնոլորտը թեթևացաւ: Ղարաբաղցին սկսեց իրեն աւելի ամուր զգալ պապենական հողի վրայ, սկսեց աւելի ազատ մտածել, աւելի ազատ արտայայտել իր իղձերը Մայր Հայաստանի նկատմամբ: Գնալ-գալը շատացաւ, հեշտացաւ: Նա այլեւս վտանգ չ՚էր տեսնում իր հայ լինելը, իր ազգային արժանապատուութիւնը ցոյց տալուց: Համարձակուեց նոյնիսկ օրինական պահանջներ ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի մարզային կենտրոնը` Ստեփանակերտը, որ տարիներ շա­րու­նակ հողին էր կպել ու հողից վեր բարձրանալու ուժ ու կարողութիւն չ՚ունէր, միանգամից բացեց թեւերը, կառուցման շունչ ու թափ առաւ, ծաւալուեց, մեծացաւ, գեղեցկացաւ: Աճեցին մտաւորականներ, որոնք արդէն կարող էին մարզի հայութեան անունից խօսել, ներկայացնել նրա խոհերն ու պահանջները:

Լեռնային Ղարաբաղը արդէն ունէր իր գրողները, դերասանները, երգիչները, իր գիտնականները,, մշակոյթի օճախները: Ազգային կեանքը մի տեսակ աշխուժացաւ:

Սակայն մարզի հայութիւնը դժգոհ էր իր վիճակից, որովհետեւ այդպէս էլ մնում էր որպէս հատուած, բաժանուած Մայր Հայաստանից:

Այս բանը զգում էին Ադրբեջանի նոր ղեկավարները, որոնք չէին ազատուել ու չէին էլ ուզում ազատուել իրենց նախորդների մտայնութիւնից ու չար ծրագրերից: Նրանք զգում էին, որ փոխուել են ժամանակները և իրենց հայահալած քաղաքականութեան դէմ բողոքողներին այլեւս չէին կարող բանտ ու աքսոր քշել: Ուրեմն, պէտք էր նոր եղանակներ գտնել հին «մեղաւորներին» վնասազերծելու համար: Շուտով գտան այդ եղանակները: Սովորական դարձան աշխատանքից հեռացնելու, կուսակցական տոյժ ու պատիժ տալու փաստերը:

Չուշացան նաեւ ադրբեջանական ազգամոլութեան գաղափարախօսները: Նրանք իրենց մամուլն ու գրքերը լցրեցին ամէնաբազմազան անհեթեթութիւններով, որոնցից մէկի համաձայն, Ղարաբաղի հայերը խեղճ եկուորներ են համարւում իրենց հողի վրայ: Միւսի կարծիքով, նոյն այդ հայերը ոչ թէ իսկական հայեր են, այլ բռնութեամբ հայացուած աղուաններ կամ թուրքեր: Իսկ մի երրորդը Ղարաբաղի «ինքնավարու­թեան» 40-ամեակը «ողջունեց» հետեւեալ բարբաջանքով.

«Եղել է Շուշին, Աղդամը, բայց նրանց միջեւ ընկած Ստեփանակերտ քաղաք չի եղել»: Իբր հայկականը 40 տարվա ընթացքին է, որ ընկել է ադրբեջանական երկու քաղաքների արանքը: Շուշի քաղաքի փառահեղ մասը, որ հայկական է եղել, կործանել են 1920 թուին, վերջերս էլ աւերակներն են վերացել գետնի երեսից, որպէսզի չարա­գործութիւնը վկայող ոչինչ չմնայ: Հիմա էլ, օրը ցերեկով կոչ են անում վերացնելու քաղաքի հայկական գերեզմանոցը:

Եւ այսպէս. Սկսուել է մի նոր արշաւ Ղարաբաղի հայութեան դէմ: Սկզբում զգուշաւոր, իսկ յետոյ` բացայայտ ու սանձարձակ: Հրազէնով, խուլիգանի դանակով եւ մահ պատճառող այլեւայլ միջոցներով, Ղարաբաղի տարբեր վայրերում հայեր սպանուեցին: Օրերից մի օր սպանուեց…, ո՜չ յօշոտուեց, խոշտանգուեց 8-ամեայ մի հայ տղայ: Մարդասպաններին գտան, երեք ադրբեջանցիներ էին, որոնցից մէկը այն դպրոցի դիրեկտորն էր, որտեղ սովորում էր այդ ութամեայ տղան:

Մարդասպաններին դատեցին եւ դատավճիռը կարդացին Ստեփանակերտի քաղա­քային այգում, բացօթեայ: Դատական որոշումը մեղմ էր ու անարդար: Ժողովուրդը, որ այլեւս չէր կարող համբերել` զայրացաւ, պոռթկաց ու դիմեց ինքնադատաստանի, վառեց երեք մարդասպաններին: Դրան հետեւեց մի ահեղ հաշուեյարդար, որը ահա վեց տարի է չի աւարտւում ու չի մեղմանում: Բանտերը լցուեցին ղարաբաղցի հայե­րով, որոնցից շատերը տանջամահ եղան հենց բանտի մէջ:

Սարսափը տարածուեց ամէնուր, սպանութիւններ տեղի ունեցան մարզի տարբեր վայրերում: Ստեփանակերտի շրջանի Կրասնի գիւղում ադրբեջանցի զինուորական­ները մորթեցին մի հայ գեղջկուհու եւ մնացին անպատիժ: Մարտակերտում ոչնչա­ցրին կոլխոզային պահակի ամբողջ ընտանիքը: Ոճրագործները մինչեւ օրս էլ չեն «յայտնաբերուել»: Չեն «յայտնաբերուել» նաեւ այն գիշերահէնները, որոնք Նոր Շէնի դաշտում սպանեցին երկու հայ տրակտորիստի: Իսկ Շուշիի մասին խօսելն աւելորդ է, քանի որ այնտեղ իւրաքանչիւր ամիս հայ է սպանւում դանակով, ատրճանակի գնդակով, կամ էլ` մահադեղով:

Սպանութիւնների, ահաբեկումների այս շարքը վերջ չունի, քանի որ ամէն շաբաթ մի նորն ու առաւել ահաւորն է կատարւում: Վերջերս էլ ավտովթարի կազմակերպումով սպանել են մարզի գլխաւոր վիրաբոյժ Շահէն Դանիէլեանին: Մարզի վախկոտ ղեկավարները ջանում են այդ ստոր յանցագործութիւնը ներկայացնել որպէս պատահական աղէտ: Ադրբեջանի ազգամոլ ղեկավարները Ղարաբաղը նուաճելու ամէնահուսալի միջոցներից մէկն են համարում մարզի աչքաբաց ու համարձակ մտաւորականների դէմ նիւթուող հալածանքները: Մարզում ստեղծել են մի այնպիսի վիճակ, արդարութեան մասին խօսք ասող եւ ընդվզող մտաւորականների շուրջը կրակի այնպիսի օղակ, որ նրանք թողել են տուն-տեղ, պապենական տուն ու բնակավայր, եւ ապաստան են գտել ուրիշ վայրերում: Նրանց ետեւից հեռանում են նաեւ արհեստաւորներն ու մասնագէտները: Նրանք ուրիշ ելք չեն տեսնում դուրս գալու այն վիճակից, որ Ադրբեջանի հայատեաց ղեկավարները եւ նրանց սպառնալիքի տակ ճզմուած հայ ապիկար պաշտօնեաներն են ստեղծել Ղարաբաղի անպաշտպան հայութեան համար:

Որպէսզի պարզ լինի, թէ Ղարաբաղի հայերի ադրբեջանականացումը ինչպիսի միջոցներով է կատարուում, բաւական է յիշել Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի չարաբաստիկ օրինակը:

Ինստիտուտի կէսն ադրբեջանական է`ադրբեջանցիների համար, այն էլ` ոչ ղարա­բա­ղաբնակ ադր­բե­ջանցիների, այլ ուրիշ վայրերից եկող ադրբեջանցիների:

Հարց է ծագում. Ինչո՞ւ պիտի դրսից եկող ադրբեջանցին ուսանի Ղարաբաղում եւ ոչ թէ տեղաբնակը: Պատասխանը յստակ է. Ադրբեջանական բաժանմունքը պիտի վերածուէր լրտեսական կենտրոնի: Ինստիտուտն աւարտող ադրբեջանցիները գնալով շատացան Ղարաբաղում եւ օրէօր բազմապատկուելով, իրենց ձեռքն առան Ղարաբաղի վարչական օղակներն ու զանազան պաշտօններ: Ստեփանակերտի միլիցիայում (Ոստիկանութիւն) աշխատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են, եւ նրանք է, որ պիտի «պաշտպանեն» հայ աշխատաւորների իրաւունքները…

Ծանր, հուսահատ վիճակ է ապրում  հայոց Ղարաբաղը: Ղարաբաղցին շատ է բողո­քել, ընդվզել է իր արդար իրաւունքները պաշտպանելու համար, բայց միշտ էլ մնացել է անպաշտպան:

   – Եւ ինչո՞ւ, մինչեւ ե՞րբ…Ոչ մի հանրապետութիւնում այնքան շատ չեն խօսում եղբայրութեան մասին, որքան Ադրբեջանում:

   – Ո՞ւր է  եղբայրութիւնը, ո՞ւր են Ղարաբաղի հայութեան եղբայրները…Եթէ չեն ցաւում  ուրիշների սրտերը, եթէ այսպիսին են  նրա հետ եղբայրացածները, ապա ի՞նչ են մտածում արիւնակից եղբայրները, հայ եղբայրները:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ