Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Գորգերի Լուացքատան Անուշը

(«Երեւանեան Պատկերներ» շարքից)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   ԲԻԶՆԵՍ հասկացողութիւնը լաւագոյնս արմատա­ւոր­ուած է այսօրուայ Հայաստա­նում: Էլ ինչ կարգի սպասարկութիւն ասես, որ չկայ: Դէ~, տաքսիի սպա­սարկութիւնը հնուց է գալիս, նոր երեւոյթ չէ: Իսկ ահա` տան կահ-կարասու փոխադրութիւն, խոշոր հան­րախանութին ուտելիքի կամ խմիչքի պատուէր տալ հեռաձայնով, որ տունդ կը բերեն միայն հինգ հարիւր դրամով, եւ այլն, եւ այլն:

   Ընդունուած բիզնես է այս կամ այն ճաշարանից կամ ռեստորանից ուտելիք պատ­ուի­րե­լը, իսկ Պի­ցայի` նման կարգի սպասարկում` ամէնաշահա­ւէտ բիզնեսներից է, մանաւանդ երիտասարդների շրջանում:

   Իւրաքանչիւր շէնքի նախամուտքի պատերին մըշ­տա­պէս փակցւում են տասնեակ­նե­րով գովազդներ` այսինչ կամ այնինչ կարգի սպասարկման համար` գրաւիչ առա­ջարկներով: Դրանցից մէկն էլ` բնակարանի կամ որեւէ հիմնարկի գորգերի լուաց­ման առաջարկութիւնն է անյայտ մի ընկերութեան կողմից` շատ հարմար պայ­ման­ներով:

   Եւ ամէնագրաւիչն այդ թռուցիկներում այն է, որ ընկերութեան բանուորներն են գալիս քո բնակարա­նը, իրենք են հաւաքում գորգերը ու ուղեգորգերը, ոլորում ու ուսներին դրած տանում են իրենց գործա­տեղին:

   Դա դեռ ոչի~նչ…, մի քանի օր անց, քիմիական մաք­րումից յետոյ բերում են ապրան­քըդ, ու տեղա­դրում այնտեղ` ուր որ հարմար ես գտնում:

   Այս ամէն տեղեկութիւնները հաւաքեցի Լոս Անջե­լէ­սից Երեւան ժամանած հենց առաջին օրը` իմ բնա­կարանի շքամուտքի պատերին փակցուած ազ­դա­գրերից եւ թռու­ցիկներից:  Չորս ամիս անդադար տնից դուրս գալիս, կամ էլ վերադարձիս,  ան­դա­դար աչքիս էին զարնում, շատ անգամ ոչ մաքուր հայե­րէնով գրուած ազդագրեր, սակայն ամենակա­րեւո­րը` հաստատութեան հասցէն եւ հեռախօսի թիւը` խոշոր չա­փի գրե­րով:

   Այսօր Երեւանում հրաշալիօրէն ընդօրինակում են այն ամէն լաւն ու գնահատելին, որ կայ Եւրոպական երկրներում եւ, ի մասնաւորի Ամերիկայում: ­Եւ մար­դիկ այնքան են մխրճուած օտար բարքերի մէջ, որ գնահատելի իմաստով, շատ անգամ իրենք իրենց գերա­զան­ցում են:

   Ահա` մեր ասածի լաւագոյն օրինակներից մէկը:

   Իմ ծննդեան 75-ամեակին նուիրուած միջոցառման նախապատ­րաս­տական աշխա­տանքներն  իրականացնելու  համար, ես արդէն չորս ամիս Երեւանում էի: Իմ «Սի­փան» երգչախումբը Մարիետայի գլխաւո­րու­թեամբ, Երեւան էր ժամանելու` երեկոյից մէկ շա­բաթ առաջ:

   – Մաեստրօ, ձեր գորգերը վաղուց չեն մաքրուել, ասում է երկու շաբաթը մէկ իմ բնակարանը մաքրող, կարգի բերող, նախկինում քիմիայի մասնագէտ քառասնամեայ Նունէն,- մէկ շաբաթից Մարիետան գալու է: Լաւ կը լինի մարդ կանչէք, որպէսզի մաքրեն, թարմացնեն, Մարիետայի համար էլ հաճելի անակնկալ ը լինի, թէեւ , չեմ կարծում, որ կարողանաք այս մի քանի օրերի ընթաց­քում յաջողացնել, մանաւանդ, որ շաբաթավերջ է:

   – Լաւ ես ասում Նունէ, ճիշդ ես, Մարիետայի համար մեծ անակնկալ կը լինի, այսօր իսկ կը հետաքրքրուեմ:

   Թէեւ իմ շէնքի մուտքի պատերին կայ մէկ-երկու թռուցիկ`գորգեր մաքրող ընկերութիւնների հեռա­խօ­սի համարներով, բայց չեմ ուզում հենց այնպէս, գործից անտեղեակ մարդ երեւալ հեռախօսի միւս ծայրին յայտնուող անծանօթ մարդկանց համար, որովհետեւ, ինչպէս ասում են` «տառապանքս փորձ ունի», տարիների ընթացքում ինձ շատ են խաբել Հա­յաստանի «արհեստաւորները»: Որոշեցի դիմել բա­րե­կամիս.

   – Իռա (իսկական անունը Իրինա է) ջան, ուզում եմ մինչեւ Մարիետայի գալը մեր տան գորգերը  մաքրել տալ, ի՞նչ խորհուրդ կը տաս:

   – Ախր Հենրիկ ջան, երկար ժամանակ է Երեւանում ես, ինչ է, նո՞ր միտքդ ընկաւ…շատ ես ուշացել է~…, դրանք շատ գործ են ունենում եւ լաւ, որակով գործ են անում ու հազիւ թէ մէկ շաբաթում կարողանան հասցնել քո պատուէրը կատարել: Անցեալ շաբաթ Նարինէի (իր աղջիկն է) տան գորգերը լուացին, մաքրեցին: Հիմա  կը տամ դրանց հեռախօսի համա­րը, փոր­ձիր, գուցէ կարողանաս համոզել, որ քո պատ­ուէրը երեք-չորս օրում անեն:

   Այսօր Շաբաթ է,- ասում եմ ինքս ինձ,- հաւանա­բար, Շաբաթ եւ Կիրակի օրերին չեն աշխատում, իսկ Մարիետան գալիս է Հինգշաբթի…, չէ~, չէ~, չեն հաս­ցնի…:-Այնուամենայնիւ զանգահարիր Հենրիկ,- ինչ որ մի ներքին ձայն ասում է ինձ, եւ ես արագօ­րէն, բջջայինով հեռաձայնում եմ Իռայի տուած հա­մա­րով.

   – Ալօ~,  բարեւ ձեզ, լսում եմ…, ասում է մի  հաճելի ձայն, որից դժուար չէ ենթադրել, որ միւս ծայրում խօսողը երիտասարդ օրիորդ է:

   – Աղջիկս, ասա խնդրեմ, գորգ լուանալու ընկերու­թիւնի՞ց է, կարո՞ղ եմ պատուէր տալ:

   – Այո~Հայրիկ ջան,- բարեհամբոյր տոնով ասում է աղ­ջի­կը,- բայց այսօր տղաները չեն աշխատում: Շա­բաթ օրը միայն առաքման օր է, պատուէրներն են բաժանում պատուիրատուներին: Դէ, գիտէք էլի, Կիրակին էլ հանգստեան օր է: Դուք Երկուշաբթի զանգահա­րէք` ես ձեր պատուէրը կ՚ընդու­նեմ, եղա՞ւ հայրիկ:

   – Բայց ինձ շատ շտապ է պէտք աղջիկս, քանի՞ օր յետոյ պատրաստ կը լինի իմ պատուէրը:

   – Ամենաշուտը եօթ-ութ օրից հայրիկ ջան, շա~տ գործ ունենք, իսկ եղանակներն էլ այս օրերին այն­քան էլ բարենպաստ չեն:

   – Ի՞նչ կապ ունի եղանակը գորգ լուանալու հետ…, քանի որ այսքան բարեկամաբար զրուցում ենք իրար հետ, ասա խնդրեմ աղջիկս քո անունը:

   – Անուշ է իմ անունը հայրիկ ջան, Անուշ:

   – Անուշ ջան, շատ անուշ էլ խօսում ես: Աղջիկս, մի բան ասացիր` ես շատ չհասկացայ: Ի՞նչ կապ ունի գորգ լուանալը եղանակի հետ:

   – Ի՞նչպէս թէ, մենք սիրում ենք բաց օդում, արեւի տակ չորացնել գորգերը, իսկ անձրեւոտ եւ ցուրտ եղանակին` յատուկ, Եւրոպայից բերուած վառա­րան­ների մէջ ենք չորացնում:

   – Հասկացայ Անուշ ջան, շատ լաւ էլ բացատրեցիր: Հիմա ուշադիր լսիր ինձ: Գիտեմ, ժամանակդ խլում եմ, բայց շա~տ-շատ կարեւոր է ասելիքս:

   – Հանգիստ եղէք հայրիկ ջան, ես շատ ժամանակ ունեմ: Մարդիկ գիտեն, որ այսօր պատուէր չենք ընդունում, ըստ այնմ էլ` չեն անհանգստացնում:

   –  Աւելի լաւ: Ուրեմն լսիր ինձ: Անհրաժեշտ է, որ իմ տան գորգերն ու ուղեգորգերը լուացուած, մաքրուած լինեն ամենաուշը Չորեքշաբթի օրը:

   – Ի՞իի՞նչ, Չորեքշաբթի՞…, այսինքն երկու-երեք օրի՞ց…, անկարելի է հայրիկ ջան, հնարաւոր չի:

   – Խնդրում  եմ  աղջիկս,  ինձ  մի  ընդհատիր.  Լսիր մինչեւ վերջ,- աղաչական տոնով փորձում եմ ան­կա­րելին` կարելիի վերածել,- գալիք  Հինգշաբթի, Ամե­րի­կա­յից գալիս է կինս` իմ «Սիփան» երգչախմբի ան­դամների հետ` մասնակցելու Սեպտեմբերի 26-ին կա­յա­նալիք իմ յոբելեանական երեկոյին:

– Ի՞իի՞նչ, ի՞նչ համերգ,- այս անգամ զարմացած հարցնում է Անուշը,- ինչպէ՞ս է ձեր անունը հայրիկ…

   – Ճիշդ է, ես քո հօր տարիքին եմ երեւի, բայց ինձ Մաեստրօ ասա: Իմ անունը Հենրիկ Անասեան է:

   – Օ~…, Աստուած իմ, դո՞ւք էք Հենրիկ Անասեանը, ի՞նչ էք ասում մաեստրօ: Ես ամէն օր անցնում եմ Մեծ Դահլիճի մօտով եւ ամէն օր էլ կարդում եմ ձեր աֆիշան:

   – Տեսա՞ր…, կը նշանակի մենք ծանօթներ ենք…, իսկ դու սիրո՞ւմ ես մաքուր, ազնիւ երաժշտութիւն:

   – Ի՞նչպէս չէ, ես մշտապէս յաճախում եմ ֆիլ­հար­մոնիա եւ օպերային թատրոն:

   – Ուրեմն պիտի յուսալ, որ դու կը գաս իմ համեր­գին, այնպէս չէ՞:

   – Անպայման, իհա՜րկէ:

   – Համարիր, որ դու երկու հրաւէր տոմսակ ունես իմ երեկոյի համար:

   – Չէ~…, ո~չ, ի՞նչ հրաւէր, ես տոմսակ կը գնեմ: Ես վատ չեմ վարձատրւում: Ես հիմա այստեղ բոլորին իրար կը խառնեմ, տնօրէնին էլ կը բացատրեմ, թէ ում պատուէրն ենք կատարելու: Կարծում եմ` նա իմ խնդրանքը չի մերժի: Հիմա մաեստրօ, խնդրում եմ ընկալուչը կախէք, ես ձեզ ամենաուշը կէս ժամից զանգ կը տամ, ձեր հեռախօսի համարը գրանցուած է մեզ մօտ:

   – Լաւ, սիրելիս, ես սպասում եմ:

   Կէս ժամ էլ չէր անցել,  մէկ էլ` հեռախօսազանգ.

   – Ես եմ մաեստրօ, Անուշը, ուրախալի լուր: Մեր տղաները համաձայնուեցին այսօր իսկ իրենց ճանա­պարհին անցնել ձեզ մօտ ու վերցնել ձեր գորգերն ու ուղեգորգերը:

   – Հիանալի…, սքանչելի է սիրելիս: Ես շատ երախ­­­տա­պարտ եմ քեզ:

   – Այժմ տուէք ձեր հասցէն մաեստրօ: Մենք ամէն ինչ կ՚անենք, որպէսզի Չորեքշաբթի օրը ձեր գորգերը ձեր տանը լինեն, միայն չափէք, թէ ընդամէնը քանի քառակուսի մետր կը լինի: Իւրաքանչիւր քա­ռա­կուսի մետրի արժէքն է ` հինգ հարիւր դրամ:

    Ես չգիտեմ ոնց, թէ ինչպէս, իմ գորգերն ու ուղե­գոր­­գերը հիանալիօրէն մաքրուած,

նորի տեսք ստա­ցած վերադարձուեցին ու տղաների կողմից էլ տեղա­դըր­ուե­ցին ոչ թէ Չորեքշաբթի, այլ` Երեքշաբթի օրը:

   – Մենք ամէն ինչ արեցինք, որպէսզի մէկ օր շուտ աւարտենք ձեր գործը յարգելի մաեստրօ,- հեռա­ձայ­նով ասաց Անուշը,- դուք լիուլի ժամանակ կ՚ունենաք ամբողջո­վին կարգի բերելու ձեր բնակարանը, նախ­քան ձեր կնոջ ժամանելը: Չմոռանա~ք իմ տոմսակ­ներն  ուղարկել  բանուորների  հետ մաեստրօ,- սրտա­բուխ խնդուքով աւար-

­տեց իր խօսքը` հեռուից-հեռու բարեկամ դարձած Անուշը:

   Յոբելեանական  երեկոյի  աւարտին  ինքս  բեմից սրահ իջայ` ընդունելու համար մեծաթիւ մարդկանց շնորհաւորանքները: Ո՞ւր է արդեօք Անու­­շը, ի՞նչպէս գտնեմ նրան, որին անձնապէս չեմ տեսել, բայց աղջիկը այնպիսի ջերմ, մարդկային, բարոյա­կան զգացումներ է առաջ բերել իմ հոգում, որ այդ ան­ծանօթ մարդկանց մէջ միայն նրան եմ փնտրում: Մէկ էլ աչքս ընկաւ հեռւում կանգնած մի երիտասարդ զոյգի վրայ: – «Անուշն է, հաստատ նա է»,- փորձում եմ համոզել ինքս ինձ ու շուրջիններիս թողած, մանր քայլերով առաջանում եմ դէպի զոյգին: Նկատելով իմ այդ վարմունքը, զոյգն էլ գալիս է ինձ ընդառաջ:

   – Անո~ւշ…, իմ լաւ աղջիկ, դու ես չէ՞…

   – Այո~, այո, իհա՜րկէ ես եմ մաեստրօ, ես եմ, ե~ս,- ու ձեռքի ծաղկեփունջը փոխան­ցելով կողքին կանգնած երիտասարդին, անբռնազբօսիկ ծիծաղով փաթաթւում է ինձ ու աւելացնում,- եկէք մօտենանք Մարիետա­յին, նրա մասին էլ շատ խօսք եղաւ այսօր:

   Մարիետան էլ ընկերուհիների եւ ծաղկեփնջերի մէջ «խեղդուած», չի էլ նկատել իմ փոքր-ինչ հեռա­նալն իրենից:

   – Մարջան, խնդրեմ ծանօթացիր, Անուշն է, ես քեզ պատմել եմ նրա մասին:

   – Օ~…, ինչ ուրախ եմ Անուշիկ, ապրէք դուք, շնոր­հակալութիւն ձեր հիանալի վերաբերմունքի եւ լաւ, որակով արուած գործի համար:

   – Ի՞նչ էք ասում տիկին Մարիետա, դա մեր գործն է, ես եմ շնորհակալ այս հրաշք երեկոյի համար,- ասաց Անուշը եւ երիտասարդի ձեռքից վերցնելով ծաղկեփունջը` տուեց Մարիետային եւ աւելացրեց,- օ~, կը ներէք, ես ձեզ չծանօթացրի, իմ նշանածն է` Միհրանը:

   – Ախ այդպէ~ս…, սիրուն աղջիկ, ուրեմն սպասենք հարսանիքին, հը~, ի՞նչ կ՚ասես Անուշ ջան,- արդէն ես էի:

   – Անշուշտ, անպայման մաեստրօ, սպասում ենք ձեզ տեսնել յաջորդ տարի, դուք մեր ամենապատ­ուաւոր հիւրը կը լինէք:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ