Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Վանաձոր – Լոռի

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Իսկ դուք գիտէ՞ք ինչ է Հայ ժողովուրդը, այդ այն ժողովուրդն էր, որը  ամբողջ

Մարդկութեան մէջ ամենախորհրդաւոր պատմութիւնն ունի:

Ֆրանսացի մտաւորական Լէոն Բլուայի
 Հռովմի պապին գրած մի նամակից

Գնում էինք Վանաձոր, Լոռի մարզի կեդրոն: Ինքնաշարժը Բամպակի հովիտից վազող գետակի ջրերի երգի   հնչիւններին հենած վազում առաջ: Երկնքին հպած Բազումի ու Բամպակի լեռնաշղթաները տիրական բազմել հովիտի վրայ:  Գուգարաց աշխարհում էինք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը, հիմա Լոռէ-Լոռի, »Լոռի Մարզպետութիւն»-ն է: Արարատեան թագաւորութեան արքաները, Հայկազուն Երուանդունիներն ու Արտաշէսեաններն էին տիրել այդ նահանգին: Մեծ Հայքի չորս սահմանապահ Բդեշխութիւններից մէկն էր: Կիւրիկեանների ու Զաքարեանների ժամանակ, Գուգարք-Լոռին եղել է մշակոյթի կեդրոն, որոնց ճարտարապետական նշանաւոր յուշարձանների՝ Սանահինի, Հաղբատի, Հաղարծնի, Քոյբարի, Օձունի վանքերի կրթարաններում ուսուցանել էին գիտութիւններ, արուեստներ, հայագիտութիւն: Հայոց երգի արքայ՝ իմաստուն Սայեաթ Նովան ուսանել Սանահինի կրթահամալիրում: Այնտեղ արշաւած սելջուք մի հրոսակախմբի ղեկավար, նուաճել տեղի Մանես բնակավայրը, իր անունով Ալավերտի (Աստուած է տուել-Աստուածտուր) էր կոչել այն: Հայեր հարիւրաւոր տարիներ հանդուրժել էին այդ անունը, եւ դեռ մինչեւ հիմա էլ հանդուրժում:

Խռովել էր հիւսիսային կողմն հայոց աշխարհի ընդերքը, ցնցուել էր նաեւ Լոռին, շէները նրա, Վանաձորը: Հայկական Լեռնաշխարհի քաղաքակրթութեան սերմերը իրենց հետ նոր աշխարհ տարած մարդիկ, շտապել էին իրենց »Քրոջ» հայոց երկիր, (այդպէս էր հնդեւրոպացի իրենց ցեղակից հայերին կոչել ֆրանսացի մեծ մտածող՝ Անատոլ Ֆրանսը» ը) Պատսպարել փլած, խարխլած տների բնակիչներին: Եւ ահա, խճուղիի աջ կողմի լանջին, շարուէ-շարան սպիտակ տների աւան: Իտալացիները՝ հայերի հին դաշնակից հռովմէացիները, կառուցել էին այն, ո˜վ էր նրանց յուշել  Տարօն անուանէին այն: Տարօն, նրա յուշն էր եկել բազմելու անչափ փոքրացած հայոց երկրի հողին: Առանց կռուի տուել նահապետի կտակած երկիրը, լաւ է, որ Արմաւիրում, Ապարանում, Գուգարաց աշխարհում վերջապէս կռուի ելել, հայոց աշխարհի այս փշուրը բերել երկիր:

Տարօն, փռուել էր հայոց Արածանի ու նրա վտակ Մեղրագետի ջրերի աւազանին: Իր ափերի վրայ պահել հայոց մարդացած հին աստուածների հրաբխածին Նեմրութի գագաթի Արամազդի տաճարը: Իրենց աստուածների համար՝ Աշտիշատում, Բագարանում մեհեաններ պատել: Պատմահայր Մովսէս Խորենացիի վկայած աւանդութեան համաձայն, Նոյի կրտսեր որդի՝ Տարպան-ը բնակութիւն հաստատել Արարատի հովանու տակ, նրա անունով Տարօն էր կոչուել  հայոց Սրբազան Լեռնաշխարհ այդ խոշոր տարածքը: Նրա սրտում Արարատեան Թագաւորութեան Խալտի աստուծոյ տաճարանիստ Մուսասիր-Մուշի արգաւանդ դաշտն էր, Սասունի դիւցազունների լեռներն են այնտեղ, Նար Ծովինարն էր Արածանիի ջրերի յատակում յղիացել, իր որդի Սանասարը, »Թուր Կեծակ»-ը վեր պահած՝  հրեղէն Քուռկիկ Ջալալիի թամփին բազմած՝ ջրերի տակից  դուրս թռել, Անահիտի աղբիւրի պայթած ջրերից թռած Սպիտակ ձին Անդրանիկ Փաշային թուրքի դէմ կռուի տարել, Սասունի Դաւիթը պատռել Մսրայ Մելիքին: Այնտեղով անցած օտար պատմիչների վկայութեամբ երկրում առատութիւն եղել,  ծառերին »Մանանա»  ծաղկել:

Ինքնաշարժի խճուղիի խաչմերուկ, Տաշիր էին գնում այդ ճանապարհով: Այդտեղ, թոնիրում եփած հացեր  վաճառում, շատ համեղ էին, մինչեւ քրոջս տուն հասնելը մի հաց ուտում: Վանաձորի մուտք, վարդագոյն քօղով ծածկուած տուներ: Ժամանակին անտառներն էին գրկել Վանաձորը: Ցուրտ տարիներին հատել էին ծառերը, որ իրենց մանչերը չմրսէին: Նրանք կը մեծանան, քաղաքի լանջերը դարձեալ կանաչով կը սքօղուեն, նորէն հաւքերով ու գազանիկներով լիքը: Լայն պողոտայի սեմից մտնում Վանաձոր, »Տիգրան Մեծի Փողոց»:

Վանաձորին շատ մօտիկ Ստեփանաւան քաղաք, միջնադարեան փլած ամրոցի աւերակներ, Բագրատունի շառաւիղներից »Կիւրիկեան» թագաւորութեան մայրաքաղաքը: Յետագային, Լոռի տեղանունը տարածուել ամբողջ շրջանի վրայ: Լոռին »Թումանեան»-ն է՝  ժպտուն, բարի  Յովհաննէս, ճրագը լոռու, իր աշխարհը, իր գիրը, նրա մարդկանց իր բանաստեղծական հանճարի զօրութեամբ դարեր տարել: Արեւի լոյսին բազմած պաստառի յուշերի երեւակայութեամբ, թռչում լոռուայ աշխարհ, ձորի խաւարում տեսնեմ Սաքոյին շրջապատած չարքերի խելայեղ պարը: Տեսնեմ լերան լանջից պայթած աղբիւրի կուժով ջուր տանող Անուշին, հովիւ Սարոյին ոչխարների հօտով, վիրաւոր սրտով գազազած »Մօսի»ին: Ծաղիկների հիւսքեր վարսերին »Ջան կիւլիմ» տօնախմբող աղջիկներին: Ունկնդրեմ ձորերից արձագանգող »Բարձր Սարեր» լոռիի լեռների երգը ունկնդրեմ: Հրացանի չարագուշակ որոտն է հասնում ինձ, ընկած Սարօ, սպաննուած սէր, ողբացող ուռենի դարձած Անուշ:

 Դսեղն է բազմել լոռուայ բարձր սարերին, այցի գնացել այնտեղ, մտել Յովհաննէսի ժպիտով լեցուն սենեակներ, նրա բարձունքից դիտել Լորուայ բարձունքների կանաչ լանջերը, դիտել խորը ձորերը, որտեղից Դեբետն է վշտից զարկում ափերին, կարծես Անուշի ողբը լինէր այն: Տան բակին արձանացած Յովհաննէսն է, գրկել եմ նրան, նրա քարացած ժպիտն է հոսել դէմքիս, լեռներից փչող հովիկներին բազմած ամպերի տակից հոսած անձրեւի երգն է հասել ինձ:

Լոռի քաղաքի ու գաւառի մելիքներն են եղել Մելիքեանները, որոնց մելիքական իրաւունքը հաստատած եղել Շահ Աբբաս Ա.-նը: Յետագայում նրանց շնորհուել Ռուսական ազնուականութեան տիտղոս՝ Մելիքով անունով: Այդ տոհմի ամենանշանաւորը եղել Զօրավար Լոռիս Մելիքովը: 1877-1878  թուականների ռուս-թրքական պատերազմի ատեն  եղել է Կորպուսի հրամանատար, ջախջախել Մուխլար Փաշայի զօրախումբը, գրաւել Կարս, Արտահան քաղաքները, շնորհուել նրան Կոմսի տիտղոս: Ալեքսանդր Բ. ժողով հրաւիրել երկրի կացութիւնը քննարկելու: Լոռիսն է խօսել, որ երկրում ռւժեղ իշխանութիւն է անհրաժեշտ: Ցարը անմիջապէս առաջարկել Կոմս Միլիքովին նշանակել՝ Գերագոյն կարգադրիչ յանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազօրութիւններով: Իսկ այդ յանձնաժողովի վերացումից յետոյ, նշանակել՝ Ներքին Գործոց Նախարար:

Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսէ, որը այդպէս էր անուանուել մօտակայ բլուրին սեւ քարով պատած եկեղեցի լինելուն: Այստեղ էր մղուել  1918 թուականին Մայիս 24-28 -ին թրքական զօրքի դէմ հայերի ինքնապաշտպանական կռիւներից մէկը: Ռուսաստանում հրեայ գործիչների յեղաշրջումից յետոյ, նրանց բանակները հեռացել էին Անդրկովկասից: Թուրքերը խախտելով զինադադարի պայմանները, գրաւել էին Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, ներխուժել Հայաստան: Հայոց նահանջող զօրքի հետ գաղթել էին տասնեակ հազարաւոր արեւմտահայեր, որոնց անվտանգութիւնը ապահովել էր Անդրանիկ Փաշայի զօրամասը: Թուրքական զօրքերը յարձակում ձեռնարկել նաեւ դէպի Ղարաքիլիսէ: Հայկական զօրքը չորս օր յամառ դիմադրութիւն ցոյց տուել թշնամու գերակշռող ուժերին, երեք անգամ ստիպել նրանց նահանջելու, սակայն թուրքի բանակը համալրում ստանալով, հայկական ջոկատները ստիպուած նահանջել դէպի Դիլիջան:

1918 թուականի Մայիս, թուրքի բանակները նահանջել էին Անդրկովկասից, հեռացել Ախալքալակից, Ճաւախկից: Վրաստանը անմիջապէս զինեալ ջոկատներ տեղաշարժել այնտեղ, մինչեւ հիմա էլ մնում տիրացած: Թուրք բանակը հեռացել Լոռի-ից, հայկական ջոկատները անմիջապէս տիրել նրան: Վրացին, այդ ապօրին նկատելով, պահանջել  անմիջապէս հեռանալ: Հայաստան մերժել էր վերջնագիրը: Վրացի մենշեւիկների զօրքը ներխուժել Լոռի, Դրոյի հրամանատարութեամբ հայոց բանակը յաղթական մարտերով վռնտել վրացու զօրքը:

 Կովկաս ներխուժած Անգլիացիները միջամտել էին պատերազմին: Թիֆլիսի մէջ գումարուել ՝ Անգլիացիների, Ֆրանսացիների, Վրացիների ու Հայերի մասնակցութեամբ խորհրդաժողովում պարտադրուած պայմանագրով Լոռին հռչակուել »Չէզոք Գօտի»:

1920 թուականի Սեպտեմբեր, թուրքը նորէն յարձակուել Հայաստան, որից օգտուելով վրացիները պահանջել էին Թուրքական զօրքի յարձակումներից պաշտպանուելու համար Լոռի գաւառ զօրաբաժին մտցնել: Նախօրօք ստորագրուած պայմանագրի համաձայն, Վրաստանին ոչ մի իրաւունք չէր վերապահուել Լոռի գաւառի նկատմամբ: Օգտուելով՝ Հայ-Թուրք պատերազմի պատճառով Հայաստանի դժուար դրութեան մատնուելուն, Վրաստանը գրաւել էր ոչ միայն »Չէզոք Գօտին» այլ նաեւ Հայաստանի հանրապետութեան տարածքի Բուրջալուի գաւառը, Դսեղի շրջանը, Ջալալօղլին (Ստեփանաւան) մինչեւ Բամպակ: Թիֆլիսում ստորագրուած համաձայնագրով »Չէզոք Գօտին» անցել էր Մենշեւիկ Վրաստանի իշխանութեանը:

 Տապալուել էր Հայաստանի առաջին հանրապետութիւնը, Խորհրդային կարգեր էին այնտեղ հաստատուել: Հայաստանի հանրապետութիւնը Վրաստանին ազդարարել էր անմիջապէս ազատել »Չէզոք Գօտի»-ի տարածքը: Վրաստանը անտեսել էր Հայաստանի պահանջը եւ Ռուսաստանի ազդարարութիւնը, ձեռնարկել գրաւելու նաեւ Ղարանֆիլն: Հայաստանի համայնավար կառավարութիւնը եւ Կովկասեան Բիւրոն որոշել էին 1921 թուականին ապստամբութիւն կազմակերպել »Չէզոք Գօտում»: Կիրովն ու Կլինիկօրէնն  Հայաստանի ռազմական նախարարին եւ 11-րդ բանակի հրամանատարին հրամայել անմիջապէս գրաւել »Չէզոք Գօտին»: Ապստամբութիւնը սկսել էր Փետրուարի 11-12 ին: Երեք օրերի մարտերից յետոյ ազատագրուել էր »Չէզոք Գօտին»: 11- րդ կարմիր բանակը, հայոց զօրքի հետ յարձակումը շարունակել դէպի Թիֆլիս, տապալել Վրաստանի Մենշեւիկ կառավարութիւնը: Դիպուածով Փետրուարի 18-ին, Հայաստանում ապստամբութիւն եղել, եթէ այն կանուխ պատահած լինէր երեւի Ջաւախքի հետ »Չէզոք Գօտին» էլ կարող էր Վրաստանի կազմում լինէր: Չարաբաստիկ քսաներորդ դար, ինչքան մահ ու աւեր եղաւ հայոց աշխարհում: Նրա վերջին գերուած մի զաւակին մայրական գիրկ բերին, իրենց հին աստուածների մեհեանների վրայ նոր տաճարներ պատեցին, աղօթեցին . . .: Վանաձոր, Բամպակի եւ Բազումի լեռնաշղթաների ստորոտների հովիտի վրայ բազմած՝ վարդ քարերով պատած նախշուն քաղաք: Մարդկանց հեւք կայ, խաղաղ է քաղաքը,խաղաղ են մարդիկ, լոռի աշխարհի բարութիւն է այնտեղ: Հեռու մարդիկ, իրենց արմատները մոռացած, ինչքան չարամիտ պատումներ յօրինել նրանց մասին: Յովհաննէսի հէքեաթների բարութիւնը, անտառների անուշ մրմունջը, լեռների լանջերից պայթած աղբիւրների քրքիջը կայ լոռեցիների սրտերում: Լռել է հիմա քաղաքը, չեն աղմկում բազմաթիւ գործարանների շչակները, երկրի արդիւնաբերական հսկաներ  գործել էին այնտեղ: Քիմիայի արհեստագործ քաղաք էր, որոնց արտանետումները արգելակում էին նրան գրկած բնութեան հեւքը: Այդ իննսունական թուականների ընչաքաղց հայեր ինչքան աւեր բերեցին իրենց երկրին ու այս քաղաքին:

Վանաձոր եկել, քրոջս այցելութեան: Եկել էի Մուսա Լերան, նրա դիւցազուն լեռնականների, նրա հողի ռանչպարների, նրա ցորեանի արտերի ծփանքի, նրանց զէնքերի որոտների ողջիւնը հաղորդելու:

Լերան ողջոյնը ափիս վրայ որպէս վառուող մոմ, մտել Ստեփան Զօրեանի տան բակի խնձորի այգի, շաղ տուել նրա լոյսը խնձորի թեւերին ժպտացող խնձորներին: Արդեօք ա՞յս էր Զօրեանի երկնած »Խնձորի Այգին»  պատմուածքի իսկական այգին: Մտանք Զօրեանի տուն թանգարանը: Բանաստեղծ Ռազմիկ Պօղոսեանը սիրալիր դիմաւորեց մեզ, Մուսա Լերան ողջոյն հաղորդեցի նրան, ժպտաց Լոռեցու բարութեամբ, խնդրեց Գրողների Միութեան Վանաձորի բաժանմունքի քարտուղարին յաջորդ օրը հանդիպում կազմակերպել:

Երախտապարտ վանաձորձիներ, իրենց լոռեցի  Զօրեանի փառքի յաւերժութեան համար, նրա տունը թանգարանի վերածել, որ նա միշտ իրենց հետ լինէր: Մտայ տան յարկերի սրահներ, այնտեղ են նրա իմաստութեան հանճարի ստեղծագործութեան վկաներ հանդիսացող մատեանները, անձնական գործածութեան իրերը, գրասեղանը, որի վրայ խոկած Ստեփանը հայրենաշունչ վէպեր, վիպակների երկնել: Հայրենապաշտ Արշակի որդի Պապ թագաւորն է այնտեղ: Ստեփանը նրան ներկայացրել է որպէս այդ դարաշրջանի ականաւոր քաղաքական-պետական  գործիչ, պետութեան հզօրացման համար եկեղեցական ու նոյնիսկ Ներսէս կաթողիկոսի բազում բարեգործական կառոյցների գործունէութիւնն էր առկախել, որպէսզի ուժեղ պետականութիւնը ժողովուրդի գոյատեւման առհաւատչեան լինէր: Հռոովմի »պոռնկորդի» (Դանիէլ Վարուժան անուանակոչումը) Բիւզանդիոնի զօրավարը խնճոյքի հրաւիրել հայոց թագաւորին, բարեկամութեան բաժակը ձեռքին խողխողել էին նրան: Նրանց պատմիչը պիտի հաւաստէր, որ այդ հիւր թագաւորին սպաննելը պատմական խոշոր ոճրագործութիւն է:

Արշակունի ծագումով, կռփամարտի ողիմպիական խաղերի ախոյան Վարազդատն էր այդտեղ: Բիւզանդացիք էին նրան թագաւոր բերել հայոց գահին, հայոց աշխարհը չընդունեց նրան: Կռիւ եղաւ, պարտուած Վարազդատին հետապնդել էին, Մամիկոնեան Մանուել զօրավարը սուրը հպած նրա լանջին, սպառնացել հեռանալ հայոց աշխարհից, իրենք՝Մամիկոնեանները, արքայասպան չեն: »Գրադարանի աղջիկը» -ն այստեղ, գրադարանը թողած՝ բոլշեւիկների ցոյցին էր վազում: Սիւնեաց Անդովկ իշխանի դուստր Փառանձեմն է »Հայոց Բերդ» ի պարիսպներին թշնամու գրոհող զինուորին նետահարում: Այստեղ են հաւաքուել պատումների մարդիկ, որոնք թեւանցուկ քայլում իրենց յաւերժութեան ճամբաներով:

Չքնաղ Լոռու աշխարհ, այս հեռու լեռնային ոստանում այցի եկած օտարականը ինչքան պիտի զարմանար, որ գեղագիտական թանգարան, պատկերասրահ կար այնտեղ: Մտանք նրանց լուսաւոր սրահները, պատերից նայող դիմանկարներ, ժպտացող ծաղիկների փունջեր, կանաչած լեռներ, ձիւնոտ սարեր: Այդ  աշխարհի որդիք իրենց մտքի թռիչքի գեղագիտական բարձր ընկալումով, իրենց Լոռին բերել էին պաստառներին: Մուսա Լերան յաղթանակի յուշարձանը ճակատին գիրքը դրի պատին, որ նրանից ճառագած ողջոյնի դիւցազնութեան լոյսը գրկի պաստառների մարդկանց, լեռներին, ծաղիկներին:

Մտանք ոստանի Մանկավարժական Համալսարան, որտեղից վկայուած հայորդիներ, հայոց աշխարհի մանչերին վարժապետ, վարժուհի պիտի լինէին: Մտանք ճարտարագիտական Համալսարան, որտեղ »Մուսա Լերան ողջոյնը ափիս որպէս նշխար մատուցեցի մտաւորականներին: Նրանց ակներից վարար լոյս էր վազում յուշարձանի վրայ, այն ընկնում էր նրա ստորոտի ծովի կապոյտ ջրերին, ժպիտ ծաղկում:

 Անցնում էինք Վանաձորի փողոցներով, մարդկանց հեւք կար, մանչերն էին հայրերին սպասում, որ հաց բերէին իրենց: Մտանք շուկաներ, սիրել եմ հայոց աշխարհի շուկաները, այնտեղ լեցուն են արեւի ծիածանով հուրհրացող, Արագածի ու Մասիսների լանջերի ձնծաղիկների բոյրով  յորդած այգիների ու արտերի բարիքը: Շուկան դուրս էր  ելել կառոյցից, փռուել յարակից ճամբաներ, արկղներում, զամբիւղներում արեւից ծաղկած միրգ: Շինականների ակներից արարման լոյսի ժպիտ ցայտում, փունջերով արեւ էր իջել շուկայում:

Մի պահ կանգնում դիտելու շքեղ մի կառոյց, ասում էին հայոց կոնեակի արարիչ Թայիրովի առանձնատունն եղել: Հայ բոլշեւիկները ուրիշի արարումը զաւթելու իրենց մոլուցքով այն սեփականազրկել էին, յետագայում կառոյցը »Հայաստան» անունով առողջարանի վերածուել: Հիմա էլ »երկրորդ» անգամ քրիստոնէութեան հաւատքին վերադարձած հայերը, Գուգարաց թեմի առաջնորդարանի նստավայրի վերածել այն, որտեղ բազմում է սրբազան Սեպուհ Չուլճեանը, նրա կողքին էլ Սուրբ Սարգիս եկեղեցի կառուցել: Հիմա հայոց աշխարհում հապշտապ  եկեղեցիներ են կառուցում, մի անգամից հարստացած »Տղերք» -ն էլ իրենց պալատների պարիսպների ներսում մատուռներ պատում, ի՞նչու, ի՞նչի համար են աղօթում . . .  երեւի Աստուծուց խնդրում պահպանել գողացածը, եղա՞ւ:             

Ճամբի եզրին, իրարու հաղորդակից արհեստական լճեր էին, այն օրերին նրանց ափերին մանչերն էին արեւկոխ անում, ճողբում նրա ջրերը, նրանց քրքիջների ձայնը գնում մօտակայ անտառների հաւքերի  հանգիստը խռովելու: Հիմա դատարկ լճեր էին, յատակները մամռակալած, լռութիւն էր այնտեղ, ոչ մի մանչ էր զուարճանում ջրախաղով, ափոս . . .:

Կուսական անտառներ էին քաղաքի թիկունքի լանջերին ու ձորակներին, Վանաձոր էին ասում տեղանքին: Այնտեղ էինք գնում »հաց ու ջրով», ձորակներով հոսող ջրերի կողքին անտառից հաւաքած չոր փայտով կրակ վառում, միս խորովում, անուշ ծուխ էր բարձրանում, գինի խմում, իջնում առուակներ, մեր յոգնած ոտքերը թրջելու: Երկնամերձ ծառերի սաղարթներն էին հովիկների համբոյրից թրթռում, մրմնջում, հայոց հին աստուածներին պատարագող քրմերին սպաննել էին, հիմա ոչ ոք չի կարող մարդկանց  հաղորդել նրանց սօսփիւնի երգը: Երեւի անտառի գազանիկները գիշերներին գալիս տաքանալու եւ իրենց բաժինը փնտռելու կրակի մօտ:

Հանգստեան օրերին, Վանաձորի հովիտը լեցուն էր մարդկանց խինդով, խնճոյքի հեւքով, քաղցրաբոյր ծուխով էր լցուած անտառը, ձորակները: Հիմա մերկացել է Վանաձորը, նրա լանջերը, փլած ծառերի բներից ընձիւղներ են բարձրացել, լուռ են ձորակները, հովի հովանի չկայ, փայտ չկայ որ կրակ վառէին, որ խորոված մսի զգլխիչ ծուխը բարձրանար դէպի լեռներ: Սակայն, հիմա հայոց երկրում ազատութեան հորովելներ են, անկախացած Հայաստան, իր թերիներով հանդերձ՝ նախագահ, վարչապետ, նախարարներ, ազգային ժողով կայ եւ դեռ Մայիսեան առաջին հանրապետութեան ժամանակների նման իմաստուն ու հայրենապաշտ հայեր գալու են դէպի նոր ուղիներ առաջնորդելու այն: Հոգ չէ, Վանաձորը նորէն պիտի լցուի կանաչով, ծառերը նորէն պիտի երգեն, մանչերը նորէն առուակներում պիտի ջրուեն, նորէն խորովածի ծուխ,  նորէն խնճոյք, Վանաձորի հովիտներում պիտի արբենան հայոց խինդով ու գինիով: Քաղաքային այգի մտայ, ծառերի կանաչն է  զովութիւն հոսում մեր վրայ, մանչեր աղմկում խաղահրապարակում, ինչ հաճելի նրանց քրքիջը: Արեւն էր պատռում կանաչը, լոյս ցանում այգու չորս դին:

Հայաստանի Գրողների Միութեան Լոռի բաժանմունքի քարտուղար՝ Լենա Անթառամեանը մտաւորականների հրաւիրել իրենց ոստան ժամանած »Մուսա Լերան Ողջոյն»-ի գալուստը աւետելու: Մանկավարժական Համալսարանի Հայոց Լեզուի ու Գրականութեան բաժանմունքի վարիչ Պատմական գիտութիւնների տոքթօր Մելս Սանթոյանի ելոյթից յետոյ, բեմահարթակ հրաւիրել ինձ: Գրքի ճակատի յուշարձանը բարձր պահած »Մուսա Լերան Ողջոյնը» հաղորդեցի Վանաձորցիներին:  Հայրենապաշտ Արքայից-Արքայ Մեծն Տիգրանի յաղթական բանակների հետ  այդ լեռներ  եկած Արմէն-հայերի գալուստը, նրանց խիզախ հերոսամարտի պատումը առեցի: Հաւաքին էր ժամանել Վանաձորի քաղաքապետ՝ Սամուէլ Դարբինեանը, բեմահարթակում ողջունեց ինձ, դրուատեց դիւցազնամարտը, գիրքը ափիս որպէս յաղթանակի աւետման ճրագ երկարեցի նրան: Լրագրողներ էին սրահում, հարցազրոյց վարեցին, յաջորդ օրը հանդիպման մանրամասները հաղորդուեցին տեղի »Լոռի Մարզ» լրագրում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ