Չորեքշաբթի, Մայիս 1, 2024

Շաբաթաթերթ

Աւագ Ընկերոջս Յիշատակին

(Արտաշէս Քալանթարեան)

                                                                            ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   Այս օրերին Երեւանի փողոցներից մէկը անուանակոչուել է նշանաւոր գրող,   դրամատուրգ, Ֆելիետոնիստ (Ֆելիետոն,- իրական փաստերի վրայ հիմնուած կծու, ծաղրալի գրութիւն) հասարակական գործիչ Արտաշէս Քալանթարեանի անունով:

   Անցեալ դարի 60-ականների վերջերին, ես արդէն քիչ թէ շատ ճանա­չուած լրագրող էի համարւում: Մամուլում տպագրուած իմ նիւթերը կարդալուց բացի, ագահօրէն փնտռում էի Արտաշէս Քալանթարեանի Ֆելիետոնները:

    Աշխատանքի բերումով, մեր մտերմութիւնը սահմանափակւում էր միայն իրար ողջունելով: Եւ ահա, տարիներ անց, արդէն Ամերիկայում…

    Խօսքը տալիս եմ իրեն` Արտաշէս Քալանթարեանին, որի մի քանի պարբերութիւնը վերցուած է անձիս վերա­բերող նրա «Կարօտի կանչը»  յօդուածից («Խորհրդային Հայաստան», Երեւան, 10 Ապրիլ, 1990):

   Մի քանի ամիս առաջ Լոս Անջելէս քաղաքի արուարձաններից մէկով  անցնելիս, մէկ էլ յանկարծ մի շինութեան վրայ անգլերէնից բացի հայերէնով կարդացի` «Տպարան Անի»: Ես ինչպէ՞ս կարող էի արտասահմանում չմտնել մի տպարան, որի անունը «Անի» է: Գրասենեակում նստած էր սեւ մազերով ու սեւ աչք-ունքով շատ գեղեցիկ մի երիտասարդ:

   – Հայ ե՞ս տղայ ջան,- հարցրի ես:

   – Այո՜, հայ եմ, տեսնում եմ` դուք էլ էք հայ, հայրենիքի՞ց էք:

   – Գրող է,- ներկայացրեց ինձ իմ ընկեր Յակոբը:

   – Ես «Անի» տպարանի տէրն եմ, իմ անունը Արամ է: Հաւանաբար դուք իմ հայրիկին կը ճանաչէք:

   – Ո՞վ է հայրիկդ տղաս:

   – Հենրիկ Անասեանը:

   – Հենրիկ Անասեա~նը,- նշանաւոր արեւելագէտ, բանասէր ու պատմաբան Յակոբ Անասեանի որդի~ն:

   … Այսինքն` ինչո՞ւ եմ հարցնում: Հենրիկ Անասեանը ճիշդ այդպիսի աչք-ունքով մի երիտասարդ էր, որ թղթակցութիւններ էր  բերում «Երեւան» թերթի խմբագրութիւն:  Յետոյ շրջուեց միանգամից, որոշեց դիրիժոր դառնալ, աւարտեց կոն­սերվատորիան եւ կարճ ժամանակում համբաւ ձեռք բերեց որպէս Հանրապետութեան նշանաւոր խմբավարներից մէկը:

   – Կ՚ ուզէ՞ք հայրիկիս հետ խօսել, շատ կ՚ ուրախանայ,- ասաց Արամը` հեռախօսի վրայ  թուէր հաւաքելով:

   Հենց այսպէս, միանգամայն պատահականօրէն ես գտայ  Երեւանցի իմ հին գրչընկերոջն ու բարեկամին:

    – Հայրի~կ, գիտե՞ս ով է հիմա իմ տպարանում,- ընկալուչի միջից բարձրաձայնում է Արամս, – որ ասեմ` չես հաւատայ, քո ընկերը, գրող Արտաշէս Քալանթարեանը

  – Ի՞նչ…, Արտաշէ՞սը…, ո՞նց,  ի՞նչպէս…

   – Ուզում ե՞ս խօսել նրա  հետ:

   – Ո՜չ, ո՜չ տղաս, ժամանակ չկորցնենք, ես մի կէս ժամից այդտեղ կը լինեմ, թող տեղ չգհայ, զբաղեցրու մինչեւ տեղ հասնեմ:

    Քսան վայրկեանից` տպարանում եմ:  Գրկում ենք իրար ես ու Արտաշէսը, փաթաթւում, ինչո՞ւ ոչ` համբուրւում նաեւ`կորած եղբօրը գտած լինելու խաբկանքի նման:

   – Հենրիկ, ծանօթացիր, ընկերս է` Յակոբը, նրա հրաւէրով ենք եկել ես ու կինս: Դժբախտաբար մեր ժամանումը համընկաւ նրա կնոջ թաղման արարողութեանը: Մէկ շաբաթ է, որ այստեղ ենք, եւ, հաւանաբար, ժամանակը չլրացած,  մի քանի օրից կը վերադառնանք Հայաստան:

   – Ի՞նչ…, վերադառնա՞լ…, ինչո՞ւ, նման բան չկայ, չի կարող լինել,- էս ի՞նչ է ասում Արտա­շէսը Յակոբ…

   – Ի՞նչ ասեմ Հենրիկ, դու վաղուց ես Հոլիվուդում, ուր կեանք կայ, եռուզեռ: Էս Մոնթէբելլոն անապատի պէս տեղ է: Հայկական միջավայր չկայ: Ձանձրոյթից չգիտես ինչ անել: Ես էլ հնարաւորութիւն չունեմ աշխատանքս թողնել ու մերոնցով զբաղուել:

   – Լաւ, Յակոբ  ջան, կարծում եմ չես նեղանայ եթէ ընկերոջդ տանեմ մեր տուն, ուր գնացող-էկողը շատ, շարժում կայ:, ես էլ ազատ ժամանակ ունեմ, հը~, ի՞նչ ես ասում:

   – Ի՞նչ պիտի ասեմ եղբայր, շնորհակալ եմ, դու ինձ  ազատեցիր մեծ հոգ­սից: …

   – Լաւ, լա~ւ, Յակոբ ջան, մի յուզուիր, որոշուած է, , իսկ դու` Արամ ջան, շրջուելով տղայիս կողմը ասացի,- գործդ թող, թռի տուն, մամայիդ հետ կարգադրութիւններ արէք, ես Արտաշէսին եւ կնոջը բերում եմ մեր տուն:

   … Արտաշէսի եւ իր կնոջ` Ջուլիետայի մեր տուն մտնելու առաջին իսկ վայրկեանից մի տեսակ շէնացաւ մեր տունը: Հրճուանք, բերկրանք, իսկական երեւանեան խինդն ու ուրախութիւնը քսան օր անդադրում թեւածեցին մեր տան մէջ եւ առօրեայում: Ոչ մի օտարութեան զգացողութիւն միմեանց նկատմամբ: Արտաշէսի անմիջական, անկեղծ,  սրտբաց  վարակիչ բնաւորութիւնը հրճուանք էր առաջացնում իրեն շրջապատող մարդկանց մօտ:

   – Հենրիկ, սա տղուն հոգ տարէք, իրեն համար լաւ չէ այսքան աշխոյժ ըլլալը,- ասաց սրտաբան, ՄԱՍԻՍ շաբաթաթերթի խմբագիր Յարութիւն Սաղրեանը` մեր տան բակի տաղաւարի տակ, խնջոյքի պահին: Մինչ այդ օրը, իմ խնդրանքին ընդառաջելով, դոկտորը եւ մէկ օտար ճանաչուած  սրտաբան գտան, որ Արտաշէսի սիրտը յոգնած է եւ անհրաժեշտ է լուրջ հետազօտութիւն անել:

       Ասես-չ՚ ասես` միեւնոյնն է, այդպիսին էր Արտաշէսը, իրադրութեան, միջավայրի տէրն ու տնօրէնը, սեղանապետն (թամադայ) ու ժողովրդական երգերի փայլուն կատա­­րողը: Իմանալով իր սրտի տկար լինելը, նա երբեք իրեն չէր խնայում: Նա գերագոյն հաճոյք էր ստանում շուրջիններին ուրախ պահելով: Նրա համով-հոտով անէկ­դոտները ներկայացնելու վարպետութիւնից բոլորս ուշաթափ էինք լինում բարձրա­ձայն հռհռոցից:

    Երբեք չէիր ասի, որ նա այն լուրջ, խոհուն մտաւորական գրողն է, որի  սուր, խայթող գրիչից սարսափում էին երկրի նախարարներն անգամ:

    Մեր քսանօրեայ համատեղ կեցութեան ընթացքում ես զգում էի, որ Արտաշէսը մի տեսակ շտապում էր, ուզում էր շատ բան տեսնել, շատ բան վայելել: Մանկան հրճուանք էր ապրում  Լաս Վեկասի ներկայացումները դիտելիս: Հազիւ էինք կարողանում նրան հեռացնել խաղատների մեքենաներից, որոնցից վար սահող մետաղադրամների շխշխկոցի հաճոյքից վեր էր թռնում  նստած տեղից եւ ի լուր ամէնի բղաւում,- Էկա~ւ Հենրիկ, էկա~ւ,- չմոռանալով մի նոր սիգարետ տանել շրթներին:

    Լաս Վեգասից ոչ պակաս հաճոյք վայելեց իմ բարի Արտաշէսը Դիզնիլենդում եւ Հոլիվուդի ֆիլմաշխարհ` Universal Studio-յում:

   …Անցան ուրախ եւ երջանիկ օրերը: Բաժանման պահը սոսկալի էր: 20 օր տեւած մեր համատեղ կեանքը այնպէս էր մեզ մտերմացրել, որ իւրաքանչիւրիս թւում էր թէ մի ամբողջ կեանք ենք մի յարկի տակ անցկացրել: Միակ մխիթարութիւնն այն էր, որ մենք հինգ ամիս անց կրկին հանդիպելու էինք Մայր Հայրենիքում:

    1990 թուականի Ապրիլ 12-ին եւ 14-ին հեղինակային համերգներով ելոյթ էի ունենալու Հայֆիլհարմոնիայի Համերգային Մեծ դահլիճում: 43 հոգուց կազմուած երգչախումբս մէկ գիշեր անցկացնելով Հարաւսլավիայում, Ապրիլի 8-ին թռանք Մոսկուա: Այստեղ արդէն կատարեալ խառնաշփոթ էր, իրա­րան­ցում, անտէրութիւն: Երեւան թռչող օդանաւ չկայ: Մարդիկ, երեք օր շարունակ օդա­նաւի են սպասում: Վերջապէս յայտարարուեց Երեւան թռչող չուերթի թիւը: Բնական է` մերը չէր: Մէկ էլ տեսնեմ հայ օդաչուների խումբը գեղեցկուհի սպասար­կուհինե­րով շրջապատուած ուղղուում է դէպի օդանաւ: Անմիջապէս մի յանդուգն միտք  առկայծեց ուղեղումս: Մօտեցայ օդաչուների խմբին ու բացա­տրեցի իմ եւ խմբի վիճակի  մասին,  հասկաց­նել  տալով, որ, եթէ ամէնաուշը վաղը կէսօրին Երեւանում չլինենք` վտանգի տակ կը դրուեն մեր ելոյթները Մայր Հայրենի­քում:

   – Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել ընկեր ջան, տեսնում էք թէ ինչ վիճակ է տիրում երկ­րում, շունը տիրոջը չի ճանաչում, սա էլ Գորբաչովեան վերակառուցման արդիւնքից է- ասաց հաւանաբար աւագ օդաչուն:

   – Խնդրում եմ գոնէ տղայիս տարէք ձեզ հետ, Երեւանում մարդիկ կան, որոնք կարող են մեզ դուրս հանել այս անելանելի վիճակից:

   – Ո՞ւր է տղադ, ասա թող մօտենայ:

   – Արամ մօտ արի տղաս, դու մենակդ գնում ես ու անմիջապէս կապւում Արտաշէսի հետ եւ նրան բացատրում մեր վիճակի մասին, նա կը կարողանայ օգնել մեզ:

    – Մենք կ՚ օգնենք ձեզ:  Դէ~, տղայ ջան, հե­­տե­­ւիր մեզ,- ասաց օդաչուն:

   Արամի մեկնելուց յետոյ, կռուով-շառով կարողացայ մի սրահ ապահովել խմբիս համար ու ամբողջ գիշեր, բոլորս միասին առանց քնելու, ուտել-խմելով նշեցինք Մարիետայի ծննդեան օրը: Մեր խմբին էին միացել երեք լիբանանահայ երիտասարդներ, որոնց խոստացել էի հնարաւորութեան դէպքում իրենց ներգրաւել խմբի կազմում:

Առաւօտեան 11-ի կողմերը սրահ մտաւ ուսադիրներով մի պաշտօնեայ կին:

 – Ո՞վ է ձեր խմբի ղեկավարը, խնդրում եմ մօտենալ:

   – Ես եմ յարգելի տիկին, լսում եմ ձեզ,-ասացի ես:

   – Ձեր բախտը բերել է,- մի տեսակ շոյուած իմ պատասխանից,- ժպտալով ասաց ու շարունակեց,- Սոչի թռչող օդանաւը հանուած է չուերթից եւ տրամադրուած է միայն ձեր խմբին: Քանի՞ հոգի է խումբը:

   – 46, յարգելի կապիտան,- պատասխանեցի:

   -, Ձեզ քսան րոպէ ժամանակ հաւաքուէք: Ես կը գամ ձեր ետեւից:

   Աննկարագրելի հրճուանք, ուրախութիւն: Հստակ էր, որ այս ամէն պատմութեան մէջ իմ Արտաշէսի մատը խառն էր:

    Երեւանի օդակայանում` դիմաւորողների հսկայ խումբ: Ծաղկեփնջերի տօնահանդէս: Մթնոլորտը փոքր-ինչ խաղաղուելուց յետոյ ինձ ու Մարիետային են մօտենում Արտաշէսը եւ շքեղ ծաղկեփունջը ձեռին Ջուլիետան: Հարազատից  էլ աւելի հարա­զատ  դարձած մեր աննման զոյգը: Խօսքեր չկան, միայն գրկախառնութիւն ու արցուն­քոտ աչքեր: Բաժանուելիս Արտաշէսն ասաց.

   – Հենրիկ, վաղը Ապրիլի 10-ն է չէ՞, քո ծննդեան օրը: Նշում ենք մեր տանը: Մի տաս հոգով հաւաքուէք եկէք:

   Այդ վայրկեանին մեզ մօտեցաւ սանիկս` Ռուբիկը:

   – Արտաշէս ջան, ծանօթացիր խնդրեմ սանիկս է, շատ լաւ գիտի եղբօրդ:

   – Ուրեմն նրան էլ նկատի առ:

   Դա մի սովորական  ծնունդի երեկոյ  չէր: Ասմունք, երգ, հումոր, յիշողութիւն ու ճոխից էլ  ճոխ սեղան` ընդգծուած հիւրասիրութեամբ: Բազում կենացներ: Կէսգիշերն անց էր, ուզում ենք վեր կենալ, Արտաշէսը թէ`- մի կենաց եմ առաջարկում` ով չխմի` թող աշխատավարձի յոյսին մնայ…

     Համընդհանուր ծիծաղը մոռացնել տուեց  կենացը փոքր-ինչ օրօրուող իմ քաղցր, հեզ ու բարի  ընկերոջը, որի արդիւնքում մի կէս ժամով էլ երկարեց այդ չքնաղ երեկոն:

 Դա իմ վերջին հանդիպումն էր Արտաշէսի հետ:

   Ես եւ իմ երգչախումբը դարձեալ հրաւիրուած էինք 1991-ին համերգներ տալու Երեւանում: Ես խոստացել էի մինչ գնալը  հրաւէր ուղարկել Արտաշէսին, որպէսզի գայ Լոս Անջելէս` սրտի վիրահատութեան համար: Մենք արդէն որոշ կարգադրութիւններ արել էինք այդ ուղղութեամբ: Ես հրաւէրն ուղարկեցի անձի միջոցով, ու անմիջապէս հեռաձայնով տեղեակ պահեցի նրան Մեր խօսակցութեան յաջորդ օրը նրան են յանձնում այնքան սպասուած ծրարը:

   – Եւ ի՞նչ…, հրաւէրը ստանալու հրճուանքին ու բերկրանքին չի դիմանում իմ լա~,ւ, բարի ընկերոջ` Արտաշէս Քալանթարեանի տանջուած ու չարչրկուած սիրտը ու նա մահանում է  1991 թ. Փետրուար 23-ին:

   Արտաշէսի մահից յետոյ տարիներ շարունակ շարունակուեցին մեր յարաբերութիւնները իր կնոջ եւ զաւակների հետ: 1996-ին  Մեր տանը երկու շաբաթով հիւրըն­կալեցինք կնոջը` Ջուլիետային, որին մտերմաբար արդէն Ջուլիկ էինք անուանում: Բացի դրանից, Ջուլիկը մի քանի անգան մէկ-երկու օրով իջեւանում էր մեր տանը` աւագ որդու` Արտակի մօտ,  Սիաթլ գնալու ճանապարհին:

  Ես ու Մարիետան էլ տարիներ առաջ մէկ շաբաթ վայելել ենք Սիաթըլի հանրաճանաչ Mirosoft ընկերութեան մէջ մեծ պաշտօնի տիրացած Արտակի հիւրընկալութիւնը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ