Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Անցեալ Դարակէսի Առաջին Տարիների Արուեստը Մայր Հայրենիքում (Երեք Ակնարկ)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Ա. «ԱՆՈՒՇ» ՕՓԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՆ 40-ԱՄԵԱԿԸ

   1952 թուական: Հայ ժողովուրդը պատրաստւում է արժանի ձեւով նշել Արմէն Տիգրանեանի «Անուշ» օփերայի առաջին բեմադրութեան 40-ամեակը: Օփերային թատ­­­րոնը տենդագին փորձերի մէջ է:: Օփերայի գլխաւոր հերոսուհու` Անուշի դերակատարուհին փառաբանուած երգչուհի Հայկանոյշ Դանիէլեանն է, իսկ Սարոյի դերը վստա­հուած է այդ դերի առաջին դերակատար Շարա Տալեանին:

   Եղբայրս` Արսէնը Շարա Տալեանի մտերիմ բարեկամներից էր: Թէեւ քսան տարեկան` նա կարողացել էր գրաւել նշանաւոր երգչի սիրտը: Եղբայրս հիանալի ձայն ունէր: Որ նրան չտեսնէիր, այլ միայն լսէիր` քեզ կը թուար թէ Շարա Տալեանն է երգում: Եղբայրս այնքան էր տարուած երգչի արուեստով, որ աշխատութիւն գրեց նրա մասին, որը լոյս տեսաւ 1956-ին: Հիանալի լսողութիւն, ռիթմի բացառիկ  զգացողութիւն, գեղեցիկ բարիտոն,- ահա եղբօրս երաժշտական տուեալները:

   Իմ երաժշտական գործունէութեան ընթացքում բազմիցս փորձեցի նրան կատարողական լայն ասպարէզ հանել, սակայն բնութիւնից իրեն վերապահուած քաշուածու­թիւնն ու ամչկոտութիւնը (նոյնը` հայրիկիս մօտ էր) պատճառ դարձան, որ նա անուանի երգիչ չդառնայ:

   Եւ այսպէս, օփերային թատրոնում գիշեր ցերեկ ընթանում են «Անուշ» օպերա­յի փորձերը: Արսէնը ամբողջ օրը երգչի հետ է: Յանձինս Արսէնի, երգիչն հաւանաբար տեսնում էր իր արուեստի ապագայ շարունակողին ու հօր պէս հոգ էր տանում նրա մասին:

   «Անուշ» օփերայի ներկայացման համար երկու տոմսակ ապահովել էր Շարա Տալեանը: Ես, 15 տարեկան պատանի, անչափ երջանիկ էի ու հպարտ, որ ներկայ եմ լինելու կառավարական ներկայացմանը: Ինձ համար մի նոր աշխարհ էր բացուել, գրաւիչ, հրապուրիչ մի աշխարհ, երաժշտական գոյների մի հսկայ համաստեղութիւն, որի մէջ էր թեւածում իմ հոգին: Երիտասարդ զոյգերի դժբախտ սիրոյ պատմութիւնը ինձ տարել էր երկնային թագաւորութեան մի աշխարհ, ուր միայն ընտրեալները կարող են հանգրուանել:

   Եկաւ օփերայի այն պահը, երբ Մոսին սպանում է Սարոյին: Հովիւները ուսամ­բարձ, բեմից  դուրս են բերում Սարոյի անշնչացած մարմինը: Որոտանման պայթում է երաժշտութիւնը: Ես չկամ, վերացել եմ, կոկորդս չորացել է: Յանկարծ սկսում եմ փղձկալ, եղբայրս  փորձում է  հանգստացնել ինձ` ոչինչ չի  ստացւում, սկզբում մեղմ, յետոյ սկսում եմ բարձրաձայն հեկեկալ: Այստեղից-այնտեղից լսւում են բողոքի ձայներ,- լռէ՜ք, դուրս տարէք երեխային:

   Տեսնելով, որ լացս չեմ կարողանում դադարեցնել, եղբայրս երկար շարքերի միջով ինձ դուրս բերեց սրահից:

   Ես հետագայում պիտի անդրադառնայի, որ ինձ սպանիչ յուզումի պատճառը ոչ այնքան բեմադրուած տեսարանն էր, որքան Արմէն Տիգրանեանի ցնցող, հանճարեղ երաժշտութիւնը:

    Ես չգիտէի, որ տարիներ անց, 1996-ին ինքս էի Տիգրան­եանի «Անուշ» օփերան համերգային կատարմամբ ներկայացնելու Լոս Անճելըսում, մինչ այդ երկար ժամանակ տրամադրելով  օփերայի երաժշտութեան գործիքա­ւո­րմանը, օգտագործելով կլա­ւի­րը (դաշնամուրային տարբե­րակ), միաժամանակ  լսելով օփերայի ձայնագրութիւնը:

Բ. ԵՐԳԻՉ ԱՐՄԵՆԱԿ  ՏԷՐ  ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ  ԵՒ ԿՈՄԻՏԱՍԻ «ԿՌՈՒՆԿ» -Ը

Առաջին անգամ Կոմիտասի «Կռունկ» երգը լսեցի մայրիկիս կատարմամբ, երբ ընդամէնը 4-5 տարեկան էի: Հայրիկս ռազմաճակատում էր: Ամէն երեկոյ, անկողին մտնելուց առաջ, ես, եղբայրս եւ մայրս ծնկի էինք գալիս Յիսուսի պատկերի առջեւ, խնդրելով Աստծոյն, որպէսզի ողջ առողջ վերադարձնի մեր հայրիկին: Խաչակնքելուց յետոյ, մայրիկս հազիւ լսելի ձայնով երգում էր «Կռունկ»-ը:

   Այն յուզումնալից պահը, որ ինձ պարգեւեց մոռացութեան տրուած երգիչ Արմէ­նակ Տէր Աբրահամեանը` ես ութ տարեկան էի: Մեր տան պատից կախուած խաւա­քարտէ ռատիոյից տաղանդաւոր երգիչը կատարում էր Կոմիտասի «Կռունկ»-ը:

   Աննման երգիչն էր, որ իմ հոգու մէջ բորբոքեց այն հուրը, որի շնորհիւ առաջին անգամ հաղորդակցուեցի երաժշտութեան աշխարհի կախարդական հնչիւնների հետ: Փաստօրէն կոմիտասեան  երաժշտութիւնը դարձաւ այն մղիչ ուժը, որով ձեւ ու մարմին ստացաւ իմ երաժշտական մտածողութիւնը, որի շնորհիւ էլ դարձայ այն, ինչ որ եմ այսօր:

   Դժբախտաբար մեծանուն երգիչը, ինչպէս շատեր, իր արժանի գնահատանքին չի արժանացել, սակայն նա եղաւ իմ առաջին «ուսուցիչը», որի կատարման վարպետութիւնն ու երգացանկը ինձ սիրել տուին հայկական ժողովրդական, աշուղական երա­ժշտութիւնն ու քաղաքային երգը:

   Մենք անձնապէս ծանօթ չենք եղել: Ես նոր էի ընդունուել երաժշտական ուսումնարան, երբ նա իր մահկանացուն կնքեց 1957-ի աշնանը: Ես փոքրաթիւ մարդկանց մէջ էի, որոնք եկել էին նրա յուղարկաւորութեանը: Շատ քիչ մարդ կար գերեզման գնացող, ես նրանց թւում էի: Ինձ ծանօթ որեւէ երաժիշտ, կամ հանրածանօթ արուես­տագէտ նոյնպէս: չկար թաղման ժամանակ:

   Կարծես մարդը ոչ եղել էր, ոչ էլ կար: Ընտանեկան պարագաների բարի ու զարմացական հայեացքի ներքոյ, որպէս ընտանիքի հարազատ անդամ, կանգնեցի փոսի գլխին մինչեւ դագաղն իջեցրին նրա մէջ: Յետոյ մի բուռ հող լցրի դագաղի վրայ ու առանց որեւէ մէկի հետ հաղորդակցուելու, մեծ գործ արած մարդու նման  քայլերս ուղղեցի դէպի տրամվայի կանգառը:

   Արմենակ Տէր Աբրահամեանը ամրապնդեց իմ սէրն ու հետաքրքրութիւնը Կոմիտասի երգարուեստի նկատմամբ: Եւ վաղ տարիքից սկսեալ  սկսեցի «պեղել նրան:

   Պեղելու արդիւնքում շատ բան սովորեցի  նրանից,  յատկապէս` հայկական ժողովրդական  երաժշտութիւնը  բազմաձայնի վերածելու նրա արուեստից: Այնուհետեւ «համարձակուեցի»  մշակել «Կռունկ» մեներգը` մենակատարի եւ քառաձայն երգչա­խմ­բի համար: Տարիներ առաջ այն կատարուել է Լոս Անջելէսում, որից յետոյ Հայաս­տա­նում` վաղամեռիկ շնորհալի խմբավար Մարիկա Եդիգարեանի ղեկավա­րու­թեամբ:

Գ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

1950-ի առաջին մի քանի տարիներին զգալի աշխուժութիւն երեւաց Հայաստանի մշակութային կեանքում: Սկսեցին երեւան գալ արտասահմանեան ֆիլմեր: Դրանցից առաջինը` ամերիկեան «Տարզան» ֆիլմն էր, որը իսկական  յեղափոխութիւն առաջ բերեց ողջ  խորհրդային երկրում:

   Մարդիկ տեսան, հասկացան, որ քարոզչական, պատերազմական ֆիլմերից բացի, կան նաեւ մարդկային արժէքներ գովերգող ֆիլմեր նոյնպէս: Ամերիկեան «Տարզան» ֆիլմը Երեւանում ցուցադրուեց օրեր, ամիսներ շարունակ:

   Մարդիկ ժամերով հերթի էին կանգնում տոմսակ ձեռք բերելու համար: Աւելին` ըստ սրահի աթոռների քանակի` ցուցակներ էին կազմւում: Արաբկիրի միակ Կուլտուրայի տանը «Տարզան»-ի իրար յաջորդող ներկայացումներն (սեանսներ) սկսւում էին առաւօտեան ժամը տասից եւ անընդմէջ ցուցադրուում էին մինչեւ կէս­գիշեր: Շատեր գործ-բան թողած, ընկած էին «Տարզան»-ի ետեւից: Հայրիկս, որ բնաւ մշակութային օճախ չէր յաճախել, ինքն էլ մասնակից դարձաւ ֆիլմի ընտանեկան դիտումին:

   Մեծով-պզտիկով ամբողջ Հայաստանը դիտեց «Տարզան»-ը:

   Աֆրիկեան ջունգլիներում ծաւալուող Տարզանի եւ Ջէյնի սիրոյ պատմութիւնը գերում էր իւրաքանչիւր դիտողի: Սիրուց ծնուած Ջակի չարաճճիութիւններն ու արկածներով լի կեանքը շիմպանզէ ցեղի Չիտա անունով կապիկի հետ, մարդկանց մոռացնել էր տալիս անհաճոյ առօրեան, անցեալը, պատերազմն ու նրա բերած աւերները, մարդկային կորուստներն ու անմեկնելի զրկանքները:

   Բնութեան հրաշալի պատկերներով յագեցած «Տարզան» ժապաւէնը մարդկանց դար­ձրեց բարի, հաճոյակատար:

   Մենք ամբողջ ընտանիքով դիտեցինք նաեւ այդ տարիներին  Ֆիլմի Միջազգային հրապարակում անուն հանած հնդկական  «Թափառաշրջիկը» ժապաւէնը, որին յաջոր­դեց «Պարոն 420» ֆիլմը: Այդ երկու ֆիլմերի գլխաւոր դերակատարը, բեմադրիչը, նիւթի եւ երաժշտութեան հեղինակը միեւնոյն անձն էր, որի անունն էր Ռաջ Կապուր: Անհնար է նկարագրել ոգեւորութեան եւ վայելքի այն հաճելի օրերն ու ամիսները, որոնցով համակուած էր հասարակութիւնը:

   Հնդկական ֆիլմերը տասնամեակներ շարունակ ցուցադրուեցին Երեւանի կինոթատրոններում: Երեւանցիներին քաջածանօթ Նժդեհի հրապարակի Սեւան կինո­թատ­րոնը, որպէս օրէնք, մշտապէս ցուցադրում էր հնդկական ֆիլմեր:

   Խորհրդային վարչակարգի ծանր վարագոյրը իջնում էր գէթ երաժշտութեան եւ ֆիլ­մ արուեստի ասպարէզում: Դանդաղօրէն, բայց ապագայի հաստատուն տեսլականով սկսեցին  արտասահմանեան հայ եւ  օտարազգի  նշանաւոր  արուեստագէտների եւ արտիստների անուններ երեւալ օփերային թատրոնում եւ Հայֆիլհարմոնիայում: Արդէն նկատելի էր իտալական, ֆրանսիական, արգենտինեան, մեքսիկական եւ եւրոպական այլ երկրների ֆիլմերի առկայութիւնը Երեւանի կինոթատրոններում:

   Աներեւակայելի ուժգնութեամբ իմ հոգին տակնուվրայ արեց ֆրանսիական «Փառքի նախերգանքը»  ֆիլմը, որը նուիրուած էր ֆրանսիացի երիտասարդ դիրիժոր Ռոբերտօ Բենցիի կեանքին ու դիրիժորական արուեստին: Հիմնականում փաստացի տուեալների վրայ հիմնուած այդ կինոժապաւէնը, այդ օրերի համար իսկական գլուխգործոց էր: Երաժշտական գործերի ընտրութիւնը եւ դրանց բարձրորակ կատարումը այսքան տարիներ անց,  մնացել է իմ յիշողութեան մէջ:

   «Փառքի նախերգանքը» ֆիլմը իսկական յեղափոխութիւն առաջ բերեց իմ հոգում եւ դարձաւ որոշիչ` իմ ճակատագրի յետագայ որոշման համար:

  Ֆիլմի մասին  աւելի ընդգրկուն պատկերացում ունենալու  համար, ցանկացայ մէկ անգամ էլ դիտել այդ ժապաւէնը: Յաջորդ օրը նորից գնացի Մոսկուա կինոթատրոն, բայց յուսախաբ եղայ: Ֆիլմը հանուած էր ցուցադրումից:  Կինոթատրոնի հսկիչները ոչ մի յստակ պատասխան չկարողացան տալ ինձ, նոյնիսկ հասկացնել տուին, որ իրենց համար այնքան էլ հաճելի չէ այդ նիւթին անդրադառնալը:

   Առ այսօր ինձ համար անհասկանալի է մնացել, թէ ինչո՞ւ մէկ օր, այն էլ միայն երկու անգամ ցուցադրուած ֆրանսիական «Փառքի նախերգանքը» ֆիլմը հանուեց ցուցադրու­թիւնից:  Ամէն պարագայի կարելի է ենթադրութիւններ անել:

   Ետպատերազմեան տարիներին, Խորհրդային երկրում ցուցադրուող միայն ու միայն քարոզչական, հիմնականում պատերազմական թեմաներ արծարծող ու մուգ գոյնե­րով յագեցած ֆիլմերի կողքին ցուցադրուող «Փառքի նախերգանքը» ժապաւէնը բոլորովին «ուրիշ աշխարհից» էր, այլմոլորակային մի լուսաշող արբանեակ, որը լայնօրէն ցուցադրուելու պարագային կը հակադրուէր խորհրդային ֆիլմերի որակի հետ ու միանգամայն ցցուն կերպով կ՚ երեւար որակի տարբերութիւնը:

   «Փառքի նախերգանքը» ֆիլմի հերոս, դիրիժոր Ռոբերտօ Բենցին, դիրիժորութեան հետ մէկտեղ, իր ատլետիկ մարմնի ու գեղեցիկ տղամարդ լինելու շնորհիւ ամբողջ կեանքում նկարահանուել է ֆրանսիական բազմաթիւ ֆիլմերում:

    Ներկայիս նա 85 տարեկան է եւ ապրում է Ֆրանսիայում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ