Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Վրաստանի խորհրդարանական յառաջիկայ ընտրութիւններուն կապակցութեամբ «Ռուսաստանի Ջաւախքեան սփիւռքը» հանդէս եկած է կոչով

Շուտով կայանալու են Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրութիւնները, սակայն երկրի և ոչ մի քաղաքական ուժ դեռևս չի ներկայացրել իր ծրագրային առաջնահերթութիւնները՝ ուղղուած երկրի տարբեր խմբերի և շերտերի միջև առկայ քաղաքացիական և սոցիալ-քաղաքական անհաւասարութեան առնչուող խնդիրների լուծմանը:  Եւ, ինչը յատկապէս մտահոգիչ է, բացակայում են երկրի էթնիկական փոքրամասնութիւնների բազմաթիւ խնդիրների լուծմանն ուղղուած իրական նախընտրական ծրագրերը: 

Ընտրութիւնները լաւ հնարաւորութիւն են ստեղծում Ջաւախքահայերի և Վրաստանի բոլոր քաղաքացիների համար Վրաստանի իշխանական կառոյցներ ընտրելու արժանի թեկնածուների:  Այդ պատճառով շատ կարևոր է, որպէսզի Ջաւախքի (Սամցխէ-Ջաւախք երկրամաս) հայ բնակչութիւնը ակտիւ մասնակցութիւն ունենայ, իսկ ընտրութիւններն անցնեն ազնիւ և քաղաքավարի ձևով, ինչը կը բացառի ընտրակեղծիքների և ընտրարշաւի ընթացքում անմաքրաբարոյ մեթոդների կիրառումը: Այնպիսի մեթոդների կիրառումը, ինչպիսիք են՝ հանրային կարծիքի մանիպուլիացումը, վարկաբեկումը, այլ «կեղտոտ տեխնոլոգիաները», ազգային փոքրամասնութիւնների կարծիքն արհամարհելը, պատգամաւորութեան թեկնածուների ոչ արժանավայել պահուածքը, տարբեր ոչ բարեխիղճ անձանց համար բացում է դէպի իշխանութիւն ճանապարհը: Նման մարդիկ, որոնք ունակ են միայն քանդելու և ոչ երբեք ստեղծագործելու, միայն սրում են ազգամիջեան թշնամութիւնը, վարկաբեկում են իշխանութիւնը՝ քայքայելով նրա հեղինակութիւնն ու պետութեան հիմքերը:

Հայաբնակ Ջաւախքում արդէն վաղուց ձևաւորուել է բարդ իրավիճակ, երբ անհրաժեշտ է լուծել մի շարք քաղաքական և սոցիալական հարցեր: Համապատասխանաբար, Վրաստանի առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին տալ իրենց քուէն այն կուսակցութիւններին ու թեկնածուներին, որոնց նախընտրական ծրագրերի մէջ տեղ կը գտնեն հետևեալ առաջնահերթութիւնները.

•  Ապակենտրոնացում և Ջաւախքին (Սամցխէ-Ջաւախք երկրամաս) ինքնակառավարման առաւել լայն լիազօրութիւնների տրամադրում,

•   Հայոց լեզուին Ջաւախքում տարածաշրջանային լեզուի կարգավիճակի  շնորհում,

•   Ջաւախքի հայկական դպրոցներում հայերէն լեզուի կրճատուած դասաժամերի վերականգնում, 

•   Վրացերէնի իմացութեան մակարդակի բարձրացում մինչև բնակչութեան 90% լրացուցիչ ոչ հարկադրական մեթոդների կիրառման միջոցով, 

•   Խորհրդային իշխանութեան տարիներին բռնագրաւուած հայկական եկեղեցական շինութիւնների վերադարձ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին,

•   Քաղաքական հետապնդումների դադարեցում և Ջաւախքի խնդիրներով մտահոգ հայ գործիչների Վրաստան մուտք գործելն արգելող այսպէս կոչուած «սև ցուցակների» վերացում, 

•   Ջաւախք հայալեզու դասագրքերի, մամուլի և գրականութեան ներմուծման արգելքի վերացում,

•   Երկրամաս ներդրումների խրախուսում, տնտեսութեան կայուն աճի  ապահովում, փոքր և միջին բիզնեսի աջակցութեան ուժեղացում, նոր մշտական աշխատատեղերի ստեղծում, գործազրկութեան և աղքատութեան կրճատում,

•   Ագրարային սեկտորում աշխատանքի արտադրողականութեան խթանում, մսամթերքի և կաթնամթերքի արտադրութեան աւելացմանն ուղղուած ծրագրերի իրականացում, գիւղատնտեսութեան միկրովարկաւորման ծրագրերի իրականացում,

•   Յետագայ խորհրդարանական ժամանակաշրջանի ընթացքում նոր հիւանդանոցների, պոլիկլինիկաների, նախակրթական և կրթական հաստատութիւնների, մշակութային և սպորտային նշանակութեան օբյեկտների կառուցում,

•  Սամցխէ-Ջաւախք երկրամասում գիւղական աւտոճանապարհների շինարարութիւն: 

Մենք համոզուած ենք, որ Ջաւախքահայերի բարեկեցութեան բարձրացումը պէտք է լինի Վրաստանի պետական քաղաքականութեան գլխաւոր առաջնահերթութիւններից մէկը և վերոնշեալ առաջնահերթութիւնների իրական կեանքում իրագործելը դրականօրէն կ՛անդրադառնայ Վրաստանի բոլոր քաղաքացիների կեանքի վրայ:

Վրաստանին անհրաժեշտ է պահպանել բազմազգ վրացական հանրութեան միասնութիւնն ու համերաշխութիւնը: Դա նրա գլխաւոր սեփականութիւնն է, ամրապնդման և ապագայ զարգացման գրաւականը, որը ցաւօք այս վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի իշխանութիւնների կողմից անտեսուել է: Այնուամենայնիւ համոզուած ենք, որ ապագայում նման անտեսում այլևս չի լինի:  Մենք, բազմաթիւ առաջադէմ ուժերի հետ միասին, երբեք չենք դադարի յիշեցնել իշխանութիւններին դրա  մասին, քանի որ դա Վրաստանի ամբողջականութեան պահպանմանն ու նրա յետագայ զարգացմանն ուղղուած հիմնական պետական հարցն է:

 

«Ռուսաստանի Ջաւախքեան Սփիւռք»

կազմակերպութեան նախագահութիւն

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ