Երկուշաբթի, Դեկտեմբեր 30, 2024

Շաբաթաթերթ

Սասունեան. Սփիւռքի ռեսուրսների միայն 5%-ը կարողացել ենք օգտագործել

PanARMENIAN.Net – Հայաստանը կարողացել է օգտագործել սփիւռքի ռեսուրսների միայն 5%-ը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, “The California Courier” թերթի գլխաւոր խմբագիր և հրատարակիչ Յարութ Սասունեանը:

Նա նշել է, որ Հայաստանն ունի 3 միլիոն բնակիչ, աշխարհում ապրում է 7 միլիոն հայ:

«Հակառակ Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդմանն ուղղուած բոլոր փորձերին՝ ոչ մի մեծ յաջողութեան չենք հասել, հաւանաբար կարողացել ենք օգտագործել սփիւռքի ռեսուրսների միայն 5 տոկոսը»,- ասել է նա՝ յաւելելով, որ կան միլիոնաւոր հայեր, ովքեր Հայաստանում չեն եղել, կան հայեր, որոնք նոյնիսկ չգիտեն, որ Հայաստանն արդէն 25 տարի է անկախ պետութիւն է:

Սասունեանը թուարկել է անկախութեան տարիների մի քանի ձեռքբերում: Նախ՝ Արցախի անկախացում, որը ոգևորել է ամբողջ հայութիւնը:

Ըստ Սասունեանի՝ թէպէտ Հայաստանը 25 տարի երկու կողմից շրջափակման մէջ է, հայ ժողովուրդը կարողացել է հնարամիտ ձևով միջոցներ գտնել և գոյատևել, որոշ չափով տնտեսական աճ արձանագրել, գրում է Panorama.am-ը:

«Հաւանաբար, եթէ այլ երկրներ նման վիճակում լինէին, վաղուց արդէն չէին կարող գոյատևել»,- ընդգծել է նա:

Խօսելով բացասական երևոյթների մասին՝ Սասունեանը նշել է. «Առաջինը՝ սարսափելի արտագաղթն է, որը հաւանաբար անկախ Հայաստանի պատմութեան մէջ գոյատևման ամենամեծ վտանգն է: Հնարաւոր չէ փոքր մի պետութիւն աւելի փոքրանայ ու փոքրանայ: Այդ դէպքում պակասում է և մարդկային ուժը, և բանակը, և տնտեսական ու քաղաքական ուժը»:

Ըստ նրա, մարդ պէտք է առնուազն ապրուստի տարրական պայմաններ ունենայ՝ աշխատանք, եկամուտ, որպէսզի երեխաներին կարողանան մեծացնել, ուղարկել դպրոց, արժանավայել ապրել:

«Ժողովրդի մեծամասնութեան մօտ դա տակաւին բացակայում է»,- ընդգծել է Սասունեանը:

Նա յոյս է յայտնել, որ նոր կառավարութեան աշխատանքի արդիւնքում փոքր ձեռքբերումներ կը նկատուեն:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ