Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Մեկնարկում է Հոլիվուտի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու վերակառուցումը

Լոս Անճելըսում շուրջ չորս տասնամեակ իր ազգապահպան ու քրիստոսանուէր առաքելութիւնն է իրականացնում Հոլիվուտի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցին: Տարիների հեռաւոր հոլովոյթներից անցնելով` եկեղեցին տեսել է բազմաթիւ դժուարութիւններ, սակայն յաղթահարելով դրանք, շարունակել է իր անսակարկ ծառայութիւնները մատուցել մեր ժողովրդին:

Ժամանակի հրամայականով  եկեղեցու պաշտօնէութիւնը՝ գլխաւորութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմի բարեխնամ Առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, ծրագրեր էր մշակում, եկեղեցին հիմնովին վերակառուցելու ուղղութեամբ:

Երկարատև կազմակերպչական աշխատանքները հասան իրենց լրումին, որի արդիւնքում վերջնականապէս հաստատուեցին յատակագիծը և շինարարութեան հետ կապուած թոյլտուութիւնները: Նորակառոյցը վեր խոյանալով աշխարհահռչակ Հոլիվուտի սրտում` իւրօրինակ խտացումը պիտի լինի արդի ճարտարապետութեան՝ օժտուած նոր, հետաքրքիր լուծումներով։

2016 թ.-ի Նոյեմբերի 6-ին ներկայիս եկեղեցական համալիրում տեղի ունեցաւ պատմական վերջին արարողութիւնը: Օրուայ պատարագիչն էր թեմական Առաջնորդ Յովնան Սրբազանը, որն իր խօսքում նշեց, որ նոր եկեղեցին պիտի դառնայ ոչ միայն հայութեան, այլև Հոլիվուտի խորհրդանիշներից մէկը: Ապա ներկաներին  յորդորեց, որ շինարարութեան ընթացքում քարին ու շաղախին խառնեն նաև իրենց սրտաբուխ ու անկեղծ աղօթքները՝ թեւ ու թիկունք լինելով եկեղեցու բազմավաստակ, երախտաւոր Հովիւ, արժանաշնորհ Տ. Մանուկ Աւագ Քահանայ Մարգարեանին:

Պատարագին ներկայ էին եկեղեցու հիմնադիր, նախկին Առաջնորդ, գերաշնորհ Տ. Վաչէ Արք. Յովսէփեանը, արժանապատիւ Տ. Վազգէն քահանայ Մովսիսեանը, ինչպէս նաև գաղութի զանազան կառոյցների ներկայացուցիչներ, մտաւորականներ, խուռներամ հաւատացեալներ։

Յաւարտ պատարագի եկեղեցու հոգաբարձութիւնը  «Ղազանչեան» սրահում կազմակերպել էր հիւրասիրութիւն, ուր տեղի ունեցաւ մտքերի ջերմ փոխանակութիւն հաւատացեալների ու պաշտօնէութեան հետ։ Ծխական անդամները հանդէս եկան առաջարկութիւններով, որոնք քննարկուեցին Նոյեմբերի 16-ի Հոգաբարձուների Խորհրդի ժողովում։ Արդիւնքում որոշուեց, որ շինարարութեան ընթացքում, որը հաւանաբար կը տևի 2 տարի, եկեղեցու հովիւը և յարակից մարմինները հաւատացեալների հետ իրենց կապը պիտի պահեն մշտական այցելութիւններով, եկեղեցու կողմից կազմակերպուող ամեանամեայ, աւանդական հանդիսութիւններով, ինչպէս նաև ժամանակակից կապի ու հեռահաղորդակցութեան բոլոր միջոցներով։

Յովհաննէս սարկաւագ Գումրուեան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ