Կիրակի, Դեկտեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Հայերէնի ուղղագրութեան մասին

Սոյն յօդուած-առաջարկը առաջին անգամ լոյս է տեսել սփիւռքահայ «Հորիզոն» շաբաթաթերթի 1994 թուի Նոյեմբերի Գրական յաւելուածում: 2002 թուի Մայիսին՝ Հայաստան-Սփիւռք 2-րդ համագումարի ընթացքում այն որոշ փոփոխութիւններով յանձնուել է համագումարի «Սփիւռք-Հայաստան կապեր» աշխատաբաժնին: Յօդուած-առաջարկը ապա վերատպուել է «Հորիզոն»ի 2002 թուի Հոկտեմբերի Գրական յաւելուածում և վերջերս Թեհրանի «Ալիք» օրաթերթում, ինչպէս նաև «Յոյս» երկշաբաթաթերթում։

***

Ներկայ դրութեամբ, հայ գիր ու գրականութեան մէջ տիրում է ուղղագրական խառնաշփոթութիւն: Թւում է, թէ բոլորն էլ համաձայն են, որ հայ ժողովուրդը, որն այժմ անկախ և ինքնիշխան պետութեան տէր է, պէտք է ունենայ մէկ և միասնական ուղղագրութիւն: Սակայն, այն հարցին, թէ գոյութիւն ունեցող ուղղագրութիւններից ո՞ր մէկը պէտք է համարուի որպէս միասնական ուղղագրութիւն, ոչ միայն չկայ միանշանակ պատասխան, այլ նկատելի է առճակատման հոգեբանութիւն: Նոր ուղղագրութեան պաշտպանները պնդում են, թէ հնարաւոր չէ այլևս վերադառնալ դասական ուղղագրութեան, իսկ դասական ուղղագրութեան կողմնակիցները այդ ուղղագրութիւնը ամէնուրեք վերականգնելուց նուազ ոչնչով չեն բաւարարւում:

Այստեղ մենք միտք չունենք անդրադառնալ Մեսրոպեան (նաև՝ հին, դասական կամ աւանդական կոչուող եւ նոր (սովետական, նաև բոլշևիկեան կոչուող) ուղղագրութիւնների հաւանական առաւելութիւններին կամ թերութիւններին: Այդ հարցերը հիմնականում լեզուագիտական-լեզուաբանական համարելով, թողնում ենք բնագաւառի մասնագէտներին: Մասնագիտական յաւակնութիւն չունենալով սակայն, գտնում ենք, որ լեզուն և ուղղագրութիւնը լեզուագէտների ու լեզուաբանների բացառիկ սեփականութիւնը չէ: Նոյնիսկ հնարաւոր է, որ նրանց մասնագիտական շահերը սահմանափակեն նրանց կամքն ու պատրաստակամութիւնը մէկ և միասնական ուղղագրութեան անցնելու հարցում: Մինչդեռ ուղղագրութեան այս քաոսից առաջացած դժուարութիւնների հետ պիտի գօտեմարտի իւրաքանչիւր սփիւռքահայ ուսուցիչ, աշակերտ, թարգմանիչ, լրագրող և որեւէ մէկը, որ գործ ունի գրաւոր հայերէնի հետ: Սփիւռքում գործող հայկական միութիւններից ու հաստատութիւններից առաքուող նամակների մէջ ամենևին եզակի չեն խառն ուղղագրութեամբ շարադրուած գրութիւնները: Հայաստանեան որոշ հրատարակութիւնների մէջ, որոնք ջանում են վերադառնալ մերսրոպեան ուղղագրութեան, նմանապէս նկատելի է այս ուղղագրական քաոսը: Նուաստս, որպէս չորս լեզուի թարգմանիչ, միայն հայերէնում գործ ունի ուղղագրական նման մի բաբելոնի հետ:

Հայ գիր ու գրականութիւնն այսօր ուրեմն, այնքանով որ վերաբերում է ուղղագրութեան, կանգնած է երկու հակադիր և իրարամերժ այլընտրանքի միջև՝բացարձակապէս ընդունել նոր ուղղագրութիւնը կամ  որդեգրել դասական տարբերակը: Քանզի, ըստ իւրաքանչիւրի պաշտպանի, այս երկուսի միջև կայ խոր մի անդունդ, որ ոչ մի կերպ անցնել չի կարելի և որ «մեր» հատուածի ուղղագրութիւնն ի վերջոյ կը յաղթանակի և միւսն ամբողջապէս կը վերանայ հայ գիր ու գրականութիւնից: Ահա այս անզիջող հոգեբանութիւնն է, որ մեր կարծիքով արգելակում է մէկ և միասնական ուղղագրութեան անցնելու գործընթացը:

Հարկ է ուրեմն վերանայել այս մօտեցումներն ու հայեցողութիւնները: Հարցի լուծման որոնումը պէտք է լինի առանց նախապաշարումների: Կարևոր չափանիշները պէտք է լինեն, ի հարկէ, գիտական, լեզուաբանական: Միաժամանակ, հաշուի պիտի առնուեն հայ լեզուա-գրական միօրինակութեան անհրաժեշտութիւնն ու հայ ժողովրդի մշակությաին-գրական ընդհանուր շահերը:

Այդ իմաստով, յոյժ կարևոր է, որ երկրի ու արտերկրի մտաւորականները, գրականագէտներն ու հարցին առնչուող մարդիկ ճիշդ պատկերացում ունենան Հայաստանում և Սփիւռքում տիրող կացութիւնից, առնուազն այնքանով, որ կապւում է հայ գիր ու գրականութեանը: Պէտք է կանխատեսուեն մէկ և միասնական ուղղագրութեան անցման դժուարութիւնները համահայկական մասշտաբով: Ո՛չ մի կողմ չպիտի իրաւասու լինի իր ուղղագրութիւնը պարտադրի միւսին, թէև չպիտի բացառել, որ լեզուագիտական չափանիշներով կատարուած անաչառ քննարկութիւնները կարող են յանգել այս կամ այն ուղղագրութեան մասնակի կամ ամբողջական որդեգրմանը:

Մեր կարծիքով, ժամանակն է կեանքի կոչել մի մարմին, մի կաճառ, բաղկացած Սփիւռքի ու Հայաստանի՝ հարցին առնչուող մասնագէտներից, որը կը զբաղուի այս հարցի համար պատշաճ լուծում գտնելու առաջադրանքով: Սա կարող է նախաձեռնել Հայաստանի կառավարութիւնը, Սփիւռք-Հայաստան համագումար(ներ)ի ենթահողում: Կը խորհինք, որ նման ենթահողի վրայ, հայրենահայ, ինչպէս նաև սփիւռքահայ մտաւորականն ու լեզուաբանը առաւել նուած կողմնակալութեամբ ու անզիջողականութեամբ պիտի կառչի իր ուղղագրական «դատին»: Դրանից շահելու է հայ մշակոյթը, գրականութիւնը, հայ ժողովուրդը:

Այս կապակցութեամբ, տեղին է մէջբերում անել հայ անուանի բանաստեղծ ու գրականագէտ՝ Պարոյր Սևակի պատասխան նամակից, որը յղել է 1969 թուին ֆրանասհայ հանրայայտ բանասէր ու թարգմանիչ՝ Յակոբ-Գրիգորին մէկ և միասնական ուղղագրութեան հարցի կապակցութեամբ: Նամակում, Պարոյր Սևակը, ի շարս այլոց, այսպէս է արտայայտւում՝ «… Անկարելի է կարծել, թէ մերոնք կը դառնան հին, աւանդական ուղղագրութեանը լիապէս: Մերոնք կարող են ևս մէկ կամ մի քանի քայլ նահանջել: Բայց, Սփիւռքն էլ պիտի նահանջի ինչ-ինչ չափով: Միայն այս կերպ է հնարաւոր հասնելու մէկ և միասնական ուղղագրութեան, որը պարտադիր պիտի լինի աշխարհում ապրող ամէն հայի համար: Ուրեմն, գործը պիտի նախապատրաստել նաև Սփիւռքում: Եւ վախենում եմ, որ դա աւելի դիւրին չլինի, քան այստեղ մերայիններին համոզելու դժուարութիւնը»*։

 

ԱՐՍԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ

Թարգմանիչ 

 

Հաագա, Սեպտեմբեր 2016

 

* Արտատպուած «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի 3 Մայիս 1991-ի համարում լոյս տեսած Բաբգէն Չուգասզեանի՝ «Մեր նպատակն է ունենալ մէկ և միասնական ուղղագրութիւն» յօդուածից:


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ