Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Նոր տարին Մուսա Լերան Եօղունօլուգ գիւղում

ՊՕՂՈՍ Ա. ԼԱԳԻՍԵԱՆ

 

Միտք պահէ՛, թէ դուն Մուսա Լեռցի ես, նոյնիսկ եթէ բախտ ըսուածը բերած ըլլայ քեզ այս նոր հողերուն կամ նետած տարագրութեան որեւէ գեհենի մը կրակին: Միտք պահէ՛: Քառասուն օրեր՝ քառասուն արեգակի պէս, քառասուն դար կը լուսաւորեն:                                                        

 ԵդուարդՊոյաճեան

 

Էհէ~յ, արմիննե~ր, վե՛ր կացէք, ելէ՛ք, ում սրտի ծովակները կարմիր են հագել  մուսաների պաշտամունքի լերան  կարմիր գագաթի Միհր աստծոյ արեւալոյսով, ում հոգիների տաճարներում վառւում են իրենց աշխարհի ոգու ջահերը, ում սրտում կաթել է արմենացած-հայացած լերան կռւում ընկած քաջի մի կաթիլ արիւն, ում հոգում իր սրբազան լեռնաշխարհի սիրոյ կարօտն է զարթնել, ում հոգում հայոց հին աստուածները շեփոր են հնչում՝ լսեցէ՛ք իմ թմբուկի զարկերի հրաւէրը: Եկէ՛ք, լերան գագաթին պարզած՝ Նազովրեցի Յիսուսի արեամբ կարմրած խաչի դրօշը գրկած, Զեւսի ինն մուսա դուստրերի պաշտամունքով հեթանոսացած, արմին-հայերի պատերազմի կախարդ՝ արեւելեան կողմն աշխարհի արքաների-արքայ Տիգրանի շառաւիղների լերան լանջեր գնանք: Ամանոր, Նաւասարդ, Նոր Տարի տօնախմբենք նրա լանջերին փառած Եօղունօլուգ շէնի շուկայի հրապարակում, Խտըրպէկ գիւղի սրտից պայթած գետակի ափին խոյացած սօսի ծառի տակ թմբուկ զարկենք, գնանք Վագըֆ շէնի այգիներից կթոցներով նարինջ քաղենք, Ամանոր աստուծոյ  խրախճանքով, արեւ աստծուած Միհրի կարմիր կրակ լոյսով արբենանք:

Եօղունօլուգի գիւղամիջեան ճանապարհին բազմած, լուսնի անուշ դէմքով աղբիւրից մինչեւ խոր ձորի բարձունքը շէնի շուկան է, նրա աջ ու ահեակ կողմերին խանութներ: Լերան լանջերից իջնող ճամբաները խաչաձեւում են նրան, որոնց հատման տեղամասերում փոքրիկ հրապարակներ են: Շէնի հաւաքատեղիներն են անոնք՝ տարբեր խաղերի, տօնախմբութիւննների, հանգստեան օրերի, իրիկնային հանգստի ժամադրավայրեր: Նաւասարդ-Ամանոր Նոր Տարուայ նախատօնակ, շուկայի խանութների առաջ, տների բակերում դաբնու երկար ոստեր են՝ գագաթներին հոծ կանաչ, տերեւների արանքներից սեւ սաթի նման փայլատակող դաբնեպտուղներ: Խմբերով գնում էին Մուսա Լերան թիկունքի «Օմարէն Գիտէյն»  դաշտի լանջերին փռուած անտառներից դաբնու երկար ոստեր բերելու: Մայր բնութիւնը կանաչ ծով էր երկնել նրա լեռների լանջերին, հանդիպակաց հայոց ծովածոցի փրփրած ջրերի բախումից յառնած զեփիւռը անուշ գգուանք էր շաղ տալիս նրա երեսին, դէմքն էր ժպտում, ալիքւում: Ծովակի կանաչ ալեակները հոսում էին դէպի երկնի կապոյտը, մայր բնութեան այդքան խայտանք ո՞վ էր հոսել նրա սրտին:

Այդ դաշտի անտառից էին դաբնու ոստեր բերում: Այդտեղ էին, որ իրենց պապերը, հայրերը բազմախումբ դուշմանի դէմ յաղթական ճակատամարտ մղել: Կռւում ընկած արեւորդիների սրտերի ծովակներից պայթած արիւնն էր հոսել դաբնիների ոստերին, այն պիտի լցնէին խարոյկի կրակին՝ նուիրաբերելու արմինների լոյսի-կրակի-արեւի Արա-Միհր աստուածներին: Յաղթանակ, Արմինա-Հայաստանի Տիգրան Արքայի դիւցազունների կռուի ոգու պոռթկումի էր այն: Նրանց հազար-հազար տարիների շառաւիղները աւանդաբար իրար փոխանցել էին, որ իրենք հայրենապաշտ հայկազուն արքայից-արքայ Տիգրանի զարմից էին, նրա բանակների հետ հասել այդ լեռներ: Ուրիշ երկրի կռւում զինուորը իր իրանով հրանօթ է լռեցրել, իսկ իրենց արծուի խոյեանքի սրտով մի դիւցազուն Արմին Պետրոս Գալուստեան տղայ, բնութեան հանդերձով ծպտեալ, տարբեր թաքստոցներից մօտեցել այդ կռուի թատերաբեմ ելած դուշմանի թնդանօթին, տարբեր դիրքերից, որսորդական հրացանի հինգ կրակոցներով սպաննել չորս թնդանօթաձիգներին: Զէնք, նրա փողից ժայթքած վառօդի բուրմունքը՝  ռանչպարների սրտերին հայրենի հողի ոգու արբեցումն էր:

            Գիւղի մայր ճանապարհի շուկայի կեդրոնական հրապարակում վեր էր խոյացել վառելափայտի ու ցախի դէզը՝ խարոյկը: Ամանոր-Նաւասարդ-Նոր տարի, նախատօնակի իրիկնադէմ, դաբնու ոստերը որպէս ջահեր վեր պարզած, Եօղունօլուգցիները գալիս խմբւում էին խարոյկի բոլորտիքը: Զուարթ բացագանչութիւնների հռնդիւնի հետ, գիւղի  աւագն էր վառում խարոյկը: Կարմիր բոցերն էին ժայթքում դէպի վերեւ, արեւ աստուած Միհրի դէմքն էր շառագունում, կարմիր ժպտում էր: Հազար-հազար տարիներ Արմին-Հայ արեւորդիների սրտերում չմարեց իրենց լոյսի, արեւի, կրակի աստուածներ՝ Արայի-Միհրի բնութեան խորհուրդի կրակի պաշտամունքը: Խելարւում էր խարոյկը, պայթում էր խարոյկը, կրակի կարմիր բոցերը բարձրանում էին վերեւ, նրա լոյսը տանում արեւորդիների հին աստուածների տաճարներ, աւետելու նրանց՝ իրենց հրաշափառ գոյատեւման առեղծուածը: Խարոյկի բոցերն էին շիկնել պարմանուհիների անուշ դէմքերը, պարմանների սրտերին քաջութեան սխրանք, իրենց արտերին ու հանդերին սիրոյ հուր կաթում: Կրակի բոցերի կարմիր խոյեանքով արբեցած, բարձր բացագանչութիւններով դաբնու ոստերը զարկում խարոյկի բոցերին, կանաչն էր վառւում, պայթում էին սեւ սաթէ պտուղները, հազար-հազար կարմիր աստղիկներ դուրս թռնում խարոյկի բոցերից, պարմանները նրանց իրենց ափերի վրայ պահած՝ տանում որպէս սիրոյ ծաղիկ նուիրաբերելու պարմանուհիներին: Ցնծութիւն էր հրապարակում, արեւորդիները ցատկում էին խարոյկի վրայից, նրա բոլորտիքը շուրջ պար բռնում, նախնիների կրակի փառաբանումն էր: Աշխարհի դաւադիր «Մեծեր», մարեցին Մուսա Լերան շէների Նաւասարդեան խարոյկները, չէ, նման դաբնու ոստերով, նման խարոյկ ուրիշ տեղ… չիք:

            Նոր Տարի գիշեր, բոլորը ժամացոյց չունէին որ նրա գալստեան ժամը իմանային: Ցերեկներին երկնքում արեւի, իսկ գիշերներին աստղերի դիրքով էին որոշում ժամանակը: Իրեն կայսր հռչակած Հռովմի զօրավարի աստղագէտներն են սահմանել Նոր Տարուայ առաջին օրուայ սկիզբը եւ նրա առաջին օրը՝ իրենց աստծոյ անունով Յունուար ամսուայ մէկ: Արմէն-Հայ արեւորդիների համար Ամանոր-Նաւասարդ-Նոր Տարի առաջին օրը իրենց Նահապետ Հայկի թշնամու դէմ տարած յաղթանակի օրն էր՝ Նաւասարդ ամիս, Օգոստոս 11,  թուականը 2492:                                                                               

Իրիկուն, Միհր աստուածը հանդիպակաց ծովի ջրերում խարոյկ էր վառում: Գիւղի տների ապակեպատ եւ կիսագլանաձեւ քարիւղի լապտերներն էին վառւում, գիւղն էր լուսավառ ժպտում: Ուրախ էին մասնաւորապէս տան փոքրերը, այդ գիշեր նուէրներ պիտի ստանային: Տան մեծ սենեակի կեդրոնում կլոր, ցածրիկ սեղան էր, բոլորտիքը նստելու բարձիկեր: Սեղանի վրայ ցորեանի հասկերի ցօղուններից հիւսած տափակ մատուցարան էր: Նոր Տարուայ նախորդ օրերին պատրաստուած աւանդական ուտեստներն էին բլրացնում սեղանի մատուցարանին, թոնիրում եփած հուրագեղ «Պանրի Հաց», այծերի կաթով, չիր ու չամիչով, քաղցրաւենիքով  հունձուած՝ հարսերի վարդ այտերին ծաղկած անուշ ժպիտների հանգոյն բազմաձեւ բոկեղներ, նրանց չորս բոլորտիքը իրենց պարտէզների թարմ ու չորացրած մրգեր, աւանդական կերակուրներ:

            Տօնածառ չէին զարդարում, անտառներում եղեւնի չէր աճում, այն  հեռու գերմանների սովորութիւնն էր: Սեղանի շուրջ էին խմբւում բոլորը, աւագը Տէրունական Աղօթքով օրհնում սեղանը, ընտանիքին մաղթում բարեկեցութիւն, առողջութիւն, իրենց հանդերին առատ բերք, արտերում ծլած ցորեանի հասկերին բազում ոսկեգոյն հատիկներ: Փոքրերն էին անհամբեր, ընդունուած սովորութեան համաձայն աւագը նուէրներ պիտի բաժանէր: Տղաներին «եմէնի» (տափակ կօշիկ),  աղջիկներին «Կէրմէր Ֆստան» (կարմիր շրջազգեստ), բոլորը միասին երգում իրենց խնճոյքների ուրախ երգը՝

Կէրմէր ֆստան հէգուծ ի, (Կարմիր հագուստ հագել է)

Հէլէ, հէլէ նինէու ի,

Չուց էլ էղուիր վիլլուծ  ի: (Իչպէս էլ լաւ վայելել է)

            Բոլորը նստում սեղանի շուրջ, նոր տարուայ բարեմաղթանքներ փոխանցում: Թաղի տղաները կիսաբաց դռնից չուանով կապուած տոպրակ էին ներս նետում: Տան տիկինը մրգեր, խմորեղէն լցնում նրա մէջ: Նախնիներից աւանդուած սովորութիւն էր, իրենց բարիքից բաժին հանել թաղի փոքրերին:

            Իրենց նախնիների Միհր արեւ աստուածն էր առիւծի բաշերով բազմում Եօղունօլուգի բարձր բլուրի գագաթին, Ամանոր-Նաւասարդ-Նոր Տարուայ առաջին առաւօտի կարմիր ողջոյն յղում շինականներին, առաջին լոյսի շողերը փռում գիւղի երեսին: Ռանչպարները, շէնի բոլոր ճամբաներով շտապում էին եկեղեցի: Մինչեւ եկեղեցի մտնելը, նրա բակում իրար հանդիպած խռով մարդիկ գրկախառնւում էին՝ հաշտւում, ներում իրար, այդպէս էր աւանդուած: Սուրբ Աստուածածին եկեղեցի, գիւղը հատանող հորիզոնական ու ուղղահայեաց խաչման կէտում խոյացած: Քարաշէն եկեղեցի՝ ճակատի որմերին, Վանայ ծովի Աղթամար Սուրբ Խաչ տաճարի որմերին ծաղկած քանդակների նման, հիասքանչ զարդաքանդակներ, մուտքի դռան ճակատի միաձոյլ քարին նրա վաւերագրութիւնը աւետող Մեսրոպի գրերով արձանագրութիւն: Նոր Տարուայ առաջին օրուայ պատարագ՝ իրենց Վարդապետի տառապանքին նուիրուած ժամերգութիւն: Ընդարձակ էր սալայատակ սրահը, Հաւատոյ Հանգանակի երեք խորհուրդների խորանները: Սրահ էին հոսում լացող ուռենիների նման կամարներ: Իրենց խաչուած Վարդապետին ձօնուած վշտահար կամարները, կարծես հնչում էին նրա վերջին խօսքերը՝ «Տէ՜ր, տար հոգիս»: Սուրբ Աստուածածին եկեղեցին կանգուն է, նրա տանիքին մզկիթ: Ասում են, որ կառավարութիւնը այն վերանորոգելու եւ վերածելու է գործող եկեղեցի, այն լինելու աշխարհում միակը որպէս երկու պաշտամունքների միատեղ աղօթատեղի:

            Ամանոր-Նաւասարդ-Նոր-Տարիի առաջին օրուայ ու թշնամու թագաւորի դէմ իրենց Նահապետի յաղթանակի տօնախմբութիւն էր շէնում: Շէնի շուկայի տարածքում էին գիւղի այրերը: Քարով պատած նստարաններին նստած տարեցները՝ պատմում լերան կռուի դրուագներից, իրենց կամաւոր-լեգէոնականների Արարայի գրոհի սխրանքներից: Հերկէլինց Վէնիսի խանութի առաջ առանձին զոյգերով «Տամա» խաղի մրցումներ էին, երբ մրցակցի զինուորը տապալում էր հակառակորդի ամրոցի դռները, հասնում նրա թիկունքի առաջին շարքին, բարձր կանչերով «Թագաւոր» էին հռչակում յաղթական զինուորին: Վէնիսի խանութի կողքին, «Բարձիմ»-ն էր իր աշխատատեղում «Թամպուրա» նուագում, նրա լարերի դողից հնչում էին իրենց պարեղանակները, ջահէլները, ահէլները պար էին բռնում, պայթում էին վեր պարզած ատրճանակները, նրանց կրակալոյս շանթերը բարձրանում՝ Միհր աստծոյն՝ Մուսա Լերան յաղթանակի ողջոյնը տանելու:

            Եօղունօլուգը հատող ձորն էր արձագանգում թմբուկի հնչիւնները, Մուսա Լերան համանուագն էր այն: Լսե՞լ  ես ձորերում հնչած համանուագները՝ բնութեան տիեզերածին խոյեանքն է այն: Ամանոր-Նաւասարդ-Նոր Տարուայ առաջին օրը, տղամարդիկ իջնում էին իրենց շէնին յարած Խտըրպէկ գիւղ, խրախճանալու նրա գետակի ափերին խոյացած հաստաբուն, հազար-հազար տարիների արեւամերձ սօսիի հովանու տակի սրճարաններ: Սօսի, նախնիների պաշտամունքային ծառ, հայոց հին աստուածների սրբավայր՝ Աշտիշատի սօսիի անտառակից չէ՞ին բերել նրա տնկին: Մուսա Լերան թմկահար Կիրակոսը զարկում էր թմբուկը, թեւանցուկ այրեր, կանայք իրենց նախնիների շուրջ պարերն էին բռնում: Ես, Եօղունօլուգցի լէգէոնական Արմենակի տղէկ, դիտել եմ սօսիի ստուերում նրա մենապարը, նրա ատրճանակի պայթիւնների հետ ծափ տուել, նայել վերեւ ինչպէ՜ս էր նրա փողից ժայթքած շանթերի լոյսը կարմիր կրակով վառում սօսին: Կիրակոսը ուժգին զարկում էր թմբուկը, մերկացած դաշոյնները վերեւ պահած երկու պարմաններ պարի դուրս գալիս, խելայեղ խոյանում իրար վրայ,  զարկում  դաշոյնները, կայծեր թռչում, աստղիկներ դարձած իջնում ներքեւ: Կիրակոսն էր ծանր նուագ զարկում, կանայք, այրեր նազանքով պար գալիս, ուժգնանում էին թմբուկի զարկերը, պարողների տոփիւնից սօսին էր երերում, դողում էր Մուսա Լեռը, աւետում աշխարհին մուսաների պաշտամունքի լերան Նաւասարդի խրախճանքը, իրենց Հայկ Նահապետի 2492 թուականի յաղթանակը:

Շնորհաւոր Նաւասարդ-Նոր տարի, Նազովրեցի Յիսուսի Ծնունդ, բերրիութիւն լինի  հայոց աշխարհի հողին, բարգաւաճում լինի Հայաստան աշխարհին, տուն դարձի Ողջոյն Արարատին։

Կլենտէյլ, Դեկտեմբեր 2016

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ