Հայաստանի մարզական լրագրողների դաշնութիւնը ամենամեայ աւանդական հարցման արդիւնքներով որոշեց 2016թ. Հայաստանի լաւագոյն մարզիկների տասնեակը։ Հարցմանը մասնակցել են 35 մարզական թեմաներով գրող լրագրող։
10 լաւագոյն մարզիկների ցուցակն այսպիսին է.
1. Արթուր Ալեքսանեան, յունահռոմէական ըմբշամարտ
2. Միհրան Յարութիւնեան, յունահռոմէական ըմբշամարտ
3. Սիմոն Մարտիրոսեան, ծանրամարտ
4. Գոռ Մինասեան, ծանրամարտ
5. Նազիկ Աւդալեան, ծանրամարտ
6. Յարութիւն Մերտինեան, մարմնամարզութիւն
7. Անդրանիկ Կարապետեան, ծանրամարտ
8. Հռիփսիմէ Խուրշուդեան, ծանրամարտ
9. Վարշամ Բորանեան, յունահռոմէական ըմբշամարտ
10. Արթուր Դաւթեան, մարմնամարզութիւն
Հենրիխ Մխիթարեանը Հայաստանի լաւագոյն ֆութպոլիստ
Վարդան Բիչախչեանը Հայաստանի լաւագոյն ֆութպոլային մարզիչ
Հայաստանի ֆութպոլի դաշնութիւնը ամփոփել է «Տարուայ լաւագոյն ֆութպոլիստ» եւ «Տարուայ լաւագոյն մարզիչ» անուանակարգերում 2016 թ. քուէարկութեան արդիւնքները։
ՀՀ 2016 թ. լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչուել ՀՀ ազգային հաւաքականի աւագ, «Մանչեսթըր Եունայթըտի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով 7-րդ անգամ իր գործունէութեան ընթացքում եւ 6-րդ անգամ անընդմէջ դարձաւ ՀՀ տարուայ լաւագոյն ֆութպոլիստ՝ հաւաքելով 245 միաւոր։
56 միաւորով 2-րդ տեղն է զբաղեցրել փորթուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գէորգ Ղազարեանը։ 45 միաւորով 3-րդ տեղումն է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Ֆուջէյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին։
Հաւաքելով 154 միաւոր՝ 2016-ի լաւագոյն մարզիչ է ճանաչուել Գիւմրիի «Շիրակի» գլխաւոր մարզիչ Վարդան Բիչախչեանը, երկրորդը՝ Երեւանի «Ալաշկերտի» նախկին գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանն է (122 միաւոր) եւ երրորդը՝ ՀՀ մինչեւ 21 տարեկանների եւ Երեւանի «Բանանցի» գլխաւոր մարզիչ Արթուր Ոսկանեանը (59 միաւոր)։
Մարմնամարզիկ Արթուր Դաւթեանի մետալները
Մոսկուայում կայացել է Միխայիլ Վորոնինի գաւաթի մրցաշարի գործիքների եզրափակիչները, որտեղ հանդէս է եկել ՀՀ-ն ներկայացնող Արթուր Դաւթեանը։ Դաւթեանը ոսկե մետալներ է նուաճել յենացատկի եւ օղակների վարժութիւններում։
Հայ մարզիկը պրոնզէ մետալներ է նուաճել պտտաձողի, նժոյգաթափերի եւ զուգափայտերի եզրափակիչներում։
Մրցումների առաջին օրը Արթուր Դաւթեանը բազմամարտում վաստակած 86.533 միաւորով նուաճել էր արծաթէ մետալ, զիջելով միայն ՌԴ-ն ներկայացնող Արթուր Դալալոյեանին (87.632)։ Թիմային պայքարում Արթուր Դաւթեանն ու Վիգէն Խաչատրեանը ցոյց տուած 167.532 միաւորով նուաճել էին պրոնզէ մետալներ։
Արամ Աւագեանը նորամուտ յաղթանակով է նշել արհեստավարժ ռինգում
Բռնցքամարտի ՀՀ հաւաքականի նախկին անդամ, Եւրոպայի առաջնութեան պրոնզէ մետալակիր, Ռիօ-2016 օլիմպիական խաղերի մասնակից Արամ Աւագեանը նորամուտն է նշել արհեստավարժ բռնցքամարտում։
ՌԴ-ի Վորոնէժ քաղաքում կայացած 6 ռաունտանոց մենամարտում Աւագեանը մեծ առաւելութեամբ յաղթել է Պելառուսը ներկայացնող Անտրէ Նոտչինսկիին։ Յաղթանակ է տարել նաեւ Նարեկ Աբգարեանը, որը արհեստավարժ ռինգում անցկացրել է իր երկրորդ մենամարտը։
Միշա Ալոյեանը զրկուեց օլիմպիական արծաթէ մետալից
Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը Դեկտեմբերի 8-ին որոշում ընդունեց Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյեանին Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթէ մետալից զրկելու մասին։
Հռիփսիմէ Խուրշուտեանը վերադարձրել է օլիմպիական մետալը
Եւրոպայի ախոյեան Հռիփսիմէ Խուրշուտեանը (75+քկ.) Լոնտոնի օլիմպիական խաղերում նուաճած պրոնզէ մետալը անցած շաբաթ վերադարձրել է՝ այն յանձնելով ՀԱՕԿ-ին։ «Շատ դժուար էր, բայց ինչ արած՝ անհասկանալի պատմութիւններից յետոյ պէտք է յանձնել։ IBF-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Բայց ես հեշտ յանձնուողներից չեմ, հիմա ամէն օր մարզւում եմ։ Մտադիր եմ մնալ ծանրամարտում», ասաց Հռիփսիմէն։
Ռուդիկ Աւդալեանը աշխարհի երեք մրցանիշ սահմանեց
Վերջերս կայացաւ ուժային եռամարտի սեղմում պառկած դիրքից մրցաձեւի Հայաստանի առաջնութիւնը, որին մասնակցեցին շուրջ 100 մարզիկ, որոնցից 10-ը աղջիկներ։
Վերջերս Ուքրանիայում Եւրոպայի ախոյեանի կոչումը նուաճած եւ 120 քիլոկրամով աշխարհի մրցանիշ սահմանած 15-ամեայ սպիտակցի Ռուդիկ Աւդալեանը (56 քկ.), այս անգամ առաջին մօտեցումը կատարեց աշխարհի նոր մրցանիշային քաշից՝ 125 քկ.-ից։ Այնուհետեւ, մարզիչ Գոռ Բարսեղեանի սանը եւս երկու անգամ թարմացրեց իր իսկ համաշխարհային բարձրագոյն նուաճումը՝ սկզբում պոկելով 135, իսկ այնուհետեւ 137.5 քկ.ը։ Առաջնութիւնում որոշուեց նաեւ բացարձակ ախոյեանը։ Տիտղոսը նուաճեց եւ գաւաթին արժանացաւ Գոռ Խաչատրեանը (75 քկ.), ով միեւնոյն ժամանակ լրացրեց սպորտի վարպետի ցուցանիշը։
Պասքեթպոլի ՀՀ հաւաքականների մրցակիցները
• Պրահայում կայացել է պասքեթպոլի աշխարհի 2019 թուականի առաջնութեան վիճակահանութիւնը։ ՀՀ ազգային հաւաքականը ընդգրկուել է Ա. խմբում, որտեղ նրա մրցակիցները կը լինեն Սլովակիայի, Շուէտիայի ու Պոսնիա եւ Հերցեկովինայի հաւաքականները։
Նախնական հանդիպումները երթ ու դարձով կը կայանան Օգոստոսին։
Առաջին 2 տեղերը գրաւած հաւաքականները դուրս կը գան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսուելու են 2017 թ. Նոյեմբերին։ Խմբից դուրս չեկած թիմերը ելոյթները շարունակելու են Բ. դիվիզիոնում։
• ՀՀ պասքեթպոլի մինչեւ 20 տարեկանների հաւաքականը Եւրոպայի 2017 թ. առաջնութիւնում ընդգրկուել է Բ. դիվիզիոնի Ա. խմբում, որտեղ նրա մրցակիցները կը լինեն Ֆինլանդիայի, Մալթայի, Բելառուսի, Բելգիայի եւ Լեհաստանի հաւաքականները։ Առաջնութիւնը, որին մասնակցելու են 22 հաւաքականներ կայանալու է Ռումինիայի Օրադէա քաղաքում Յուլիսի 14-23-ը։
***
Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
Ամանորի եւ Ս. Ծնունդի տօների առիթով, մեր լաւագոյն մաղթանքներն ու շնորհաւորութիւններն ենք յայտնում մեր ժողովրդին, նախկին եւ մերօրեայ մարզիկներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, մարզասէրներին, մաղթելով նրանց քաջառողջութիւն, յաջողութիւններ, երջանիկ եւ բարեբեր տարի։
Աւետիս Բայրամեան