Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

2016 թուականին հայ մարզիկները նուաճել են 170 մետալ

 

2016 մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններում նուաճել են 170 մետալ, այդ թւում նաեւ 4 օլիմպիական մետալ։

2016-ին մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հաւաքականների անդամները աշխարհի առաջնութիւններում նուաճել են 41 մետալ՝ 10 ոսկէ, 11 արծաթէ եւ 20 պրոնզէ։ Եւրոպայի առաջնութիւններում հայ մարզիկների նուաճած մետալների թիւը 125 է՝ 37 ոսկէ, 46 արծաթէ եւ 42 պրոնզէ։ Մետալակիրների թւում են նաեւ հաշմանդամութիւն ունեցող 7 մարզիկ։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

 

• ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016-ի դասակարգման վերջին աղիւսակը։ ՀՀ հաւաքականը առաջադիմել է 1 տեղով եւ զբաղեցնում է 86-րդ տեղը 412 միաւորով։ Աղիւսակում առաջին 3 տեղերումն են Արժանթինը՝ 1634, Պրազիլիան 1544 եւ Գերմանիան 1433։ Աշխարհի առաջնութիւնում ՀՀ հաւաքականի մրցակիցները. 15. Լեհաստան՝ 1087, 39. Ռումինիա՝ 690, 46. Դանիա՝ 643, 63. Մոնթենեգրօ՝ 549, 98. Ղազախստան՝ 354։

• Ֆութպոլային աշխարհը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարեանի կրունկով խփած ֆանտաստիկ կոլը, թէեւ այն խփել էր խաղից դուրս վիճակում։

Թիմի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն մամուլի ասուլիսում խօսել է Հենրիխի խփած կոլի մասին։ «Միկին իմ կարծիքով խփեց իր կարիէրայի ամենագեղեցիկ կոլը՝ դա «ֆենոմենալ» կոլ էր, ես ուրախ եւ երջանիկ եմ։ Հենրիխը ոչ միայն կոլեր է խփում, այլեւ լաւ աշխատում է պաշտպանութիւնում։ Նա վերադարձաւ վնասուածքից յետոյ եւ զգաց երջանկութեան կախարդական պահն ու «Օլտ Թրաֆորտի» տրիբունաների սէրը։ Դա շատ կարեւոր է նրա համար», ասել է Մոուրինիուն։

• ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասուածք ստանալուց յետոյ առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Թուրքիայի գաւաթի խաղարկութեան «Պեշիքթաշ»-«Բոլուսփոր» հանդիպման 60-րդ րոպէին։ Արասի «Պեշիքթաշը» յաղթել է 2-0 հաշուով։

 

Ի՞նչ կարգավիճակ ունի «Հրազդան» մարզադաշտը

 

«Հրազդան» մարզադաշտը կառուցուել է նաւթային մագնատ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ 1970-1971 թթ., Հրազդան գետի լանջին, որից էլ փաստացի ստացել է իր անունը։ Մարզադաշտի բացումը կայացել է 1971 թ. Մայիսի 19-ին «Արարատ»-«Կայրաթ» (3-0) հանդիպումով։

Այն խորհրդային ժամանակներում խոշորագոյն մարզադաշտերից մէկն էր ԽՍՀՄ-ում։

2003թ. ՀՀ կառավարութեան որոշմամբ մարզադաշտը ուղղակի վաճառքի ձեւով վաճառուել է «Հրազդան մարզաթատերական համալիր» վարձակալական ձեռնարկութեանը, որի սեփականատէրն էր ԱԺ-ի պատգամաւոր Աշոտ Աղաբաբեանը։ 2008 թ. մարզադաշտը ՈւԵՖԱ-ի սահմանած չափանիշներին համապատասխանելու համար վերանորոգման վրայ ծախսուել է աւելի քան 6 միլիոն եուրօ։ Վերանորոգումից յետոյ յարմարաւէտ նստատեղերի թիւը հասել է 55 հազարի (նախկին 75 հազարի փոխարէն)։

2015թ. Յունիսին մարզադաշտը դատարանի որոշմամբ ճանաչուել է սնանկ։

Հարց է առաջանում, ի՞նչ է լինելու մեր գեղեցիկ վերանորոգուած «Հրազդանի» յետագայ ճակատագիրը։

 

Եթէ սնանկ է ճանաչուել այդպէս էլ պիտի անօգտագործելի՞ մնայ։

 

Ալեքսիս Օհանեանը Սերենա Ուիլյամսին ամուսնութեան առաջարկ է արել

 

Թենիսի «Մեծ սաղաւարտի» մրցաշարերի 38-ակի յաղթող, քառակի օլիմպիական ախոյեան Սերենա Ուիլյամսը պատմել է, թէ ինչպէս է ամուսնութեան առաջարկ ստացել Raddit սոցիալական լրատուական կայքի համահիմնադիր եւ համասեփականատէր, Պրուքլինում ծնուած ամերիկահայ Ալեքսիս Օհանեանից։ 1983թ. Ապրիլի 24-ին ծնուած Ալեքսիս Օհանեանը իր հիմնադրած հիմնարկի հասոյթի մեծ մասը յատկացնում է բարեգործութեան։

2010-ին Օհանեանը առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TETx Yerevan առաջին սեմինարը։ Օհանեանի հայրը ծնուել է ԱՄՆ-ում, հայրական պապը Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից։ Ալեքսիսի մայրը՝ գերմանացի է։

 

Շախմատային խճանկար

 

• Քաթարի մայրաքաղաք Տոհայում աւարտուել է արագ շախմատի աշխարհի առաջնութիւնը։ Հայաստանի առաջին համար Լեւոն Արոնեանը 15 հնարաւորից վաստակել է 9.5 միաւոր եւ զբաղեցրել է 9-րդ տեղը։

Աշխարհի ախոյեան է դարձել ուքրանիացի Վասիլի Իվանչուկը, ով վաստակել է 11 միաւոր։ 2-3-րդ տեղերն զբաղեցրած Ալեքսանդր Գրիշչուկը եւ Մագնուս Կառլսենը նոյնպէս վաստակել են 11-ական միաւոր, սակայն զիջել են լրացուցիչ ցուցանիշներով։

Հայ գրոսմայեստերներ Հրանդ Մելքումեանը վաստակած 9 միաւորով 15-րդն էր, իսկ Վլատիմիր Յակոբեանը 7.5 միաւորով՝ 50-րդը։

Կայծակնային խաղի աշխարհի առաջնութիւնում Սերգէյ Կարյակինը 21 հնարաւորից վաստակելով 16.5 միաւոր լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցաւ նոյնքան միաւոր վաստակած Մագնուս Կառլսենից հռչակուեց աշխարհի ախոյեան։ Լեւոն Արոնեանը 12 միաւորով բաժանեց 20-28-րդ տեղերը։ Հրանդ Մելքումեանը՝ 11.5 միաւորով 29-40-էր տեղերը (34)։

• 52 տարեկանում մահացել է միջազգային գրոսմայստեր Աշոտ Անաստասեանը։

Անաստասեանը 8 անգամ դարձել է Հայաստանի ախոյեան, 6 անգամ մասնակցել շախմատային օլիմպիադաների, 3 անգամ դարձել աշխարհի թիմային առաջնութեան պրոնզէ մետալակիր, 2 անգամ շախմատային օլիմպիադաների պրոնզէ մետալակիր, նա Երեւան թիմի կազմում դարձել է Եւրոպայի ակումբային գաւաթակիր։

ՀՀ հաւաքականի կազմում դարձել է աշխարհի վեթերանների (մեծահասակների՝ 50 տարեկանից բարձր) թիմային առաջնութեան փոխախոյեան։

• ՄԱԷ-ում աւարտուած Շարժայի կանանց գաւաթի խաղարկութեանը ՀՀ-ից մասնակցում էին 3 շախմատիստներ։ Ամփոփիչ մրցաշարին աղիւսակում Մարիա Գէորգեանը 6.5 միաւորով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Մեր միւս աղջիկները՝ Արմինէ Բաբայեանը եւ Սուսաննա Գաբոյեանը 6.0-ական միաւորով պայքարն աւարտուեցին 7-8-րդ տեղերում։ Մրցաշարին Ուքրանիայի դրօշի ներքոյ հանդէս եկող մեր հայրենակից Եւգենիա Դոլուխանեան նոյնքան միաւորով 6-րդն էր։

• Էլինա Դանիէլեանն ու Լիլիթ Մկրտչեանը կը մասնակցեն Թեհրանում կանանց աշխարհի առաջնութեանը, որը կայանալու է Փետրուարի 10-ից Մարտի 3-ը։

 

Մահացել է Կարապետ Քոչարը

 

85 տարեկանում մահացել է իրանահայ անուանի բռնցքամարտիկ եւ մրցավար Կարապետ Քոչարը։ Քոչարը բազմիցս եղել է Իրանի ախոյեան եւ ազգային հաւաքականի անդամ, Թոքիոյի ասիական խաղերի պրոնզէ մետալակիր։

Միջազգային կարգի մրցավարը, որպէս մրցավար մասնակցել է 1964թ. Թոքիոյի, 1972թ. Միւնխենի եւ 1976թ. Մոնթրէալի օլիմպիական խաղերին։

Մեր եւ նրա ընկերների անունից խորին ցաւակցութիւններ ենք յայտնում նրա ընտանեկան պարագաներին։

 

Մարզական լուրերը կը համադրէ՝

Աւետիս Բայրամեան 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ