Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի խօսքը՝ Հայոց Բանակի տօնին առիթով

Յարգելի գործընկերներ,

Հայաստանի տօնացոյցում Յունուարի 28-ը նշւում է որպէս Հայոց Բանակի տօն։ Այս տարին յոբելեանական է և մենք ազգովի նշելու ենք բանակի կազմաւորման 25-ամեակը։ Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել հզօր, կուռ և մարտունակ բանակ, որն, անկասկած, համայն հայութեան հպարտութիւնն է, մեր յաղթանակների ու վերածննդի մարմնաւորումը, մեր անվտանգութեան և անկախութեան երաշխաւորը, մեր յաջողութիւնների անառարկելի գրաւականը։  Հայ զինուորն ու սպան, իրենց անմնացորդ նուիրումով, անձնուրաց գործողութիւններով ու սխրագործութիւններով, բարձր պատրաստուածութեամբ ու պատասխանատուութեամբ, անցած հերոսական ճանապարհով դարձել են մեր խաղաղ ու ապահով կեանքի առհաւատչեան, մեր ուժն ու յենարանը։

Այս հրաշալի յոբելեանի առիթով, Հայաստանում և Արցախում անցկացուելու են բազմաթիւ միջոցառումներ։ Վստահ եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, նոյնպէս, անմասն չեն մնայ այս իրադարձութիւնը մեծ շուքով նշելու պատրաստակամութիւնից։

Դիմելով Ձեզ՝ խնդրում և յորդորում եմ կազմակերպել Հայոց բանակին ու հայ զինուորին նուիրուած համայնքային միջոցառումներ և հաւաքներ՝ ներգրաւելով յատկապէս երիտասարդական կազմակերպութիւններին և միութիւններին։ Համոզուած եմ, որ նման քայլը մեծապէս կը գօտեպնդի և է՛լ աւելի կ՚ոգեշնչի հայոց սահմաններն անառիկ պահող մեր զինուորներին և սպաներին, կը նպաստի հայ ինքնութեան ամրապնդմանը Սփիւռքում։

Տեղեկացնում եմ նաև, որ ինչպէս նախորդ տարիներին, այս տարի, նոյնպէս, Փետրուարի 21-ին թէ՛ Հայաստանում և թէ՛ Սփիւռքում նշուելու է Մայրենիի օրը, որը և՛ ԵՈՒՆԵՍՔՕ-ի, և՛ հայոց պետութեան կողմից սահմանուած տօն է։ Չեմ կասկածում, որ համայնքի կրթօջախներում այդ առիթով կը կազմակերպուեն «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրութիւնների մրցոյթ, իսկ Ձեր կողմից ներկայացուած լաւագոյն աշխատանքները կը խրախուսուեն ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից (էլեկտրոնային հասցէ՝ allarmenian@mindiaspora.am)։ Հայոց լեզուին նուիրուած ձեռնարկները, միջոցառումները, ուսուցիչների մեծարման երեկոները կարող են մեծապէս օգնել հայապահպանութեան անչափ կարևոր գործին։

 

Յարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ