Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Ֆութպոլ եւ Ճատրակ

ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան մասնակիցները սկսում են նախապատրաստութիւնը

Յունուարի 9-ին ՀՀ ախոյեան «Ալաշկերտի» ֆութպոլիստները սկսեցին առաջնութեան գարնանային հատուածի նախապատրաստութիւնը։ Երեւան են վերադարձել արձակուրդի մեկնած լեգիոներները եւ թիմն ամբողջական կազմով առաջին մարզումն է անցկացրել։

Գործող ախոյեանը հաւաք է անցկացնելու Թուրքիայում եւ ԱՄՆ-ում։

• Յունուարի 9-ից իր մարզումներն է վերսկսել նաեւ «Գանձասար-Կապանը»,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայութիւնը։

Կապանեան թիմը իր մարզումներն անցկացնում է «Միկա» մարզահամալիրում։

• Ձմեռային դադարից յետոյ Երեւանի «Փիւնիկն» առաջին մարզումն է անցկացրել։ Թիմը Արտակ Օսէյեանի գլխաւորութեամբ առաջնութեան գարնանային հատուածի նախապատրաստական շրջանում կ՚անցկացնի երկու ուսումնամարզական հաւաք։ Առաջին հաւաքը կը մեկնարկի Աւանի ֆութպոլի ակադեմիայում։ Հաւաքի ընթացքում նախատեսւում է երկու ընկերական հանդիպում։

Երկրորդ ուսումնամարզական հաւաքը նախատեսւում է արտասահմանում, որի մանրամասները յայտնի կը դառնայ աւելի ուշ։

• Հայկական թիմերից «Բանանցը» նոր գարնանային հատուածի նախապատրաստութիւնը սկսել է Յունուարի 4-ից։ Արթուր Ոսկանեանի գլխաւորութեամբ թիմն անցկացրել է տարուայ առաջին մարզումը, որը թեթեւ բնոյթ է կրել։ Յունուարի 7-ից թիմին միացան բացակայող ֆութպոլիստները եւ թիմը սկսեց մարզուել ամբողջական կազմով։

«Բանանցը» առաջին ուսումնամարզական հաւաքը կ՚անցկացնի Յունուարի 27-ից մինչեւ Փետրուարի 5-ը Կրասնոդարի երկրամասում, իսկ երկրորդը կ՚անցկացուի Փետրուարին Անթալիայում։ Առաջին հաւաքի ընթացքում, որն աւելի շատ վերականգնողական բնոյթ կը կրի, «Բանանցը» նախատեսում է անցկացնել 2 ստուգողական խաղ։ Երկրորդ հաւաքի ընթացքում նախատեսւում է 5 ընկերական հանդիպում։

Յունուարի 21-ին Երեւանի «Բանանցը» ստուգողական հանդիպում կ՚անցկացնի Գիւմրիի «Շիրակի» հետ։ Հանդիպումը կը կայանայ «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում։

• Գարնանային հատուածին, բոլորից շուտ սկսեց նախապատրաստուել աշնանային հատուածի առաջատար Գիւմրիի «Շիրակը»։

Թիմից հեռացել են չորս ֆութպոլիստ, կիսապաշտպաններ Նեմանիա Ստոշկովիչը եւ Կոնստանտին Շուլցը, յարձակուողներ Պրայան Դէյա Ֆուենտեն եւ Գրիգորի Գոգիչաեւը, իսկ 35-ամեայ կիսապաշտպան Կարէն Ալեքսանեանը աւարտել է իր ելոյթները «Շիրակի» կազմում։

Կարէն Ալեքսանեանը ՀՀ ազգային հաւաքականի կազմում անցկացրել է 25 հանդիպում. նա ընդգրկուել է թիմի մարզչական կազմում։

• «Արարատն» Արկադի Անդրէասեանի գլխաւորութեամբ վերսկսել է մարզումները Ձորաղբիւրի մարզաբազայում։ Մարզումային առաջին օրը թիմը հաւաքուել էր ամբողջ կազմով։ Մարզմանը մասնակցում էին նաեւ մի քանի հաւանական նորեկներ։ Ամենայն հաւանականութեամբ թիմը Յունուարի 27-ին կը հանդիպի «Փիւնիկի» հետ։

 

ՖԻՖԱ-ի տարուայ լաւագոյնները

 

• Մատրիտի «Ռէալի» եւ Փորթուգալիայի հաւաքականի յարձակուող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչուել է 2016-ի աշխարհի լաւագոյն ֆութպոլիստ։ Ռոնալդուն 4-րդ անգամ է ճանաչւում աշխարհի լաւագոյն ֆութպոլիստ։

Այս անուանակարգում Մեսսին 2-րդն էր, Գրիզմանը՝ 3-րդը։

• Լաւագոյն կին ֆութպոլիստ է ճանաչուել ամերիկուհի Կառլի Լլոյդը։ Նշենք, որ Լլոյդը այս մրցանակը ստանում է 2-րդ տարին անընդմէջ։

• Իտալացի մասնագէտ Կլաուդիօ Ռանիէրին ճանաչուել է տարուայ լաւագոյն մարզիչ։ Նրա գլխաւորութեամբ «Լեսթերը» կարողացաւ անակնկալ կերպով յաղթել Անգլիայի առաջնութիւնում։ Բացի Ռանիէրիից այդ տիտղոսին յաւակնում էին Զինեդին Զիդանը (Մատրիտի «Ռէալ») եւ Ֆերնանտու Սանթուշը (Փորթուգալիայի աւագ մարզիչը)։

• Կանանց ֆութպոլում լաւագոյնի կոչմանը արժանացաւ գերմանուհի Սիլվիա Նէյդը։

• 2016-ի խորհրդանշական հաւաքականը.

Դարպասապահ՝ Մանուէլ Նոյեր («Բաւարիա»), պաշտպաններ՝ Դանի Ալվես («Եուվենթուս»), Խերարդ Պիկէ («Բարսելոնա»), Սերխիօ Ռամոս, Մարսելօ (2-ն էլ «Ռէալ» Մատրիտ), կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս (2-ն էլ «Ռէալ» Մատրիտ), Անդրէս Ինիէստա («Բարսելոնա»), յարձակուողներ՝ Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես (2-ն էլ « Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու։

• Պրազիլիայի ֆութպոլիստ Ֆալկաոն արժանացել է «ֆութպոլային փայլուն գործունէութիւն» մրցանակին։

• Մալայզացի Մոդ Ֆաիզ Սուբրին արժանացաւ տարուայ լաւագոյն կոլը՝ Պուշկաշի անուան մրցանակին։

Այս բոլորը յայտնի դարձաւ Յունուարի 9-ին շուէյցարական Ցիւրիխ քաղաքում ընթացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխութեան ժամանակ։

• ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն քուէարկել է աշխարհի առաջնութեան մասնակիցների թիւը 48-ի հասցնելու օգտին։

 

Շախմատային խճանկար

 

• ՖԻԴԵ-ի Երիտասարդների աղիւսակը գլխաւորում է Ուէյ Յին՝ 2706։ Ամերիկահայ 16-ամեայ Սամուէլ Սեւեանը 2603 միաւորով 9-րդն է, Մանուէլ Պետրոսեանը՝ 27-րդն է (2550), Հայկ Մարտիրոսեանը՝ 35-րդը (2516), Տիգրան Յարութիւնեանը՝ 38-րդը (2511)։

Աղջիկների աղիւսակը գլխաւորում է Լէյ Թինգժին (2467)։ 100 լագագոյնների մէջ 82-րդը Սիրանուշ Ղուկասեանն է (2170)։ Ատրպէյճանը ունի 6 ներկայացուցիչ։

Երկրների աղիւսակը (տղամարդկանց) գլխաւորում է Ռուսաստանը՝ 2746, այնուհետեւ գալիս են 2. ԱՄՆ՝ 2705, 3. Չինաստան՝ 2697, 4. Ուքրանիա՝ 2689, 5. Հնդկաստան՝ 2674, 6. Ատրպէյճան՝ 2654, 7. Ֆրանսիա՝ 2648, 8. Հայաստան՝ 2646, 9. Լեհաստան՝ 2644, 10. Հունգարիա՝ 2638։

• Իսպանիայի Ռոկետաս դէ Մար քաղաքում աւարտուած միջազգային փառատօնին մասնակցում էին 25 երկրի 144 շախմատիստ։

Հայաստանը ներկայացնող գրոսմայեստրներ Կարէն Գրիգորեանը եւ Գէորգ Յարութիւնեանը 9 հնարաւորից վաստակեցին 7.0-ական միաւոր։

Լրացուցիչ ցուցանիշներով Կարէնը ճանաչուեց յաղթող, իսկ Գէորգը եզրափակեց լաւագոյն եռեակը։

• Յունուարի 11-ին Երեւանում մեկնարկեց ՀՀ տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնութիւնները։ Մրցաշարերը անցկացւում են շրջանային մրցակարգով, մասնակիցների թիւը տասն է։ Կանոնադրութեան համաձայն՝ մրցաշարերի յաղթողները կ՚ընդգրկուեն ազգային հաւաքականների կազմեր։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ