Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Եուրա Մովսիսեան. «Այլ պայմաններում կարող է վերադառնամ, բայց այսօրուայ դրութեամբ…»

ՀՀ ազգային հաւաքականի նախկին յարձակուող «Ռէալ Սոլթ Լէյքի» խաղացող Եուրա Մովսիսեանը ամանորի նախօրէին գտնւում էր Երեւանում եւ armsport.com-ի թղթակիցը նրա հետ  հարցազրոյց է անցկացրել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողներին որոշ կրճատումներով։

Մովսիսեանը խօսել է ազգային հաւաքական չհրաւիրուելու, հաւաքական հաւանական վերադարձի ու «Սպարտակից» հեռանալու մասին։

– Ասելու ոչինչ չկայ, ամէն ինչ պարզ է։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թէ ինչ եմ արել հաւաքականի, թէ մեր հայկական ֆութպոլի համար։ Ով էլ չգիտի, կամ չի հաւատում, իրենց անձնական խնդիրն է։ Ինձ համար շատ կարեւոր էր երկրպագուների աջակցութիւնը։ Մարդիկ գիտեն, որ ես միշտ պարզ եմ եղել, իմ դէմքին երբեք դիմակ չի եղել, ուրիշ դեր չեմ խաղացել։ Գուցէ խնդիրը դրա մէջ էր, որ ես միշտ պարզ եմ եղել, ու բոլորն իմ անելիքները լաւ են իմացել, տեսել են։

Բնական է, հետաքրքիր է, թէ ինչպէս է խաղում հաւաքականը, նայում եմ բոլոր խաղերը, կապի մէջ եմ հաւաքականի որոշ տղաների հետ։

– Արդեօ՞ք փակուած է հաւաքական վերադառնալու հարցը։

– Միգուցէ շուտով փակուած կը լինի, քանի որ ես այն ֆութպոլիստներից չեմ, ով կը նստի եւ կը սպասի, թէ երբ կը զանգեն։ Բնականաբար, այլ պայմաններում կարող է վերադառնամ, բայց այսօրուայ դրութեամբ…

ԱՄՆ-ում շատ լաւ եմ զգում։ ԱՄՆ-ում ֆութպոլը շատ առաջ է գնացել։

Պարզ է, որ եւրոպական ֆութպոլը շատ զարգացած է։ Եւրոպական ֆութպոլը պատմութիւն ունի, ամերիկեանը նոր է զարգանում։ Եւրոպայից հրաւէր ունէի, սակայն դժուար իրավիճակ էր։ Միակ հեշտ ձեւը, որ թոյլ կը տային ինձ հեռանալ «Սպարտակից», դա ԱՄՆ տեղափոխութիւնն էր։

Առաջարկներ շատ-շատ են եղել, բայց դրանք մերժուել են, ոչ իմ կողմից։ Շատ տեղերից են եղել, բայց փաստն այն է, որ մնացել եմ «Սպարտակում»։ Ճիշդ է, իմ սրտովը չէր, պարզ է, որ ես էլ կ՚ուզենայի գնալ Գերմանիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա… բայց այսպէս ստացուեց։

«Ռէալ Սոլթ Լէյքի» հետ երկարաժամկէտ պայմանագիր եմ կնքել, այնպէս որ դժուար մօտ ժամանակներս տեղափոխուեմ Եւրոպա։ Իհարկէ, ֆութպոլում չես կարող ոչինչ հաստատ ասել։ Կարող է առաջարկ լինել, որը չկարողանամ մերժել, կամ էլ ակումբը չկարողանայ մերժել։ Բայց հիմա նման առաջարկներ չկան,- նշել է Մովսիսեանը։

Աւելացնենք մեր կողմից (Ա.Բ.)

29-ամեայ Եուրա Մովսիսեանը մեծացել է ԱՄՆ-ում, նա հպարտ, ժպտերես, մարդամօտ, հասնող, պատուախնդիր տղայ է։

Նաեւ նրա շնորհիւ էր, որ ՀՀ ազգային հաւաքականը Վարդան Մինասեանի ժամանակ հասաւ աննախընթաց յաջողութիւնների։ Դրա վառ վկայութիւնն է երկրպագուների եւ մարզական լրագրողների մինչեւ օրս չխամրող համակրանքը Եուրայի հանդէպ։ Հայկական ֆութպոլի ղեկավար Ռուբէն Հայրապետեանին դուր չի գալիս այսպիսի յանդուգն տղան, որն իր կարծիքն ունի։ Նա ասում է Եուրան այնքան է լկտիացել, որ ուզում է մեքենայով խաղադաշտ մտնել։ Ես լաւ եմ ճանաչում Եուրային եւ նրա ընտանիքի անդամներին։ Հայրապետեանին դուր չի գալիս Եուրայի պէս տղաները, ահա թէ ինչու է ասել. «Քանի ես ՀՖԴ-ի նախագահն եմ, Եուրա Մովսիսեանը հանդէս չի գայ հաւաքականում»։

Լաւ չէ։ Կարծում եմ ժամանակը կը գայ։

ՀՖԴ-ի նախագահ Հայրապետեանը հաւաքականից հեռացրեց Մովսիսեանին, Արզումանեանին, Կասպարովին, կասկածելով, որ նրանք խաղը ծախել են Ալպանիայի ընտրանուն։ UEFA-ն ստուգեց եւ այդպիսի բան չգտաւ։ Նա իր գերատեսչութեան անյաջողութիւնը ուզում էր բարդել այդ տղաների վրայ, շատ տգեղ է։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

 

• ՖԻՖԱ-ի Յունուարի 12-ին հրապարակած դասակարգման նոր աղիւսակում ՀՀ հաւաքականը պահպանել է իր դիրքը եւ զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 412 միաւորով։ Աղիւսակում առաջին 3 տեղերը զբաղեցնում են Արժանթինը (1634 միաւոր), Պրազիլը (1544) եւ Գերմանիան (1433)։

• Փետրուարի 12-ին Անթալիայում նախանշուած Հայաստան-Ուզպեկստան ընկերական հանդիպումը չի կայանայ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում յաճախակի բնոյթ ստացած ահաբեկչութիւնները նկատի ունենալով. նշել է ՀՖԴ-ի պաշտօնական կայքը։

• ՀՀ մինչեւ 17 տարեկանների հաւաքականը մասնակցեց Մինսկում կայացած «Զարգացման գաւաթ» մրցաշարին։ Մեր հաւաքականը շատ անյաջող հանդէս եկաւ խոշոր հաշիւներով զիջելով Ռուսաստանի (0-5), Մոլտովայի (1-4), Բելգիայի (1-3), Լատվիայի (1-4) եւ Վրաստանի (0-3) հաւաքականներին։

• Անգլիական «Մանչեսթըր Եունայթըտի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի կոլը՝ «Սանդէրլենդի» դարպասին ճանաչուել է լաւագոյնը ԱՊԼ-ում Դեկտեմբեր ամսուայ ընթացքում։ Աւելի վաղ Մխիթարեանի կոլը լաւագոյնն էր ճանաչուել «Մանչեսթըր Եունայթըտի» պաշտօնական կայքի հարցման արդիւնքներով։

ԱՊԼ-ի Դեկտեմբեր ամսուայ լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչուել Մխիթարեանի թիմակից Զլատան Իպրահիմովը։

 

Արմէն Մկրտչեան ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ

 

Ատլանդայի օլիմպիական խաղերի փոխախոյեան, Եւրոպայի ախոյեան, աշխարհի առաջնութեան պրոնզէ մետալակիր Արմէն Մկրտչեանը ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում փոխարինելու է Արայիկ Պաղտատեանին, ով հաւաքականը գլխաւորում էր 2009-ից։

 

Շախմատային խճանկար

 

• Աւարտուեցին ՀՀ տղամարդկանց եւ կանանց առաջնութիւնները։ Տղամարդկանց մէջ առաջին անգամ ՀՀ ախոյեան հռչակուեց Յովհաննէս Գաբուզեանը, ով 9 հնարաւորից վաստակեց 5.5 միաւոր։ 5-ական միաւորով 2-3-րդ տեղերը կիսեցին Տիգրան Լ. Պետրոսեանը եւ պատանի՝ մինչեւ 16 տարեկանների աշխարհի ախոյեան Հայկ Մարտիրոսեանը։ Կանանց պայքարում երկրորդ տարին անընդմէջ ՀՀ ախոյեան հռչակուեց Մարիա Գէորգեանը, ով վաստակեց 6.5 միաւոր։ Նոյնքան միաւոր է վաստակել Սիրանուշ Ղուկասեանը, ով լրացուցիչ ցուցանիշներով ճանաչուեց 2-րդը։ Աննա Հայրապետեանն ու Սուսաննա Գաբոյեանը վաստակեցին 6-ական միաւոր։ Լրացուցիչ ցուցանիշներով պրոնզէ մետալը բաժին հասաւ Սուսաննա Գաբոյեանին։ Նշենք, որ ախոյեանները իրաւունք ստացան 2017-ին հանդէս գալ ՀՀ հաւաքականի կազմում։

• Յունուարի 13-19-ը Հոլանդիայի Վէյկան Զեէ քաղաքում անցկացւում է Tota Steel 2017 աւանդական փառատօնը։ Փառատօնի գլխաւոր մրցաշարի 14 մասնակիցների մէջ է նաեւ Լեւոն Արոնեանը։ Կայացած 9 մրցափուլում Լեւոնը յաղթել է Պաւել Էլյանովին, Անիշ Գիրիին, պարտուել՝ Սերգէյ Կարյակինին, ոչ-ոքի է խաղացել Պենտելա Հարիկրիշնայի, Վէյ Յիի, Բաշկարան Ադհիբանի, Յան Նեպոմնյաշչիի, Մագնուս Կառլսենի եւ Ուէսլի Սոյի հետ։

• Վէյկ ան Զեէի երկրորդ խմբում հանդէս եկող ԱՄՆ ներկայացուցիչ 15-ամեայ Սամուէլ Սեւեանը վերջին մրցափուլում յաղթելով Յան Թիմանին 7.5 միաւորով բաժանեց 5/6-րդ տեղերը։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ