Շաբաթ, Դեկտեմբեր 28, 2024

Շաբաթաթերթ

Յարակից աշխարհներ. Սեդա Ղարիբեանի «Իմ աշխարհը»

Բազմաթիւ գիտնականներ իրենց ամբողջ կեանքն են նուիրել փաստելու յարակից աշխարհների գոյութեան տեսութիւնը, սակայն նրանց հետազօտութիւնները տեսականից այն կողմ չեն անցել…

    Ինչո՞ւ…

    Այդ գիտնականները անտեսել են մի կարևոր փաստ. այն է՝ «…Ամէնից առաջ ՍԷՐՆ էր…»:

    Այո, այո, ոչ թէ ամէնից առաջ բանն էր, այլ… ամէնից առաջ սէրն էր…

    Սէրը նոյնիսկ մարդկային քաղաքակրթութիւնից էլ հին է…։ Ամէն մի ծնունդ պարտական է սիրուն, այսինքն ամէն, ամէն ինչ սիրոյ արդիւնք է…

    Ահա այդ սէրն է, որով յագեցած է օրերս Հայաստանում տպագրուած և լոսանճելըսահայ գրասէր հասարակութեան սեղանին դրուած նոր հատորի ամէն մի էջը…

    Հեղինակը՝ հայկական շրջանակներին քաջածանօթ երգչուհի Սեդա Ղարիբեանն է: Նա բազմաթիւ երգերի թէ՛ հեղինակն է, թէ՛ կատարողը…

     Եւ հիմա նա հասարակութեանը ներկայանում է որպէս բանաստեղծուհի… Նա իր գիրքը անուանել է «Իմ Աշխարհը»: Յիրաւի մի փոքրիկ գրքի սահմաններում նա կարողացել է ստեղծել այն, ինչ բազմաթիւ գիտնականներ անզօր են եղել… Յարակից մի աշխարհ՝ յագեցած դէպի մայրը, հասարակութեանն ու մարդուն ուղղուած մեծ սիրով…

    …Երբ մուտք ես գործում «Նրա Աշխարհը», առաջին հերթին աչքի են զարնում նրա բանաստեղծութիւնների մեղեդայնութիւնն ու սրտառուչութիւնը. յատկութիւններ, որոնք մի աւելորդ անգամ նպաստել են նրա բազմաթիւ բանաստեծութիւնների երգեր «դառնալուն»:

    …Եկէք Ձեզ տանեմ իմ աշխարհը,- հրաւիրում է բանաստեղծուհին ընթերցողին գրքի նախաբանում… Եւ առաջին իսկ քայլերից յետոյ ընթերցողի համար պարզւում է, որ նրա աշխարհը լի է զգացմունքի անկեղծութեամբ, իսկ աշխարհի հորիզոնը ՍԷՐՆ է՝ մի զգացմունք, որը մարդկութեան պատմութիւնից էլ հին է, և որի որևէ սահման չունենալը մարդկութեանը յայտնի է եղել քաղաքակրթութեան ակունքներում…

    …Անչափ սիրառատ սէրերն այդ քնքուշ

    Օգնում են, որ ես ցրտում ջերմանամ…,- գրում է Սեդան իր բանաստեղծութիւններից մէկում…

    Ընթերցող, դու նոյնպէս կարող ես ճաշակել այդ ջերմութեան պտուղները, եթէ մուտք գործես Սեդա Ղարիբեանի կողմից արարուած այդ նուրբ ու սիրառատ աշխարհը…

    Կանաչ ճանապարհ թէ՛ նորածին գրքին, թէ՛ ընթերցողներին…

 

ԱՐՍԷՆ ԱՐՍԷՆԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ