Կիրակի, Նոյեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Զրոյց «Երբ աստղերն են վայր ընկնում» հատորի հեղինակ՝ Ֆլորա Սարեանի հետ

Ֆլորա Սարեանին ճանաչեցի իր հեղինակած «Երբ աստղերն են վայր ընկնում» գրքի շնորհանդէսի ժամանակ: Համարձակ ու իր անելիքը լաւ իմացող ստեղծագործող, ով «յանդգնել» է գիրք գրել Արցախեան պատերազմի տարիների մի պատմութիւն, չճանաչելով, անգամ ոչ մի անգամ Արցախում ու Հայաստանում չլինելու պարագայում: Այս փաստն ինձ հետաքրքրեց և որոշեցի զրոյց անցկացնել այդ բարետես կնոջ հետ:

            Ծնուել է Իրանի հարաւային շրջանում, կրթութիւն ստացել և ընտանիքով`1987 թուականին հաստատուել Միացեալ Նահանգներում: 

 

 

Վահէ Մեսրոպեան.- Ե՞րբ էք սկսել ստեղծագործել:

Ֆլորա Սարեան.- Գրել սկսել եմ 11 տարեկանից: Շատ եմ սիրել շարադրութիւններ գրել, սիրել եմ նաև «Պատմութիւն» առարկան: Աւարտական քննութեան ժամանակ շարադրութիւնից բարձր գնահատական ստացայ՝ ինչպէս Ձեզ մօտ 5 էիք ասում, բայց մեզ մօտ 20 բալանոց գնահատման համակարգ էր և իմ շարադրութիւնը գնահատեցին ամենաբարձր բալով:

            Երբ սովորում էի 7-րդ դասարանում, հարկադրուած էինք տեղափոխուել այլ քաղաք՝ հայրիկիս աշխատանքային բնոյթից ելնելով: Դա ինձ համար ոչ թէ օտար քաղաք էր, այլ մի ուրիշ «մոլորակ»: Սկսեցի պարսկական դպրոց յաճախել, քանի որ այնտեղ հայկական դպրոց չկար: Նոր, անծանօթ միջավայր էր, որտեղ ես սկսեցի աւելի շատ զբաղուել գրականութեամբ ու ընթերցանութեամբ, մենութիւնս կիսում էի գրելով: Գրում էի՝ իմ նոթերն ու խոհերը գաղտնի յանձնում թղթին: Երբ առաջին եռամսեակի շարադրութիւնը գրեցինք և յետ ստացանք մեր ստուգուած «գլուխ-գործոցները», շարադրութեանս վրայ տեսայ կարմիր թանաքով գրառումը, անակնկալի եկայ: Ուսուցիչս գրել էր՝ «Ֆլորա, ես քո մէջ գրելու ձիրք եմ տեսնում, դու գնա՛ այդ ճանապարհով»: Դա անմոռաց գրութիւն էր, այն ինձ ուժ տուեց, համարձակութիւն և ես սկսեցի գրել: Շատ գրեցի, բայց հրատարակել չյաջողուեց, որովհետև դրանք մնացին Իրանում: Սակայն Իրանից արտագաղթելու ժամանակ, երբ որոշ ժամանակ անցկացրեցինք Գերմանիայում, ես սկսեցի աւելի շատ գրել: 12 պատմութիւններ եմ գրել, որոնցից միայն «Գայիանէ»ն հրատարակուեց, իսկ դրանից յետոյ «Երբ աստղերն են վայր ընկնում» գիրքը, որը բովանդակային առումով բոլորովին կապ չունի միւս ստեղծագործութիւններիս հետ: Նրանք գաղափարական, փիլիսոփայական ուրիշ պատմութիւններ են: Երբ մարդը փոխում է իր բնակավայրը, փոխում է նաև իր գաղափարախօսութիւնը, իր փիլիսոփայութիւնը, իր մտածելակերպը, իր ճաշակը…

            Վ. Մ.- «Երբ աստղերն են վայր ընկնում» գրքի ստեղծման համար ի՞նչը ոգևորեց, ի՞նչը մտահոգեց, ի՞նչը յուզեց, ի՞նչը խթանեց:

            Ֆ. Ս.- Երբ Հայաստանում սկսուեցին ազգային զարթօնքի շարժումները և տեղի էին ունենում խաղաղ ցոյցեր, որոնց նկատմամբ անտարբեր չէի, հետաքրքրուած էի և սպասում էի լաւ լուրերի, բայց ազերիների սանձազերծած սումկայիթեան վայրագութիւններից շատ ազդուեցի: Այդ անիծեալ քաղաքի տեղը նոյնիսկ չգիտէի: Իսկ յետոյ տեղի ունեցաւ աղէտալի երկրաշարժ: Սպիտակ քաղաքը գետնին հաւասարուեց, բազմաթիւ զոհեր… Դժուար էր ժողովրդի վիճակը:

            Այդ ապրումներն ու զգացմունքներն ինձ մօտ առաջացրին գրել մի պատմութիւն, վէպ, որի միջոցով ես կարող էի բոլորին պատմել այդ տարիների իրադարձութիւնները: Իմ մտածմունքները գրքի վերածելու համար ես չորս տարի աշխատեցի: Դա չորս տարի չէր, այլ չորս անգամ 365 օր: Որպէսզի լաւ տեղեկացուած լինեմ, գրքեր, քարտէզներ էի ձեռք բերում, համացանցով էի աշխատում, որպէսզի յստակ տեղեկութիւններ հաւաքեմ իրադարձութիւնների վերաբերեալ: Վէպի գործող անձերից մի քանիսն իրական պատկերներ են: Նրանց պատմութիւնը գրելիս ես լուրջ յուզւում էի և երբեմն չէի կարողանում շարունակել… Իսկ երբ գիրքս աւարտուեց, ես մտահոգ մտածում էի՝ «Արդեօք կարողացել ե՞մ ճիշդ պատկերել, յստակ տեղեկութիւններ հաղորդել իմ ընթերցողներին»: Համոզուած էի, որ մեր այդ պայքարը չպէտք է անուշադրութեան մատնուի, մոռացուի: Դա մեր ազգային պարտքն է: Շատ պատերազմներ են եղել, շատ պատմութիւններ, բոլորը չէ, որ թղթին են յանձնուել:

            Վ. Մ. – Ի՞նչ ստեղծագործութիւնների վրայ էք աշխատում:

            Ֆ. Ս. – Իմ երրորդ գրքի պատմութիւնը 1915 թուականի ողբերգական դէպքերի՝ Ցեղասպանութեանն է նուիրուած: Շատ պատմութիւններ են գրուել այդ ժամանակաշրջանի մասին: Ես խոնարհւում եմ նրանց առաջ ու լուրջ աշխատանք տանում որպէսզի այս վէպն էլ նմանուի «Երբ աստղերն են վայր ընկնում» վէպին, ընթերցասէրների կողմից գնահատանքի արժանանայ:

            Վ. Մ.- Ստեղծագործութիւնը հիմքում իրակա՞ն պատմութիւն է:

            Ֆ. Ս.- Հերոսներն իրական դէմքեր են, որ մինչև այս վերջին տարիները Կլենտէյլում են ապրել: Իրենց երկրորդ և երրորդ սերունդներն էլ են Կլենտէյլում ապրում: Պատմութիւնը հիւսուած է նրանց փաստացի պատմութիւնների հիման վրայ: Գիրքս փորձում եմ աւարտին հասցնել մինչև 2017 թուականի Ապրիլ ամիս:

            Հետաքրքիրն այն է, որ այս տարի եղայ Վենետիկի Մխիթարեան Միաբանութիւնում, որտեղ մեզ ուղեկցող վարդապետը մի սենեակ տարաւ, որտեղ պատերին փակցուած էին եղեռնի պատկերներ: Վարդապետը նախապէս զգուշացրեց, որ զգայուն և սրտից թոյլ մարդկանց մուտքը նպատակայարմար չէ: Այնտեղ ցուցադրուող նկարները բոլորը չէ, որ կարողանում են առանց յուզմունքի նայել: Ես շատ տպաւորուեցի այդ նկարներով… անբացատրելի էր…

            Իսկ չորրորդ գրքում ցանկութիւն կայ անդրադառնալ Երկրորդ Համաշխարհային Պատերազմին: Գրքի հիմքում մարդկային փոխյարաբերութիւններն են, մարդկանց կեանքն ու մտածումները, մտահոգութիւնները ճակատագրական պահերին:

            Վ. Մ.- Ձեր գրքերի հերոսներն իսկապէս օրինակելի մարդի՞կ են, որոնց օրինակով կարելի է երիտասարդ սերունդ դաստիարակել:

            Ֆ. Ս.- Այս հարցն ինձ յաճախակի են տուել: Ֆետայիներն արդէն հերոսութեան, հերոսացման չափանիշներ են: Այդ ֆետայիներից մէկը, ում անունը խոստացել եմ չհրապարակել, համեստօրէն ասում է, որ դժուարութեան, վտանգի պահին դու քո անձի փրկութեան, անվտանգութեան մասին չես մտածում, այլ բնազդաբար օգնում ես վիրաւոր, վտանգի մէջ յայտնուած ընկերոջդ, հրդեհի ճիրաններից ազատում ես ծեր կնոջը, մոռանալով կամ անտեսելով, որ դու էլ կարող ես յայտնուել դժուար կացութեան առջև: Սովորաբար, մարդը վտանգի պահին իր անձի անվտանգութեան, փրկութեան մասին է մտածում: Բայց պատերազմող մեր հերոսները մարտի դաշտում այդպէս չեն մտածել: Մարդկային այս արժանիքներն են, որ պէտք է նշուի, օրինակ ծառայի: Սեփական անձի զոհողութեան գնով, վտանգելով ծառայեցնել ուրիշին՝ ընկերոջդ փրկելու, ուրիշին կեանք պարգևելու համար:

            Ուրիշ ինչ գիրք էլ գրեմ, «Երբ աստղերն են վայր ընկնում» գիրքն իր ուրույն տեղն ունի իմ սրտում: Այդ գիրքը գրելով ես սովորեցի քաջ ու համարձակ լինել:

            Վ. Մ.- Ձեր ձեռք բերած այդ քաջութիւնն ու համարձակութիւնը օգնու՞մ են Ձեզ աշխատանքում, ընտանիքում, ստեղծագործելիս:

            Ֆ. Ս.- Իհարկէ, ես աշխատում եմ և ձգտում առաւելագոյնս օգտակար լինել իմ երեխաներին, թոռներին: Լինել սիրելի, յարգուած մայր և տատիկ մեծ երջանկութիւն է: Աշխատանքս ինձ օգնում է առօրեայ հոգսերը հոգալու համար, իսկ գրելն իմ հոգու համար է: Իմ պատմութիւններն ինձ միշտ ուղեկցում են: Աշխատանքի պահին էլ մտածում եմ ու մտքով գրում մինչ համակարգիչին հասնելը: Այնտեղ արդէն մատներս իրենք իրենց խփում են համապատասխան տառերին:

            Վ. Մ.- Ինձ թւում է, որ գրելու ընթացքում Դուք ապրել էք Ձեր հերոսների կեանքով:

            Ֆ. Ս.- Այդպէս է: Ուսումնասիրելով Մոնթէ Մելքոնեանի մարտական ուղին ըստ Ասպրամ Ծառուկեանի «Բարև, ինչպէ՞ս էք» գրքի, զգացել եմ թէ ինչ է նշանակում ազգի զինուոր լինելը: Քայլել եմ իմ հերոսների հետ: Իմ նկարագրած տեսարաններն ինձ էլ են յուզել: Հերոսի հետ «ջուրն ընկայ» և այդ սառը ջրի ազդեցութիւնը զգացի մարմնիս վրայ: Զգացել եմ թէ՛ նկարագրուած ցուրտն ու քամին, թէ՛ տաք արևը, թէ՛ անձրևը: Նոյնիսկ երկրաշարժի ժամանակ նմանատիպ զգացմունք ունէի, երբ տեղեկացայ աւերածութիւնների ու զոհերի մասին:

            Վ. Մ.- Իչպէ՞ս էք պահել հայի ինքնութիւնը Իրանում, շրջապատուած լինելով մահմետականներով: Ես շփւում եմ իրանահայերի հետ և ուրախութեամբ արձանագրում, որ իրանահայերը շատ լաւ են պահպանել հայի լեզուն, իրենց հայութիւնը:

            Ֆ.Ս.- Իրանահայերը արդէն 400 տարի ապրում են այնտեղ Շահ Աբասի բռնի տեղահանութիւնից յետոյ: Շատ դժուար է եղել հայի ինքնութիւնը պահպանելը: Չկային տարրական պայմաններ ու հնարաւորութիւններ ապրելու համար, բայց հայի հայրենասիրական եռանդը, ինքնապահպանումը շատ ուժեղ է եղել: Մեզ միշտ ասել են ու մենք լսել ենք, որ մենք հայ ենք և պէտք է պահպանենք հայոց լեզուն, հայ մշակոյթը, սովորոյթները, անպայման խօսենք հայերէն: Բոլոր ընտանիքներում արգելուած է եղել խօսել պարսկերէն լեզուով: Յիշում եմ, թէ ինչ յուզմունքով էր հայրս ռատիօ լսում և հաղորդավարի «Երևանն է խօսում» բառերը լսելով արցունքները սրբում: Հայի ինքնութեան պահպանելը ոչ միայն բնազդն է, այլ սէրը հայի, հայրենիքի հանդէպ:

            Վ. Մ.- Ինչի՞ մասին կ՚ուզենայիք խօսել, որի մասին մենք մեր զրոյցի ընթացքում չանդրադարձանք:

            Ֆ. Ս.- Ինձ յուզում է մեր հայրենիքի ապագան: Մտահոգւում եմ, երբ տեսնում եմ, որ հայերն իրար հետ խօսում են անգլերէն լեզուով: Մենք Իրանում շատ աւելի բարդ և դժուար պայմաններում ենք պահպանել մեր լեզուն, մեր սովորոյթները, մշակոյթը, կրօնքը: Մենք ձուլւու՞մ ենք, կործանւու՞մ… Հայապահպանութեան խնդիրը բարդ է և ինձ համար հարց: Շատ կ՚ուզենայի, որ մեր պատմութիւնը նկարազարդ մի գրքով ներկայացնեն՝ բոլոր թագաւորների ու հայ ազգի արժանաւոր զաւակների կարճ նկարագրութիւններով, որպէսզի փոքրից մինչև մեծ բոլորն ուսումնասիրեն այն, իրենց սեղանի գիրքը լինի այն:

            Վ. Մ.- Ես տեղեկացայ, որ Դուք աշխուժօրէն համագործակցում էք «Գարուն» բարեգործական կազմակերպութեան հետ:

            Ֆ. Ս.- «Գարուն» բարեգործական կազմակերպութեան հիմնադիր տնօրէն Սերոժ Մեսրոպեանի հետ պատահական ծանօթացայ և իր առաջարկութեամբ սկսեցի մասնակցել հանդիպումների, պատասխանատու պաշտօն ստանձնեցի և ներգրաւեցի իմ ընկերուհիներին, ծանօթներին, բարի կամեցող մարդկանց: Լաւ բան է բարի լինելը, բարիութեամբ և բարի գործերով մարդկանց օրհնութեանն ես արժանանում, քեզ վստահում են, բայց չար մարդուն դա չի օգնում: Չեմ սիրում չարութիւնը, նախանձը, բամբասանքը… Կազմակերպութիւնում ինձ վստահուած է կանանց խորհրդի նախագահի պաշտօնը: Շատ հաճելի է, երբ ինչ որ մէկին կարողանում ես օգնել: Քեզ վրայ հանդարտութիւն ու ուրախութիւն է գալիս, որը վեր է ածւում սովորութեան: Չես կարողանում այլ կերպ վարուել, այն արդէն քո արեան մէջ է, քո գիտակցութեան և գործունէութեան…

            Սերոժ Մեսրոպեանը բազմաթիւ բարեգործական ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում: Սահմանամերձ գիւղերում խթանում և իրականացնում է ջերմոցային տնտեսութեան զարգացման ծրագիրը:

            Վ. Մ.- Ինչպէ՞ս են վերաբերւում երեխաները և թոռներն իրենց մայրիկի և տատիկի ստեղծագործական աշխատանքին:

            Ֆ. Ս.- Զաւակներս իմ հոգու մասնիկներն են: Ուրախանում եմ նրանց հովանաւորութեամբ և խրախուսանքով: Ես հպարտանում եմ իրենցով: Աւագ թոռս է ստեղծագործութիւններիս ու գրքերիս նկատմամբ հետաքրքրասիրութիւն ցուցաբերում՝ շատ զարգացած երեխայ է:

            Վ.Մ.- Շնորհակալութիւն զրոյցի համար, ցանկանում եմ Ձեզ ստեղծագործական նոր վերելքներ, որովհետև ընթերցողը սպասում է Ձեր հերթական պատմութիւններին:

            Ֆ.Ս.- Իհարկէ, գրողն իր ընթերցողի նկատմամբ պարտաւորութիւն ունի: Նրան չի կարելի հիասթափեցնել: Նրան նոր գաղափարներ պէտք է տալ, նոր օրինակներ, նոր հերոսներ, որոնց նա ձգտում է նմանուել կարդալու ընթացքում: Ես ձգտում եմ նրան տալ ճշմարտութիւն, անկեղծութիւն, որոնք չի կարելի խախտել երբեք: Գիրքը և ընթերցողն ինձ համար շատ հոգեհարազատ են:

            Վերջում ցանկանում եմ շնորհակալութիւնս յայտնել ընթերցողներիս՝ գնահատանքների ու մաղթանքների համար: Նաև «Երբ աստղերն են վայր ընկնում» գրքիս խմբագիր Խորէն Արամունուն, ով մասնագէտօրէն, համբերատար և քննադատաբար աշխատեց ինձ հետ գիրքը բազմահազար ընթերցողներին ներկայացնելու համար:

 

Զրոյցը վարեց՝

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ