Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայաստանի ախոյեան «Ալաշկերտը» ԱՄՆ-ում

Լոս Անճելըս Գալաքսի – Ալաշկերտ 2 – 0

 

• ՀՀ գործող ախոյեան «Ալաշկերտը» Երեւան-Տոհա-Լոս Անճելըս չուերթով ժամանել է ԱՄՆ։ Ալաշկերտցիները հանգրուանել են Սանթա Պարպարայի «Ռեզիտենս Ինն Օքսնարտ Մարիոթ» հիւրանոցում։ Փետրուարի 17-ին թիմը Արամ Ոսկանեանի գլխաւորութեամբ առաջին մարզումն անցկացրեց հիւրանոցային համալիրի հարեւանութեամբ գտնուող խաղադաշտում։

Փետրուարի 18-ին «Ալաշկերտը» անցկացրեց առաջին հանդիպումը՝ մրցելով Լոս Անճելըսի «Գալաքսի» թիմի հետ։ Հանդիպումն աւարտուեց ամերիկեան թիմի յաղթանակով՝ 2-0 հաշուով։ Փետրուարի 20-ին «Ալաշկերտը» Կլենտէյլում մրցեց Վենթուրա Քաունթիի «Ֆուժիոն» թիմի հետ եւ պարտուեց 0-1 հաշուով։ Այդ միակ կոլը խփեց Ֆուժիոնի թիմի յարձակուող Գոռ Կիրակոսեանը։

Փետրուարի 24-ին «Ալաշկերտը» կը մրցի Եուրա Մովսիսեանի՝ «Ռէալ Սոլթ Լէյքի» հետ։ Հանդիպումը կը կայանայ Ըրվայնում։

 

Հայկական ֆութպոլային խճանկար

Հայաստան – Թուրքիա՝ 10 – 2, Հայաստան – Ճափոն՝ 3 – 2

 

• Ֆուտզալի բիզնէս լիկայի ՀՀ հաւաքականը Իրանում  մասնակցում է ֆուտզալի աշխարհի առաջնութեանը։ Առաջին հանդիպման ժամանակ հայ ֆութպոլիստները 10-2 հաշուով յաղթել են Թուրքիայի ընտրանուն։ Երկրորդ խաղում՝ 1-4 հաշուով զիջել են հունգարացիներին։ Երրորդ խաղում մեր տղաները 3-2 հաշուով կամային յաղթանակ են տարել Ճափոնի թիմի նկատմամբ։

• «Արարատն» իր տնային  հանդիպումները կ՚անցկացնի ֆինանսների նախարարութեան մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր)։ «Հանրապետական» մարզադաշտը, որտեղ արարատցիները խաղում էին մրցաշրջանի առաջին կէսում, բարեկարգման աշխատանքներ են կատարուելու։

Նշենք, որ Դաւիթ Ղանդիլեանն, ով հանդէս էր գալիս Լիբանանի «ՀՄԸՄ» թիմում եւ աչքի էր ընկնում արդիւնաւէտ խաղով, վերադարձել է «Արարատ»։

• Երեւանի «Բանանցը» Անթալիայում անցկացրեց եւս 2 ընկերական-ստուգողական հանդիպում։ Առաջինում «Բանանցը» 1-2 հաշուով զիջել է Թուրքմենստանի ախոյեան «Ալթին Ասիրին», իսկ 2-րդում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել մոլտովական «Սֆինտուլ Գէորգէի» հետ։

• Փետրուարի 13-ին «Փիւնիկը» մեկնել է Կիպրոս 2-րդ ուսումնամարզական հաւաքի, որի ընթացքում Արտակ Օսեանի սաները 5 ստուգողական հանդիպում կ՚անցկացնեն։

• Թուրքիայում ուսումնամարզական հաւաք անցկացնող «Շիրակը» 2-0 հաշուով յաղթել է Թուրքմենստանի ախոյեան՝ «Ալթին Ասիրին» եւ 3-0 հաշուով՝ Պելառուսի մինչեւ 19 տարեկանների թիմին։

• Կիպրոսում «Գանձասար-Կապանը» մրցեց Լիթուանիայի կրկնակի գաւաթակիր «Աթլանթայի» հետ եւ պարտուեց 1-3 հաշուով։ «Գանձասարի» յաջորդ մրցակիցը Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ Սուվալկիի «Վագրի» թիմն է։

 

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղիւսակը

Հայաստան՝ 82-րդ

 

ՖԻՖԱ-ն հրապարակել է Փետրուարի 9-ի դրութեամբ դասակարգման աղիւսակը, որտեղ ՀՀ ազգային հաւաքականը առաջադիմել է 4 տեղով եւ այժմ զբաղեցնում է 82-րդ տեղը։ Առաջին տասնեակը այսպիսի տեսք ունի.

1. Արգենտինա՝ 1635 միաւոր,

2. Բրազիլ՝ 1529,

3. Գերմանիա՝ 1433,

4. Չիլի՝ 1386,

5. Բելգիա՝ 1371,

6. Ֆրանսիա՝ 1313,

7. Քոլումբիա՝ 1304,

8. Փորթուգալիա՝ 1240,

9. Ուրուգուայ՝ 1195,

10. Իսպանիա՝ 1168։

 

2018 թ. աշխարհի առաջնութիւնում ՀՀ ազգային հաւաքականի մրցակիցների եւ Հայաստանի հարեւան երկրների տեղերը.

14. Լեհաստան՝ 1101,

24. Թուրիա՝ 857,

37. Իրան՝ 792,

40. Ռումինիա՝ 688,

49. Դանիա՝ 657,

61. Ռուսաստան՝ 592,

64. Մոնթենեգրօ՝ 549,

82. Հայաստան՝ 422,

89. Ատրպէյճան՝ 388,

96. Ղազախստան՝ 352,

125. Վրաստան՝ 263։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Բելառուսի սամբոյի բաց առաջնութեան յաղթող է դարձել գիւմրեցի Գրիգոր Մխիթարեանը (57 քկ.)։ Այս առաջնութիւնը Ա. դասի վարկանիշային մրցաշար է։

Մրցաշարում ՀՀ-ն ներկայացնում էին 5 սամբիստ, որից 3-ը Արցախից էին, գլխաւոր մարզիչ Հայկ Աւետիսեանի ղեկավարութեամբ։

• ՀՀ առաջին արհեստավարժ կին բռնցքամարտիկ Քրիստինէ Սարգսեանը (52 քկ.) Մոսկուայում հանդէս գալով 4 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ յաղթել է բազմափորձ Վիքթորիա Ալեքսանդրովային։

• ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Հրաչեայ Ռոստոմեանը ՀՀ սպորտի վաստակաւոր վարպետի կոչում է շնորհել Ռիօ-2016-ի փոխախոյեաններ՝ ծանրորդներ Գոռ Մինասեանին  եւ Սիմոն Մարտիրոսեանին։ Նշենք նաեւ, որ հանրայայտ ծանրամարտիկ Գէորգ Դաւթեանը համալրել է ՀՀ ծանրամարտի պատանիների հաւաքականի մարզչական կազմը։

 

Շախմատային խճանկար

 

• Թեհրանում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնութեան 1/32-րդ եզրափակիչում ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիէլեանը եւ Լիլիթ Մկրտչեանը աւարտեցին իրենց ելոյթները։ Մեր աղջիկները, որոնք առաջին մրցափուլում ոչ-ոքի էին խաղացել հնդիկ Ռութ Պադմինիի եւ չինացի Նի Շիգունի հետ, երկրորդում պարտութիւն կրեցին եւ դուրս մնացին յետագայ պայքարից։

Հետաքրքիր է, որ շախմատիստուհիները խաղի ժամանակ գլխաշոր էին կրում եւ ըստ մեր աղջիկների դա այնքան էլ յարմարաւէտ չէ։ Այդ պատճառով Թեհրանում հանդէս գալուց հրաժարուել են ԱՄՆ-ի ախոյեանուհի Նազի Պաիկիձէ-Բարնսը եւ աշխարհի 15-րդ ախոյեանուհի Մարիա Մուզիչուկը։

• Աւարտուեց Փորթուգալիայի բաց առաջնութիւնը, որին մասնակցում էին նաեւ 3 հայ շախմատիստներ։ 9 հնարաւորից վաստակելով 8 միաւոր յաղթող դարձաւ Էդուարդօ Բոննելին։ ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Յարութիւնեանը 7 միաւորով բաժանեց 3-8-րդ տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով՝ 5-րդը)։ Կարէն Գրիգորեանը եւ Տիգրան Ղարամեանը (Ֆրանսիա) 6-ական միաւորով բաժանեցին 16-17-րդ տեղերը։

• Ռիօ դէ Ժաներոյում աւարտուեց Բրազիլի տղամարդկանց առաջնութիւնը։ 11 հնարաւորից վաստակելով 7.5 միաւոր Գրիգոր Սեւակ Մխիթարեանը գրաւեց 4-րդ տեղը։ 8.5 միաւորով ախոյեան հռչակուեց Էվերալդօ Մացուուրան։

• Լեւոն Արոնեանը Փետրուարի 18-27-ը մասնակցում է ԱՄԷ-ի Շարճա քաղաքում անցկացուող ՖԻԴԵ-ի Գրան Փրի շարքի առաջին մրցաշարին։

Շուէյցարական մրցակարգով 9 մրցափուլով մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ։

• Իրանում շարունակւում է «Ֆիրդուսի գաւաթ» մրցաշարը, որին մասնակցում են ՀՀ-ի շախմատիստներ Յովհաննէս Գաբուզեանը եւ Հրայր Սիմոնեանը։

Այս մրցաշարերի արդիւնքների մասին մեր յաջորդ համարում։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ