Արցախը ունի նոր Սահմանադրութիւն։ Նախնական տուեալներով, 103,793 հոգի իրաւունք ունէր քուէարկութեան մասնակցելու, որոնցմէ մասնակցած է 79,428 հոգի։ Կողմ քուէարկած է 69,540 հոգի, կամ՝ ընդհանուր քուէարկողներուն 87,6 տոկոսը։
Ստորեւ, ԼՂՀ արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը.
2017 թ. Փետրուարի 20-ին Արցախի Հանրապետութիւնում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում) կայացել է հանրապետութեան նոր Սահմանադրութեան նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքուէ։ Քուէարկութեանը մասնակցել է գրանցուած ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ է քուէարկել նոր Սահմանադրութեան ընդունմանը։ Քուէարկութեան ընթացքին հետևում էին աւելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքուէի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրութիւնների թափանցիկութիւնը և համապատասխանութիւնը միջազգային չափանիշներին։
Նոր Սահմանադրութիւնը կոչուած է շարունակելու առաջին Սահմանադրութեամբ ամրագրուած պետականաշինութեան աւանդոյթները, նպաստելու երկրի ինքնիշխանութեան յետագայ ամրապնդմանը, մարդու իրաւունքների և օրէնքի գերակայութեան ապահովմանը, պետական կառավարման համակարգի կատարելագործմանը, անկախ դատական իշխանութեան արմատաւորմանը և տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխմանը։ Կարևոր նորամուծութիւններից է օրէնսդրական նախաձեռնութեան իրաւունքի տրամադրման միջոցով հանրապետութեան քաղաքացիների ուղղակի մասնակցութեան ընդլայնումը պետական գործերի կառավարմանը, այդ թւում՝ Սահմանադրութեան փոփոխութեանը։
Փետրուարի 20-ի հանրաքուէն դարձաւ կամարտայայտութեան հերթական ակտ Արցախի ժողովրդի համար, որն իրացնում է միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրուած անկապտելի իրաւունքը՝ ինքնուրոյն որոշելու իր ապագան։
Բոլոր միջոցներով, այդ թւում՝ ռազմական ճանապարհով Արցախի ժողովրդի տվեալ անկապտելի իրաւունքը ճնշելու Պաքուի ձգտումը յանգեցրել է ռազմական հակամարտութեան և առ այսօր մնում է տարածաշրջանում լարուածութեան պահպանման հիմնական աղբյուրը և ատրպէյճանա-ղարաբաղյան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթացի բացակայութեան պատճառը։
Արցախի պետականութեան ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է։ Ատրպէյճանի կողմից այդ փաստի անտեսումը, որն արտայայտւում է Արցախի ժողովրդի կողմից իրացուած ինքնորոշման իրաւունքի ժխտման մէջ, դէպի անցեալ վերադառնալու ձախողման դատապարտուած փորձ է։