Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

 Հայկական ֆութպոլային խճանկար 

Ռէալ Սոլթ ԼէյքԱլաշկերտ 2 – 1

 

ԱՄՆ-ում գտնուող ՀՀ ախոյեան «Ալաշկերտը» Ըրվայնում անցկացրեց վերջին 3-րդ ստուգողական-ընկերական հանդիպումը։

«Ալաշկերտը» մրցեց Եուրա Մովսիսեանի «Ռէալ Սոլթ Լէյք» թիմի հետ եւ պարտուեց 1-2 հաշուով։ Հանդիպման հաշիւը 8-րդ րոպէին բացել է ալաշկերտցի Դմիտրօ Խովբոշան։ Ընդմիջումից առաջ Արսէն Բեգլարեանը կարողացել է յետ մղել ՌՍԼ-ի ֆութպոլիստի հարուածը, սակայն վրայ հասած Եուրա Մովսիսեանն գնդակն ուղարկել է դարպասը։ Խաղավերջում ՌՍԼ-ն խփել է յաղթական կոլը։

«Ալաշկերտը» Փետրուարի 26-ին վերադարձաւ Հայաստան։

• Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հաւաքականը Մալթայում մասնակցեց ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գաւաթ» մրցաշարին։ Առաջին մրցափուլում հայ ֆութպոլիստները 0-1 հաշուով զիջեցին դաշտի տէրերին, 2-րդում 1-0 հաշուով յաղթեցին Ջիբրալթարի, իսկ 3-րդում 11 մեթրանոցներով 4-2 հաշուով Անդորրայի ընտրանուն (հիմնական ժամանակում խաղն աւարտուել էր 1-1 հաշուով)։

• Իրանում անցկացուած սիրողական ֆութպոլի աշխարհի առաջնութեանը մասնակցեցին 10 երկրների, այդ թւում ՀՀ-ի «Ֆուտզալ Բիզնէս Լիգա» հաւաքականը։ ՀՀ հաւաքականը ընդգրկուել էր Ա. խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Թուրքիայի, Հունգարիայի, Ճափոնիայի եւ Իրանի սիրողական ֆութպոլի հաւաքականները։ Վերջին խաղում մեր հաւաքականը ոչ-ոքի՝ 4-4 խաղաց Իրանի հաւաքականի հետ եւ խմբում գրաւեց 3-րդ տեղը։

Խմբային փուլն աւարտելուց յետոյ պէտք է տեղի ունենար Հայաստան-Ատրպէյճան հանդիպումը 5-6-րդ տեղերի համար, բայց Ատրպէյճանի հաւաքականը հրաժարուեց խաղին մասնակցելուց։

• Կիպրոսում Երեւանի «Փիւնիկը» ստուգողական հանդիպում է անցկացրել Մոսկուայի «Լոկոմոտիւ-2»ի հետ։ Խաղն աւարտուել է 3-3 հաշուով։ Մինչ այդ «Փիւնիկը» 0-2 հաշուով զիջել էր լեհական «Վիգրիին» եւ 2-2 հաշուով ոչ-ոքի էր խաղացել «Կրասնոդարի» երիտասարդական կազմի հետ։ Վերջին խաղում «Փիւնիկը» 0-2 հաշուով պարտուեց լաթվիական ՌՖՇ-ից  եւ վերադարձաւ Հայաստան։

• «Գանձասար-Կապանն» էլ աւարտեց կիպրոսեան ուսումնամարզական հաւաքը։ Նախավերջին խաղում «Գանձասարը» 0-4 հաշուով զիջեց լեհական «Վիգրիին», իսկ վերջին խաղում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Մոսկուայի «Սպարտակի» մինչեւ 21 տարեկանների թիմի հետ։

• Երեւանի «Արարատը» Երեւանում «Բանանցի» մարզադաշտում ընդունեց ռուսական «Արմաւիրին» եւ պարտուեց 0-1 հաշուով։ Թիմի գլխաւոր մարզիչ Արկադի Անդրէասեանը նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է նախապատրաստական փուլից։

• «Բանանցը» Անթալիայում եւս 2 ստուգողական հանդիպում է անցկացրել։ Առաջինում յաղթել է Լաթվիայի ախոյեան Եուրմալայի «Սպարտակին» 2-0 հաշուով, երկրորդում՝ 1-0 հաշուով Տուլայի «Արսենալին»։

• Թուրքիայում հաւաք անցկացնող «Շիրակը» 1-0 հաշուով յաղթել է Լուգանսկի «Զարիային» եւ Փետրուարի 23-ին վերադարձել է Հայաստան։

• ՀՀ հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը Եւրոլիկայի «Սենթ Էթիէնի» հետ պատասխան խաղում խփեց իր թիմի միակ յաղթական կոլը եւ վնասուածք ստանալով փոխարինուեց։ Վնասուածքի լրջութեան մասին դեռեւս տեղեկութիւն չկայ։ Այն յայտնի կը լինի բուժզննումից յետոյ։

Մխիթարեանը թիմակիցների հետ ժամանել է Լոնտոն, որտեղ Փետրուարի 26-ին «Մանչեսթըր Եունայթետը» Անգլիայի լիկայի գաւաթի եզրափակիչում հանդիպեց «Սաութհեփթոնի» հետ։ Խաղն աւարտուեց «Մ. Եու»ի յաղթանակով 3-2 հաշուով։ Չնայած Հենրիխը չմասնակցեց հանդիպմանը, այնուամենայնիւ նա «Մ. Եու»ի կազմում Անգլիայի գերգաւաթից յետոյ նուաճեց եւս մէկ տիտղոս։

Յայտնի է «Մանչեսթըր Եունայթետի» եւրոլիգայի 1/8-րդ եզրափակիչի մրցակիցը։ Դա ռուսական «Ռոստով» թիմն է, որի մարզիչն է հայազգի Իվան Դանիէլեանցը։ Հանդիպումները կը կայանան Մարտի 9-ին եւ 16-ին։ Իսկ ԱՊԼ-ի գաւաթի քառորդ եզրափակիչում «Մանչեսթըր Եունայթետը» կը հանդիպի «Չելսիի» հետ։

 

Բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը

 

Պուլկարիայի մայրաքաղաք Սոֆիայում աւարտուեց Ստրանջայի միջազգային մրցաշարը, որտեղ ՀՀ-ն ներկայացնող Յովհաննէս Բաչկովը (64 քկ.) յաղթելով իր բոլոր 5 մրցակիցներին նուաճեց յաղթողի ոսկէ մետալը։ Մրցաշարին ՀՀ-ից մասնակցում էին 9 բռնցքամարտիկ։ Քառորդ եզրափակիչում պարտութիւններ են կրել Կարէն Տօնականեանը (60 քկ.), Վլադիմիր Մարգարեանը (69 քկ.) եւ գերծանր քաշային Դաւիթ Չալոյեանը։ Արման Դարչինեանը (75 քկ.), Արսէն Հայրապետեանը (81 քկ.), Հենրիկ Սարգսեանը (91 քկ.), Վահէ Բադալեանը (56 քկ.), Գասպար Բաբախանեանը (49 քկ.) առաջին իսկ մարտում պարտուել են։

 

Լեւոն Աղասեանը պալքանեան երկրների ձմեռային առաջնութեան ախոյեան

 

Կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասեանը նուաճել է Բելգրադում անցկացուած թեթեւ աթլետիկայի բալքանեան երկրների ձմեռային առաջնութեան ախոյեանի տիտղոսը։ 17 երկրների ներկայացուցիչների հետ պայքարում երիտասարդների Եւրոպայի ախոյեան, Ռիօ-2016-ի մասնակից Աղասեանը եռացատկում ցոյց է տուել 16.36 մեթր արդիւնք։

Հայաստանը 8 մասնակից ունէր տարբեր մրցաձեւերում, բոլորն էլ հրաշալի հանդէս եկան, ՀՀ մրցանիշներ սահմանեցին։

ՀՀ աթլետիկայի դաշնութեան նախագահ, հեռացատկի Եւրոպայի մրցանիշակիր Ռոբերտ Էմմիեանը ասել է. «Մեր թիմը այս մրցաշարից յետոյ Հայաստան չի վերադառնայ, մենք այստեղ կը մնանք եւ կ՚անցկացնենք եւս մէկ ուսումնամարզական հաւաք մինչեւ Եւրոպայի առաջնութիւնը, որը կայանալու է Մարտի 2-5 Բելգրադում։

Այսօրուայ արդիւնքներից յետոյ մեր մասնակիցների թիւը 2-ից հասաւ 5-ի։ Մինչեւ առաջնութիւնը կ՚որոշենք, թէ ովքեր եւ որ մարզաձեւերում հանդէս կը գան։

 

Շախմատային խճանկար

 

• Հայաստանի լաւագոյն շախմատիստ Լեւոն Արոնեանը ԱՄԷ-ի Շարժա քաղաքում աւարտուած ՖԻԴԵ-ի Գրան Փրի մրցաշարում 8 մրցափուլերում ոչ-ոքի է խաղացել Տոմաշեւսկու, Ադամսի, Գրիշչուկի, Ռյազանցնի, Վաշյէ-Լագրաւի, Վալյեխոյի, Ռապորտի, Նակամուրայի հետ եւ վերջին մրցափուլում պարտուել չինացի Դին Լիժենին եւ 4 միաւորով 18 մասնակիցների մէջ գրաւել է 13-րդ տեղը։ Մրցաշարում 1-3-րդ տեղերը 5.5-ական միաւորով բաժանել են Վաշյէ-Լագրաւը, Մամեդիարովը եւ Գրիշչուկը։

• Իրանում աւարտուած «Ֆիրդուսի գաւաթ» միջազգային մրցաշարում ՀՀ ներկայացուցիչներին չի յաջողուել գրաւել մրցանակային տեղեր։ Հրայր Սիմոնեանը վաստակել է 8.5 միաւոր եւ կէս միաւորով զիջել է լաւագոյն եռեակում գտնուող շախմատիստներին։ Նա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 9-րդ տեղը։ ՀՀ 2017 թ. ախոյեան Յովհաննէս Գաբուզեանը 7.5 միաւորով գրաւել է 21-րդ տեղը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ