Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդհանուր համաձայնութիւն ձեռք բերուեց Կ. Պոլսի Պատրիարքութեան առկայ հարցերի շուրջ

Պատրիարքի Տեղապահի ընտրութիւնը՝ մինչեւ Մարտ 15

 

Փետրուարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովուապետի հրաւէրով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը և Պատրիարքութեան Կրօնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանը:

Փետրուարի 23-ի հանդիպումից առաջ, գլխաւորութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գարեգին, Արամ և Սահակ Սրբազաններն այցելեցին Մայր Տաճար, ուր Իջման Ս. Սեղանի առջև միասնական աղօթք կատարեցին` Կ. Պոլսի դարաւոր Պատրիարքական Աթոռի պայծառութեան, առկայ մարտահրաւէրների յաղթահարման և պոլսահայ համայնքում խաղաղութեան ու համերաշխութեան վերահաստատման համար: Աղօթք բարձրացուեց առ Աստուած նաև Աթոռի հանգստեան կոչուած գահակալ Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի համար, ով Ս. Փրկիչ ազգային հիւանդանոցում շարունակում է մնալ մշտական խնամքի տակ: 
Երկօրեայ քննարկումների ընթացքում անդրադարձ եղաւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան կեանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձութիւններին, պատրիարքական ընտրութիւնների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած յուզումներին ու տարակարծութիւններին:
 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Հայրերին յորդորեց Պատրիարքական Աթոռի գերագոյն շահի գիտակցութեամբ` ամենայն ջանք ի գործ դնել հոգևորականաց միջև և պոլսահայութեան կեանքում փոխըմբռնման, հաշտութեան ու եղբայրասիրութեան ոգու ամրապնդման համար: Նորին Սրբութեան թելադրութիւնն էր փոխհասկացողութեամբ և Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնների ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան կողմից որդեգրուած կանոնական և աւանդական ընթացակարգերի պահպանութեամբ լուծման առաջնորդել Պատրիարքական ընտրութիւնների ողջ գործընթացը:

Ստեղծուած իրավիճակի և դրա հանգուցալուծման ուղիների վերաբերեալ Սրբազան Հայրերի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին տրուեցին անհրաժեշտ լուսաբանութիւններ, ներկայացուած տեսակէտների շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան միաբանները նաև առանձնաբար քննարկեցին Պատրիարքութեան առջև ծառացած մարտահրաւէրները:

 

Տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդիւնքում ձեռք բերուեց հետևեալ ընդհանուր համաձայնութիւնը.

 – Պատրիարքութեան Կրօնական ժողովի հրաւէրով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ. Մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրութիւնը: Տեղապահի ընտրութեամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցւում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազօրութիւնները,
Աթոռի միաբան եպիսկոպոսները հաւասար իրաւունք ունեն առաջադրելու իրենց թեկնածութիւնը տեղապահի ընտրութիւններին,
 –
Տեղապահի ընտրութիւնից յետոյ Կրօնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և աշխարհականներից կազմուած յանձնաժողով՝ օրէնքով սահմանուած կարգով Պատրիարքական ընդհանուր փոխանորդից ընտրուած տեղապահին յանձնումընդունումը կազմակերպելու համար,
 –
Տեղապահի ընտրութիւնից յետոյ տասնօրեայ ժամկէտում կազմակերպւում են Նախաձեռնարկ մարմնի ընտրութիւնները՝ Պատրիարքութեան ընկալեալ ընթացակարգերի համաձայն։ Նախաձեռնարկ մարմինը, իր հերթին, վեց ամսուայ ընթացքում, տեղապահի գլխաւորութեամբ, կազմակերպում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրութիւնը` ըստ գործող ընթացակարգերի,
Նախաձեռնարկ մարմինը ամենամսեայ հաշուետուութիւն է ներկայացնում Կրօնական ժողովին և հանրութեանը` ընտրութիւնների կազմակերպման ուղղութեամբ կատարուած աշխատանքների վերաբերեալ,
Պատրիարքական ընտրութիւնները՝ վեցամսեայ ժամկէտում տեղի չունենալու պարագայում, Կրօնական ժողովի հրաւէրով Պատրիարքութեան Եկեղեցական համագումար ժողովը և համայնքային հաստատութիւնների ատենապետերի ժողովը իրենց վերապահուած լիազօրութիւնների շրջանակում դնում են տեղապահի և Նախաձեռնարկ մարմնի վստահութեան քուէի հարցը,
     –
Նախաձեռնարկ մարմինը ընտրական շրջանում հաւասար պայմաններ է ապահովում պատրիարքական թեկնածուներին՝ իրենց ընտրական քարոզչութիւնը իրականացնելու համար:

***

Փետրուարի 24-ին, գլխաւորութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տ. Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը, Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանը հանդիպում ունեցան Գերագոյն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների հետ։ Հանդիպմանը հրաւիրուած էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը, իբրև պատրիարքական թեկնածուներից մէկը։
Ժողովի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Կ. Պոլսի միաբան եպիսկոպոսներին` երկօրեայ ժողովների ընթացքում դրսևորած յանձնառութեան համար` եղբայրական ոգով և նախանձախնդրութեամբ Պատրիարքութեան և պոլսահայութեան կեանքում ստեղծուած իրավիճակի յաղթահարմանն ուղղուած ջանքերի համար: Նորին Սրբութիւնն իր սէրն ու օրհնութիւնը փոխանցեց Պատրիարքութեան ուխտապահ եկեղեցականաց դասին և հաւատաւոր ժողովրդին` մաղթելով Մեծի պահոց նուիրական շրջանին ընդառաջ Աստծու զօրակցութիւնն իրենց հաւատի արթնութեան  և ազգային-եկեղեցական կեանքի շինութեան համար: 

 

24 Փետրուար 2017

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ