Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Մեր Մեծերը. ԵՂԻՇԷ

Եղիշէ պատմիչի, իմաստասէրի, ազգային ազատագրական պայքարի գաղափարախօսի «Պատմութիւն Վարդանանց» աշխատութիւնը որոշ արժանիքների շնորհիւ գուցէ համեմատելի լինի Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց» գրքի հետ: «Պատմութիւն Վարդանանց» երկասիրութեան մէջ ակնյայտ են դէպքերի յաջորդականութիւնը եւ տրամաբանական եզրայանգումները: Այն ընդգրկում է 428-464 թուականների իրադարձութիւնները եւ արժէքաւոր աղբիւր է Սասանեան թագաւորութեան զաւթողական քաղաքականութեան դէմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը ուսումնասիրելու համար:     Դպրապետ Եղիշէն այն գրել է Դաւիթ Մամիկոնեան երէցի յանձնարարութեամբ: Եղիշէն անձամբ մասնակցել է Աւարայրի ճակատամարտին ու ականատես է եղել այն օրերի արհաւիրքներին: Ահա թէ ինչու է մեծ ոգեւորութեամբ գրի առել կռուի դէպքերը: Նրա գրչին իւրայատուկ են առածները, ասացուածքները, աֆորիզմները, իմաստալից արտայայտութիւնները: Նա գովերգում է հերոսներին, իսկ նշաւակում հայրենիքի դաւաճաններին, արիւնարբու թշնամուն յարողներին: Եղիշէից մեզ են հասել մի շարք զանազան բովանդակութեամբ աշխատութիւններ: Նա ապրել է շուրջ վաթսուն տարի: Նրա մասունքներն ամփոփուած են Վանայ լճի ափին գտնուող Ս. Աստուածածին վանքում: Ազգային ազատագրական պայքարի գաղափարախօս Եղիշէն Աւարայրի ճակատամարտի պատկերաւոր շարադրանքով ոգեւորել է տասնեակ հազարաւոր հայ զինուորների պաշտպանելու հայրենիքը թշնամիներից դարերի ընթացքում: Երկրորդ աշխարհամարտում հայ զինուորները վարդանանց հայրենասիրական ոգով էին կռւում ու ծառայում թէ ճակատում, թէ թիկունքում:   

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Լոս Անճելըս

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ